RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#005, 2013-02-20 > #006, 2013-02-20 > #005, 2013-03-23 > #006, 2013-04-06 > #007, 2013-04-20 > #008, 2013-05-04 > #009, 2013-05-18

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 20-04-2013



Տուրք բռնակալին

Տեղադրվել է` 2013-04-22 23:03:49 (GMT +04:00)


Ընթերցված է` 1035, Տպվել է` 56, Ուղարկվել է էլ.փոստով` 34

ԱՐԵՎԱԾԱԳԻՑ ԱՐԵՎԱՄՈՒՏ

ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ

Խորհրդահայ պոետները Ստալինին

Սկիզբըՙ նախորդ համարում

Մարո Մարգարյանի բանաստեղծությունն էլ երկարաշունչ ստերեոտիպների շարքում է, որովհետեւ նրա կյանքն էլ յուրովի ստերեոտիպ էր: Ծնունդով Վրաստանից, հետո Երեւանի պետհամալսարան, ուսումի շարունակությունըՙ Մոսկվա, ապա 1940-ական թվականներից` «ճիշտ» բանաստեղծություններ: Նուրբ հմայքով թելադրված քնարական տողեր, բայց եւ պատասխանատու աշխատանք Սփյուռքահայության հետ մշակութային կապերի կոմիտեում: Եվ առաջիններից մեկը կապիտալիստական երկրներ ելումուտ անող: Ռուսները լավ բառ ունենՙ «верноподанный» (հավատարիմ հպատակ): Ուրեմն կարող էր, ավելի ճիշտ` պարտավոր էր ավելի ներշնչված ուղղել իր «Երգ Առաջնորդին»-ը.

Նրա պայծառ հայացքի տակ կանաչել են քարերն անգամ,

Ձմռան դաժան մրրիկներից սառույց հագած սարերն անգամ,

Նրա պայծառ հայացքն է միշտ շողշողում նոր մարդու վրա,

Որի ապրած մի վայրկյանը արժե հազար դարեր անգամ:

...Ողջ աշխարհն է երգում հիմա հաղթ ու հզոր ձեռքը նրա,

Ոմանք պայծառ սիրտն ու հոգին, ոմանք մտքի բերքը նրա...

Ա՛յ այս «верноподанный» հասկացությունը շատ հարազատ է մեր ժողովածուում երեքական գործ ներկայացրած բանաստեղծներ Սուրեն Վահունուն, Գուրգեն Բորյանին եւ Գեւորգ Էմինին:

Թեեւ երբեք իր բանաստեղծական տաղանդով աչքի չի ընկել Սուրեն Վահունին, սակայն այս ալմանախում Ստալինի հանդեպ քծնանքի աստիճանով կարող էր ռեկորդ սահմանել: Հարկ է ասել, որ քծնանքը եղել է այս ժողովածուի մասնակիցների ստեղծագործական հիմնական խթաններից, դրդիչ ուժերից մեկը: Բայց կա քծնանք քողարկված, կա արվեստի ձեւ տված քծնանք, բայց կա եւ մերկապարանոց քծնանք: Դատեցեք ինքներդ, XXI դարի ընթերցող, Սուրեն Վահունու այս շեդեւրի մասին, ուր երկի լեյտմոտիվն անգամ ինքը չի հորինել, այլ փոխ է առել ղազախ մեծանուն ակին Ջամբուլ Ջաբաեւից.

ԱՆՈՒՆԸ

Ինչի՞ հետ քեզ համեմատեմ...

Ջամբուլ

Միտք եմ անում Ջամբուլի պես եւ քեզ արժան խոսք չեմ գտնում,

Ես քեզ ինչպե՞ս արեւ ասեմ, քանի որ նա մայր է մտնում,

Ինչպե՞ս չափեմ օվկիանի հետ, երբ նա ունի ափ ու հատակ,

Ինչպե՞ս ես քեզ լեռ անվանեմ, երբ լեռն է մութ ամպերի տակ,

Եթե ասեմ անշեջ կրակ - նա էլ վառվում է հեքիաթում,

Իսկ դու շողում ես անհատնում երկրի վրա եւ մեր սրտում:

Ինչի՜ հետ քեզ համեմատեմ: Ահա ծովեր, երկինք ու հող,

Ահա կապույտ հեռաստաններ, արշալույսներ շռայլաշող,

Ահա պայծառ հովիտներում վառվող ծաղկունք ու ծիածան,

Ահա ձորեր անդնդախոր, ահա գետեր որոտաձայն...

