RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#017, 2020-06-05 > #018, 2020-06-12 > #018, 2020-06-19 > #019, 2020-06-26 > #020, 2020-07-03 > #021, 2020-07-10

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 26-06-2020



Տեղադրվել է` 2020-07-23 00:15:04 (GMT +04:00)


Ընթերցված է` 653, Տպվել է` 20, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԻՆՉՊԵ՞Ս ՓՈԽՎԵՑ ԳԱԶԻ ՍԱԿԱԳԻՆԸ ԵՎ Ի՞ՆՉ ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐ ԴԱ ԿՈՒՆԵՆԱ

ՄԱՆՈՒԿ ԱՐԱՄՅԱՆ

Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը վերջապես հաստատեց բնակչության եւ տնտեսվարողների համար գազի սակագինը, որը ուժի մեջ կմտնի հուլիսի 19-ից: Բնակչության համար այն մնաց 139 դրամ 1 խմ համար, իսկ սոցիալապես անապաով խավի համար 100 դրամՙ 1 խմ համար մինչեւ 600 խմ սպառած գազի համար: Հիշեցնենք, թե ի՞նչ առաջարկ էր ներկայացրել «Գազպրոմ Արմենիան»:

«Գազպրոմ Արմենիան» հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով էր դիմել հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում սպառողներին վաճառվող բնական գազի սակագնի վերանայման հետեյալ հայտով.

1. Ընտանեկան կամ սոցիալական նպաստի իրավունք ունեցող սպառողներին տարեկան մինչեւ 600 խորանարդ մետր բնական գազի համարՙ վաճառվող յուրաքանչյուր խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը ներկայիս 100 դրամից դարձնել 135,9 դրամ: Այսինքն, սակագինը բարձրացնել 35,9 դրամով:

2. Ամսական մինչեւ 10 հազար խորանարդ մետր սպառում ունեցող սպառողներին, որոնք ընդգրկված չեն սոցիալական նպաստների համակարգում, այսինքն բնակչությանը վաճառվող յուրաքանչյուր խորանարդ մետր բնական գազի գործող սակագինը ներկայիս 139 դրամից դարձնել 135,9 դրամ: Այսինքն, սակագինը իջեցնել 3,1 դրամով:

Հայաստանի կառավարությունը սրան համաձայն չէր, չնայած բնակչության մեծամասնության համար գազի սակագնի նվազում էր: Հարց է առաջանումՙ ինչո՞ւ:

Առաջին պատճառն ավելի քան պարզ էրՙ վարչապետ Փաշինյանը չէր կարող դա ներկայացնել որպես իր ձեռքբերում, քանի որ դա ռուսական կողմի առաջարկն էր եւ, երկրորդ, քանի որ նրա ասածին հակադրվելու էր անապահով խավի համար գազի սակագնի բարձրացումը:

Երկրորդ պատճառն այն է, որ գազի սակագինը նույնը պահպանելով եւ թույլ չտալով, որ այն նվազի բնակչության մեծ մասի համար, անապահով խավի համար սահմանված ցածր սակագնի սուբսիդավորումը շարունակելու է իր վրա վերցնել ռուսական կողմը: Հակառակ դեպքում, Հայաստանի կառավարությունը ստիպված կլիներ այդ գումարը փոխհատուցել պետական բյուջեի արագորեն նվազող եկամուտներից: Արդյունքում, անապահով խավի համար սահմանված էժան գազի սակագնի տարբերությունը մնաց ռուսական կողմի, փաստացիՙ «Գազպրոմ Արմենիայի» ֆինանսավորման վրա: Սա ի գիտություն արեւմտյան դրամաշնորհներով սնվողների, որոնց գլխավոր «առաքելությունը» Հայաստանում հակառուսական արշավ տանելն է:

Հիշեցնենք նաեւ, որ վերջին անգամ «Գազպրոմ Արմենիան» գազի սակագնի վերանայմանՙ տվյալ դեպքում նվազեցման հայտով դիմել էր 2016 թ.-ին: Ըստ ընկերության առաջարկի, 146,7 դրամի փոխարեն Հայաստանին մատակարարվող գազի սակագինը 2017 թ.-ի հունվարից դարձավ 139 դրամ: Բացի դրանից, այն ժամանակ «Գազպրոմ Արմենիան» առաջին անգամ տարբերակված մոտեցում եւ արտոնյալ սակագին սահմանեց երեք խումբ սպառողների համար: Ինչը այն ժամանակվաՙ Կարեն Կարապետյան գլխավորած կառավարության ջանքերի արդյունքն էր:

Այդ խմբերից առաջինը վերոնշյալ սոցիալապես անապահով խավն էր, որին մատարարակվող գազի սակագինը 2017 թ.-ի հունվարից դարձավ 100 դրամ:

Արտոնյալ գազի սակագնով գործող երկրորդ եւ երրրորդ տարբերակված սպառողական խմբերը ջերմոցային տնտեսությունների եւ վերամշակող ձեռնարկություններն էին, որոնց համար սակագինը 212 դոլար էր 1000 խմ գազի համար: Ռուսական կողմն առաջարկել է բարձրացնել նախկինում արտոնյալ այս խմբերի սակագինըՙ դարձնելով այն 283 դոլար 1000 խմ համար: Արդյունքում, որոշվել է, որ ջերմոցային տնտեսությունների եւ վերամշակող պահածոների, խմիչքների եւ կաթանամթերքի արտադրությունների համար սահմանված գազի սակագինը կբարձրանա հետեւյալ կերպՙ նոյեմբերի 1-ից մինչեւ մարտի 31-ը 212 դոլարի փոխարեն 224 դոլար, իսկ ապրիլի 1-ից մինչեւ հոկտեմբերի 30-ըՙ մինչեւ 10 հազար խմ-ի դեպքում 139 դրամ 1 խմ համար, իսկ այդ ծավալը գերազանցելուց հետո յուրաքանչյուր 1000 խմ համարՙ 255,9 դոլար:

Ակնհայտ է, որ սակագների այս բարձրացման հետեւանքով մեր գյուղմթերքի եւ սննդամթերքի արտադրության ինքնարժեքը կբարձրանա, ինչը կարող է բերել նաեւ նրա թանկացմանը: Հայկական ապրանքների ինքնարժեքի բարձրացումը կբերի ներմուծվող համանման ապրանքների դիրքերի բարելավմանը մեր ներքին շուկայում, հայկական արտադրությունների վիճակի վատթարացմանըՙ դրանից բխող տնտեսական եւ սոցիալական բացասական հետեւանքներով: Միաժամանակ, հայկական ապրանքների մրցունակությունը կիջնի նաեւ արտահանման ժամանակ:

Ինչ մնում է խոշորՙ 10 հազար խմ եւ ավելի գազ սպառողներինՙ այդ թվում ջերմաէլեկտրակայաններին, ապա նրանց համար նույնպես սակագինը բարձրանալու է: Ներկայումս այն 242 դոլար է 1000 խմ համար: Օգոստոսի 1-ից նրանց համար մինչեւ 10 հազար խմ սպառման սակագինը լինելու է 139 դրամ 1 խմ համար, իսկ դրանից ավելի սպառված յուրաքանչյուր 1000 խմ գինըՙ 255,9 դոլար: Դա կարող է հանգեցնել էլեկտրաէներգայի սակագնի բարձրացմանը, քանի որ ջերմակայաններում է արտադրվում էլեկտրական էներգիայի շուրջ 40 տոկոսը:

Ամփոփելով վերոնշյալը հարկ է արձանագրել.

1. Հայ-ռուսական հարաբերությունները, հակառակ վարչապետի հավաստիացումների, փայլուն չեն: Եթե փայլուն լինեին, մենք կունենայինք գազի սակագնային այլ առաջարկներՙ ինչպես օրինակ ունեցանք 2016 թ.-ին:

2. Մենք ինքներս ենք մեղավոր ստեղծված իրավիճակում, քանի որ նախընտրեցինք դատարկ խոստումները, այդ թվում գազի սակագների մասով:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #19, 26-06-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