ԲԱՑ ԹՈՂՆՎԱԾ ՀՆԱՐԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ ՎՐԵԺԸ ԵՐՎԱՆԴ ԱԶԱՏՅԱՆ, Դետրոյթ, ԱՄՆ Համաշխարհային առաջին պատերազմի ու դրա խճճված հետեւանքների ժամանակաշրջանը հասկանալը, վերլուծելն ու իմաստավորելը չափազանց դժվար է ընդհանրապես մարդկության եւ հատկապես հայ ժողովրդի համար, որն իր մաշկի վրա է զգացել ցեղասպանության ծանրագույն բեռը: Իթթիհատական վարչակազմի այդ ծրագրված զանգվածային հանցագործությունը նպատակ ուներ ամբողջովին բնաջնջելու հայերին, վերացնելով վերականգնման բոլոր հնարավորությունները: Բնաջնջումը գաղափարախոսական անհրաժեշտություն էր, հաշվի առնելով, որ իթթիհատականները, նրանցից առաջ Սուլթանը եւ նրանցից հետոՙ քեմալականներն այն մտասեւեռումն ունեին, որ ստեղծելու էին միատարր, բացառապես մահմեդականներից կազմված մի պետություն: Դրանով նրանք կկարողանային միանգամընդմիշտ առաջքն առնել քրիստոնեական ուժերի միջամտությանը, որոնք փոքրամասնություններին պաշտպանելու քողի տակ կարող էին ներթափանցել երկիր: Ցեղասպանության ծրագիրը մաթեմատիկական ճշգրտությամբ էր մշակվել, որպեսզի ոչ մեկ վերապրող, առավել եւս մի առաջնորդ չլիներ, որ կարողանար իրականացնել վերականգնումը: Բայց պատերազմում օսմանցիների պարտությունը, հանցագործությունը իրականացնողների վերաբերյալ բազմաթիվ հարցեր թողեց անպատասխան: Իրենց բնօրրանն ու նրա բնակչության երկու երրորդը կորցնելուց հետո, հայերը կարողացան վեր հառնել եւ ձեռք բերել իրենց անկախությունը Կովկասում եւ ձգտեցին ինքնավար մի հանրապետություն ստեղծել Արեւմտյան Հայաստանում, մասնավորապես Կիլիկիայում, որտեղ 10-ից 14-րդ դարերում հայկական թագավորություն էր գոյություն ունեցել: Կիլիկյան Հայաստանի այս հերոսապատումն է, որ զանազան պատճառներով ուսումնասիրված չի եղել ինչպես հարկն է: Առաջին աշխարհամարտի ժամանակ, դաշնակից պետությունները (Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Մ. Նահանգներն ու Ռուսաստանը ներառյալ), որոնք պայքարում էին օսմանա-գերմանական ուժերի դեմ, դիմեցին հայերին եւ մասնավորապես Պողոս Նուբար փաշային, որ Հայ Ազգային պատվիրակության առաջնորդն էր, որ միանան դաշնակից ուժերին, պայքարեն իրենց հետ եւ փոխարենը որպես վարձատրություն ստանան Կիլիկիայում իրենց կորցրած հայերնիքի վրա իշխելու իրավունքը: Որոշ պատմաբաններ այն վարկածն են առաջ քաշում, որ դաշնակիցները ոչ մի փաստաթուղթ չէին ստորագրել, որ պարտավորեցներ պահելու իրենց խոստումը, ուստի այդ խոստումը արժանահավատ չէր կարող լինել: Պետք է նշել, սակայն, որ հայերս, այդ ժամանակ, չունեինք անկախ մի հողատարածք, որ կկարողանար մեր ժողովրդին ներկայացնել միջազգային օրենքի առաջ: Հաշվի պետք է առնել նաեւ այն հանգամանքը, որ դաշնակիցները իրենց իսկ միջոցներով Կիլիկիա էին տեղափոխել ցիրուցան եղած հայերին, ինչը նշանակում է, որ խոստումն ավելի քան լուրջ էր: Դաշնակիցները ակնկալում էին, որ հայերը կմասնակցեն պատերազմական գործողություններին: Իրենց հրամանատարության ներքո մի լեգեոն էր կազմվելու, որը կոչվելու էր Արեւելյան լեգեոն (հետագայումՙ Հայկական լեգեոն) եւ զբաղվելու էր կամավորների հավաքագրման աշխատանքներով: Հայկական երեք քաղաքական կուսակցություններ ստանձնեցին այդ պարտավորությունը եւ ԱՄՆ ուղարկեցին իրենց ներկայացուցիչներին: Պատվիրակության կազմում էին Միհրան Տամատյանը, Արտավազդ Հանըմյանը եւ Ստեփան Սաբահգյուլյանը: Գերմանական հրանոթային հարվածների վտանգն արհամարհելով նրանք Ամերիկա մեկնեցին եւ այցելեցին բազմաթիվ քաղաքներ, որոնցում գաղթական հայերն սկսել էին նոր կյանք վարել: Նրանք հավաքագրեցին երիտասարդներին, որոնք մարտական պատրաստվածության դասընթացներ անցան նախ Նյու Ջերսիում եւ ապա Կիպրոսում, որտեղ նրանք միացան Մուսա լեռան կամավորներին: Վերջիններն արդեն պատվով էին կատարել իրենց պարտականություններըՙ փրկելով իրենց հայրենակիցներին եւ հազիվ էին ազատվել թուրքական յաթաղանից, իսկ հիմա դարձյալ իրենց կյանքը վտանգելու էին վերատիրանալու համար Կիլիկիային: Մոտ 5000 հայ կամավորների ուղարկեցին ռազմաճակատ Պաղեստինում, որտեղ հանդես գալով որպես առաջապահ ջոկատ դաշնակիցների բանակի կազմում, նրանց հաջողվեց 1918-ի սեպտեմբերի 19-ին կոտրել թշնամուՙ օսմանա-գերմանական դիմադրությունը եւ տիրանալ ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող Արարա բարձունքին: Այս հաղթանակով լեգեոնականները սկիզբը դրեցին օսմանցիների վերջնական պարտության: Դաշնակիցները նույն մարտավարությունը կիրառեցին արաբների հետ: Առավելապես «Արաբիայի Լոուրենս» մակդիրով հայտնի անգլիացի քաղաքական գործիչ, ինտելիջենս սերվիսի հետախույզ Թոմաս Էդուարդ Լոուրենսի (1888-1935) դրդմամբ արաբական ապստամբությունը Օսմանյան Թուրքիայի դեմ շատ լավ փաստագրված է: Այդ ապստամբությունը առավել ամրապնդեց դաշնակիցների հաղթանակը: Արդյունքում 150 հազար հայեր եւ 100 հազար այլ քրիստոնյա փոքրամասնություններ կարողացան ֆրանսիական զորքերի վերահսկողության ներքո վերադառնալ իրենց տները Կիլիկիայում: Դեպի Կիլիկիա վերադարձի ճանապարհին, ֆրանսիական իշխանությունները սկսեցին զինաթափ անել որոշ կամավորների: Ֆրանսիացիներին վստահող հայերն անտեղյակ էին, որ մինչեւ 1919 թվականը Ֆրանսիան գաղտնի համաձայնության էր եկել Օսմանյան զորքերի հրամանատար Մուսթաֆա Քեմալի հետ: 1919-ի մայիսին, Պողոս Նուբար փաշան Միհրան Տամատյանին որպես Հայ Ազգային պատվիրակության ներկայացուցիչ գործուղեց ֆրանսիական գաղութային շտաբակայաններ, որտեղ նրան հանձնարարեցին կազմակերպել հայրենադարձների վերատեղավորման գործը: Տամատյանն այն հազվագյուտ առաջնորդներից էր, որ միաժամանակ ե՛ւ խորագիտակ մտավորական էր, ե՛ւ անվախ հեղափոխական, որ 30-ամյա խիզախ պայքարի գործունեություն էր ծավալել: Նա ոգեշնչող պետական գործիչ էր եւ առինքնող հռետոր: Վերատեղավորման ծրագրից բացի, նա հետամուտ էր լինում իրականացնելու ֆրանսիական մանդատի ներքո Կիլիկիայում ինքնավար հանրապետություն ունենալու հին երազի գաղափարը: Այս ամբողջ ընթացքում լարված քաղաքական գործունեություններ էին տեղի ունենում