ԵԶՐԱՍ ԱՐՔ. ՆԵՐՍԻՍՅԱՆ. «ՀԱՅ ԵԿԵՂԵՑԻՆ ՍՓՅՈՒՌՔԻ ՊԱՅՄԱՆՆԵՐՈՒՄ ԱՎԵԼԻՆ Է, ՔԱՆ ԵԿԵՂԵՑԻ» ԳՈՀԱՐ ԲՈՏՈՅԱՆ, ՌԴ-ում «Ազգ»-ի հատուկ թղթակից Հայ հոգեւոր եւ մշակութային կյանքը Մոսկվայում շարունակվում է: Սեպտեմբերի 20-21-ը ՌԴ մայրաքաղաքում անցկացվեց միջազգային գիտաժողովՙ նվիրված հայ ժողովրդի երեւելի զավակներից երկուսիՙ Կոմիտասի եւ Հովհաննես Թումանյանի 150-ամյակին: Գիտաժողովը կազմակերպել էր Հայ առաքելական եկեղեցու Ռուսաստանի եւ Նոր Նախիջեւանի թեմի հայագիտության կենտրոնը` Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի, Գորկու անվան համաշխարհային գրականության ինստիտուտի, ՀՀ ԳԱԱ գրականության եւ արվեստի ինստիտուտների եւ Մոսկվայի Չայկովսկու անվան պետական կոնսերվատորիայի հետ համատեղ: Միջոցառումը տեղի ունեցավ Մոսկվայի Հայ Առաքելական եկեղեցու տաճարային համալիրի տոնակատարությունների սրահումՙ թեմի առաջնորդ Եզրաս արք. Ներսիսյանի օրհնությամբ: Գիտաժողովից բացի տեղի ունեցավ նաեւ համերգՙ Չայկովսկու անվան կոնսերվատորիայի դահլիճում: Հայաստանից ժամանած Մայր աթոռի երգչախմբի, ՀՀ ժողովրդական արտիստ Հասմիկ Պապյանի, ՌԴ-ում մեծ ճանաչում ունեցող զինվորական նվագախմբի եւ մի շարք այլ համույթների կոմիտասյան եւ Թումանյանի ստեղծագործությունների հիման վրա գրված կատարումներն անցան լեփ-լեցուն դահլիճում: - Մոսկովյան արվեստասեր հանրությանը եւս մեկ անգամ ցույց տվեցինք, թե ինչպիսի մեծ ժառանգություն են թողել մեր ազգի երկու մեծերը մարդկային քաղաքակրթության գանձարանի մեջ,-ասում է Նոր Նախիջեւանի եւ Ռուսաստանի հայոց թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը : Ես այստեղ հիմնել եմ փոքրիկ հայագիտական կենտրոն, որտեղ ծրագրվում են նման գիտաժողովները, միջոցառումները, համերգները, իսկ նպատակը մեկն էՙ ավելի ճանաչելի դարձնել Հայաստանը, օտարներին ցույց տալ, թե ովքեր են հայերը: Այս առումով, հայ եկեղեցին դրսում հայապահպան մեծ գործ է կատարում, քանզի մեր առաքելության մեջ ամրագրված է նաեւ հայապահպանության գործը, կրթությունը, մատաղ սերնդի հայեցի դաստիարակությունը: Եզրա սրբազանը պատմում է, որ արդեն շուրջ յոթ տարի է, ինչ Մոսկվայի հայոց եկեղեցին իրականացնում է նաեւ իրավաբանական եւ բժշկական անվճար ծառայություններ կարիքավորների համար: Օգնում են անխտիր բոլոր դիմողներինՙ առանց ազգային պատկանելության եւ կրոնական հայացքների: Այս մարդասիրական ծրագրում ներգրավված են հայտնի իրավաբաններՙ ճանաչված իրավապաշտպան Ռուբեն Մարգարյանի գլխավորությամբ, ինչպես նաեւ անվանի բժիշկներ: Եզրաս սրբազանի հետ զրույցում ուրախությամբ տեղեկացա նաեւ, որ այս տարվա ամռանը եկեղեցին կազմակերպել է Վարդավառի տոնը եւ շուրջ 300 երիտասարդներ վաղ առավոտից մինչեւ ուշ երեկո Մոսկվա գետի ափին, հազարավոր օտարազգի անցորդների զարմացական եւ հիացական հայացքների ներքո, տոնել են իրենց փառավոր նախնիների նույնքան փառավոր տոնըՙ Վարդավառը, կամ Քրիստոսի Պայծառակերպությունը, որը Հայ առաքելական եկեղեցու հինգ տաղավար տոներից է: Անդրադառնալով օտար ափերում ապրող մատաղ սերնդի հայեցի դաստիարակության անչափ կարեւորագույն խնդրին, սփյուռքում հայկական կրթօջախներ ունենալու եւ այդ կրթօջախների թիվը մեծացնելու դերին եւ նշանակությանը, Սրբազանը նշում է. - Մարդկության պատմությունը դեռ վաղնջական ժամանակներից ապացուցել է, որ յուրաքանչյուր ազգի գոյության երաշխիքը եւ հարատեւության հիմքը ոչ միայն հայրենիքն է, իր հողով եւ սահմաններով, այլ այն հոգեւորը, որն անպարտելի է բոլոր ժամանակների մեջՙ լեզուն եւ հավատը, եւ այս երկու սրբություններով ու նվիրական արժեքներով կերտած պատմությունն ու քաղաքակրթությունը: Եվ այս առումով, բոլոր ժամանակներում հայ եկեղեցին ունեցել է հզոր կրթական կառույցներՙ դպրոցներ, համալսարաններ, ճեմարաններ: Պատմությանը հայտնի են Ամարասի դպրոցըՙ Մեսրոպ Մաշտոցի կողմից հիմնած, Տաթեւի համալսարանը, Էջմիածնի, Աղթամարի, Հաղարծնի կրթարանները եւ այլն, որոնք միշտ էլ ունեցել են տիտղոսներՙ որպես Արեւելքի ջահ, դպրության օրրան եւ այլն: Եվ ես, երբ եկա Ռուսաստանՙ հոգեւոր ծառայության, չէի կարող անմասն մնալ եւ չշարունակել մեր երեւելի նախնիների աստվածահաճո ավանդույթները: Ես միշտ էլ փափագել եմ ունենալ մեր կրթական օջախները Հայ առաքելական եկեղեցու հովանու ներքո: Եվ Ռուսաստանում իմ ծառայության սկզբնական տարիներինՙ Սանկտ Պետերբուրգում ստեղծեցինք հայեցի դաստիարակության կիրակնօրյա կենտրոն, Հայորդաց տուն, հավաքեցինք սկզբնական շրջանում մոտ մեկ տասնյակ երեխաներ, որոնց թիվը հետագայում հասավ երեքհարյուրի: Իսկ Սանկտ Պետերբուրգից Մոսկվա ծառայության տեղափոխվելու նախօրյակին ես Պետերբուրգի քաղաքային իշխանություններին եւ ՌԴ կրթության եւ մշակույթի նախարարին, ում հետ ջերմ հարաբերությունների մեջ էի, առաջարկեցի Սանկտ Պետերբուրգի թիվ 259 միջնակարգ դպրոցը դարձնել հայկական թեքումով եւ եկեղեցին տեղի հայության համատեղ ջանքերով ստանձնեց որոշակի պատասխանատվություն, զորակցելու, նպաստելու կրթական գործին, եւ արդեն շուրջ 15 տարի է գործում է այդ դպրոցը եւ բոլորովին վերջերս դպրոցն անվանակոչվեց հայ ժողովրդի երեւելի զավակներից մեկիՙ ճանաչված հասարակական եւ քաղաքական գործիչ Լորիս Մելիքովի անվամբ: Անցած տարիների ընթացքում դպրոցը տվել է հարյուրավոր շրջանավարտներ, այսօր սովորում են տասներկու ազգությունների պատկանող երեք հարյուր աշակերտներ, որոնցից կեսից ավելին հայեր են: Այլազգի երեխաները սովորում են ռուսերեն լեզվով, հայերենը նրանց համար ֆակուլտատիվ առարկա է: Դպրոցում ստեղծված են գիտելիքներ ձեռք բերելու լավ պայմաններ, մանկավարժները տիրապետում են ուսումնադաստիարակչական նորագույն մեթոդներին, աշակերտներն ընդգրկված են երաժշտական ու կերպարվեստի ինքնագործ խմբերում: Դպրոցն ունի իր թանգարանը: Արդեն մի քանի տարի է` դպրոցը համագործակցում է Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի հետ: Դպրոցը ամուր կապեր է պահպանում Հայաստանի հետ, գրեթե ամեն տարի կիրակնօրյա դպրոցի մի քանի աշակերտներ գալիս են Հայաստան, մասնակցում տարբեր մշակութային միջոցառումների: Մոսկվա հոգեւոր ծառայության տեղափոխվելուց հետո եւս Եզրաս սրբազանը շատ է կարեւորել ոչ միայն ՌԴ մայրաքաղաքում, այլ նաեւ ամբողջ Ռուսաստանում Հայ առաքելական եկեղեցուն կից դպրոցներ հիմնելու գործը: Եվ այդպես նրա նախաձեռնությամբ Մոսկվայում ստեղծվեց Հայորդյաց տունը, որը գործում է արդեն 13 տարի եւ նախկին 20 աշակերտի փոխարեն այսօր կրթօջախ է այցելում 1500-ից ավելի երեխա: Իսկ ստեղծման օրվանից մոտ 10 հազարից ավելի երեխա է ուսանել այս կենտրոնում: Մոսկվայի «Հայորդյաց տուն» հայեցի դաստիարակության կենտրոնը նախկինում մանկապարտեզի կիսավեր մի շենք էր, իսկ այսօր հոգեւոր-մշակութային, ազգային-հասարակական կյանքի կարեւոր օջախ: Կենտրոնն իր շուրջն է համախմբել մոսկվաբնակ մեր հայրենակիցներին եւ հնարավորություն ընձեռել ուսումնասիրելու հայոց լեզուն, ժողովրդի եւ եկեղեցու պատմությունը, հայկական մշակույթը: Հայորդյաց տանը գործում են ասմունքի, ազգային նվագարանների, մարզական, ազգային երգի-պարի խմբակներ: Հայորդյաց տան սաներն այս հարկի տակ կրթություն են ստանում, հայերեն սովորում, հաղորդակից դառնում նախնիների հարուստ ժառանգությանը: Կենտրոնի գերխնդիրը հայրենիքից հեռու գտնվող մանուկներին ու պատանիներին, նաեւ ավագ սերնդին հայեցի կրթություն եւ դաստիարակություն տալն է: Դպրոցում դասավանդում են հայոց լեզու, հայ ժողովրդի եւ եկեղեցու պատմություն, երգեցողություն եւ հայրենագիտություն: Դպրոց կարող են ընդունվել բոլոր ցանկացողները` առանց տարիքային եւ ազգային խտրականության: Այստեղ կարելի է հանդիպել 15-ամյա շրջանավարտների եւ 65-ամյա առաջին-երկրորդ դասարանցիների: Հայոց լեզվի եւ պատմության հանդեպ հետաքրքրություն են ցուցաբերում նաեւ այլազգիները` ռուսներ, հրեաներ, ուկրաինացիներ եւ այլն: Սովորում են լեզուն, գրականությունը, նաեւ թարգմանություններ անում, սովորում են նաեւ հայ դասականների բանաստեղծությունները` ասմունքում են դժվարությամբ, բայց` հաճույքով: - Այս ամենը մեզ չէր բավարարում եւ փափագ ունեի, ինչպես Լազարյանները ժամանակին ունեին արեւելյան լեզուների ճեմարանը, մենք էլ զարգացնենք մեր կրթօջախը,- ասում է Եզրաս արքեպիսկոպոսը: Մենք որոշակի ժամանակ հետո պետական արտոնագիր ստացանք եւ այդպես ստեղծվեց Մոսկվայի հայկական եկեղեցուն կից Սուրբ Գրիգոր Նարեկացու վարժարանը, որտեղ ուսուցումը առաջին դասարանից մինչեւ 11-րդ դասարան է, նաեւ նախապատրաստական դասարան ունենքՙ 5 տարեկանից: Դասավանդում են վերապատրաստված մանկավարժներ: Հայոց լեզվի դասատուն, որը, ի դեպ, Երեւանի պետական համալսարանի բանասիրական ֆակուլտետն ավարտելուց հետո դասավանդել է Երեւանի Քվանտ վարժարանում, Երեւանից