RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#035, 2020-10-30 > #036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20 > #039, 2020-11-27

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020



Տեղադրվել է` 2020-11-12 22:42:12 (GMT +04:00)


Ընթերցված է` 974, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ԽԱԹԱՐՎԱԾ ՄԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ ՈՒ ԱՉՔԵՐԻ ԼՈՒՅՍԸ

ՀԱՍՄԻԿ ԱՎԵՏԻՍՅԱՆ, ՀՊՄՀ լրագրության բաժին, 3-րդ կուրս

- Արա՜մ, պապադ ըշտեղ ա՞:

- Դիրքերում:

- Իմ պապան էլ, պա հո՞ւնց անինք,վար մունքել քինյանք:

Այսպիսին էր 6-ամյա Արսենի ու 7-ամյա Արամի խոսակցությունը: Արսենը հարցին, թե դիրքեր հասնելուն պես ի՞նչ է անելու, պատասխանում է. «Վար «Չելավեկ պաուկի» նման թորքերեն կլխեն ինգիմ»:

Նրանց աչքերի մեջ չորս շաբաթ առաջ Արցախում պայթած պատերազմի, հայրենիք վերադառնալու հույսի եւ երանելի խաղաղության արտացոլանքն է: Արցախի փոքրիկները հեռվում թողնելով հայրենի տունն ու հարազատներինՙ ստիպված եղան բռնել Երեւանի ճամփան:Երեւանն էլ վատը չէ, բայց Արցախն ուրիշ է, ասում են նրանք:

«Ընդեղ ա լավ, որովհետեւ ընդեղ մեր տունն ա: Ես կարոտալ ամ մեր տունը, պապայիս, ուզում եմ շուտ վերադառնանք մեր տուն»,- ասում է փոքրիկ Մանվելըՙավելացնելով, որ Երեւանում լավ է, բայց ինքը առանց պատերազմ Արցախ է ուզում:

14-ամյա Յանան, Արցախում ապրող իր հասակակիցների նման, պատերազմի մասին շատ էր լսել, բայց այն, ինչ տեսավ այս օրերին, իր պատկերացրած պատերազմից շատ էր տարբեր:

«Առավոտվա 7-ին ջղայնացած արթնացա, որովհետեւ կարծում էի, թե վերեւի հարեւաններն են ինչ-որ բան տեղաշարժում: 10 րոպե անընդհատ ձայներ էին գալիս: Մաման եկավ, ասացՙ հագնվեք, շորեր պատրաստեք, դրեք պայուսակի մեջ: Ասացիՙ մա՛մ, ինչի՞ համար, մեկ աՙ ամեն ինչ լավ ա լինելու: Մենք հավաքեցինք ու իջանք նկուղ: Ես մտածում էի, որ պատերազմը մենակ սահմանին է լինում: Մաման, որ պատմում էր, թե 1992 թվականին ամեն ինչ վատ էր, քաղաքն էին ռմբակոծում, փախել, զոռով են գտել քնելու տեղ, մի քիչ չէի հավատում, կարծում էի, թե ծաղկեցնում է: Ես պատերազմն էսպես չէի պատկերացնում»,- ասում է Յանան:

Հայաստանում ժամանակավորապես ապաստանած արցախցի փոքրիկներն ասում ենՙ իրենց հայրերին հայրենասիրական երգեր են ուղարկում, որ նրանք հաղթեն պատերազմը: Մեզ հետ զրույցում փոքրիկ աղջնակըՙ Աննան, խոսում է խաղաղությունից ու կռվի ավարտից: Մաքրում արցունքներն ու մաղթում, «որ ոչ մեկից արցունք չկաթա, որեւէ մեկն իր հայրիկին չկարոտի, պետք է հաղթենք»:

Հայրենիքում անցկացրած օրերն ամենալավն են,արցախցի փոքրիկների ամեն մեկի սրտում ու մտքում իր տունն է: Նրանց համար լավագույն նվերը հայրենիք վերադառնալն է, կարոտի հասցենՙ Արցախը: Նրանք փնտրում են խաղաղություն, հայրենիք վերադառնալու ճանապարհ: Մեկն իր տիկնիկն է կարոտել, մյուսըՙ սենյակը, երրորդըՙ նկարչական ալբոմը:Տիկնիկին պիտի երեւանյան օրերից պատմեն, ալբոմում էլ նկարելու նոր թեմա կաՙ «Հաղթած զինվորի վերադարձը»:

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #37, 13-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