Բայց որի՞ հետ համեմատեմ, չէ՞ որ նրանք միշտ էլ կային,

Երբ որ չքնաղ այս աշխարհում ապրում էր վիշտը մարդկային:

...Բայց ես գիտեմ ծանոթ մի բառ, եւ երբ ես այդ բառը ասեմ,

...Պիտի տեսնեն այդ բառի մեջ եւ՛ արեւներ, եւ՛ սեր, եւ՛ բախտ,

Ժողովուրդներ վերածնված, նրանց սիրո դաշինքն անխախտ...

...Այս բառի մեջ ազգեր բազում եւ սերունդներ, որ պիտի գան,

Պիտի տեսնեն այս աշխարհի չքնաղ այսօրն ու ապագան...

Ահա ես այդ բառը գիտեմ - ամենից լավն, իմաստալին,

Իսկ դա միայն անունն է քո, եւ այդ անունն է - Ստալին:

Ամեն ինչ չափ ու սահման ունի, բայց ոչ` մեր Ստալին երգողները, եւ այդ չափն անցնողները ոչ թե ամոթի, այլ երջանկության պահեր են զգացել «ո՞վ ավելի» սկզբունքով: Ուզում ենք հարց տալՙ իսկ պոետ Վահունուն ո՞ւմ հետ համեմատենք:

Օ՜, ստալինյան թեման, ինչպես ռենտգենի ճառագայթները, թափանցում է հոգու խորքերը ու հստակ ցույց տալիս հեղինակի ինչ լինելը: Բանաստեղծ Գեւորգ Էմինը թեեւ ճիշտ հայրենիքի պաշտպանության զորակոչիկի տարիքին է եղել (ծնվել է 1919 թվականին), սակայն Մեծ Հայրենական պատերազմին (ի դեպ, ինչպես եւ Սուրեն Վահունինՙ ծնվ. 1910 թ., ինչպես եւ Գուրգեն Բորյանըՙ ծնվ. 1915 թ.), չի մասնակցել, փոխարենը մի ամբողջ գրքով գովաբանել է Ստալինի ծխամորճը (տե՛ս Գ. Էմին, «Խաղաղության ծխամորճը», Ե., 1942), դրա շնորհիվ բրոնյա (ամրացագիր) է ստացել եւ ինքն էլ սկսել ծխամորճ ծխել: Սակայն ավանդույթը չխախտենք, խոսենք միայն այն գործերից, որոնք տպագրված են այս ժողովածուում: Ուրեմն սկսենք հենց «Խաղաղության ծխամորճը» (1941) բանաստեղծությունից: Եվ որ ցրված ընթերցողը չշփոթեր, թե ո՞ւմ ծխամորճի մասին է խոսքըՙ Ստալինի՞, թե՞ հեղինակի, հեղինակը այն ձոնել էՙ Մեծ Ստալինին.

Խաղաղ էին հող, օվկիան ու երկինք,

Եվ դո՛ւ, ազգերի մեծ եղբայրության

Ծխամորճն էիր բռնել քո ձեռքին.-

Ծխամորճը քո սուրբ խաղաղության,

Որի կապույտ ու հավերժ ծխի տակ

Ծաղկո՜ւմ էր ազատ ու մի նոր երկիր:

Բայց ելան վայրի հորդաներ խավար...

