ԹՈՒՐՔԻ «ՀՐԱՎԱՌՈՒԹՅՈՒՆԸ»ՙ ՄՈՒՐՂՈՒԶ ՍԱՐԻՑ ՆԱԻՐ ՅԱՆ Տավուշի ամենաբարձր սարիՙ Մուրղուզի լանջերին, սարվորներն ամռան 3 ամիսներին անասուն էին պահում, աշնանն իջնում անտառ, որովհետեւ սարերում արդեն ցրտում էր: Հիմնականում սար գնում էին ընտանիքի տատ-պապերը, ջահել հարսները մնում էին գյուղերում: Երանություն էր, ես կասեիՙ արքայություն հատկապես թոռների համարՙ տատ-պապի հետ ապրում էին սարերի լանջերին սարքած փայտե խրճիթների մեջ, ոչ մայր կար գլխներին, որ գործի դներ, ոչ հայր, որ հարցներՙ շուտով սեպտեմբեր է, մի գրքի էջ բացած կա՞ս: Ես Երեւանում ծնված, երեւանաբնակ շամշադինցի եմՙ շամշադինցու թոռ: Հենց դպրոցի դասերն ավարտվում էին, մի օր անգամ չէի կորցնումՙ ուղիղ Շամշադին, տատուպապիս մոտ, ուղիղ Մուրղուզի լանջերին ծվարած մեր խրճիթը, որին շամշադինցիները քոխ են ասում: Շամշադինի բարբառով խոսել ու խոսում եմ անթերի, քիթս քաղաքացու պես երբեք ցից չի եղել, հագուկապսՙ սովորական: Բայց սար գնալու առաջին երկու օրերին մեր թաղի երեխաները քիչումիչ խուսափում էին ինձնից, ավելի ճիշտՙ ամաչում, ինձ յուրային չէին համարում, բայց հենց կանչում էիՙ «կյալիս չե՞ք տպրկունի (պահմտոցի) հաղ անենք, եդով էլ կքյնանք մորի քաղիլ», մտերմիկ կայծեր էին երեւում արեւից խանձված այտերով, արեւից դեղնած հոնք ու թարթիչներով, տղա-աղջիկՙ քաչալ գլուխներով երեխաների աչքերում: Այդպիսի միամիտ ժպիտ, խոնարհ հայացք ես ուրիշ ոչ մի տեղ չեմ տեսել: Այդ ամառ մեր սարի թաղի երեխաների ծափ-ծիծաղը, ոգեւորությունը մինչեւ Շամշադինի աստղազարդ երկինք էր հասնում: Սպասում էինքՙ երբ է մթնելու, որ մեր սարի լանջից նայենք լույսերի ու կրակների հրավառությանը, որն ուղեկցվում էր ուժեղ գմփոց-դմփոցներով: Մինչ մենք ուրախությունից ճչում-թռվռում էինք, մեր տատ-պապերը քարանում-կպչում էին քոխի դռներին, աչքները երկինք հառածՙ մրմնջում: Ոչ հեռուստացույց կար, ոչ ռադիո, ապրում էինքՙ քաղաքակրթությունից հեռու ու երջանիկՙ ամեն երեկո սպասելով դիմացի սարերից արձակվող հրավառությանը: Ցերեկները բարձրանում էինք Մուրղուզի գագաթը, այնտեղից բռով ու փեշով ձյուն բերում, թավալ տալիս մառախուղի քուլաների մեջ, մորի ու հաղարջ հավաքում, հենց սովածանում էինք, գալիս էինք տունՙ տատի մերած մածնով ու զտած րեժանով կշտանալու: Իսկ մեր տատ-պապերը լուռ էին, ցերեկն էլ էին աչքները երկինք հառում ու մրմնջում: Մեկ-մեկ մեր ականջին էին հասնում նրանց կցկտուր զրույցները. «Էս քշեր թուրքերը Չինարին ու Բերդը վերան են արել, թոփն (արկ ) ընկել ա դուզ մեր Դավոյանց տան մեջտեղը, էն րախին օրորոցի միջին սպանել ա: Վույ, Աստոծ ջան, Քնարիկը դարդից կգժվի»: Մենք գիտեինք, որ թուրքն ադրբեջանցին է: Շամշադինցիները