ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ՌԱԶՄԵՐԹԸ ՎԼԱԴԻՄԻՐ ԴԱՐԲԻՆՅԱՆ, Անվտանգության հարցերով փորձագետ «Որտեղ կտեսնեք ավեր, մահ, թալան ու բռնություն, իմացեք, այդտեղով թուրքն է անցել...»: Վիկտոր Հյուգո Ինչպե՞ս վարվել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ հնարավոր պատերազմների մշտական սպառնալիքի հետ: Ահա հարցերի հարցը, որը սկսած ս.թ. հուլիսյան ռազմական բախումներից հետո հուզում է շատ վերլուծաբանների, քաղտեխնոլոգների, քաղաքական գործիչների, պետությունների ղեկավարների եւ այլոց: «Թույլ չտալ պատերազմել եւ հարկադրել նրանց շարունակել փնտրել տարածքային վեճի խաղաղ կարգավորման ճանապարհներ»: Ռուսաստանը իհարկե, ինչպես նաեւ շատ այլ պետություններ, կատեգորիկ դեմ է Ղարաբաղյան հիմնահարցը ռազմական ճանապարհով լուծելու բոլոր փորձերին: Եվ իհարկե ոչ թե նրա համար, որ խղճում է հայ եւ ադրբեջանցի ժողովուրդներին, ի՞նչ խղճահարության մասին կարող է խոսք լինել, երբ երկու պետություններին էլ ահռելի քանակությամբ սպառազինություն է վաճառվում հենց իրենց կողմից: Ռուսաստանում շատ լավ հասկանում են, որ ո՛չ Հայաստանը, ո՛չ Ադրբեջանը վերջնական հաղթանակի չեն հասնի, եթե պատերազմին անմիջականորեն չխառնվեն այլ երկրներ: Այսինքն Ադրբեջանին չի հաջողվի ուժով ետ վերադարձնել Արցախը, իսկ հայերին չի հաջողվի վերջնականապես ջախջախել Ադրբեջանը: Սակայն երկարատեւ, ձգձգվող պատերազմը կհյուծի 2 կողմերին, կպատճառի մարդկային եւ տեխնիկական ռեսուրսների ահռելի կորուստներ, տնտեսական ճգնաժամ եւ այլն, եւ այլն: Արդյունքում սաստիկ կթուլանա Հարավային Կովկասը, եւ արդյունքում Ռուսաստանը վերջնականապես կկորցնի իր աշխարհաքաղաքական ազդեցությունը ոչ միայն Անդրկովկասում, այլեւ աստիճանաբար նաեւ Մեծ Մերձավոր Արեւելքում (քաղաքական եւ աշխարհագրական տերմին, որը օգտագործվում է 1980թ-իցՙ Greater Middle East): Ահա թե ինչու, Ռուսաստանին (ինչպես նաեւ մի շարք այլ պետությունների) այնքան էլ չի հետաքրքրում, թե ինչքան մարդ կոտորվեց հակամարտող կողմերից, քանի հիվանդանոց, դպրոց, տներ եւ այլ շինություններ հիմնովին ավերվեցին, այլ առաջին հերթին հետաքրքրում է, որ արտաքին խաղացողներից ոչ մեկը չփորձի տաքացնել իր ձեռքերը այդ հակամարտության հաշվին, ավելինՙ հարկ է, որ հակամարտող կողմերից ոչ մեկը լիովին չհաղթի եւ չիրականացնի իր ծրագրերը, ինչպես նաեւ չիրականանա հարցի վերջնական կարգավորումը: Կարծում եմ, որ ընթեցողիս համար պարզ է, որ այսքանը շատ լավ հասկանում են ոչ միայն անմիջապես հակամարտող կողմերի ռազմա-քաղաքական ղեկավարությունները, այլեւ Թուրքիայի նախագահ Ռ.Թ. Էրդողանը: Նրա համար պետք է որ պարզ լինի, որ Ղարաբաղյան պատերազմը դա Սիրիայի եւ Լիբիայի պատերազմները չեն, որտեղ Ռուսաստանը ուզի թե չուզի պետք է հաշվի նստի Թուրքիայի հետաքրքրությունների հետ: Այ հենց սրա համար, Էրդողանը մինչեւ երկրորդ ֆրոնտ բացելը պետք է լավ մտածի: Բայց վերադառնանք Ռուսաստանին: Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը շատ անհագստացնում է նաեւ այն հանգամանքը, որ իր երկրի տարածքում ապրում են մեծաթիվ քանակությամբ ինչպես հայեր, այնպես էլ ադրբեջանցիներ, ընդ որում նրանցից շատերը ունեն ՌԴ քաղաքացիություն, իսկ մեծ մասը պահպանում է անկախ պետությունների անձնագրերը: Սա կարող է բերել լուրջ էթնիկական բախումների հենց ՌԴ տարածքում (հիշենք այս տարվա հուլիսյան դեպքերը Ռուսաստանի շուկաներում հայկական ծիրանի շուրջըՙ ռազմական առճակատման հերթական բռնկումից հետո Տավուշում): Իսկ սա հենց այն է, ինչ պետք է Թուրքիային եւ Ալիեեւյան կլանին: Նախագահ Ալիեւը ստիպված գործում է Էրդողանի ոչ երկիմաստ ճնշման ներքո: Փաստորեն, Թուրքիան սկսել է Ադրբեջանի նկատմամբ «անշլյուս» գործընթացը, այսինքն իրականացնում է Ադրբեջանի, փաստորեն, բռնի միավորումը իրեն: (Ծանոթություն. 1938թ. Հիտլերյան Գերմանիան իրականացրեց Ավստրայի անշլյուսը): Եվ պատահական չէ, որ Ադրբեջանի էքսկլավՙ Նախիջեւանի Ինքնավար Հանրապետությունը թուրքական շատ քարտեզներում ներկվում է նույն գույնով, ինչ Թուրքիայի Հանրապետությունն է նշված: Անկարան եւ Բաքուն ու նրանց ղեկավարները արդեն մեկ անգամ չէ, որ ամեն հարմար առիթով հայտարարում են «Երկու պետություն, մեկ ժողովուրդ»: Այդ միտքը նույնիսկ դուր է եկել Ճապոնիային: Այդ երկրի դեսպանը Թուրքիայումՙ Ակիո Միադձիման, 2019թ. արեց հետեւյալ հայտարարությունը. «Թուրքիան եւ Ճապոնիան ռազմավարական դաշնակիցներ են. ընդառաջելով միմյանցՙ մեր պետությունները կյուրացնեն «ռուսական ժառանգությունը»: Ի՞նչ «ժառանգության» մասին է խոսքը, դժվար չէ պատկերացնել: Եթե մեկը երազում է խլել Կուրիլյան կղզիները եւ ընդհանրապես Հեռավոր Արեւելքը, ապա մյուսը «Մեծ Թուրանի» շրջանակներում ուղղակի երազում է Հարավային եւ Հյուսիսային Կովկասի, Ղրիմի, Պովոլժիեյի (ի միջի այլոցՙ այստեղ են ապրում Ռուսաստանի մուսուլմանների գրեթե կեսը) Ալթայի մարզի, Յակուտիայի եւ այլ տարածքների մասին: Չեմ կասկածում, որ ռուսական հետախուզությունը, հատկապես ՌԴ ՊՆ գլխավոր շտաբի հետախուզական վարչությունը լավ տեղեկացված է Թուրքիայի ռազմա-քաղաքական ծրագրերի ռազմավարական եւ մարտավարական ստվերագծերին եւ բնորոշ մանրամասներին: Ուշադրության է արժանի նաեւ Անգլիայի դերակատարությունը մեր տարածաշրջանում եւ Ռուսաստան-Ուկրաինա հակամարտությունում: Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Լոնդոն այցելության ժամանակ երկար եւ «մտերմիկ» խորհրդակցություններ անցկացրեց բրիտանական հետախուզության ՄԻ-6 (Mi-6) նորնշանակ շեֆ Ռիչարդ Մուրի հետ: Եթե ընթերցողիս հետաքրքրում է, թե ի՞նչ է իրենից ներկայացնում բրիտանական հետախուզությունը եւ անձամբ Ռիչարդ Մուրը, ապա առաջարկում եմ կարդալ հոդվածսՙ «Ազգ» շաբաթաթերթի այս տարվա 25-րդ համարում (21 օգոստոսի 2020թ.): Իսկ երկու խոսքով նշեմ, որ վերջինս երկար տարիներ աշխատել է Թուրքիայում որպես Միացյալ Թագավորության դեսպան եւ անձնական մտերմություն է ունեցել նախագահ Էրդողանի հետ: Եվ այսպես, «Բրիտանական կայսրությունը» վերադառնում է մեր տարածաշրջան, սատարում է «Մեծ Թուրանի» նախագծին, եւ իհարկե հայ-ադրբեջանական հակամարտության մեջ նախընտրում է Ադրբեջանին: Չէ որ այնտեղ են «Բրիթիշ Պետրոլիումի» (BP) հետաքրքրությունները: Իսկ ի՞նչ ունի Վլադիմիր Զելենսկին Ռիչարդ Մուրի հետ: Ամեն ինչ պարզից էլ պարզ է դառնում, երբ Ուկրաինայի նախագահը Լոնդոնից հետո, անմիջապես ժամանում է Անկարա եւ հանդիպում թրքական Հիտլերի հետ, պարգեւատրում է նրան Յարոսլավ Իմաստունի շքանշանով եւ ստանում է այդ անձնավորության երաշխավորված խոստումըՙ օգնել Ուկրաինային Ղրիմի հարցում: «Առանց Թուրքիայի մենք ոչ մի որոշում չենք ընդունում մեր տարաշրջանում», մեջբերում Զելենսկու ելույթից: Թե ի՞նչ է իրենից ներկայացնում Վլ. Զելենսկին, մենք հայերս վաղուց գիտենք, նամանավանդ եթե հաշվի առնենք, որ ըստ որոշ տվյալների, Ադրբեջանը Ուկրաինայից է ստացել ֆոսֆորային ռազմամթերքը, որով ռմբակոծում էր Արցախը: Զելենսկուն լավ գիտեն նաեւ իհարկե Ռուսաստանում եւ Արեւմուտքում: Բայց, ով զարմանք, կարծես թե Էրդողանին էլ են սկսում ճանաչել աշխարհում: Էրդողանին սկսում է ճանաչել նաեւ Վլադիմիր Պուտինը (շնորհակալություն դրա համար Զելենսկուն), որը բոլորովին վերջերս Վալդայի ակումբում նրան անվանեց հուսալի գործընկեր, հատկապես բիզնեսում: Հուսանք, որ S-400 «Տրիումֆ» զենիթա-հրթիռային համալիրից հետո, ստրատեգիական սպառազինություններ Ռուսաստանը Թուրքային չի վաճառի (ի դեպ, հոկտեմբերի 16-ին Թուրքիան արդեն այդ զենքի փորձարկումն անցկացրեց իր տարածքում): Ընդհակառակը, արդեն նշմարվում են որոշ տնտեսական քայլեր, որ Ռուսաստանը կնախաձեռնի Թուրքայի դեմ, եթե իհարկե ճկուն ու բազմակերպար Էրդողանը նորից չանվանի Պուտինին «Իմ եղբայր Վլադիմիրը...»: Նոր կայսրություն-խալիֆաթ կառուցելու ճանապարհին Էրդողանը հմտորեն զուգակցում է նենգաշորթումը, արհամարհանքը, սպառնալիքները ինչպես իր դաշնակից ՆԱՏՕ-ի գործընկերների, այնպես էլ հակառակորդների եւ թշնամիների նկատմամբ: Օրինակՙ Չինաստանին Էրդողանը խոստանում է թուլացնել օգնությունը ույղուրներին եւ դրա դիմաց ստանում է որոշակի դիվիդենտներ: Իսրայելին վախեցնում է «Համասին» սատարելով: Եվրոպան վճարում է Թուրքիային հսկայական գումարներ իր տարածքում Մերձավոր Արեւելքի փախստականներին պահելու համար: Միեւնույն ժամանակ անհրաժեշտության դեպքում Թուրքիայի իշխանությունները գործի են դնում Եվրոպական երկրներում քողարկված «Իսլամական բջիջները» եւ կազմակերպում ահաբեկչական ակտեր Ֆրանսիայում, Ավստրիայում եւ այլուր: «Մեծ-Թուրանի» ստեղծման գաղափարի հիմքում թյուրքական ժողովուրդների կոնֆեդերացիայի ստեղծումն էՙ ղազախների, կիրգիզների, ուզբեկների, թուրքմենների, ինչպես նաեւ ետխորհրդային տարածքում բնակվող այլ ժողովուրդների (սրանք դավանում են իսլամը) միավորումը: Բացի այդ, նեոօսմանյան ամբիցիաները տարածված են նաեւ Քաթարում եւ մասնակիորենՙ Լիբիայում, Սիրիայում, Իրաքում, Սոմալիում եւ մնացած բոլոր այն տեղերում, որտեղ ոտք է դնում թուրքական զինվորական հատվածը: Մեծ Թուրանի պրոեկտը վտանգավոր է աշխարհի շատ պետությունների համար: Էրդողանը հարձակվում է բոլոր ուղղություններով եւ վստահ է իր հաղթանակում: Այն, ինչ զարգացած եւ քաղաքակիրթ երկրում համարվում է հանցագործություն, ապա ավելի քիչ քաղաքակրթությամբ աչքի ընկնող հասարակությունում համարվում է խիզախություն, իսկ բարբարոսների ժամանակաշրջանումՙ նույնիսկ գովասանքի արժանի արարք: |