...Զա՛րկ վերջին անգամ ցասման սուրը քո,

Զա՛րկ, մրրիկները քեզնով են շնչում,

Եվ տիեզերքը քո զարկն է տենչում:

Զա՛րկ, եւ կրկին ա՛ռ ծխամորճը քո,

Եվ խաղաղության ծիծեռնակը թող

Իր բույնը հյուսի ո՛ղջ տիեզերքում:

Ծխամորճը, որ փրկեց Էմինին ռազմաճակատից, յուրովի լեյտմոտիվ է դառնում էմինյան ստալինիանայում: Ահա հաջորդՙ «Կրակը» բանաստեղծությունը (1948 թ.), որը, հենց ըստ Էմինի հղումի, «ճակատային ֆոլկլոր» է, եւ քանի որ հեղինակը չի եղել ճակատում, փոխ է առել ուրիշից: «Մշակում ըստ Կեդրենի», սակայն պիտի իմանար Էմինը, որ Կեդրեն ռուս բանաստեղծ չկար, այլ կա... Կեդրին: Սա մի պարզամիտ ու շինծու «հեքիաթ» է, թե ինչպես կրակի գծում զինվորի կպցրած ծխախոտի կրակը հասնում է... Ավելի լավ է խոսքը փոխանցենք ծխամորճների մասնագետին.

...Եվ այսպես, կռվում էր զինվորը ճակատում,

Կռվում... ու չգիտեր (որտեղի՞ց իմանար),

Որ մարշալն այդ պահին Մոսկվա էր շտապում -

Զինվորի կրակով գլանակը վառած:

Ծխում էր մարշալն ու զեկուցում Կրեմլին,

Եվ ասում են, երբ որ մարշալը դադարեց,

Ստալինը հանգիստ բարձրացավ իր տեղից

Ու նրա կրակից ծխամորճն իր վառեց...

Վառե՛ց ու հաղթության հրամանը գրածՙ

Ժողովուրդը գոչեց շինարար սխրանքի:

...Եվ իբրեւ Մոլոտովն Ասամբլեա թռավ -

Գլանակը վառած ճիշտ այդ նույն կրակից...

Այսպիսով, Էմինին հաջողվում է, չտեսած ո՛չ Ստալին, ո՛չ պատերազմ, ե՛ւ առաջնորդի հետ զրուցել, ե՛ւ Հայրենականի դրվագները պատկերել, եւ՛ այս «հատուկ ծառայությունների» համար առաջիններից մեկը հայ բանաստեղծներից պարգեւատրվել Ստալինյան մրցանակով:

Երբ որոշել են բանաստեղծ Աշոտ Գրաշուն ներկայացնել Ստալինյան մրցանակի, դիմել են Ավետիք Իսահակյանինՙ ստանալու համար հավանությունը: Ասում են, Վարպետը պատասխանել է հետեւյալ կերպ. «Այն օրվանից, երբ Էմինը ստացավ Ստալինյան մրցանակ, խախտվեց այդ մրցանակը տալու տրամաբանությունը, այնպես որ, եկեք այդ խախտված տրամաբանությամբ Գրաշուն էլ ներկայացնենք մրցանակի»:

Երեք երգ ու տաղով ներկա ժողովածուում ներկայացված է Ստալինյան մրցանակի «հավակնորդ» Աշոտ Գրաշին: Գրաշին նույնպես հեռու է եղել պատերազմական թոհուբոհից, ծնվել ու Հայրենականն անց է կացրել Բաքվում, բայց ով կհանդգներ ռազմաճակատ տանել Գրաշուն, որի բանաստեղծությունների առաջին գիրքը վերնագրված էր «Իլյիչը մենք ենք», իսկ 1938 թվին տպագրված գրքի անունն էր «Ժողովրդի հետ», 1942 թվականինՙ «Ռազմի քնար»: Գնանք առաջՙ Ֆրանսիաՙ Գրաշու ներկայացրած «Սովետական պավիլիոնը Փարիզում» (1949 թ.) ուտոպիական երազը: Պոետ Գրաշին Մոսկվա սուրացող գնացքում հանդիպում է մեկ այլ «верноподанная», ծագումով Գյումրիից, մոսկվաբնակ նկարչուհի Մարիամ Ասլամազյանին` «սոցռեալիզմի» ապոլոգետ: Գրաշին իր ողջ պատումը կառուցում է Մարիամի պատմածի հիման վրա: Այնպես որ, կառուցած տաղավարն ավելի շատ վառ երեւակայություն է, ուտոպիական երազանք. աշխարհի ազգերը մտնում են «Սովետական պավիլիոնը»` իրենց պաշտամունքը հավաստելու Կրեմլում նստած «երկրագնդի մեծ իմաստունին»: Հավատարմության ու խինդի էքստազի մեջ հեղինակը ինչ-որ մի պահ կորցնում է ռեալականության զգացմունքը եւ անցնում անտրամաբանական, պարոդիկ աստիճանի գովասանքների հեղեղի... Գրաշի պիտի լինես, որ Գրաշու պես գրես, բայց եւ հոգեբույժ պիտի լինես, որ Գրաշու գրածից մի բան հասկանաս.

