ԱՐՑԱԽՅԱՆ ԱԶԱՏԱՄԱՐՏԻ ՏԱՐԻՆԵՐԻՆ ՄԵՐ ՔԱՋՈՐԴԻՆԵՐԸ ԻՐԵՆՑ ՈՒՍԱՊԱՐԿԵՐՈՒՄ ԿՐՈՒՄ ԷԻՆ ՆԱԵՎ «ՌԱՆՉՊԱՐՆԵՐԻ ԿԱՆՉԸ». ԿԱՐՈ ՎԱՐԴԱՆՅԱՆ Զրուցեց` ԳԵՎՈՐԳ ԳՅՈՒԼՈՒՄՅԱՆԸ Փետրվար ամսին լույս է տեսել Եղիշե Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրեն, բանասիրական գիտությունների թեկնածու Կարո Վարդանյանի «Կորուսյալ երկրի բանաստեղծը, Խաչիկ Դաշտենց» մենագրությունը, որի մասին էլ օրերս զրուցել եմ հեղինակի հետ: - Պարոն Վարդանյան, որքա՞ն ժամանակ եք աշխատել գրքի վրա: - Գիրքը գրել եմ ավելի քան երկու տասնամյակ առաջ: Շարադրանքը երկար չի տեւել, ընդամենը մի քանի ամիս: Երկար է եղել նյութի ուսումնասիրությունը, քանի որ նպատակս Դաշտենցի կյանքն ու ողջ ստեղծագործական ուղին ընդգրկող մենագրություն ստեղծելն էր: Իսկ նրա ստեղծագործության ժանրային ներկապնակը հարուստ է ու գունագեղ. բանաստեղծություն, քառյակ, պոեմ, դրամա, գեղարվեստական թարգմանություն, վեպ: Նաեւ գիտական ուսումնասիրությունՙ նվիրված Ջորջ Բայրոնի կյանքիՙ հայությանն առնչվող շրջանին, որի համար 1965-ին Դաշտենցին շնորհվեց բանասիրության թեկնածուի գիտական աստիճան: - Այս գիրքը կարո՞ղ ենք համարել 2000-ին լույս տեսած ձեր` «Սասուն աշխարհի բանասացը» գրքի շարունակությունը: - Գիրքը, ինչպես նշեցիք, առաջին անգամ լույս տեսավ 2000 թվականինՙ «Սասուն աշխարհի բանասացը» վերնագրով: Ցավոք, այս տասնամյակների ընթացքում Խաչիկ Դաշտենցին նվիրված այլ ուսումնասիրություն չի հրատարակվել, այդ իսկ պատճառով որոշեցի գրողի ծննդյան 110 ամյակի առթիվ վերահրատարակել: Ներկա հրատարակության վերնագրի փոփոխությունն ունի որոշակի պատճառաբանություն: Առաջին գրքի տպաքանակը շատ արագ սպառվեցՙ վերստին ապացուցելով, որ Դաշտենցը սիրված հեղինակ է մեր հանրության լայն շրջանակներում: Ընթերցողների հետ եղել են բազմաթիվ հանդիպումներ, զրույցներ ու քննարկումներ: Նրանք հիմնականում արեւմտահայ գաղթականների ժառանգներ էին, որոնք ինձ էին վստահում իրենց գերդաստանների պատմությունը, իսկ շատերն էլ հպարտությամբ նշում էին, որ Դաշտենցի «Խոդեդանի» կամ «Ռանչպարների կանչի» այս ու այն կերպարն իրենց նախնին է: Այդ զրույցների ընթացքում մշեցիների, վանեցիների եւ արեւմտահայ այլ շրջանների գաղթականների ժառանգների կողմից եղան նաեւ տրտունջներ, թե ինչու է գրքի վերնագրում շեշտված Սասունը, չէ՞ որ Խաչիկ Դաշտենցը ողջ Արեւմտահայաստանի բանասացն է: Ճիշտ է, «Սասուն աշխարհի բանասացը» ասելով ես ընդամենը նկատի էի ունեցել, որ Դաշտենցը ծնունդով Սասունից էրՙ Խութ-Բռնաշեն գավառակի Դաշտադեմ գյուղից, այնուամենայնիվ ընթերցողներիս այդ դիտարկումը երբեք չմոռացա եւ այս հրատարակությունը կոչեցի «Կորուսյալ երկրի բանասացը»: - Որտեղի՞ց է ծագել ձեր համակրանքը Խաչիկ Դաշտենցի հանդեպ: - Խաչիկ Դաշտենցի ստեղծագործության նկատմամբ իմ հետաքրքրության պատճառը «Ռանչպարների կանչն» էր: Այդ վիպասքը դեռ դպրոցական տարիներից իմ առաջ բացեց մի զարմանահրաշ աշխարհՙ լի հպարտությամբ, խրոխտությամբ ու նաեւ ողբերգությամբ: Այն նաեւ պատճառ դարձավ, որ 20-րդ դարասկզբի մեր ազատագրական պայքարն