ՀԵՏՊԱՏԵՐԱԶՄՅԱՆ ՄՏՈՐՈՒՄՆԵՐ ՍՈՒՐԵՆ Թ. ՍԱՐԳՍՅԱՆ, պրոֆեսոր Հայաստանի քաղաքացիներն այս դժվարին պահին պետք է քննադատեն միայն իրենց: Այն բանի համար, որ իշխանության բերեցին նրանց, ովքեր վիճելով հայ ժողովրդի միակ պատմական դաշնակցի հետ եւ հույսեր կապելով սորոսների, պետդեպերի, պենտագոնների հետ, նախադրյալներ ստեղծեցին պատերազմի համար: Սա խաղաղության դաշնագիր չէ, ինչպես սխալմամբ ըմբռնում են ոմանք, այլ Փաշինյանի կապիտուլյացիան Ալիեւին եւ Պուտինինը` Էրդողանին: Պուտինը չներեց Հայաստանին ու նրա գունավոր հեղափոխությունը, որը հեռացրեց կոռուպացված, սակայն Պուտինին հավատարիմ պաշտոնյաներին եւ իշխանության բերեց Նիկոլ Փաշինյանին: Բոլորովին էլ պատահական չէ, որ Կրեմլի խոսափող Մարգարիտա Սիմոնյանն այս օրերին շատ պարզ հայտարարեց. «Մեղավոր են այն մարդիկ, ովքեր իշխանության բերեցին ազգային դավաճանի»: Պուտինը լավ էր հասկանում, որ Հայաստանի պարտությունը խաչ կքաշի Փաշինյանի վրա, ինչպես դա եղավ 2008 թ. Վրաստանում Սաակաշվիլիի ու նրա բարեփոխումների դեպքում: Պուտինը 2020-ին Հայաստանում գործեց նույն կերպ, ինչպես Ստալինը` 1944-ին Վարշավայում. սպասեց մինչեւ գերմանացիները կջախջախեին ապստամբած լեհերին Վարշավայում եւ հետո նոր միայն միջամտեց: Պուտինի հաշվարկներով այս դեպքում հայերը հաստատ խաչ կքաշեն Փաշինյանի վրա, այսինքն` նա Փաշինյանին հեռացրեց թուրքերի ձեռքով: Իսկ հետո միջամտեց, որովհետեւ այնուամենայնիվ Ղարաբաղում 150 հազար կին, ծեր եւ երեխա քրիստոնյաներ էին ապրում: Հաշվի առնելով Ալիեւի եւ Թուրքիայի այն հայտարարությունները, որ Երեւանն էլ իրենցն է, ապա պարզ է դառնում նաեւ այդ 150 հազարի ճակատագիրը. նրանք կա՛մ կտեղահանվեն, կա՛մ կոչնչացվեն, ինչպես հարցաքննության ժամանակ պարզորոշ խոստովանեց սիրիացի գերի վարձկանը: Իսկ ակնհայտ է, որ վերջիններս այլ բան չգիտեն, քան սպանելը: Այս դեպքում 150 հազարի ոչնչացումը Կրեմլի հանդեպ դժգոհության ալիք կառաջացներ: Ակնհայտ է, որ պատերազմում պուտինյան Ռուսաստանը պարտվեց Էրդողանին եւ Այսրկովկասում զիջեց ազդեցության ոլորտը` ի հատուցում Ղրիմի գրավման: Կրեմլի հաշվարկները ճիշտ դուրս եկան. կապիտուլյացիայի թանաքը դեռ չէր չորացել, Երեւանում զայրացած ամբոխը ջարդուփշուր արեց կառավարության շենքն ու այլ օբյեկտներ: Իսկ Փաշինյանն ստորագրեց, որովհետեւ մեխին ձեռքով հնարավոր չէ խփել: Սակայն ակնհայտ է նաեւ, որ դա դրակոնյան համաձայնագիր է եւ ոչ կապիտուլյացիայի մասին պայմանագիր, քանի որ Հայաստանը դեռ պետք է վերադարձնի բոլոր գրավյալ հողերը, Շուշին, Լաչինը, որտեղ ռուսների վերահսկողության ներքո մնալու է ընդամենը հինգ կիլոմետր լայնությամբ միջանցք: Իսկ թե ինչպես են դա նրանք սովորաբար անում, կարելի է վրացիներին հարցնել: Շատ անորոշ ասվում է, որ կլինեն նաեւ թուրք խաղաղապահներ, իսկ եթե հայերը մերժեն, ապա վերաբնակվողների անվան տակ դա կանեն մոտակայքում հաստատված սիրիացի փախստականները: Բոլոր դեպքերում թուրքերն այսպես թե այնպես կլինեն Հայաստանի տարածքում, որպեսզի հսկեն Նախիջեւանի հետ բացված