Գնացքում նրան հանդիպեցի

Նկարչուհուն իմ հայրենիքի,

Վերադառնում էր հայրենի տուն

Սենայի ափերից: Երգս նրա

Քայլերով հպարտ շրջում է արդ,

Աչքերով նրա լուրջ ու խոհուն

Հայում հեռվում Փարիզյան

Ցուցահանդեսն այն միջազգային,

Ուր պավիլիոնը Սովետական

Այցի են գալիս հոծ խմբերով...

Գալի՜ս են հորդում ու ծովանում

Սովետական իմ պավիլիոնում

Բարեկամներն ազատության...

Բերում են նրանք երկրագնդի

Միակ փրկարար իմ աշխարհի

Զորավարների զորավարին,

Առաջնորդների առաջնորդին,

Մարգարեների մարգարեին,

Իմաստունների իմաստունին

Անհուն հարգանք ու մեծարանք,

Բերում են վարդեր, բոսոր, որպես

Արշալույսները Ֆրանսիայի,

Բերում են վարդեր հրապուրպուր...

..«Արե՛ ւ Ստալինին, արեւ՛ Նրան,

Ով մեր տանջահար, հեգ մարդկության

Ձեռքերից բռնած տանում է արդ

Լույս պարտեզները Կոմունիզմի» -

Գրում են մի խումբ կանայք հնդիկ

Կրծքին ցողաթուրմ կակաչների:

...«Հային հայրենիք տվեցիր Դու,

Եվ մեծ պետություն եղբայրական -

Վերադառնում ենք մենք Հայրենիք,

Ստալի՛ն, եղիր մի՜շտ երջանիկ» -

Տախտակամածից «Ռուսիա» նավի

Գրում են հայերն հայրենադարձ:

...«Իմ սեւ աշխարհը լինչահարվող,

Ստա՛լին, մի օր կարեգակվի,

Փառք դրոշակիդ - արեգակիդ» -

Երգում են վարդե՜րը նեգրերի:

Հայ պոեզիայում մինչ Գրաշին «Կոմունարների պատերը» չէին «բարբառել ծեգից մինչ ծեգ», «Շուշանները ձյունաճերմակ» չէին խոսել եւ չէր «երգել ծաղկեփունջն ալբանական»: Մի տեսեք, ինչ պատկեր է գծում Գրաշու բորբոքված երեւակայությունը.

Ծաղկեփնջերն են խոսում բոլոր,-

Ծաղկեփնջեր, որ լեռնանում են,

Քսվում տանիքին պավիլիոնի,

Մեծ Առաջնորդի բյուստը վսեմ

Լողում է կարծես վարդաշխարհում,

Որպես հաղթական նավ օվկիանոսում:

«Իմ ոսկե գիրք» է անվանում Գրաշին Ստալինյան կոնստիտուցիանՙ «համաժողովրդական օրենսգիրքը».