ու այդ պայքարի ողնաշարըՙ Զորավար Անդրանիկը, ինձ համար դառնան մշտական ուսումնասիրության ասպարեզ: Այդ շրջանի մասին ծովածավալ գրականություն կա, այնքան իրարամերժ ու հակասական, որ կարելի է այդ ծովում խոտորվել ու խճճվել: Տարիների ընթացքում որքան շատ աղբյուրներ ուսումնասիրեցի, այնքան ավելի գնահատեցի վիպասքը: Կարողացել եմ մեկիկ-մեկիկ բացահայտել «Ռանչպարների կանչի» պատմական աղբյուրները, իսկ դրանք տասնյակից ավելի են: Բացահայտել եմ ու հիացել այդ վեպի անսովոր արվեստով: Դաշտենցը տուրք չի տվել որեւէ քաղաքական-կուսակցական դիրքորոշման, շատերի նման չի դիմել ուշացած մարգարեությունների: Նրա պատկերած շարժումը ժողովրդի ընտրյալների շարժումն է, նրա հերոսները մեկտեղված են մեկ ընդհանուր նպատակի շուրջըՙ դուրս քշել թշնամուն պապենական օջախից, անաղարտ պահել հայրենին ու հայրենականը: Իսկ երբ ինձ համար մեկը մյուսի հետեւից բացահայտեցի Դաշտենցի բազմաժանր ստեղծագործության այլ դրսեւորումներըՙ տեսա, որ վերը ասվածը նրա համար սեւեռուն գաղափար է բոլոր ստեղծագործություններում: Այո, Խաչիկ Դաշտենցի ստեղծագործությունը թեմատիկ առումով կուռ է ու համահավաք: Նրա թեման հայրենիքն է ու հայրենականը, իսկ հերոսըՙ հայրենասեր հայորդին: Այդ հերոսը եթե սիրում էՙ սիրում է հայրենիքը, եթե մարտնչում էՙ մարտնչում է հանուն հայրենիքի, եթե երազում էՙ երազում է թշնամիներից մաքրված հզոր հայրենիք, եթե սովորում էՙ սովորում է նախնյաց ավանդները եւ այլն, եւ այլն... - Մենագրության մեջ գրողի մասին կա՞ն մինչ այս պահն անհայտ մանրամասներ: - Ինչ խոսք, կան: Անհայտ կամ քչերին հայտնի մանրամասներով հագեցած են Դաշտենցի ե՛ւ բովանդակալից կենսագրությունը, ե՛ւ ստեղծագործական գործունեությունը: Օրինակ, մի՞թե շատերը գիտեն, որ երիտասարդ Խաչիկը շատ էր ուզում Չարենցի ծածկանվան նման գրական ծածկանուն ունենալ, եւ «Դաշտենց» ծածկանունը նրան հուշել է Սողոմոն Տարոնցինՙ լսելով, որ Խաչիկը ծնունդով Սասունի Դաշտադեմ գյուղից է: Կամ, այսօր ո՞վ է հիշում, որ Դաշտենցի բանաստեղծական առաջին ժողովածուներից մեկըՙ «Գարնանային երգերը» (1932թ.) խմբագրել է նրա պաշտելի ուսուցիչըՙ Եղիշե Չարենցը: Ավելին, Դաշտենցի արխիվում պահպանվել են Չարենցի երկու գրությունները, որոնցով մեծանուն պոետը խնդրում էր Պետհրատի տնօրեն Էդվարդ Չոփուրյանին եւ գլխավոր նկարիչ Տաճատ Խաչվանքյանին, որպեսզի ապահովեն նշյալ ժողովածուի պատշաճ ձեւավորումն ու որակյալ տպագրությունը: Հիշեմ էլի մի շատ ուշագրավ իրողություն: Արդեն ասել եմ, որ Դաշտենցի ողջ կյանքի ու ստեղծագործության սեւեռուն գաղափարը կորուսյալ հայրենիքն է ու հայրենասիրությունը: Պատկերացրեք, որ դա արտացոլված է նաեւ նրա թարգմանական գործունեության մեջ: Պահպանվել է նրա մի զեկուցումը, որ կարդացել է 1964թ.