ԱՌԱՋԸՆԹԱՑԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ Ստեփան ՊԱՊԻԿՅԱՆ, Հայկական էներգետիկական ակադեմիայի հիմնադիր նախագահ, Տեխնիկական գիտությունների թեկնածու Նորամուծության եւ ձեռներեցության ազգային կենտրոնի գիտատեխնիկական գրադարանը 2020թ. սեպտեմբերի 25-ին կազմակերպել էր «Ավանդադրված գիտական աշխատանքները գիտատեխնիկական գրադարանում» խորագրով շնորհանդես, որը նվիրված էր գիտնական, գրող, հրապարակախոս, մի շարք գրքերի հեղինակ Ստեփան Պապիկյանի կողմից ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանում ավանդադրած` «Գյումրի քաղաքի էներգետիկայի պատմությունը» մենագրության, «Երեւանի ՋԷԿ-ի արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները», ինչպես նաեւ «Հրազդանի ՋԷԿ-ի արդի վիճակը եւ զարգացման հեռանկարները» գիտական աշխատանքների ներկայացմանը: Ներկաներին ողջունեց եւ միջոցառման մասին ներկայացրեց ՆՁԱԿ-ի գիտատեխնիկական գրադարանի ղեկավար Լեւոն Ղարիբյանը : Ս. Պապիկյանը խոսեց Գյումրի քաղաքի Էներգետիկայի պատմության, էլեկտրակայանների, ինչպես նաեւ ջերմամատակարարման համակարգերի վերաբերյալ կարեւոր պատմական տեղեկությունների, Երեւանի եւ Հրադանի ՋԷԿ-երի վերաբերյալ պատմական տվյալների, արդի վիճակի եւ զարգացման հեռանկարների մասին: Հեղինակը ներկայացրեց նաեւ կատարված այն վերլուծություններն ու առաջարկությունները, որոնք հնարավորություն կտան տնտեսել վառելիքաէներգետիկ ռեսուրսներըՙ նպաստելով բնապահպանական խնդիրների լուծմանը: Բանախոսը միջոցառման ընթացքում կարեւորեց նաեւ գիտատեխնիկական գրադարանի կողմից իրականացվող «Գիտական աշխատանքների ավանդադրում» ծառայությունը, որը հնարավորություն է տալիս հեղինակներին պաշտպանել օրենսդրությունից բխող իրենց իրավունքները, հրապարակային դարձնել գիտական ձեռագիր աշխատանքները: Վերջում Ստեփան Պապիկյանը պատասխանեց ներկաներին հետաքրքրող հարցերին, խոսեց իր ապագա ծրագրերից: Մասնակիցները ծանոթացան գրադարանում ավանդադրված գիտական աշխատանքների ֆոնդին, նոր գրականության ցուցադրություններին եւ «Գիտական աշխատանքների ավանդադրում» ծառայության մանրամասներին: |