ՔԱՆԻ ԴԵՌ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ ԵՆՔ ԳԵՂԱՄ ՔՅՈՒՐՈՒՄՅԱՆ 2018-ի ներդրումային միջին ծրագիրըՙ 9,3 մլն դոլար 2019-ի ներդրումային միջին ծրագիրըՙ 7,4 մլն դոլար Հարցը, թե ինչպիսի Հայաստանում ենք ցանկանում ապրել, մտահոգում է թե՛ 3 մլն հայաստանաբնակներին, թե՛ մինչեւ 10 մլն-ի հասնող սփյուռքահայությանը: Մեզանից ոմանք մտորում են, որ գոնե ՌԴ-ի մակարդակով ապրուստ ունենան, ուր առօրյա կենցաղային հոգսերն այնպես չեն ճնշում, ինչպես ՀՀ-ում, երկրորդները հիշում են ԱՄՆ-ի իրենց հարազատների կենցաղը, մյուսները դեմ չեն եվրոպական համեմատաբար փոքր երկրների կենսամակարդակով ապրելուն: Կարելի է ընդունել, որ առերեւույթ շատ բան էլ չգիտենք այս երկրների տնտեսություններից, քանզի ոչ մեր հարազատներն են աշխատում դրանց գիտական կենտրոններում ու բանկերում, ոչ էլ ծանոթ-բարեկամները բարձր վարձատրվող համալսարաններում ու ժամանակակից լաբորատորիաներում: Երբեմն նաեւ տեղին տարակուսում ենք, թե ինչո՞ւ են այդ զարգացած ամերիկաներն ու եվրոպաները չինական հարահոսերի արտադրանքը գնում, որոնց ո՛չ պատրաստման տեխնոլոգիաներն են պարզ, ո՛չ հումքի տեսականին, ո՛չ էլ արտադրության պայմաններն ու ժամկետները: Այնպես որ շատ բան է խառնվել Երկիր մոլորակում, եւ հայերիս մտահոգություններն էլ անհիմն չեն: Արդեն նշեցինք եվրոպական համեմատաբար փոքր երկրների կենսամակարդակով ապրելու ցանկությունը, ուր հայաստանաբնակներիս հիմնական մասին մտահոգող առօրյա հարցերը խնդիրների չեն վերածվում, սկսած սառնարանի պարունակությունից մինչեւ ավտոմեքենան լիցքավորելն ու արձակուրդ մեկնելը: Եվ հարցը, թե ինչպես է դա նրանց հաջողվում, որը գրեթե անլուծելի խնդիր է ՀՀ-ի 30-ամյա ժամանակահատվածում, հնչում է բնականաբար: Նշված երկրներից ասենք Հոլանդիայի պարագայում տեղյակ ենք այդ երկրի պանրից, կարտոֆիլից ու ծաղիկներից, ֆինների դեպքումՙ օղուց ու կահույքից, Նորվեգիան հիշելիսՙ ՀՀ առեւտրային ցանցում վաճառվող կենդանական ծագման յուղերից, իսկ ահա մեր տարածքն ունեցող 10 մլն բնակչությամբ Բելգիայի մասին նմանօրինակ ոչինչ ընդհանրապես չգիտենք: Միակ բանը, որ գիտենք, այն էլ ֆուտբոլասերները, այն է, որ առանց որեւէ քիչ թե շատ նշանակալի արդյունքի այս երկրի ազգային հավաքականը համաշխարհային դասակարգման առաջատարներից է: Թե բելգիական ինչ ապրանքներ են վաճառվում ՀՀ առեւտրային ցանցում, մեզ չեն հուշում նաեւ ամենահաս գովազդները, թերեւսՙ դրանց բացակայության պատճառով: Իրականում ի՞նչ տնտեսություն ունի ՀՀ տարածքն ունեցող 50-րդ հորիզոնականում գտնվող գերզարգացած այս երկիրը, որի բնակչության 6 մլն-ը իրենց լեզվով խոսող ֆլամանդրներ են, 3 մլն-ը ֆրանսախոս վալոններ, շատ հաճախՙ ինքնուրույն ապրելու իրենց ցանկությամբ: Բելգիան, ինչպես ՀՀ-ն, բաժանված է 9 վարչական շրջանների, վարելահողերը տարածքի 26 տոկոսն են, 1 բնակչի հաշվով 750 քմ, երբ ՀՀ-ում ցուցանիշը դրա կրկնակին է: Համաշխարհային տեղեկատուներից նաեւ պարզում ենք, որ գյուղատնտեսության առաջատար ճյուղը կաթնա-մսատու անասնապահությունն է, խոզի մսի տարեկան արտադրությունն անցնում է 1 մլն տոննան, երբ ՀՀ ցուցանիշը դրա 1 տոկոսն է: Անասնագլխաքանակների մսաճն ու կաթնատվությունն արդյունավետ կազմակերպելու նպատակով երկրում հատիկային մշակաբույսերի աննախադեպ արտադրություն է իրականացվումՙ տարեկան 3 մլն տոննա եւ ավելի: Եվ հարցը ծնվում է ինքնաբերաբար. ինչպե՞ս է դա հաջողվում բելգիացիներին, որն անիրագործելի է հռչակում հայաստանյան գյուղտնտեսվարական