-ինՙ Շեքսպիրի ծննդյան 400 ամյակի առթիվ Մոսկվայում անցկացված միջազգային գիտաժողովում: Ահա մի շատ խոսուն հատված այդ զեկուցումից. «Եթե ինձ հարցնեն, թե Շեքսպիր թարգմանելիս ես ամենից շատ ինչի մասին եմ մտածում, ես անկեղծորեն կասեմՙ իմ ծննդավայրի մասին, Սասունի եւ Հայկական Տավրոսի մասին, այն երկրի մասին, որտեղ ապրել են իմ պապերը, մեր ամբողջ ժողովուրդը Բաթմանա ջրից մինչեւ Անիի ավերակները...»: Մի՞թե ապշելու չէ. Սովետների մայրաքաղաքում, տարբեր երկրներ ներկայացնող շեքսպիրագետների ներկայությամբ Դաշտենցը հնչեցրել է Հայ դատի մասին եւ այն էլՙ 1964 թվականին: Ինչեւէ, հիշարժան մանրամասներով հագեցած են գրքի բոլոր վեց գլուխները: - Դաշտենցը հայտնի է նաեւ իր թարգմանություններով, գրքում անդրադարձ՞լ եք թարգմանիչ Դաշտենցին: - Գրքի գլուխներից մեկը նվիրված է Դաշտենցի թարգմանություններին եւ առավել հանգամանորենՙ Շեքսպիրից կատարված թարգմանություններին: Շեքսպիրի նկատմամբ սերը Դաշտենցին 1934 թվականին հասցրել էր Մոսկվա, դարձրել տեղի օտար լեզուների ինստիտուտի անգլիական բաժնի ուսանող, որտեղ նա իր ազատ ժամանակի մեծ մասը նվիրում էր անգլալեզու բանաստեղծների գործերի թարգմանություններին: Այդ գլխում քննարկվում են Դաշտենցի թարգմանական արվեստի առանձնահատկությունները, որոնք այնքան տարբերվում են նրա ականավոր նախորդիՙ Հովհաննես Խան-Մասեհյանի արվեստից: Դաշտենցը շեքսպիրյան թարգմանությունների վրա աշխատեց շուրջ 35 տարի, մինչեւ կյանքի վերջըՙ սեփական ստեղծագործություններին զուգահեռ թարգմանելով տասնինը պիես: Թարգմանության ասպարեզում Դաշտենցի հաջորդ խոշոր ավանդը Հենրի Լոնգֆելլոյի «Հայավաթի երգը» պոեմի թարգմանությունն է, որն ընթերցողին գերում է ամերիկյան հնդկացիների բանահյուսության գրավչություններով: Հայկական ֆոլկլորի գերազանց զգացողությունը Դաշտենցին մեծապես օգնել է հնդկացիների խիստ ինքնատիպ բանահյուսությունը բարձր արվեստով «հայացնելուն»: Այս ամենից զատ Դաշտենցը թարգմանել է նաեւ «Ռոբին Հուդը», Ռոբերտ Բրաունինգի «Համելինի նախշուն սրնգահարը», պիեսներ Վիլյամ Սարոյանից եւ այլն: - Դաշտենցն առավելապես հայտնի է իր «Ռանչպարների կանչը» կոթողային ստեղծագործությամբ , բայց նա ունի նաեւ այլ հրաշալի գործեր` «Յատոն Ալեք», «Ծուռ խութեցի» պոեմները, «Խոդեդան» վեպը եւն: Մասնավորապես գրականագետներից շատերը ցայսօր «Խոդեդանն» ավելի բարձրարժեք են համարու, քան «Ռանչպարների կանչը»: Ո՞րն է ձեր մոտեցումն այս հարցում: - Թերեւս նկատի ունեք «Ռանչպարների կանչի» առաջին հրատարակությունից (1979թ.) հետո Սփյուռքում հնչած ինչ-ինչ կամայական ու անհիմն գնահատականները: Դրանց պատճառն այն էր, որ որոշ կուսակցական-քաղաքական շրջանակներ վիպասքի հիմքում նկատեցին դաշնակցական գործիչ Ռուբեն Տեր-Մինասյանի «Հայ յեղափոխականի մը յիշատակները» բազմահատոր հուշագրությունը: Ցավոք, միայն դա նկատեցին: Այո, Դաշտենցը լիուլի օգտվել է Ռուբենի հուշագրությունից, բայց ինչպե՞ս կարելի է «Ռանչպարների կանչը» դիտարկել միայն այդ տեսանկյունից եւ փորձել ստվերել համաժողովրդական խանդավառ ընդունելության արժանացած գրքի արժեքը: Ռուբենը Դաշտենցի համար նպատակ չի եղել, եղել է միայն միջոց եւ այն էլՙ մի շարք միջոցներից մեկը: Դաշտենցի նպատակը 20-րդ դարասկզբի ազատագրական շարժումն ու հերոսական սերնդին ներկայացնելն է եղել, ինչը նա իրագործել է գերազանց, բարձր