ադրբեջանցուն միշտ թուրք են ասել, Ադրբեջանին էլՙ Թուրքեր: Թուրք բառի հոգնակի թիվը Շամշադինի բարբառով նշանակում է ադրբեջանցու ապրած տեղը: Երեխա ժամանակ սրա վրա ուշադրություն չեմ դարձրել, հետո եմ վերլուծել, որ տոհմիկ, հնաբնակ, բնիկ շամշադինցիների բարբառը անտակ խորություն ունի, ընդամենըՙ Թուրքեր, որը նշանակում է այնտեղ, որտեղ ապրում են ադրբեջանցիները, որը չի նշանակում երկիր, հայրենիք, պետություն: Այդ թուրքերը Թուրքերից, այսինքնՙ իրենց ապրած տեղից, փաստորեն, ռմբակոծում ու արկակոծում էին Շամշադինի գյուղերը, իսկ մենքՙ սարվոր երեխաներս, չէինք հասկանում ՙ իրականում ինչ է կատարվում, տեղեկություն չունեինք, որ ռումբն այնպես է ընկնում, որ Դավոյի, Հունանի, Մելոյի տան կեսը մտնում է գետնի տակ, մեր հարազատների ու բարեկամների ընտանիքներում երեխա, հարս, պապ, աղջիկ է մահանում թուրքի կրակոցից: Չգիտեինք, որ ամեն երեկո դիմացի սարից գմփոց-դմփոցով արձակվող «հրավառությունը» ռմբակոծություն է, Շամշադինի խաղաղ բնակիչների օրը, կյանքը սեւացնող, սուգ ու ողբ բերող արհավիրք: Այդ տարի սարվորները որոշեցին մեկ ամիս շուտ իջնել Մուրղուզի լանջերից: Քոխերի դռները փակեցինք, անասուններին առաջներս արեցինք ու սարնիվայր կածանով իջանք անտառ, որտեղ ամեն ընտանիք իր քոխն ուներ: Քոխերից էր անտառի մեջ մեր թաղն էր ստեղծվել: Մեր ուրախությանը չափ չկար, ճանապարհին մտանք գետը, լողացանք, ջրի ափերին բուսնած փարթամ, անուշահոտ ջրսողանից, ջրկոտեմից, դաղձից քաղեցինք, դրեցինք հացուպանրի բրդուճի մեջ, կուշտ կերանք ու շարունակեցինք ճամփան: Հենց հասանք անտառ, մեծերը որոշեցին, որ ընտանքիները պիտի բաժանվեն ու տարբեր ճանապարհներով գնան: Մենքՙ երեխաներս տխրեցինք, բայց իրար ականջի փսփսացինքՙ դե տեսնեք ո՞վ է շուտ հասնելու մեր քոխերը: Երեկոյան հասանք տեղ: Մեծերն անհանգիստ դեսուդեն էին ընկել, սպասում էինՙ բոլոր հարեւաններն անտառի միջով կգան, տեղ կհասնե՞ն, թե Մենքՙ շուտ հասած երեք երեխաներս, մեզ հաղթած էինք համարում: Մի քանի ժամ հետո բացակա հարեւանները հասան անտառի քոխերը, բացեցին դռները, ներս մտան, տեղավորվեցին: Բոլորը հանգիստ շունչ քաշեցին: Մենքՙ անտառ իջած սարվոր երեխաներս, չէինք հասկանումՙ մեր տատուպապերն ինչո՞ւ էին այդքան լարված ու մտահոգ: Հո առաջին անգամ չէի՞նք սարից իջնում անտառ: Ես հետո, շատ ուշ հասկացա, թե անտառ հասնելուն պես սարվորների ընտանիքներն ինչու տարբեր ճանապարհներով գնացին, ինչու էր տատս կացինը ձեռքին գնում անտառով ու շուտ-շուտ աջուձախ նայում, ինչու էին անհանգստանում, որ հարեւաններն ուշ տեղ հասան: Նրանք վախենում էին, վախենում էին, որովհետեւ թուրքերը վխտում էին անտառում, դարանակալում