ԱՄՆ ՆԵՐԳԱՂԹԻ ԲԱՐԴԱՑՈՒՄԸ ԵՎ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԱՐԵՎԻԿ ՔԵՇԻՇՅԱՆ Աշխատատեղերըՙ նախ ամերիկացիներին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ստորագրել է հրամանագիր, որը մինչեւ տարեվերջ երկարաձգում է Green Card-ի տրամադրման արգելքը: Սպիտակ տան կայքում հրապարակվել է ամերիկացի աշխատավորների շահերի պաշտպանության վերաբերյալ հրամանագիր: Այն մինչեւ տարեվերջ երկարաձգում է նախագահ Թրամփի ապրիլյան այն հրամանգրի գործողությունը, որով կասեցվում է կացության իրավունքի տրամադրումը եւ գործում էր 60 օր: Բացի դրանից, ԱՄՆ-ը մինչեւ 2021 թվականը չի տրամադրի աշխատանքային ոչ ներգաղթային H-1B, H-2B, H-4, L, J այցագրերՙ որոշ բացառություններով: Արգելքը չի տարածվում սեզոնային գյուղատնտեսական աշխատողների վրա, գիտնականների եւ COVID-19-ի դեմ պայքարի համար ԱՄՆ-ին անհրաժեշտ բժիշկների վրա, ինչպես նաեւ արդեն ամերիկյան այցագրեր ունեցող բոլոր անձանց վրա: ԱՄՆ մուտքը առաջվա պես բաց է զբոսաշրջային այցագրեր ունեցողների առջեւ, թեեւ ճանապարհորդների թիվն էապես նվազել է: «Բազմաթիվ աշխատողներ տուժել են կորոնավիրուսի պատճառով, եւ դա նրանց մեղքը չէ», ասվում է նախագահի հրամանագրում: «Նրանց շահերը չի կարելի անտեսելՙ փոխարինելով օտարերկրյա աշխատուժով»: Եթե կորոնավիրուսից առաջ ամերիկացիներից շատերը չէին պաշտպանում նախագահ Թրամփի ներգաղթային ուղեգիծը, ապա ռեկորդային բարձր գործազրկությունը նրանց ստիպեց վերանայել իրենց հայացքները: Սպիտակ տունը մեջբերում է Washington Post-ի եւ Մերիլենդի համալսարանի տվյալները, որոնց համաձայն բնակչության 65%-ը հավանություն է տալիս ներգաղթի սահմանափակումներին: Բայց փորձագետները գտնում են, որ կորոնավիրուսի առաջացրած գործազրկության պայքարի քողի ներքո նախագահը առաջ է մղում ներգաղթային բարեփոխումը: Հրամանագրի տեքստում նշվում է, որ հարկավոր է ԱՄՆ-ում ընդունել միայն ամենաբարձր որակավորում ունեցող ներգաղթյալներինՙ նեղացնելով այն սողանցքները, որոնք ամերիկացի գործատուներին հնարավորություն են տալիս վարձել արտասահմանյան էժան աշխատուժ: Ռուսաստանի ԳԱ ԱՄՆ-ի եւ Կանադայի ինստիտուտի տնօրեն Վալերի Գարբուզովը News.ru-ին տված հարցազրույցում ընդգծել է, որ նախագահ Թրամփի հրամանագրով նախատեսված միջոցառումները կարող են երկար պահպանվել Ամերիկայում: «Ներգաղթային բարեփոխումը մեկն է այն գլխավոր խոստումներից, որոնցով Թրամփը մուտք գործեց Սպիտակ տուն: Ներգաղթի խնդիրների գծով ԱՄՆ-ը հայտնվել է փակուղում: Դրա ելքը մեկն էՙ նախագահական հրամանագրերը: Ուրիշ ելք չունենալովՙ Թրամփը կշարունակի ներգաղթի համակարգի բարեփոխումները հրամանագրերի միջոցով: Նրա եւ պահպանողական հանրապետականների համար դա կարեւոր է ընտրությունների նախօրեին»: Ըստ Գարբուզովի, եթե ամերիկացի ընտրողները Թրամփին պարգեւեն նոր ժամկետ, առաջիկա առնվազն չորս տարիներին հարկ կլինի մոռանալ դյուրին ներգաղթի մասին: Իսկ եթե իշխանության գա ընդդիմախոս Ջո Բայդենը, ապա հրամանագրերի մի մասը, ամենայն հավանականությամբ, կչեղարկվի: Ներգաղթյալները դեմոկրատների ընտրազանգվածի մեջ են, ուստի մշտապես ձգտում են ներգաղթի ընդլայնմանը: |