RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#026, 2019-07-05 > #027, 2019-07-12 > #028, 2019-07-19 > #029, 2019-07-26 > #030, 2019-08-02

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019



ՏԵՍԱՐԺԱՆ

Տեղադրվել է` 2019-07-19 00:33:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 2396, Տպվել է` 221, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԵԹԵ ՈՐՈՇԵՔ ՏԵՍՆԵԼ ԱԼՄԱԹԻ ՔԱՂԱՔԻ ՈՒ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՐԱՇՔՆԵՐԸ...

ԱՐԱՄ ՍԱՖԱՐՅԱՆ

Արդյոք վերջերս եղե՞լ եք Ղազախստանում: Գնացե՞լ եք արդյոք գործուղում, մասնակցե՞լ համաժողովների կամ ուղղակի մեկնել հանգստանալու: Եթե լինեք այդ երկրի հարավումՙ ձեզ կդիմավորի արեւոտ Ալմաթի քաղաքը:

Առաջին հերթին, անպայման, կհիշվեն հյուրընկալ ու բարի մարդիկ, ովքեր որտեղ էլ ձեզ հանդիպեն, ուրախությամբ կհուշեն ճիշտ ճանապարհը, կօգնեն առաջնորդվել զբոսաշրջային քարտեզներով:

Ալմաթին ունի հարուստ պատմություն, ինչն արտահայտված է քաղաքի ճարտարապետության մեջՙ բավական հին կառույցներ, փորագիր փեղկերով եւ նկարազարդված պատուհանների շրջանակներով: Դրանք հաջողությամբ գոյատեւում են ժամանակակից ապակեպատ բարձրահարկերի կողքին: Այդ գեղեցկությանը նայելով, դուկ կստանաք հարուստ տպավորություններ եւ կանեք շատ լավ լուսանկարներ: Թե ո՞ւր գնալ Ալմաթիումՙ կօգնի ձեզ «TripAdvisor» հայտնի ծառայությունը: Պարզվում է, որ հիանալի տեղեր կան ոչ միայն բուն քաղաքում, այլեւ նրա շրջապատում ամենուրեք: Ինքն Ալմաթին գտնվում է իջվածքում, ինչպես եւ Երեւանը Արարատյան դաշտում, եւ բոլոր կողմերից շրջանակված է լեռներով: Հենց այդ պատճառով էլ որեւէ կետից բացվող համայնապատկերը ուղղակի ցնցող տպավորություն է թողնում:

Այդ լեռներն, իմիջիայլոց, այդքան էլ հեռու չեն: Ընդամենը կես ժամ մեքենայի ճանապարհ անցնելուց հետո դուք հայտնվում եք դրանցից մեկիՙ Կոկ-Տոբեի վրա: Այստեղից հատուկ պատրաստված դիտակետերից բացվում է Ղազախստանի հարավային մայրաքաղաքի հիանալի ողջ համայնապատկերը: Այն կարելի է տեսնել նաեւ թռչնի բարձրությունից, եթե քաղաքի կենտրոն իջնես ուղիղ ճոպանուղով:

Քիչ հեռու, համարյա 1700 մետր բարձրության վրա է գտնվում հայտնի բարձրալեռնային մարզական համալիրը եւ Մեդեու սահադաշտը: Իրականում, խնդիր չէ, թե դուք գիտեք սահել չմուշկներով, թե ոչ, որովհետեւ նույնիսկ չիմացողների համար այստեղ նայելու ու հիանալու շատ բան կա: Դուք անպայման կհավանեք թարմացնող զբոսանքը եւ մաքուր լեռնային օդի շունչը: Ձեր ուշադրությունը նաեւ կգրավի աղմկոտ լեռնային գետը, որի հոսքերը սրընթաց ներքեւ են վազում, ասես շտապում են ինչ-որ տեղ...