միջանցքը: Ղարաբաղ կվերադառնան նախկին «փախստականները», իսկ Ղարաբաղի կարգավիճակն այդպես էլ անորոշ է մնում ամբողջովին: Այսինքն` Թուրքիան եւ Ադրբեջանը Ռուսաստանի համաձայնությամբ ստանում են ամեն ինչ, բացի ցեղասպանելու հաճույքից: Մի բան, որն այս պահին նրանց էլ ձեռնտու չէր, քանի որ Եվրոպան ուշադիր հետեւում է Էրդողանին եւ շատ է ուզում նրա վրա սխալներ բռնել: Իսկ 150 հազարը թաքցնել չէր լինի, հատկապես որ Մակրոնը նշեց նրանց գոյության մասին: Համ էլ դա հետո էլ կարվի ադրբեջանացի փախստականների անվան տակ քողարկված Սիրիայից բերված գրոհայինների ձեռքով, այսինքն` որոշ ժամանակ հետո իրենց ուզածը նրանք այնուամենայնիվ կիրագործեն: Լաչինի միջանցքում էլ եթե մնացողներ լինեն, ապա կարվի հնարավոր ամեն ինչ, որ նրանք էլ օր առաջ լքեն իրենց բնակավայրերն ու հեռանան: Համաձայնագրի հետ կապված խարդավանք էր նաեւ այն, որ այն ստորագրվում է ռուսական մարտական ուղղաթիռը ՀՀ տարածքում ոչնչացնելու իսկ հաջորդ օրը, որին ի հետեւանք ադրբեջանացիները կեսբերան ափսոսանք հայտնեցին եւ լկտիաբար հայտարարեցին, որ կվճարեն կորստի համար: Ասել է, թե մարդկային կյանքը նրանց համար որեւէ արժեք չունի: Ղարաբաղի պատերազմը ցույց տվեց, որ թույլ տնտեսություն ունեցողը չի կարող ժամանակակից եւ ուժեղ զինված բանակ ունենալ: Հայերը կռվում էին ֆագոտներով եւ պանցիրներով, ինչպես խորհրդային զորքերը 20-րդ դարում, իսկ ադրբեջանցիներըՙ թուրքական եւ իսրայելական անօդաչուներով, որոնք բացարձակ առավելություն ապահովեցին օդում: Կրեմլը հատուկ էր այդ վիճակն ստեղծել, քանի որ Հայաստանին չէր ներել թավշյա հեղափոխությունը: Հակառակ դրա, Ադրբեջանը լիարժեք վայելում էր Թուրքիայի, Իսրայելի, Պակիստանի եւ մյուս համակիրների բարեհաճությունն ու օգնությունը: Թուրքիայի քաղաքականությունը բոլոր առումներով Ադրբեջանին օգնելն էր, իսկ Ռուսաստանինը` Հայաստանին ծնկի բերելը եւ առանց իրեն լրիվ անօգնական դարձնելը: Ընդհանրապես Ռուսաստանը Ղարաբաղի հարցը որպես բաց վերք էր պահում եւ օգտագործում էր դա ու կողմերին զենք վաճառում, իսկ այսօր դրա արդյունքում պարզ դարձավ, որ տարածաշրջանում գլխավոր դերակատարն այլեւս Ռուսաստանը չէ, այլ էրդողանյան Թուրքիան: Միեւնույն ժամանակ Կրեմլի կարճատեսությունը հանգեցրեց նրան, որ ակնհայտ դարձավ եւս մեկ անգամ` ով ակնկալում է Ռուսաստանի կոռումպացված համակարգի օգնությունը, ի վերջո տապալված քաղաքական կուրս է ունենում: Գաղտնիք չէ, որ Հարավային Օսեթիան, Աբխազիան, Պրիդնեստովյեն, որոնք ամբողջովին կախում ունեն մերօրյա Կրեմլից, ոչ միայն վատ են ապրում, այլեւ ամեն օր մազից է կախված նրանց գոյությունը: Ղարաբաղի ժողովուրդն էլ փրկվեց ցեղասպանվելուց, որն իրականացնելն այս պահին Թուրքիային էլ ձեռնտու չէր, սակայն առանձնապես փայլուն ապագա էլ չի ակնկալվում: Սակայն վատի ու վատագույնի հարաբերակցությամբ դարձյալ այդ նույն Ռուսաստանն ապահովեց նրանց ֆիզիկական գոյությունը: Եթե խելացի լինենք, ապագայում գոնե դասեր կքաղենք, կհզորանանք, որ ինքներս կարողանանք տնօրինել մեր