Իմ ոսկե գիրք, իմ ոսկե գիրք, քո ամեն մի տառն եմ սիրում,

Ստալինի ձեռքով գրված քո ամեն մի բառն եմ սիրում:

Մեր հարսերն էլ չեն թաքնվում ու ամաչում հին լաթերով,

Խաս մետաքս են հիմի հագնում, նախշած հազար ոսկի թելով:

Զառ շորեր են հիմի հագնում, կարված իրենց նուրբ մատներով,

Ման են գալիս օրոր-շորոր մեր բաղերովՙ լի վարդերով:

Միրգ են քաղում անհուն սիրով համայնական պարտեզներում,

Ստալինի մեծ անունը պահած իրենց վարդ սրտերում:

Եվ կրկին ու կրկին իր անմնացորդ նվիրումն է հավաստում.

Մեր իմաստուն Առաջնորդի անպարփակ հանճարն եմ սիրում,

Մեր մեծ Կրեմլի վեհ ամբիոնից արտասանած ճառն եմ սիրում:

Ոսոխներին բնաջնջող չեկիստական ձեռքն եմ սիրում,

Սահմանապահ ընկերներիս արթուն աչքը, երգն եմ սիրում:

Գրաշուն, հարկ է ասել, որ գրական համքարությունում լուրջ երբեք չէին ընդունում, նա իր էությամբ վտանգավոր մարդ չէր, ինքն էր ու իր երգը, եւ չէր կարող Գրաշին այլ կերպ գրել: Պարզապես մարդու տրամաբանությունը Ստալինի հողի վրա խախտվել է.

Ես երգում եմ իմ երկիրը, ուր ծխամորճն Առաջնորդի

Մրրիկներից հետո նորից խաղաղ կեցած Մասսի նման

Ձյունանման ծուխն է ծխում խաղաղության,

Խառնում լեռները լվացող եթերային թարմ կապույտին:

Հմուտ ու փորձված քծնողների կողքին աճեց երեկվա պիոներ-կոմսոմոլներից մի սերունդ, անգիտակից, թույլ, սակայն հավատարմագրված վարչակարգին:

Սույն ժողովածուն կազմողները, ի՞նչ է, չե՞ն զգացել, որ, օրինակ, հեռու են պոեզիայից Գուրգեն Բորյանի գրվածքները, սակայն մի ներքին վախ են ունեցել, որ նրան պետք է ներկայացնել երիտկոմսոմոլ ակտիվիստին: Բորյանից բերված գործերը այնքան թույլ են, որ նրանց մասին պարզապես խոսել չարժե: Գոյական անուն եւ ապա ածականներ.

Ստալին դու հզոր, վառ, պայծառ,

Քո անունը հար շողշողուն,

Քո անունը կյանք ու գարուն,

Դու մեր սրտի սերը անհուն, ջա՜ն...

(«Մեծ Ստալին»)

Տակավին 22 տարեկան է եղել Բորյանը, երբ առաջին անգամ այցելել է Գորի քաղաքը, որը տակնուվրա է արել մեր 22-ամյա «պիոների» հոգեկան աշխարհը. «Քո քաղաքում, ո՜վ Առաջնորդ արեւածին, / Երջանկության հազար աղբյուր սիրտս ու հոգիս ողողեցին...»: Եվ ինչպես այս բերկրանքդ չկիսես մեր «սովետական երիտասարդության» հետ.

Չէ՜ որ, անգին մեր Առաջնորդ, դու ծնվել ես այս քաղաքում...

Ամեն մի տեղ քե՜զ եմ տեսնում, դու ես ժպտում ինձ հայրաբար,

...- Քեզ բյո՜ւր ողջույն Առաջնորդի հայրենական Գորի քաղաք...

