Ի՞ՆՉ ԱՇԽԱՏԱՆՔ ՓՆՏՐԵԼ, ԵԹԵ ՉՈՒՆԵՍ ՄԱՍՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ ԳԵՎՈՐԳ ՄՈՂՐՈՎՅԱՆ, ՀՊՄ համալսարանի Հեռուստառադիոլրագրության 3-րդ կուրսի ուսանող Աշխատանք փնտրելը եւ ձեռք բերելը Հայաստանում շարունակում է մնալ ամենաբարդ հարցերից մեկը: Աշխատանքի անցնելը լրջագույն խնդիր է մասնավորապես երիտասրդների համար, հիմնականում նրանցՙ ովքեր չունեն որեւէ մասնագիտություն: Չնայած արդարության համար հարկ է նշել, որ այս խնդրին բախվում են նաեւ մասնագիտություն ունեցող երիտասարդները, որոնց դեպքում չաշխատելու պատճառը աշխատանքային փորձի բացակայությունն է: Մենեջեր, առաքիչ, վաճառող, հեռախոսավար, գանձապահ, պահեստի աշխատակից եւ այլն, ահա՛ թե որոնք են այն հիմնական հաստիքները, որոնցով աշխատանքի են անցնում մասնագիտություն չունեցող երիտասարդները: 20-ամյա Ստեփան Բաբուջյանը, որը երկար տարիներ զբաղվել է սպորտով եւ չունի որեւէ մասնագիտացում, բանակում երկու տարվա ծառայությունից հետո, վերադառնալով քաղաքացիական կյանքի, շուրջ մի քանի ամիս որոնել է աշխատանք, որից հետո տեղավորվել է տեղական գարեջրերից մեկի գործարանում, որպես առաքիչի օգնական. «Ծառայությունից վերադառնալուց հետո, առաջին բանը, որը արել եմ` աշխատանք որոնելն է եղել: Մի քանի ամիս շարունակ եղել եմ փնտրտուքների մեջ, դիմել եմ աշխատանքի տեղավորման գործակալությունների, աշխատանք եմ որոնել համացանցի եւ տարբեր կայքերի միջոցով, սակայն ապարդյուն: Այնուհետեւ աշխատանքի եմ անցել ծանոթի միջնորդությամբ, գարեջրի գործարանում, որպես առաքիչի օգնական: Սակայն պետք է նշեմ, որ սա Հայասատանում չի կարելի համարել մշտական աշխատանք: Պարզապես այն ներկայումս լավագույն տարբերակն էր ինձ համար, քանզի չունեի որեւէ մասնագիտացում: Իմ շրջապատում շատ են երիտասարդները , որոնք նույնպես չունեն մասնագիտություն: Ոմանք աշխատում են որպես առաքիչ, ոմանք որպես վաճառող, որոշներն էլ` մենեջեր կամ պահեստի աշխատակից: Կարելի է ասել, որ սրանք են այն հիմնական աշխատանքները, որոնց կարող ես անցնել, եթե չունես որեւէ մասնագիտություն կամ չես տիրապետում որեւիցե արհեստի»: Երեւանում շատ են աշխատանքի տեղավորման գործակալությունները, որոնք որոշակի վճարումներից հետո փորձում են աշխատանք առաջարկել դիմորդներին: Սակայն դրանցից մի քանիսին դիմած քաղաքացիներից ոմանք պնդում են, որ նման կազմակերպությունները ինչպես հարկն է շահագրգռված չեն լինում իրենց ծառայություններից օգտվողներին ապահովել աշխատանքով, հետեւաբար մեծ մասամբ այդ գործընթացները ապարդյուն են լինում, իսկ կատարված վճարումը ջուրն է ընկնում: Այս մասով կարելի է ասել, որ Հայաստանում աշխատանքի տեղավորման գործակալությունները դեռեւս այն մակարդակին չեն, որով կարող են օգնել իրենց ծառայություններին դիմած երիտասարդների մեծամասնությանը: 22-ամյա Սոֆիան, որը երեւանյան մոլերից մեկում աշխատում է վաճառողուհի, նշեց, որ մի քանի անգամ դիմել է աշխատանքի տեղավորման գործակալություների, սակայն ցանկալի արդյունքի չի հասել. «Աշխատանքի տեղավորման գործակալությունների ծառայություններին ապարդյուն դիմելուց հետո` փորձեցի սեփական ուժերով հասնել նպատակիս: Չունենալով մասնագիտությունՙ լավ հասկանում էի, որ իմ հիմնական թիրախը լինելու է մասնավոր հաստատություններում աշխատելը: Վերջապես աշխատանք գտա Երեւանի մոլերից մեկում որպես խորհրդատու-վաճառողուհի: Պետք է ասեմ, որ ֆինանսական կարիքներս հոգալու համար աշխատանքս դեռեւս բավարարում է, սակայն այն անհեռանկարային է, ասել է թե առաջխաղացման տեղ չկա: Սակայն աշխատանքային փորձ ձեռք բերելու եւ ուսման հետ համատեղելու համար հարմար է», - նշեց Սոֆիան եւ հավելեց, որ Հայաստանում աշխատանք որոնելու հարցում ծանոթ կամ բարեկամ չունենալու դեպքում հույսդ պետք է դնես միմիայն բախտի վրա: Բացի աշխատանքի տեղավորման գործակալություններից, Հայաստանում կան նաեւ զբաղվածության կենտրոններ, որոնց մասին քաղաքացիներից շատերը նույնիսկ տեղյակ էլ չեն: Սա խոսում է այն մասին, որ այդ պետական կառույցների գործունեությունը պետք է վերահսկվի եւ համակարգվի, որպեսզի ինչպես հարկն է կարողանան ծառայել իրենց դիմած քաղաքացիներին եւ ապահովել աշխատատեղերով: Աշխատանքի տեղավորման խնդիրը եղել է կա ու դեռ երկար ժամանակ կշարունակի մնալ մեր հասարակության առջեւ ծառացած բարդագույն խնդիրներից մեկը: Սա կտեւի այնքան ժամանակ, քանի դեռ իշխանությունները հասարակության կյանքը բարդացնող օրինագծեր առաջ քաշելու , խոշոր չափերի պարգեւավճարներ բաժանելու , երկրի ներսում տիրող քաոսային ու «ասֆալտին» փռող մթնոլորտով ներդրողներին վախեցնելու, ընդդիմադիր ուժերի հետ պատերազմելու եւ հաշվի չնստելու փոխարեն , վերջապես կսկսեն զարգացնել երկրի ողնաշարը` տնտեսությունը: |