ԱՌԱՋԻՆ ՏՊԱՎՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՀՐԱԴԱԴԱՐԻ ՄՈՍԿՈՎՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆԻՑ Հ. ԱՎԵՏԻՔՅԱՆ Շուրջ 11 ժամ տեւած մոսկովյան պայմանավորվածությունից հետո, որով հայտարարվեց, առայժմ շատ խախուտ, հրադադարը, արագ ու նախնական տպավորությամբ կարելի է արձանագրել հետեւյալները. 1) Հայկական կողմը ծանր կորուստների գնով ձախողեցրեց Ադրբեջան-Թուրքիա տանդեմի հարձակողական, Արցախն ու Հայաստանը ծնկի բերելու իր ծրագիրը։ 2) Իլհամ Ալիեւը, որն անձամբ ասպարեզ էր կարդում դեմ առ դեմ կռվելու, հենց կռվի դաշտում փաստորեն պարտություն կրեց, հակառակ նաեւ այն փաստին, որ ինքը կռվում էր ոչ մենակ։ 3) Միջազգային ասպարեզում հաստատվեց, որ Արցախը Նոր Վիեննա է, որի պատերի տակ 1529 եւ 1683 թթ.ին Եվրոպա ներխուժող թուրքական բանակը ետ շպրտվեց։ Հայաստանը դարձավ միջազգային կարեւոր գործոն ընդդեմ թուրքական աշխարհակալական նկրտումներիՙ շնորհիվ իր բանակի ու ժողովրդի ցույց տված ամուր բռունցքի։ 4) Մոսկվան վերահաստատեց միջազգային ազդեցիկ broker-ի իր դիրքը, ինչի մասին վկայում էր ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի գոհունակ ժպիտը հայտարարությունը ընթերցելիս։ 5) Հրապարակված հայտարարության վերջինՙ 4-րդ կետով ընդգծվում է, որ բանակցային գործընթացի ձեւաչափը մնում է նույնըՙ Մինսկի խումբ եւ երեք երկրներիՙ Ռուսաստան, Ֆրանսիա եւ Միացյալ Նահանգներ համանախահագահություն։ Փաստորեն ձախողության մատնվեց Էրդողանիՙ բանակցային կազմից ներս խցկվելու անզուսպ ծրագիրը։ Իսկ, մյուս կողմից, ի ցույց դրվեց, որ եռանախագահ երկրները անհողդողդ են դադարեցնելու, ամրապնդելու եւ բանակցությունները շարունակելու գործում, որի դեմ չէր վարանում հոխորտալ Ալիեւը, որը փաստորեն, ուզում էր փակել բանակցությունների էջը ընդհանրապես։ ՎՏԱՆԳԱՎՈՐ Եթե բանակցությունները բարեհաջող վերսկսվեն, ամենավտանգավորը կարող է լինել այն, որ Մոսկվան մեր հաշվին զիջումներ ապահովի Ադրբեջանի համարՙ վերջինին տարբաժանելու համար Թուրքիայից եւ իր ազդեցության ծիր վերադարձնելու Բաքվին։ |