ճակատագիրը, այլ ելք չկա: Առհասարակ քաղաքականության մեջ հարկավոր է իրատես լինել: Ոչ մեկը մյուսի եղբայրը չէ ու հենց այնպես որեւէ մեկը ոչինչ չի անի մյուսի համար: Սա պարզից էլ պարզ է: Հարկավոր է հնարավորինս ճշգրիտ հաշվարկներ կատարել եւ ամեն անգամ բառախաղերին տուրք չտալ ու աջ ու ձախ մեղադրանքներ չհնչեցնել բոլորի հասցեին: Հարկավոր է մանրակրկիտ հաշվարկել բոլոր ռեսուրսները, հնարավորություններն ու ուժերի ճիշտ հարաբերակցությունը, հարկավոր է վատի ու վատագույնի մեջ էլ ընտրություն կատարել եւ ամենակարեւորը` հստակ պատկերացնել, թե որ մեծ տերության շահերը կարող են ինչ-որ չափով համընկնել մեր ձգտումներին: Այս եւ մի փոքր էլ խելամիտ դիվանագիտություն դրսեւորելու դեպքում մեր հերոսների թափած արյունն ու կռվի դաշտում հրաշքներ գործող ամուր կամքը իրապես կիմաստավորվի: Հակառուսական դիրքորոշում ունեցողներին ուզում եմ հարցնել` 1. Եթե ոչ Ռուսաստանը, ապա ո՞վ է մեր պոտենցիալ դաշնակիցը... 2. Ո՞ւմ տված զենքով ենք կռվել եւ կռվելու, կա՞ մեկը, որ պատրաստ է մեզ զենք տալու, եւ եթե վաճառեն էլ, ինչո՞վ ենք գնելու... 3. Եթե 1828 թ. ամբողջ Հայաստանը միացվեր Ռուսաստանին եւ ենթարկվեր ցարական տիրապետության դաժան շահագործման, արդյոք ցեղասպանությունը կլիներ եւ արդյոք այսօր այսքան փոքր սահմաններում պարփակված կլինեինք... Ցանկանում եմ մի համեստ խորհուրդ տալ հակառուսական կողմնորոշման կողմնակիցներին. ա) այսօր անպատեհ է Սեւր-մեւր ու նման բաներ քննարկելը, երբեք չմոռանալով անցյալը` պրագմատիկ լինենք, որպեսզի կարողանանք այս իրավիճակից դուրս գալ, բ) չմոռանանք, որ բոլորիս գրածները կարդում են նաեւ ուրիշները (կարծում եմ` մանրամասնելու կարիքը չկա), գ) գեթ մեկ անգամ դուրս գանք զգացմունքային (էմոցիոնալ) դաշտից եւ սառը դատենք ու իրատես լինենք: Ընդգծենք, որ սա մեր պատմության կարեւորագույն եւ վճռորոշ շրջանն է: Հետեւապես հարկավոր է մանրամասն ուսումնասիրել այն, վերլուծել եւ նախանշել ապագա քայլերը, որոնք քիչ թե շատ տանելի իրավիճակի կհանգեցնեն: Իսկապես ապրում ենք դժվարագույն ժամանակահատված, բայց ոչ անհույս եւ վստահաբար ամեն ինչ բնականաբար կորած չէ: Մեզ համար պետք է հասկանալի լինի խիստ կարեւոր մի հանգրվան. սա ընդամենը զինադադար է, որը որեւէ պահի որեւէ չնչին առիթով Ադրբեջանը կարող է խախտել: Անհրաժեշտ է, որ սթափվենք եւ շատ արագ ազգովին դուրս գանք ընկճախտի հոգեվիճակից, մի կողմ թողնենք զայրույթն ու հակառակորդ քաղաքական ուժին տապալելու մոտալուտ հորթային հրճվանք ապրելուց, դադարենք մեղավորների փնտրտուքը (դրան հետո էլ կանդրադառնանք), փորձենք գոնե մի քիչ օրինակ վերցնել մեր 18-20-ամյա հերոսներից, հանդուրժենք, սիրենք ու սատարենք իրար եւ հասկանանք, ամբողջովին ըմբռնենք ստեղծված իրավիճակը եւ բացառիկ ճշգրտության մակարդակով որոշենք մեր հաջորդ քայլերը: Հակառակ դեպքում ոչ միայն թշնամին, այլեւ մեր սերունդներն ու պատմությունը չեն ների բոլորիս անխտիր: Որեւէ հիվանդության դեպքում նախ հարկավոր է ախտորոշել այն, պարզել դրա առաջացման պատճառները