Փարիզում եւ Եվրոպայի այլ մայրաքաղաքներում: Ուրվագծվում էր Սեւրի պայմանագիրը, որ մասնատելու էր պարտված Օսմանյան կայսրությունը եւ անկախություն շնորհեր նրա լծի տակ բոլոր կեղեքված ժողովուրդներին, ներառյալ հայերին, որոնց հատկացվում էր պատմական Հայաստանի 160 քառ. կմ, տարածքՙ Տրապիզոնում դեպի ծով ելքով: Սեւրի պայմանագիր իր մեջ չէր ներառում Կիլիկիան, որտեղ քառորդ միլիոն քրիստոնյաներ ետ էին վերադարձել ինքնավար հանրապետություն ունենալու խոստումներին հավատալով: Հայերը չափից ավելի շատ էին վստահել ֆրանսիացիներին, որոնք ամբողջ ժամանակ թիկունքից թուրքերի հետ գաղտնի բանակցություններ էին վարում: Մուսթաֆա Քեմալը կա՛մ գերազանց դիվանագետ էր, կա՛մ էլ հանդուգն արկածախնդիր: Փոխանակ կազմալուծելու Օսմանյան բանակը (որ իրեն հանձնարարված էր) նա է՛լ ավելի ամրապնդեց նրա մարտունակությունըՙ օգտվելով դաշնակիցների միջեւ ծագած շահերի բախումից: Նա բանակցեց Լենինի հետՙ Ռուսաստանում, խոստանալով ապահովել կոմունիզմի տարածումը Թուրքիայում եւ ստացավ զենք, փող եւ սննդամթերք, միաժամանակ այլ խոստումներ շռայլելով արեւմտյան պետություններին: Քանի Սեւրի պայմանագրի ստորագրման ժամկետը (օգոստոս 10, 1920 թ.) մոտենում էր, Կիլիկիայի հայերը ավելի անհամբեր էին դառնում: Տամատյանն իր շուրջն էր հավաքել ինչպես հայկական խմբավորումների առաջնորդներին, այնպես էլ այլ քրիստոնյա համայնքների ղեկավարներին եւ կազմել ստվերային մի կառավարություն: Ժամանակը կարեւոր նշանակություն ուներ, եւ հայերը որոշեցին գործել նախքան Սեւրի պայմանագրի ստորագրումը: Իր կաբինետի անդամներին եւ այլ համայնքների ղեկավարներին կանչելով Տամատյանը ուղեւորվեց Ադանա, որտեղ 1920-ի օգոստոսի 5-ին մտնելով քաղաքապետարան Կիլիկիան հռչակեց անկախ (ինքնավար) հանրապետութուն Ֆրանսիայի հովանավորության ներքո: Նա իր պաշտոնական հայտարարությունը ուղարկեց Կիլիկիայում ֆրանսիական զորքերի հրամանատարՙ գեներալ Էդուարդ Բրեմոնին, որն իր հերթին սենակալական զինված ուժերի մի քանակակազմ ուղարկեցՙ հրամայելով Տամատյանին եւ իր կաբինետի նախարարներին ազատել տարածքը, որտեղ արդեն հսկայական եռագույնը ծածանվում էր: Տամատյանը վերջին մի փորձ արեց, հույս ունենալով, որ ֆրանսիացիները կարժեւորեն իր արիությունը. նա մեջբերեց ֆրանսիական մեծ հեղափոխության ղեկավարներից մեկիՙ Օնորե Միրաբոյի խոսքերը. «Եթե ձեզ հանձնարարված է, որ մեզ այստեղից դուրս հանեք, ապա դուք պետք է փորձեք թույլատվություն ստանալ զենք օգտագործելու համար, որովհետեւ միայն սվինների օգնությամբ դուք ի վիճակի կլինեք մեզ այստեղից հեռացնել»: Եվ իրոք սվինները գործի դրվեցին, եւ Տամատյանն ստիպված հեռացավ: Պատմության այս ինտրիգային գլուխը պատշաճ ուսումնասիրության չի ենթարկված: Ինքըՙ Տամատյանն էլ կցկտուր հուշեր է թողել, որոնք բավական չեն հիմնավոր եզրակացություններ անելու համար: Մինչ օրս բանավեճերը շարունակվում են եւ շատ հարցեր դեռեւս մնում են անպատասխան: Տամատյանն իր հուշերի վերջին էջերում պատասխանում է դրանցից մի