Եթե բարձրանաք էլ ավելի վեր, կհասնեք գեղատեսիլ Շիմբուլակ դահուկային հանգստյան գոտուն: Ճիշտն ասած, երբ բարձրանում ես ճոպանուղով, քամին երբեմն չափազանց շատ է ուժգնանում: Ոմանք գուցե նաեւ մի քիչ վախենան, հատկապես, եթե նայեն ներքեւ: Բայց, անկասկած, այդ ճանապարն արժե անցնել, որովհետեւ աչքիդ առաջ է հառնում մի հիանալի պատկեր: Շունչդ մի պահ կանգ է առնում Շիմբուլակի գագաթին: Նրա ամենաբարձր կետը ամպերից բարձր է: Այնպիսի տպավորություն կա, թե դու թռչում ես անտեսանելի մի օդանավում:

Լինելով Ալմաթիում, անպայման արժե այցելել նաեւ Մեծ Ալմաթիի լիճը, որը նույնպես գտնվում է բարձրավանդակում եւ այն շրջապատում են միանգամից երեք լեռնագագաթներ: Դուք կտեսնեք հետաքրքրական բնապատկերՙ հաճախ փոփոխվող եղանակ, ինչի պատճառով արեւի վառ ճառագայթները պարբերաբար ծակում-անցնում են ծանր ու թավ ամպերը, լուսավորելով լճի ջուրը ինչ-որ կախարդական երանգներով: Այն բոլորին էլ շատ է դուր գալիս: Եվ այստեղ այցելողներից շատերն են հետաքրքրվում, թե այս կողմերում կա՞ն արդյոք էլի նման գեղեցիկ ջրամբարներ: Եվ անկեղծ ուրախանում են, երբ իմանում են, որ էլի կան:

Ալմաթիում ձեր այցելության ծրագրում անպայման նախատեսեք նաեւ ազգային զբոսայգինՙ տեսնելու Կոլսայան լճերը: Բնությունն այստեղ աննկարագրելի գեղեցիկ է: Դուք անպայման այդպես էլ կմտածեք, երբ տեսնեք այդ երեք հիանալի լճերը, որոնք շրջապատված են եղեւնու անտառներով: Այս կողմերի ձայները, հոտերը, համերը դուք կհիշեք երկար: Իզուր չէ, որ այդ տեղն անվանում են «Հյուսիսային Տյան-Շանի մարգարիտ»: Այդ մասին շատ հետաքրքրական պատմում են ուղեկցորդները: Թվում է, թե հատկապես այդ տեղերում բնությունը, որ պահպանել է իր կուսական տեսքը, հանգիստ ու անխռով է...

Հարավային Ղազախստանի հատուկ այցելության վայր է Չարընի ազգային պարկը: Արժե սեփական աչքերով տեսնել Չարընի գետահովիտը: Սա բնության հուշարձան է, որ կերտված է նստվածքային ապարներից: Դրանց տարիքը 12 միլիոն տարի է: Գետահովտի տարածքում առ այսօր պահպանվել է սառցե դարաշրջանը վերապրած հնադարյան հացենին: Իսկ քիչ այն կողմ ասիական բարդու պուրակն է: Այցելուն անպայման կտպավորվի բույսերի եւ կենդանիների բազմազանությամբ, որոնք ներկայացված են պարկում: Ամեն ինչ խոսում է այն մասին, որ այստեղ հոգատարությամբ են վերաբերվում բնությանը: Այստեղ այն լիարժեք տիրուհի է:

Ալմաթի քաղաքը կմնա ձեր հիշողության մեջ, կտպավորվի երկար ժամանակով եւ դուք կսիրեք այդ քաղաքը: Շատերն են ցանկանում կրկին գալ այստեղ: «Ընդհանրապես շատ քիչ է պատահում, որ մեկ քաղաքի շուրջ այսքան գեղատեսիլ վայրեր լինեն: Սա բնության կողմից կազմակերպված զբոսաշրջիկներին ձգել-բերելու ինչ-որ կենտրոն լինի»,- կմտածեք դուք, եթե ուզենաք ձեր տպավորությունները կիսել տեղացի գիտակների հետ: Նրանք էլ ձեզ անպայման կպատասխանեն, որ Ղազախստանում շատ կան այսպիսի տեղեր եւ խորհուրդ կտան այցելել նաեւ երկրի այլ տարածաշրջաններ:

Ղազախստանում սիրում եւ պաշտում են բնությունը: Ձգտում են պահպանել այն եւ պաշտպանում են ամբողջ ուժով, որպեսզի հաջորդ սերունդները նույնպես շնչեն թարմ մաքուր օդ, շրջապատվեն կանաչով եւ բազմազան կենդանական աշխարհով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #28, 19-07-2019

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