ԱՆՎԵՐՋ ԲԱՆԱԿՑԵԼ ՏԱՐԲԵՐ ՄՇԱԿՈՒՅԹՆԵՐԻ ՀԵՏ Հ.Ծ. Խմբագրությանը հասցեագրված շրջաբերականը տեղեկացնում է, որ Միացյալ Նահանգների եւ Կանադայի Թեքեյան մշակութային միության հրատարակչությունը լույս է ընծայել ամերիկյան մի շարք համալսարանների դասախոս Արփի Սարաֆյանի «Endless Crossings: Reflections on Armenian Art and Culture in Los Angeles» (Անվերջ խաչաձեւումներ: Խորհրդածություններ Լոս Անջելեսում հայկական արվեստի եւ մշակույթի մասին) խորագրով ժողովածուն, որտեղ ընդգրկված են Լեւոն Զավեն Սյուրմելյանի, Փիթեր Նաճարյանի, Միշելին Ահարոնյան-Մարկոմի, Արիս Ջանիկյանի, Կարին Հովհաննիսյանի, Թինա Դեմիրճյանի, Դավիթ Խրտյանի ստեղծագործությունների գրախոսականները, Քարտաշ Օննիկի, Սիրուն Երեցյանի, Արփինե եւ Ջորջ Փեհլիվանյանների արվեստի գնահատական խոսքերը, ինչպես նաեւ թատերական ներկայացումների, ցուցահանդեսների եւ գիտաժողովների նկարագրությունները: Սարաֆյանը բակալավրի եւ մագիստրոսի գիտական աստիճաններ ստացել է Բեյրութի ամերիկյան համալսարանից, իսկ դոկտորական է պաշտպանել Հարավային Կալիֆոռնիա համալսարանում: 1978-ից 2014-ը անգլերեն լեզու եւ գրականություն է դասավանդել Լոս Անջելեսի Կալիֆոռնիա պետհամալսարանում: Նա նաեւ դասավանդել է Դոմինգեզ Հիլզի Կալիֆոռնիա պետհամալսարանում եւ Լոյոլա Մերիմաունտ համալսարանում: Երեսուն երկար տարիների ընթացքում հոդվածներ է հրատարակել «Արմինյն Օբզերվր», «Միրոր-Սփեքթեյթր», «Արմինյն Ինտերնեշընլ Մագազին», «Վերջինիա վուլֆ Միսելանի», «Լոս Անջելես Թայմս» եւ այլ պարբերականներում, որոնցում փորձել է բացահայտել ներգաղթողների փորձառության բարդությունները եւ համոզմունք հայտնել, որ օտար երկրներում գոյատեւելը պահանջում է «բանակցել» տարբեր աշխարհների մշակույթների հետ եւ գտնել ինտերգման եզրեր եւ ոչ թե գնալ բախման ճանապարհով: Գրքի վերաբերյալ մանրամասնությունների համար այցելել «noor@abrilbooks.com» կայքը: |