RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#036, 2020-11-06 > #037, 2020-11-13 > #038, 2020-11-20 > #039, 2020-11-27 > #040, 2020-12-04

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020



Տեղադրվել է` 2020-11-19 23:08:15 (GMT +04:00)


Ընթերցված է` 1645, Տպվել է` 9, Ուղարկվել է էլ.փոստով` 0

ՖԱԻՆԱ ՌԱՆԵՎՍԿԱՅԱՅԻ ՀԱՅԱԶԳԻ ՊԱՀԱՊԱՆ ՀՐԵՇՏԱԿԸ

ԱՐԾՎԻ ԲԱԽՉԻՆՅԱՆ

Թամարա Կալուստյանի ծննդյան 95-ամյակի առթիվ

«Ազգի» սեպտեմբերի 18-ի համարում տեղ գտած Վլադիմիր Վիսոցկու մտերիմ Լեւոն Քոչարյանի մասին Արծվի Բախչինյանի հոդվածը լայն արձագանք գտավ ընթերցողների շրջանում: Այս համարում հրատարակում ենք նույն հեղինակի հոդվածը ռուսական մշակույթի մեկ այլ մեծանուն արվեստագետիՙ դերասանուհի Ֆաինա Ռանեւսկայայի հայազգի մտերմուհու մասին...

Խմբ.

Հոկտեմբերի 1-ին լրացավ ուկրաինացի կամերային երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտական մանկավարժ Թամարա Սերգեեւնա Կալուստյանի (Թամարա Սեդրակի Գալուստյանց) ծննդյան 95-ամյակը: Չգիտենք, թե Ուկրաինայում կանդրադառնա՞ն արդյոք, սակայն մենք ցանկանում ենք հայ ընթերցողներին ներկայացնել այդ արվեստագիտուհուն...

Նա վիճակված էր անուն հանել ոչ այնքան իբրեւ արվեստագիտուհի, այլ իր անունը հավիտյանս շաղկապել ռուսական մշակույթի ամենից տաղանդավոր, սիրված, արտակենտրոն արվեստագիտուհիներից մեկիՙ լեգենդար դերասանուհի Ֆաինա Ռանեւսկայայի անվանըՙ որպես վերջինիս մտերմությունը վայելած բառացիկ անձնավորություն...

Թամարա Կալուստյանը ծնվել է 1925-ին, Կիեւում, ծնունդով բաքվեցի մաթեմատիկոս Սեդրակ Կալուստյանցի եւ բալետի պարուհի Ելենա Գրավեի ընտանիքում: Մոր կողմից թոռն է մաթեմատիկոս, ակադեմիկոս, ռուսական առաջին խոշոր մաթեմատիկական դպրոցի հիմնադիր Դմիտրի Գրավեի: Մանկուց քրոջՙ Ելենայի հետ բալետ է սովորել Կիեւի գիտնականների տան բալետի ստուդիայում, հետագայում Ելենա Կալուստյանցը դարձել է բալետի պարուհի:

1941 թվականին Թամարան ընդունվել է Կիեւի համալսարանի բանասիրական ֆակուլտետի ռոմանագերմանական բաժինը, սակայն Կիեւի բռնազավթման պատճառով ուսումն ընդհատվել է: 1950 թվականին ավարտել է Կիեւի համալսարանը, դասավանդել է գերմաներեն: 1946-1951 թվականներին միաժամանակ վոկալ է ուսանել գիտնականների տան վոկալ եւ օպերային ստուդիայում:

1951-ին Ուկրաինայի ինքնագործունեության հանրապետական ստուգատեսում Թամարա Կալուստյանը գրավել է առաջին տեղը Եվգենյա Միրոշնիչենկոյի հետ, ինչի շնորհիվ ընդունվել է Կիեւի կոնսերվատորիաՙ ուսանելով հայտնի ուսուցիչների մոտ: 1959-ին դարձել է հանրապետական վոկալ մրցույթի դափնեկիր, նույն թվականին սկսել իր աշխատանքը որպես Ուկրկոնցերտի մենակատար: Շրջել է Խորհրդային Միության քաղաքներումՙ կատարելով Բախի, Հենդելի, Պերգոլեզիի եւ այլոց ստեղծագործությունները: 1972-1988 թվականներին Կալուստյանը եղել է Կիեւի ֆիլհարմոնիայի մեներգչուհի, առաջին անգամ Կիեւում նա է կատարել Դմիտրի Շոստակովիչի եւ Սերգեյ Պրոկոֆեւի մի շարք վոկալ գործեր, Բորիս Տիշչենկոյի, Վալերի Գավրիլինի եւ խորհրդային այլ կոմպոզիտորների վոկալ ստեղծագործություններ: Կալուստյանի երգացանկում ընդգրկված էին ռուս կոմպոզիտորների ռոմանսների լայն ընտրանի, Վագների, Մալերի, Շումանի, Վոլֆի վոկալ շարքերը բնօրինակ լեզվով: Նա համագործակցել է ուկրաինացի ժամանակակից բազմաթիվ կոմպոզիտորների հետՙ կատարելով մասնավորապես Բորիս Լյատոշինսկու, Յուլի Մեյտուսի, Յուդիֆ Ռոժավսկայայի, Նիկոլայ Լիսենկոյի, Գեորգի եւ Պլատոն Մայբորոդների, Իվան Կարաբիցի, Անդրեյ Շտոգարենկոյի եւ ուրիշների գործերը: Կալուստյանը մասնակցել է Հայդնի, դե Ֆալայի, Բրիթենի, Ստրավինսկու, Վոլֆի, Կոդայի որոշ ստեղծագործությունների առաջին կատարումներին ԽՍՀՄ-ում:

1961-1974 թվականներին Կալուստյանը եղել է Ուկրկոնցերտի կրկեսի եւ էստրադային արվեստի ստուդիայի վոկալի ուսուցիչ, նրա ուսանողների մեջ են Կիեւի օպերետի, օպերայի, մանկական երաժշտական թատրոնի մեներգիչներ, էստրադային երգիչներ: 1989 թվականից ղեկավարել է Ուկրաինայի Գիտությունների ազգային ակադեմիայի Կիեւի գիտնականների տան վոկալ-օպերային ստուդիան:

Թամարա Կալուստյանը հայտնի է իր քաղաքացիական դիրքորոշմամբ: 1968 թվականին նա ստորագրել է այսպես կոչված «Կիեւյան նամակը»ՙ ի պաշտպանություն լրագրող, ԽՍՀՄ ժամանակների այլախոհ, հետագայումՙ անկախ Ուկրաինայի քաղաքական գործիչ, ուկրաինական ժողովրդական շարժման հիմնադիրներից Ուկրաինայի հերոս Վյաչեսլավ Չոռնովիլի (1937-1999): Արդյունքում, նրա կատարողական կարիերան 10 տարվա ընթացքում ենթարկվել է զգալի սահմանափակումների:

37 տարի շարունակ, 1947 թվականից ի վեր, Կալուստյանը սերտ բարեկամությամբ կապված է եղել Ֆաինա Ռանեւսկայայի հետ, որի մասին հիշողությունները նա պատմել է ժամերով...

Նրանց ծանոթությունը արտասովոր է եղել: Ռանեւսկայան Մոսկվայի Դրամայի թատրոնի կազմում հյուրախաղերով եկել է Կիեւ: Թամարայի ընկերուհիներից Իրինան, դիտելով Ռանեւսկայային Լիլիան Հելմանի «Աղվեսիկներ» պիեսի բեմադրության մեջ, շտապել է հյուրանոցՙ դերասանուհուց ինքնագիր խնդրելու: Սակայն նրան տեղեացրել են, որ Ռանեւսկայան ջերմության մեջ զառանցում է, իսկ Կիեւի կենտրոնական հիվանդանոցը հրաժարվում է նրան ընդունել: Իրինան անմիջապես զանգահարել է Թամարային, որի ընտանիքում հաճախ էին լինում Կիեւի հայտնի բժիշկները: Եվ Թամարայի ծնողների շնորհիվ միայն նշանավոր դերասանուհուն տեղափոխել են հիվանդանոց եւ բուժել են երկկողմանի թոքաբորբը: Թամարան իր ողջ ուսանողական թոշակը ծախսել էՙ հետպատերազմյան աղքատ Կիեւում գնելով ծիրան, տարել է հիվանդանոցՙ Ռանեւսկայային: Այդպես էլ սկսվել է բարեկամությունը 22-ամյա Թամարայի եւ 51-ամյա Ռանեւսկայայի միջեւ: Երկու շաբաթ անց դերասանուհին հիվանդանոցից դուրս գրվելովՙ վերադարձել է ոչ թե հյուրանոց, այլ Կալուստյանների բնակարանըՙ ապրելով առանձին սենյակում, մինչեւ լիովին ապաքինվելը: Ռանեւսկայան օգնել է Թամարային մասնագիտական կողմնորոշման մեջ: «Դու աստվածային ձայն ունես,- ասել է մի անգամ,- հերի՛ք թռվռաս, կա՛նգ առ վոկալի վրա»: Թամարան իր մոսկովյան համերգները ծրագրել է այնպես, որպեսզի կարողանա մի քանի օր մնալ նրա մոտՙ չմոռանալով իր հետ տանել դերասանուհու սիրած թխվածքներից: Ռանեւսկայայի մոտ նա ծանոթացել է Աննա Ախմատովայի եւ Գալինա Ուլանովայի հետ, երբեմն նրա հյուրերի մոտ կատարել դերասանուհու սիրած ռոմանսները: Ռանեւսկայան հաճախ է իր դժվարին պահերին իր մոտ կանչել Թամարայինՙ անվանելով նրան իր պահապան հրեշտակը: Թամարա Կալուստյանը եղել է Ռանեւսկայայի կողքին նրա մահվան տարում նույնպես, նա է մնացել դերասանուհու բնակարանում, երբ բժիշկները նրան անվերադարձ տարել են իր բնակարանից...

Ո՛չ Ռանեւսկայան, ո՛չ Թամարան երբեք չեն ամուսնացել, չնայած երկուսն էլ ունեցել են երկրպագուներ: Ռանեւսկայան հրաժարվել է առողջարաններիցՙ չցանկանալով թողնել շանը, իսկ Թամարան երբեք չի այցելել հարազատներին Գերմանիայումՙ չցանկանալով թողնել կատվին: Ռանեւսկայան միշտ պաշտպանել է հալածվածներին, Թամարան էլ, ինչպես նշվեց, իր ստորագրությունն է դրել ի պաշտպանություն ուկրաինացի այլախոհի...

Եվ մինչ օրս Թամարա Կալուստյանը մատին կրում է մի հասարակ սպիտակ կոճակՙ Ֆաինա Ռանեւսկայայի նվերը, որը նրա համար դարձել է մի յուրահատուկ թալիսման...

 
 

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #38, 20-11-2020

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