միտքը, հազիվ ապահովելով բելգիական ցուցանիշի 10 տոկոսը: Ո՞րն է գաղտնիքը, որտե՞ղ ենք անզոր, երբ մշտապես ենք հայտարարում քարից հաց քամելու մեր ունակության մասին: Եթե ճարազուրկ ենք այս պարզ հարցում, էլ ինչպես սառնարան ու հեռուստացույց արտադրենք, մետաղ ու ապակի հալենք, ժամանակակից նյութերը կենցաղում ներդնենք, չխոսելով տրանսպորտային մեքենաշինության, վերամբարձ ու կշեռքային սարքերի, այլ ոլորտների կայացումից: Դիտում եմ «Կուխնյա-թիվի» հեռուստաընկերության հաղորդումներն ու կիսում եվրոպացի այն անհատ ֆերմերների հպարտությունը, ովքեր ցուցադրում են իրենց պահեստների տասնյակից-հարյուրավոր տոննաներ կազմող մեծ պահանջարկ վայելող արտադրանքները. 4-5 աշխատողով մի ամբողջ գյուղի ու միկրոշրջանի արտադրանք են ստեղծում: Իսկ ահա այսօրինակ հարցերի պատասխանները մեր քաղաքացիներն ստանում են առեւտրի կետերի ցուցափեղկերից, որտեղ հիմնականում ներկրվող ապրանքախմբեր են: Պարզից էլ պարզ հաստատվում է, որ ինչ-որ բան այն չէ ՀՀ տնտեսությունում: Օրինակ մեր մարդկանց սննդակարգի առաջնահերթությունները կարգավորման անհրաժեշտություն ունեն, որը փոխարինվեց վարչապետական հերթական ասուլիսի այն հայտարարությամբ, որ 2019-ին, 2017-ի համեմատ ՀՀ փայտածուխի ներկրումն աճել է... ավելի քան 500 տոկոսով: Խորհրդականներից թե օգնականներից որի՞ մտքով է անցել այս մասին հիշելն ու նշելը, ՀՀ վարչապետն ինչո՞վ է այն հետաքրքրական համարել, որ ի լուր աշխարհի հայտարարում է: Շրջապատիցս շատերին խնդրեցի որեւէ կարծիք հայտնել. ավաղՙ պատասխան չստացա: Ուրՙ մեր տնտեսության հարցերը, ուրՙ փայտածուխն իր նշանակությամբ: Ի դեպ, առեւտրային ցանցում իջեւանյան արտադրության փայտածուխ վաճառվում է եւ ցանկալի կլինի տեղական արտադրողի շահերի պաշտպանության ինչ-որ մեխանիզմներ կիրառել. թե չէՙ սահմանային, պատերազմող, գյուղաջակցություն: Այնպես որ, շատ ավելի տպավորիչ կստացվեր ՀՀ-ից տորֆի արտահանման ցուցանիշի հրապարակումը, որն իրոք աննախադեպ է աճել: 3000 տոննայով աճել է խնձորի արտահանումը, իսկ թե ինչքան է աճել ներմուծումը, ոչ մի խոսք: Փաստ է, որ տարվա 365 օրերին ՀՀ առեւտրային ցանցում ցուցադրվող ներմուծված խնձորի տեսականին մի քանի անգամ գերազանցում է տեղական արտադրանքը: Ի՞նչ ենք արձանագրում ՀՀ կառավարության ներդրումային ծրագրերին անգամ սիրողական մակարդակով ծանոթանալու արդյունքում, որոնք կազմելիս կորոնավիրուսային թե մի այլ վտանգ չի նշմարվել: 2018-ի համար հաստատվել է 43 ծրագիր մոտ 400 մլն դոլար արժողությամբ, 2019-ինՙ 57 ծրագիր եւ 424 մլն դոլար արժեքով: Առաջինի պարագայում միջին ծրագրի ներդրումային արժեքը ստացվում է 9,3 մլն դոլար, 2019-ինՙ 7,4 մլն դոլար: Այս պայմաններում խոսել տնտեսական զարգացման մասին թերեւս տեղին չէ, եթե նաեւ դիտարկենք, թե ինչ հզորություն կարելի է կառուցել 57 ծրագրերից յուրաքանչյուրին հասնող 7,3 մլն դոլարով: Մասամբ տեղեկացված ծանոթներիցս մեկը նկատեց, որ ՀՀ-ում կառուցված շատ առանձնատների արժեքը տատանվում է 4-5 մլն դոլարի միջակայքում, այնպես որ 7 մլն դոլարով տնտեսական կառույցը տեսանելի, առավել եւս շոշափելի արդյունք չէ: Այլ բան է պետք մտածել՛ պարոնայք կառավարիչներ, ՀՀ տնտեսության պատասխանատուներ: Դուք եք կոչված հարցերի պատասխանները գտնել ու լուծել, քանի դեռ իշխանություն եք: Մեր երկիրն իրապես կառուցել ու զորացնել է պետք, այնպես, որ որեւէ մեկը կասկած չունենա մեր կարողության ու հզորության հարցում: Անգամՙ առանց կեղտոտ ռումբի առկայության: 03.08.2020 թ. |