Իսկ հայացքս հառած հեռունՙ պայծառ Կրեմլի լույս աստղերին,

Գոչում եմ եսՙ իմ սերը քե՛զ, իմ կյանքը քե՛զ, մե՜ծ Ստալին:

Ի՜նչ հնարքի ասես չեն դիմում մեր պոետները Ստալինի փառաբանման էստաֆետում: Ահա ճանաչված պոետ Սողոմոն Տարոնցին ռուսերենից վերցրել ու մշակել է հայերեն տաջիկական մի լեգենդ «Երջանկության գիրքը» անվամբ, հասել մինչեւ Լենկթեմուրի դարաշրջանը, երբ հավիտյանս թաղել են «երջանկության գիրքը», եւ ահա մեր օրերում Ստալինն այդ գիրքը հաղթականորեն կյանքի է կոչել...

Այդ տաջիկական լեգենդը եզակի հյուր չէր 1949 թվականի հայոց ստալինապատման ժողովածուում: Ահա մեկ այլ տաջիկական լեգենդ էլ գրքում վերապատմում է Թիֆլիսում մտավորականի ընտանիքում մեծացած, մինչեւ իսկ Սերգեյ Գորոդեցկու «Цех поэтов» գրական խմբակին աշխատակցած, շատ բարեկիրթ անձնավորությունՙ բանաստեղծուհի Հռիփսիմե Պողոսյանը: Գուցեեւ ճիշտ ընտրություն է արել մեր հարգելի բանաստեղծուհին, ժողովրդի լեզվով ասած շառից հեռու, եղել է տաջիկական լեգենդՙ «Երկնագույն գորգը», որը նա թարգմանել-մշակել եւ ներկայացրել է ընթերցողին: Ընդ որում, «Գորգը» հյուսված է բավականին հմուտ ու ստալինյան թեմային սոսկ հպանցիկ առնչություն ունի:

Մեր հայ բանաստեղծուհիները երեւում է սիրում են գորգ հյուսել. ահա երիտասարդ բանաստեղծուհի Շողիկ Սաֆյանը նույնպես անցնում է «գորգագործության», արդյունքում Ստալինի շատ օրիգինալ դիմանկարն է ստացվում. Ու Առաջնորդի պայծառ ճակատին

Ես իմաստության կնճիռ հյուսեցի,

Եվ աչքերի մեջ մեծ ապագայի

Պատկերը վառման նուրբ նկարեցի:

Թեեւ երկուական գործերով են ներկայացված Սամվել Գրիգորյանը, Վահան Գրիգորյանը եւ Մեսրոպ Մերուժանը, սակայն չգիտես ինչ անուն տալ հիշյալ հեղինակների գրվածքներին, ոչինչ չի փոխվի, եթե բանաստեղծների անունները տեղերով փոխես. նույնը չէ՞, թե ով է գրել հետեւյալ տողերը.

Լույսեր վառած, դրախտ դառած ծաղկաբույր մեր աշխարհում,

Պայծառ սիրով, ջերմ հույզերով իմ լույս սերն է քեզ բերում...

...Իսկ անպարփակ, անծայրածիր երկիրն իմ

Ունկնդրում է Առաջնորդին իմաստուն...

...Ու վար կիջնեն աստղերը - մեր տներում կշողան,

Մեր սրտերն ու մեր հոգին լույսով լեցուն կլինի:

Ո՞վ կարող է հերքել լեֆականների դրույթը, որ պոեզիան կոլեկտիվ աշխատանք է... Պանեգիրիկները եւս լինում են տաղանդավոր եւ անտաղանդ, անպայման չէ, որ տաղանդավոր բանաստեղծը ուժեղ գործ գրած լինի կամ հակառակը, սակայն կան անկեղծ ստալինիստներ, կան եւ շինծու, կեղծ ստալինիստներ:

Ո՞վ է առաջինը գրել Ստալինի մասին... Մեր գրախոսվող գրքում դա, ինչպես եւ պետք էր սպասել, պրոլետբանաստեղծ Հակոբ Հակոբյանն է: Բանվորական շարժման մետր-բանաստեղծը դեռեւս 1925 թվականին իր «Վոլխովստրոյ» պոեմի վերջաբանում, ողբալով Լենինի կորուստը, երեւան է բերում նոր առաջնորդի անունը.

