ՍԱՄՎԵԼ ԳԱՍՊԱՐՈՎ Ա. Բ. (1938-2020) Մայիսի 26-ին, Մոսկվայում, կյանքի 82-րդ տարում կորոնավիրուսից մահացել է խորհրդային հայազգի կինոյի ռեժիսոր, սցենարիստ եւ դերասան Սամվել Գասպարովը: Ծնունդով թբիլիսեցի էր, ավարտել էր ՎԳԻԿ-ըՙ աշակերտելով Միխայիլ Ռոմմին: Աշխատել է Օդեսայի եւ Մոսկվայի Գորկու անվան կինոստուդիաներում: Հիմնականում նկարահանել է քաղաքացիական պատերազմի մասին արկածային ֆիլմեր, դետեկտիվներ եւ մարտաֆիլմեր, որոնք ենՙ «Առաջին չվերթ, վերջին չվերթ» (1974), «Աղքատության վկայական», «Ատելություն» (1977 ), «Մոռացեք «մահ» բառը» (1979), «Հաց, ոսկի, նագան» (1980), «Վեցերորդը» (1981), «Առանց հատուկ ռիսկի» (1983), «Մահվան կոորդինատները» (1985), «Ինչպե՞ս է տանը, ինչպե՞ս են գործերը» (1987) եւ «Գիշանգղներ ճանապարհներին» (1990): Որոշ ժամանակ Գասպարովը ծավալել է այլ գործունեություն. 1993-ին նրա ջանքերով են կայացել լեգենդար Մայքլ Ջեքսոնի հյուրախաղերը Մոսկվայում: 2008 թվականին վերադարձել է կինոՙ նկարահանելով «Ծուղակ մարդասպանի համար» շարժապատկերը: Սամվել Գասպարովն ամուսնացած էր իրենից գրեթե քսան տարի փոքր դերասանուհի Նատալյա Վավիլովայի հետ, որը հայտնի է «Մոսկվան արցունքներին չի հավատում» ֆիլմի Ալեքսանդրայի դերով: |