ՍԱՄՎԵԼ ԲԱԲԱՅԱՆԸ ՎԵՐԱԴԱՌՆՈՒՄ Է Գ. ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆ Սեպտեմբերի 22-ին Ստեփանակերտում տեղի է ունեցել «Միասնական հայրենիք» կուսակցության հիմնադիր համագումարը: «Ուժ եւ միասնություն» կարգախոսը որդեգրած կուսակցության քաղխորհրդի անդամներ են ընտրվել Արցախի ՊԲ նախկին նախարար, Արցախի հերոս Սամվել Բաբայանը , Գագիկ Նազլուխանյանը , Սերգեյ Զաքարյանը , Անուշ Դոլուխանյանը , Վլադիմիր Դավթյանը , Թագուհի Ալավերդյանը եւ Դիմա Առստամյանը : Խորհուրդը միաձայն կուսակցության նախագահ է ընտրել Սամվել Բաբայանին: Կուսակցության վերահսկող անդամներ են ընտրվել Միքայել Հարությունյանը , Աննա Աղասյանը եւ Մարատ Ստեփանյանը : Ինչպես հայտնի է, 2020թ. Արցախում սպասվում են հերթական նախագահական ընտրությունները, որոնց պատրաստվում է մասնակցել նաեւ ինքըՙ Սամվել Բաբայանը : Հիշեցնեմ, որ ավելի վաղ, Սամվել Բաբայանի թիմակիցները 25 հազար ստորագրություն էին ներկայացրել Արցախի ԿԸՀՙ սահմանադրական բարեփոխումներ իրականացնելու առաջարկ-պահանջով, քանի որ առանց դրա Բաբայանը չի կարող առաջիկա ընտրություններում առաջադրել իր թեկնածությունը: Բայց, ինչպես այդ օրերին հայտարարեցին Բաբայանի թիմակիցները, ԿԸՀ-ն, տարբեր պատճառաբանություններ առաջ քաշելով, վավեր է համարել այդ ստորագրությունների միայն մոտ 20 հազարը: |