RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019



ԱՆԴՐԱԴԱՐՁ

Տեղադրվել է` 2019-07-19 00:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 3028, Տպվել է` 222, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՊՐՈՖԵՍՈՐ ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆ. «ԱՅՍ ՀԱՄԱԳՈՒՄԱՐԸ ՀԻՐԱՎԻ ԱՆՆԱԽԱԴԵՊ ԷՐ ԲՈԼՈ՛Ր ԱՌՈՒՄՆԵՐՈՎ...»

Զրուցեց ԳՈՒՐԳԵՆ ԽԱԺԱԿՅԱՆԸ

Վերջերս Երեւանում կայացավ Հայաստանի միջազգային բժշկական հերթական համագումարը, որը, ինչպես եւ Սփյուռքում կազմակերվող Հայ միջազգային բժշկական համագումարը, անցկացվում է չորս տարին մեկ: Համագումարի արդյունքների, նվաճումների, հեռանկարների շուրջ զրուցեցինք դրա նախագահ, «Իզմիրլյան» բժշկական կենտրոնի գլխավոր տնօրեն, բժշկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ԱՐՄԵՆ ՉԱՐՉՅԱՆԻ հետ:

- Ընդհանուր առմամբ ինչպե՞ս կգնահատեք համագումարի անցկացումը:

- Չափազանցություն չէր լինի ասելը, որ այս համագումարը հիրավի աննախադեպ էրՙ թե՛ մասնակիցների թվի, թե՛ հրավիրյալ դասախոսների մակարդակի եւ թե՛ սատելիտային սիմպոզիումների ու սեկցիոն նիստերի բազմազանության առումով:

Համաշխարհային հեղինակություն վայելող տասնչորս դասախոս ունեինք, ինչպիսիք են, օրինակ, Քեմբրիջի համալսարանի կենսատեխնոլոգիաների ծրագրերի ղեկավար Նուբար Աֆեյանը, «Առաջնորդությունը բժշկագիտության մեջ» (Medical Care Leadership) բնագավառում MBA ծրագրի ղեկավար` Ջոն Չիլինգարյանը Բոստոնից, ՀՀ առողջապահության նախկին նախարար, ներկայումսՙ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունում ղեկավար պաշտոն զբաղեցնող բ.գ.դ., պրոֆեսոր Հայկ Նիկողոսյանը, որը հրաշալի դասախոսություն կարդաց «Համաշխարհային առողջապահություն» թեմայով, տրանսպլանտոլոգիայի բնագավառում մեծություն Նիզան Մամուդը (Մեծ Բրիտանիա), Ռուսաստանի բժշկական գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսներ Բագրատ Ալեքյանը, Արամայիս Քամալովը, Գեորգի Հարությունովը, Աշոտ Եսայանը, Արեգ Թոթոլյանը, նեվրոլոգ Մարիա Թանաշյանը, իմունոլոգ Խաչիկ Սայադյանը (Մոսկվա-Ֆրանկֆուրտ-Լոս Անջելես) եւ ուրիշներ:

Կարեւոր առանձնահատկություններից էր այն, որ բոլոր դասախոսություններն անվճար հեռարձակվում էին առցանց եղանակով, նաեւ այն, որ համագումարի դռները բաց էին առանց բացառության բոլոր ցանկացողների համար անկախ նրանից, թե նրանք ի վիճակի էին վճարել գրանցման վճարը, թե ո՛չ:

Մի շատ կարեւոր բան էլ կցանկանայի ընդգծել. համագումարում մենք մեր խորին շնորհակալությունը հայտնեցինք մեր սփյուռքահայ քույրերին եւ եղբայրներին այն անգնահատելի, հսկայական օգնության համար, որ իրենք ցուցաբերել են Հայաստանի անկախացումից ի վեր, սակայն այժմ իրենց առաջարկում ենք փոխշահավետ համագործակցությունՙ տարաբնույթ ծրագրերի շուրջ:

26 մասնագիտացված սատելիտային (արբանյակային) սիմպոզիումներին մասնակցեց ավելի քան 2400 հոգի, ընդ որում հիշեցնեմ, որ մինչեւ համագումարի պաշտոնական բացումը մենք սիմպոզիումներ ենք անցկացրել Գյումրիում, Արցախում, Տավուշում:

Իսկ 27 սեկցիոն նիստերում արվել է ո՛չ շատ, ո՛չ քիչՙ 186 զեկուցում: Ընդ որում քննարկումները կրում էին ոչ ձեւական բնույթ, այլ երբեմն անցնում էին շատ բուռն մթնոլորտում...

- Որո՞նք էին համագումարի հիմնական նպատակները:

ա) Ծանոթություն գիտության եւ տեխնիկայի վերջին նվաճումների հետ;

բ) Այդ նվաճումների պրակտիկ կիրառումը Հայաստանի առողջապահության մեջ;

գ) Կապերի եւ ծրագրերի ստեղծում տարբեր մասնագետների միջեւ:

Եվ կարող եմ ասել, որ մենք լիովին հասանք այդ նպատակներին:

- Ո՞վ է ֆինանսավորել համագումարը:

- Ծախսերի մեկ քառորդը ծածկվեց գրանցման վճարների հաշվին:

Հայաստանի առաջատար հեռուստահորդակցական օպերատոր ՎիվաՍելլ-ՄՏՍ-ը համագումարի հիմնադրման օրվանից հանդիսանում է դրա գլխավոր գործընկերը: Մենք դիմեցինք «Ծառուկյան» բարեգործական հիմնադրամին, որը սիրահոժար կերպով վճարեց 100 մասնակցի գրանցման վճարը: Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատըՙ պլատինե բարերար որպես, եւ «Իզմիրլյան» հիմնադրամը (Շվեյցարիա-Հայաստան)` պլատինե բարերար:

Որոշակի գումար էլ տրամադրել էին դեղագործական ընկերությունները:

- Իսկ ինչ վերաբերում է Ձեր ելույթին...

- Իմ ելույթում ընդգծեցի, որ մենքՙ բժիշկներս, աշխարհի ամենաապոլիտիկ մասնագիտության տեր մարդիկ ենք, մենք ինքներս կարող ենք մեզ վրա վերցնել Հայաստան-Սփյուռք-Արցախ կապերի ամրապնդման գործը, մանավանդ որ «թավշյա հեղափոխության» արդյունքում դա զգալիորեն դյուրացել է, մասնավորապեսՙ գրեթե անհետացել են ինչ-ինչ բյուրոկրատական արգելքներ:

Պիտի կարեւորեմ նաեւ մեր համագումարում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի եւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի ուղերձները, եւ, իհարկե՛, այն փաստը, որ մեզՙ համագումարի մասնակիցներիս Մայր Աթոռ Սբ. Էջմիածնում ընդունեց Վեհափառը, իսկ նախագահական նստավայրումՙ ՀՀ նախագահը:

-...Ներեցե՛ք, պրոֆեսոր, ի՞նչը առավել հիշվեց վարչապետի ելույթից...

- Հանրապետության վարչապետը նշեց, որ մեր համագումարը Հայրենիք-Սփյուռք կապերի լավագույն օրինակներից է, հավելելով, որ եթե բժիշկները կարող են միավորվել, ապա ինչո՞ւ չեն կարող դա անել մյուս մասնագիտությունների տեր մարդիկ... Եվ սրա հետ չհամաձայնվել չի կարելի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