տեղափոխվել է Մոսկվա: Վարժարանը մեր կողմից ապահովվել է դասագրքերով, լավագույն կահավորանքը կա, բոլոր դասարաններում անվտանգության տեսախցիկներ են տեղադրված: Այս ամենի համար մեր խորին շնորհակալությունն եմ հայտնում մեր բարերարներինՙ Սամվել Կարապետյանին եւ մյուսներին, որոնց անունները փորագրված են եկեղեցու հուշատախտակին: Սուրբ Գրիգոր Նարեկացու վարժարանը պետական ծրագրով դպրոց է, աշակերտներն ապահովված են սննդով: Վարժարանը վճարովի հիմունքներով էՙ 30-35 հազար ռուբլի առաջին դասարանը, իսկ 15 հազարՙ նախապատրաստականը: Մենք ունենք զեղչերի համակարգ, եթե տանից երկու կամ երեխա է հաճախում մինչեւ 50 տոկոս զեղչեր են կիրառվում: Իսկ եթե երեխան տաղանդավոր եւ ընդունակ է բայց ապրում է կարիքավոր եւ անվճարունակ ընտանիքում, ապա եկեղեցին իր բարերարների միջոցով հանձն է առնում այդ երեխայի անվճար ուսուցումը: Այս տարի ունենք միայն առաջին դասարան եւ նախապատրաստականը: Առավոտյան 8:30-ից մինչեւ երեկոյան 17:30-ը երեխաները մնում են դպրոցում: Դասից հետո երեխային պահում են, մինչեւ ծնողը հասնի դպրոց, աշակերտները օրը 4 անգամ սնունդ են ստանում: Սովորում են նույն ծրագրով եւ նույն առարկաները, որոնք կան Ռուսաստանի բոլոր դպրոցներում, միակ տարբերությունը, որ ուսուցանվում է նաեւ հայոց լեզու առարկան: Դասարաններն ապահովված են Ժամանակակից ինտերակտիվ գրատախտակներով, համակարգիչներով: Ունենք սպորտ դահլիճ, բայց դեռեւս լողավազան չունենք, առաջիկայում կունենանք: Սրբազանը խանդավառութամբ է պատմում նաեւ այս տարի ամռանն Արցախում մեծ շուքով անցկացված համահայկական խաղերի մասին: - Աշխարհի տարբեր երկրներից ժամանած 40 ֆուտբոլային թիմերի մեջ միակ ֆուտբոլային թիմը, որ հայ եկեղեցին էր ներկայացնումՙ Ռուսաստանի հայոց թեմից իմ օրհնությամբ Հայաստան մեկնած «Հայդուկ» ֆուտբոլային թիմն էր, որ տարիներ առաջ ստեղծել եմ ես: «Ֆորվարդ» ընկերության տնօրեն Արթուր Արզումանյանն իմ խնդրանքով մարզազգեստներ էր տրամադրել տղաներինՙ եկեղեցու տարբերանշանով, եւ մեր ֆուտբոլիստները դաշտ դուրս եկան այդ համազգեստներով ու նվաճեցին երրորդ տեղը: Անցած տարիների ընթացքում «Հայդուկ» ֆուտբոլային թիմը բազում մրցաշարերի է մասնակցել եւ գլխավոր մրցանակների արժանացել: Մեր զրույցի ընթացքում Եզրաս արք. Ներսիսյանը խոսեց նաեւ առաջիկա ծրագրերից. - Մեր ժամանակներում հոգեւորական կադրերի պակաս է զգացվում: Մտադիր ենք Սանկտ Պետերբուրգում ստեղծել հոգեւոր ճեմարան: Մոսկվայում նույնպես ձեռնարկել ենք այդ աշխատանքը: Իմ մեծագույն ծրագրերից մեկն էլ այն է, որ Մոսկվայում ստեղծենք հայկական մանկապարտեզ: Նաեւ Մոսկվայում բացենք հայաստանյան մի քանի համալսարանների մասնաճյուղերը: Եվ այսպեսՙ օր-օրի կյանքի ենք կոչում մեր նվիրական երազանքներն ու ծրագրերը: Եկեղեցին սփյուռքի պայմաններում հայապահպան գործ է կատարում, հայ եկեղեցին սփյուռքում ավելին է, քան եկեղեցի... |