քանիսին միայն. - Հայերը պարտավոր էին իրենց պաշտպանությունը վերցնել իրենց ձեռքը, քանի որ քեմալականները հաճախակի հարձակումներ գործելով անհանգստացնում էին հայերին: - Կիլիկիայի անկախության շարժումը չէր հակադրվում Հայաստանի անկախ հանրապետությանը, ինչպես պնդում են Ավետիս Ահարոնյանն ու Ալեքսանդր Խատիսյանը: Ընդհակառակը, այն նպատակ ուներ համալրելու Հայաստանի հանրապետությանըՙ դառնալով նրա պատուհանը Միջերկրականում: - Հայերը չէ, որ ստեղծեցին Կիլիկիայի հարցը: Միջազգային հանրությունն էր, որ մեզ պարտադրեց դրա իրագործումը եւ հետո հրաժարվեց պաշտպանել մեզ: Բանավեճերը շարունակվելու են անկասկած, քանի որ ըստ ասացվածքիՙ «Հաջողակներին տեր կանգնողները շատ են լինում, մինչ ձախողակները միշտ որբ են մնում»: Իրոք, Հայաստանի առաջին հանրապետության քանի՞ իսկական եւ կեղծ հիմնադիրներ ունենք: Չափից ավելի շատ: Իսկ պատմական փաստն այն է, որ այդ առաջին հանրապետությունն էլ պարտադրված էր մեզ եւ այն էլ մի ժամանակահատվածում, երբ մենք բոլորովին պատրաստ չէինք դրան: Կիլիկյան մեր երազի խորտակման գլխավոր գործոնը Ֆրանսիայի դավաճանությունն էր: Ֆրանսիական կառավարությունը ոչ միայն մեզՙ հայերիս էր հրաժարվել տեղեկացնել իր մտադրությունների մասին, այլեւ նույնիսկ իր զորքի սպայական կազմն էր անտեղյակ, թե ինչ էր կատարվում կուլիսների ետեւում: Ֆրանսիացիներն, օրինակի համար, լքեցին Մարաշն ու սուսուփուս հեռացան այնտեղից ձմեռային ձյունառատ մի գիշերվա ընթացքում թողնելով հայերին ասպատակիչ քեմալիստ հրոսակախմբերի ողորմածությանը: Հայերից շատեր, որոնք ցնցված էին տեսնելով ֆրանսիացիների նահանջը, փորձեցին գնալ նրանց ետեւից, բայց ճանապարհին սառեցին եւ մնացին տեղում: Հայկական կողմի սխալներից մեկն այն էր, որ շատ մեծ հավատ էր ընծայել ֆրանսիացիների խոստումներին, անտեսելով ծրագրի ռազմական բաղադրիչը: Եթե նրանք գաղտնի զինվեին, ինչպես քեմալիստները արեցին, նրանք կկարողանային մի լավ կռվել (ինչպես կռվել էին Մարաշում, Հաճնում, Ուրֆայում, Այնթապում եւ Զեյթունում) եւ խոչընդոտել քեմալական զորքերի առաջխաղացումը կամ էլ վերջնական պարտության ենթարկել նրանց: Կիլիկիան փոքր Ասիայի ամենաբերրի շրջաններից մեկն է, որ ներկայիս հանդիսանում է Թուրքիայի հացահատիկի ամենահարուստ շտեմարանը: Կիլիկյան շարժումը բաց թողնված հնարավորություն էր հայերիս համար, բայց դրանից քաղված դասերն ապարդյուն չէին անցել: Երբ հնարավորությունը ներկայացավ Ղարաբաղում մեր քաջարի ազատամարտիկները չլսեցին ոչ իրենց բարեկամներին, ոչ էլ իրենց թշնամիներին: Նրանք դիմեցին ինքնապաշտպանության եւ կարճ ժամանակում անկանոն զորամիավորումներից կարողացան կազմավորել արդիական պատրաստվածության, մարտունակ մի բանակ, որ վերատիրացավ մեր կորսված տարածքներից մեկին: Մեր կորուստը Կիլիկիայում փոխհատուցվեց Ղարաբաղում: Դա պատմության վրեժն էր, դժվարագույն մի դաս, որի յուրացումը տեւեց մեկ ամբողջ դար: Թարգմ. ՀԱԿՈԲ ԾՈՒԼԻԿՅԱՆԸ, (The Arm. Mirror-Spectator) Նկար 1. Յուղանկարըՙ Սուքիաս Թորոսյանի |