եւ բնութագիրը, որպեսզի հնարավոր դառնա այն բուժելը: Իսկ բոլոր այն դեպքերում, երբ մեր մտավորականությունը փորձում էր ինչ-որ բան ասել, հուշել, ինչ-որ խելացի լուծում առաջարկել, նրան անմիջապես խրամատի տեղն էին ցույց տալիս, այնինչ հարկավոր էր ընդամենն ականջալուր լինել նրանց ասածներին: Ակնհայտ է, որ Հայոց պատմությանը չնչին չափով անգամ տեղյակ մարդն այդպիսի փաստաթուղթ ստորագրելուց հետո առնվազն անհետ կկորչեր: Զարմանում եմ, որ մեր հազարավոր ցուցարարները «հրաժարական» բառն են վանկարկում, որն այս դեպքում փաղաքշանք է հիշեցնում: Որքան ինձ հայտնի է, այսօր մենք կանգնած էինք նորագույն զենքեր ստեղծելու շեմին եւ ընդամենը օրեր չբավականացրին: Պատերազմի ընթացքում անընդհատ մեզ հրամայվում էր խրամատներ գնալ, այնինչ ներկա դարաշրջանում հարցերը` նույնիսկ պատերազմական, լուծվում են ոչ խրամատներում, ինչպես դա եղել էր նախորդ դարերում: Ամփոփենք. 1. Այս պատերազմում Ռուսաստանը փաստորեն պաշտպանեց Թուրքիայի ռազմավարական շահերը: 2. Հայաստանին վերադարձվեց «եղբայրական» կարգավիճակը, բայց այն նույն գնով, ինչպես 1944 թ. դա արվեց լեհերի հետ: 3. Հայերը գոնե այս անգամ այդ դասերը լավ կսերտեն եւ այլեւս չեն մոռանա դրանք: 4. Բոլորովին էլ բացառված չէ նաեւ, որ Ռուսաստանը քառաշերտ դիվանագիտական խաղ է ձեռնարկել: Ինչպես նշել է հոդվածագիր Ռ. Միքայելյանը, Ալիեւը երբեք դա չէր կարող անել եւ Շուշին որպես խայծ հանուն Պուտինի վստահության հանձնվեց Ալիեւին: Կուտուզովը նույնպես 1812-ին հանձնեց Մոսկվան, բայց խաղաղության դաշնագիր ստորագրեց Փարիզում: Ու եթե նոյեմբերի 15-ին հայերն իրենց զորքերը չհանեն Քարվաճառից, Պուտինը այնտեղ եւս խաղաղապահներ կբերի եւ Լավրովի ձայնով կասի. «Ռուսաստանը մտահոգություն է հայտնում, որ հակամարտության կողմերը չեն հարգում Համաձայնագիրը»: Որ հայերը դուրս չեն գալիս, բայց չեն կրակում ձեր վրա, ես չեմ կարող նրանց ստիպել, ես այդպիսի մանդատ չունեմ, իսկ Ալիեւը հազիվ թե կրակի խաղաղապահ ռուսների վրա: Ռուսաստանը Արցախի վրա թռիչքազերծ տարածք կհայտարարի`բացառությամբ խաղաղապահների օդուժի եւ ցանկացած ինքնաթիռ կխոցվի առանց նախազգուշացման: Այս ամենը հիմնված է այն մանդատի վրա, որը կուրացած Շուշիի նվերից Ալիեւը տվեց Պուտինին: Իլհամը երկար չի ձգի, քանի որ իր ձեռքերով, ագահությունից ու ցուցամոլությունից դրդված, ռուսներին ներս թողեց իր տուն: Այնպես որ, բացառված չէ նաեւ, որ Ալիեւն ու Էրդողանն իրականում չգերազանցեցին Պուտինին: Թուրքիան նաեւ որոշ ժամանակ անց ցանկանում էր խափանել խաղաղապահների մուտքը, այդ պատճառով էլ ուղղաթիռ խփեց, որպեսզի ռուսները ադրբեջանցիներին պատասխան հարված հասցնեին: Հազիվ թե Պուտինը վախեցավ Ալիեւիցՙ իհարկե ոչ, այլապես Ալիեւը անմիջապես կհայտարարեր այդ մասին: Պուտինը ուղղաթիռով սադրանքը կուլ տվեց`ավելի մեծ ծրագրի համար, որին, հուսով եմ ականատես կդառնանք ամենամոտ ապագայում: Ամեն ինչ դեռ առջեւում է: Հուսանք, որ ամենամոտ ապագայում հայանպաստ լուծումների ականատեսը կլինենք: 10-12.11.2020 |