սարվորներին, գողանում նրանց անասունները, իսկ հայերին կացնահարում, մորթում: Մենք տարբեր ճամփեքով գնացինք անտառի մեր քոխերը, որպեսզի բոլորս միասին թուրքի բաժին չդառանանք, գոնե մի քանիսը փրկվեն:Մեր տատուպապերը մեզ ոչինչ չէին ասում, որ մեր սիրուն, անհոգ, միամիտ մանկությունը չփչանա, որ ինչքան հնարավոր է, ուշ իմանանք, որ ամեն երեկո դիմացի սարից «հրավառություն» արձակող ու մեզ ճիչ-ուրախություն «պարգեւող» թուրքն ով է եւ ինչ է անում իրականում: Տարիներ հետո ես հեռուստացույցով տեսա «Կյանքը հիասքանչ է» ֆիլմը: Տեսա ու մի կուշտ լաց եղա: Տեսա եւ ուզեցի Աստծուն հարցնելՙ Նա գիտե՞, թե ի՜նչ կատարյալ էակներ է ստեղծել, ուզեցի զարմանքս Նրան հայտնել, թե ո՞նց կարելի է մեր տատուպապերի պես կատարյալ էակներ ստեղծել: Նրանք «Կյանքը հիասքանչ է» ֆիլմը հաստատ չէին տեսել նրանք բնատուր, բնական, չսովորած, չկրթված, կինո չտեսած, բայց երեխա ժամանակ պատերազմ տեսած տատուպապեր էին, որոնք այնքա՜ն էին ուզում իրենց թոռներին հեռու պահել պատերազմից, թուրքին դեմ-դիմաց կանգնելու վտանգներից, այնքա՜ն էին ուզում մեր մանկական սիրտն ու հոգին հեռու պահել վախերից ու անհանգստությունից: Ուզում էին, որ մենք ուշ իմանաք, որ պատերազմ է, որ Շամշադինում պատերազմն սկսվել է: Այդ ամառ հայրս շուտ եկավՙ ինձ Երեւան տանելու: Ես ու նա կանգնել էինք դեմ-դիմաց: Աչքերիս միջի «ինչո՞ւ»-ն նա չտեսնելու տվեց, իսկ ես նրա աչքերի միջի անհանգստությունն ու հաստատակամությունը կասկածի տակ չդրեցի: Սուսուփուս նստեցի մեքենան, արցունքներս կուլ տվեցի ու ճանապարհին որոշեցի հորս ու տատիս չներել: Հորսՙ իմ կամքը չհարցնելու, իսկ տատիսՙ հորս չընդդիմանալու ու ինձ այդպես հեշտուհանգիստ քաղաք ուղարկելու համար: Ականջներիս մեջ տատիս խոսքերն էին «Բալա ջան, ամանաթ րախա ա, աչքիս լիսն ա, մի պյան ըլի, ես ինձ կխեղդեմ: Հետդ տուն տար, մենք էլ տենանք ինչ զուլում ա կյալի կլխներիս»: Սեպտեմբերին գյուղի մեր ազգականներըՙ մերումանուկ, տեգերկին ու քեռակին, եկան մեր տուն: Մայրս տագնապած գրկեց բոլորին, լաց եղան, մխիթարեցին, պատմեցին, նորից լաց եղան: Թուրքի գյուլլից, թուրքի թոփից փախել-եկել էին Երեւան, Երեւանի ազգականների տուն: Ես ուրախ էի, որ մեր տանն այդքան մարդ կա, այդքան երեխա կա, բայց արդեն կամաց-կամաց սկսել էի հասկանալ, թե ինչու ամառային արձակուրդը Շամշադինում ինձ համար մեկ ամիս շուտ ավարտվեց, ինչու իմ ազգականների երեխաների ամառային արձակուրդները երկարել-ձգվել էին մինչեւ աշուն, հետո ձգվեցին մինչեւ ձմեռ: Ու այդպես մի քանի տարի Շամշադինի երեխաները ոչ նորմալ դպրոց գնացին, ոչ սարերում մորի ու հաղարջ հավաքեցին: Մուրղուզ սարի ալպիական ծաղիկներին մարդու ձեռք չկպավ: |