Չկա՛ Լենին... (Վոլխովստրոյը մի մարմնացում Լենինի),

Որ պատվիրեց Վոլխովստրոյը շինել, ի՛նչ էլ որ լինի...

Չկա Լենին, սակայն... սակայն... կան Լենինի զավակներ,

Որ շարունակ մարմնացնում են նրա թողած պատգամներ:

Հրե՛ն Ստա՜լին... պողպատ ձեռքով երկրի ղեկը ձեռքն առած

Ղեկավարում, վարում է մեր կարմիր նավը դեպ առաջ,

Աշակերտը մեծ ուսուցչի արժանավոր է զավակ -

Արթուն պահակ մեր Միությանՙ հսկող ամեն ժամանակ:

Մի գանձ էլ ունի սույն գրքում մեր հարգելի հայկական Վերհարնը (որի մասին Շիրվանզադեն ասել էՙ չգիտեմ ինչ է, բայց վերըՙ խառն է)ՙ գրված արդեն 1936 թվականին, իր մահկանացուն կնքելուց մի քիչ առաջ...

Որոշ առումով «Կրեմլի դահլիճում» բանաստեղծության մեջ նա այլաբանական իմաստ է փորձում ներդնել, այլաբանական, քանզի գրված է 1936 թվին, մի շրջան, երբ Հակոբյանը համոզվեց, որ Ստալինը լիովին կատարել էր Լենինի աճյունի առաջ տված «պատմական» երդումը. «Уходя от нас товарищ Ленин завещал» սկսվածքով.

Եվ դեմքը խրոխտ մեծն Լենինի,

Որ լույսերի մեջ բեմումն է բազմածՙ

Նույնպես ժպտում է նման Ստալինի -

- Վեց երդումն արդեն պատվով կատարած...

Երկուական գործերով ներկայացվածների շարքը եզրափակում է Վահագն Դավթյանը: Դավթյանը, ի տարբերություն հրաշալի «քառյակի», Հայրենական մեծ պատերազմին մասնակցել է: Սույն գրքում նա հանդես է գալիս տուրուխանյան գիշերվա պես երկարաշունչ «Տուրուխանյան երկրում» պոեմով ( էջ 17 եւ դա միայն ֆրանգմենտներն են): Ահա ուշագրավ մի դրվագ, երբ Ստալինը հետաքրքրվում է 1915 թվի ձմռանը իր մոտ աքսորավայրՙ Կուբեյկա հյուր եկած նույնպես աքսորական Սուրեն Սպանդարյանից նրա ընտանիքի մասին: Վ. Դավթյանի գրվածքը 1949 թվականին գուցե եւ հոգեկան թրթիռով է ընկալվել, այսօր այն իհարկե միայն ժպիտ է առաջացնում.

- Իսկ ի՞նչ լուրեր ունես, Սուրեն, տանից,

Ինչպե՞ս են դուստրերդՙ Անժելիկան, Մանյան,

Ո՞նց է արդյոք քեֆը փոքրիկ Ստեփանի,

Եվ ինչպե՞ս է ապրում Օլգա Վյաչեսլավնան:

- Օլգան լավ է, լավ են նաեւ մանկիկներս,

Իրենց թոթով գրչով հաճախ գրում են ինձ,

Բայց, այ, վերջերս խիստ մտահոգվում եմ ես,

Որ «3» է ստանում Մանյան ռուսերենից...

Արդեն «փոքրիկ Ստեփանի» հալը իմանալուց հետո Ստալինը պայծառանում է եւ այդ խոհուն զրույցում, իր հերթին, վերակերտում է Լենինի դիմաքանդակը.

- Այո, Սուրեն, երբ ես դեռ տարիներ առաջ

Ծանոթացա նրա մեծ կյանքին ու գործին,

Ինձ թվաց, որ ոչ թե մարդ է նա հասարակ

Կամ սոսկ մի ղեկավար - այլ` լեռնային արծիվ...

Ու երբ Տամմերֆորսում հանդիպեցի նրան,

Զգացի, որ մեծ է նա մեծերից բոլոր,

Որ գերում է, տանում է անվարան

Նա ամենքին մտքով իր զորավոր...

