RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#020, 2020-07-03 > #021, 2020-07-10 > #022, 2020-07-17 > #023, 2020-07-24 > #024, 2020-07-31

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 17-07-2020



Տեղադրվել է` 2020-07-23 17:47:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 1608, Տպվել է` 16, Ուղարկվել է էլ.փոստով` 0

«ՄԱՅՐԵՆԻ ԼԵԶՎՈՎ ԵՎ ԱՅԼ ՕՏԱՐ ԼԵԶՈՒՆԵՐՈ՞Վ». ՉԵՂԱՎ...

ԳԵՂԱՄ ՄԿՐՏՉՅԱՆ, Գյումրի

Հայաստանի կառավարությունը 2010 թվականի ապրիլի 8-ին կայացրել է «Հանրակրթության պետական չափորոշչի ձեւավորման եւ հաստատման կարգը եւ հանրակրթության պետական չափորոշիչը հաստատելու... մասին» N 439-Ն որոշումը: Այդ կարգը եւ այդ չափորոշիչը համապատասխանաբար շարադրվել են տվյալ որոշման N 1 եւ N 2 հավելվածներում: Մեկ տարի հետոՙ 2011թ. հուլիսի 28-ին, գործադիրի N 1088 որոշմամբ այդ հավելվածներից N 1-ում մեկ կետ հանվել է, իսկ N 2-ը (չափորոշիչը) շարադրվել է նոր խմբագրությամբ: Հետեւաբար, այս վերջինն էլ պետք է որ լինի մինչեւ այժմ գործողը: Բայց ԿԳՄՍ ներկայիս նախարարության մշակած ու այս օրերին քննարկվող նոր չափորոշիչների վերաբերյալ ՀՀ կառավարության որոշման հրապարակված նախագծով նախատեսվում է նոր խմբագրությամբ շարադրել ոչ թե այս, այլ հին տարբերակըՙ 2010 թ. որոշման նշված հավելվածները: Մասնագետ չլինելով, չենք կարող այս փաստը իրավական տեսանկյունից գնահատել, բայց զուտ տրամաբանորեն սա մի տեսակ անհասկանալի է թվում:

Հանրակրթության նոր չափորոշչի նախագծին մանրամասն ծանոթանալու եւ մանավանդ հնի հետ համեմատելու հսկայական դժվարին աշխատանքը դեռ հասցրած չլինելովՙ չենք ուզում դատողություններ անել, բայց առաջին հայացքից նկատած երկու բան այնուամենայնիվ նշենք: e-draft.am կայքում հրապարակված նախագծի «Միջնակարգ կրթության շրջանավարտի ակնկալվող կարողունակությունները եւ... ակնկալվող վերջնարդյունքները» բաժնի 4-րդ կետում գրված է նաեւ, թե սովորողները «... գրագետ հաղորդակցվում են մայրենի լեզվով եւ այլ օտար լեզուներով»: Ահավոր միտք է ստացվել, բայց անշուշտ, ցավալի վրիպման հետեւանք է, գուցե մի բաց թողած բութի խնդիր: Պարզապես ուզեցինք հեղինակների ուշադրությունը հրավիրել, որ նկատեն եւ ուղղեն, հանկարծ այդպես չմնա հաստատվելիք տեքստում:

Իսկ ահա մեկ ուրիշ հանգամանք արդեն լրջորեն անհանգստացրեցՙ խորացնելով նախարարության նախընթաց տարբեր քայլերից առաջացած ընդհանուր մտահոգությունը: Հանրային հեռուստատեսության հուլիսի 9-ի երեկոյան հարցազրույցում Պետրոս Ղազարյանը ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանին ի թիվս այլ հարցադրումների ներկայացրեց հասարակության մեջ շրջանառվող նաեւ այն տեսակետը, թե «Այս չափորոշիչներով դուք դաստիարակելու եք տեխնոկրատ սերունդ, որտեղ կուժեղանան բնագիտական առարկաները, իսկ այ, հայի ինքնության եւ ինքնաընկալման կողմը կթուլանա»: Նախարարը... չփորձեց իսկ ժխտել: «Մենք դաստիարակելու ենք Հայաստանի Հանրապետության քաղաքացի, որը դուրս գալով դպրոցից, լինելու է քննադատող, վերլուծող, հմտություններով եւ գիտելիքով զինված: Եվ էն ժամանակ ինքը իմանալու է, թե ինչպես էս հասարակության մեջ համակեցության կանոններին համապատասխան ապրի, ստեղծի երջանիկ հասարակություն եւ բարոյական հասարակություն: Էս է: Մնացածը արդեն ըստ մասնագիտությունների, ըստ նախասիրությունների...»,- ահա Արայիկ Հարությունյանի պատասխանի հիմնական մասը բառացի:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #22, 17-07-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