ու անսովոր արվեստով: Եկեք մտածենքՙ ինչպե՞ս կարող էր Դաշտենցը կերտել նորօրյա Սասունցի Դավթիՙ Անդրանիկի կերպարըՙ հենվելով Ռուբենի աշխատության վրա, երբ այդ աշխատության մեջ միտումնավոր կերպով ստվերված է լեգենդար ֆիդայապետի ու զորավարի ահռելի դերակատարումը: Կամ, ինչպե՞ս պիտի կերտեր Անդրանիկի աջ ձեռքը հանդիսացած Մախլուտոյի (Սմբատ Բորոյան) կերպարը, որի անունից է շարադրել վիպասքը, երբ Ռուբենի յոթ հատորներում Մախլուտոն գրեթե չի երեւում: Պատճառները քաղաքական են, եւ այստեղ փակագծեր չեմ բացի: Ասեմ միայն, որ իմ գրքի համապատասխան գլխում Ռուբենի հուշագրությունից զատ փաստերով բացահայտել եմ տասնյակի չափ այլ ուշագրավ աղբյուրներ, որոնցում ե՛ւ Անդրանիկը, ե՛ւ Մախլուտոն արժանի բարձրության վրա են: Այնուամենայնիվ, դրանք «Ռանչպարների կանչի» միայն տեղեկատվական հենքն են: Վիպասքի բուն արժեքն ու արժանիքը էպոսային պատումի մեջ է. Դաշտենցը կերտել է մեր նորօրյա էպոսը, որի հմայքը միշտ հիացնելու է ընթերցողին: «Խոդեդանը» եւս կոթողային գործ է, մանավանդ, երբ հաշվի ենք առնում ստեղծման ժամանակաշրջանը: Հիշենք, որ դրա առաջին հրատարակությունը 1950 թվականին էր, երբ դեռ ողջ էր «ժողովուրդների հայրը» եւ դեռ մոլեգնում էր անհատի պաշտամունքը: Այդ հրատարակությունը մի փոքրածավալ վիպակ էր, բայց այնպիսի բուռն ընդունելություն գտավ, որ Դաշտենցը հետագայում մշակեց, ամբողջացրեց այն եւ 1956-ին եւ 1960-ին հրատարակեց որպես ծավալուն վեպ: - Խաչիկ Դաշտենցը թե՛ դպրոցում, թե՛ բուհում, ուսումասիրվում է թռուցիկ: Որո՞նք են դրա պատճառները: - Գրականության ծրագրերը միշտ էլ բանավեճերի առարկա են: Դրանք կազմում է որեւէ գրականագետ կամ գրականագետների խումբ, որոնցից յուրաքանչյուրն ունի իր նախասիրությունները: Եւ եթե այս կամ այն հեղինակի մատուցման ժամաքանակն ավելացվում էՙ դա արվում է այլ հեղինակների հաշվին: Խնդիրն առավել բարդ է խորհրդային շրջանի պարագայում, երբ մեր գրականությունն աննախադեպ ծաղկում ապրեց եւ Դաշտենցի կողքին ունեցանք տասնյակ ու տասնյակ արժանավոր անուններ, որոնցից գործող ծրագրերում ընդամենը մի քանիսն են շահեկան վիճակում: Ինչեւէ, Խաչիկ Դաշտենցի գրական ժառանգության պատշաճ մատուցումը բոլոր առումներով բարերար ազդեցություն կունենա թե՛ աշակերտների, թե՛ ուսանողների վրա: Մենք չենք մոռացել, չէ՞, որ Արցախյան ազատամարտի տարիներին մեր քաջորդիներից շատերն իրենց ուսապարկերում առաջնային անհրաժեշտության իրերի հետ կրում էին նաեւ «Ռանչպարների կանչը»: - Ի՞նչ միջոցառումներ եք ծրագրում առաջիկայում` կապված գրողի հետ: - Այս օրերին Հանրային ռադիոյի ծրագրերով երեք մասով ներկայացրեցի Խաչիկ Դաշտենցի կյանքն ու գործունեությունը: Մայիսի 25-ինՙ գրողի ծննդյան օրը, Գրականության եւ արվեստի թանգարանի դահլիճում նախատեսել ենք այս գրքի շնորհանդեսը, որը կուղեկցվի Դաշտենցի ձեռագրերի ու լուսանկարների ցուցադրությամբ եւ գրական-գեղարվեստական հանդիսությամբ: Կարծում եմՙ գրական-մշակութային այլեւայլ շրջանակներում եւս անդրադարձեր կլինեն, որոնց սիրով կմասնակցի մեր թանգարանը: |