Չպարծենալ երբեք հաղթանակով տարած,

Ու պարտության դեպքում չնվնվալ.

Սկզբունքն այս վսեմ միշտ օգնում է նրան

Հաղթահարել ամեն անակնկալ:

Կուզենայինք հարց տալ պոեմի պատմիչին` Ստալինին, այդ ի՞նչ հաղթանակով կարող էր պարծենալ Լենինը 1915 թվականին: Թերեւս այդ մասին գիտեր միայն Վահագն Դավթյանը:

Բայց եւ հանուն ճշմարտության պետք է ասել, որ հեղափոխական լիդերներն էլ մարդիկ են, եթե անգամ հայտնվել են արհեստական իրավիճակներում, եւ ձմռան գիշերներին զբաղված են հնարովի երկխոսությամբ:

Դրությունը չեն փրկում Վահագն Դավթյանի ոչ «Մոսկվա» եւ ոչ անգամ «Առաջնորդի ծանոթ ծխամորճը...» բանաստեղծությունները:

Բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանը ծառայել է երկրին եւ խոսքով, եւ գործով, եղել է ոչ թե բանակային թղթակից կամ զինկոմիսարիատի աշխատակից, այլ` 1942 թվականից զինվոր եւ զինվոր կրակի գծումՙ Ստալինգրադյան ճակատում: Սույն գրքում նրա ներկայացրած միակ «Պահ Մոսկվայում» բանաստեղծությունը հեռու է վերամբարձ երդումներից, կուրծք թմբկահարելուց, շինծու իրավիճակներից:

Հին ընկերներ եւ հասակակիցներ են Սիլվա Կապուտիկյանը եւ Հրաչյա Հովհաննիսյանը, թեեւ Սիլվան Հրաչյայից երեք տարի առաջ է ՍՄԿԿ շարքերն ընդունվել, եւ մինչեւ Հրաչյան իր առաջին գիրքը կհրատարակեր, Սիլվան հասցրել էր երեք գիրք տպագրել: Ինչպես եւ Հրաչյան, Սիլվան էլ է սույն գրքում ներկայացված մեկ բանաստեղծությամբՙ «Առաջնորդին»: Ասելիքին հավաստիություն տալու համար Կապուտիկյանը հղում է անում «արտասահմանյան թերթերին», որպես բնաբան այնտեղից վերցնելովՙ «Ստալինը ցույց է տալիս խաղաղության ճանապարհը» ֆրազը, որը հավանաբար փոխ է առնվել ֆրանսիացի կոմունիստների «L"Humanitռ» թերթից: Ի վերջո, ինչո՞ւ է տագնապում բանաստեղծուհին.

Աշխարհը քեզ է նայում նորից,

Նա, որ հենց նոր է մահից փրկված,

Բայց չհագեցած արյուններից

Ոսկու տերերը եղեռնաբաղձ

Ցանցել են ուզում նրան կրկին

Պատերազմների նոր ոստայնում...

Պետք է նոր Փրկիչ, եւ այդ Փրկիչը ըստ Կապուտիկյանի` Իոսիֆն է: Եվ սա սոսկ էմոցիոնալ զգացմունք չէ, սա հավատամք է.

Երբ դո՛ւ ես հույսի խոսքը ասում

Ցրվում է մութը մռայլադեմ.

Քո շուրթից ելած ամեն խոստում

Մեր մեջ մարմին է առնում արդեն,

Ու քո հույսով է շնչում կրկին

Զարթնող այս հողը կենսաշաղախ,

Փռի՛ր տագնապած այս աշխարհին

Քո ծխամորճի ծո՜ւխը խաղաղ...

Մտածում ես կրկին ի՞նչ պիտի անեին հայ բանաստեղծները, եթե Ստալինը ծխամորճ չծխեր...

Իմաստալից բանաստեղծություն է զետեղել ներկա ժողովածուում Համո Սահյանը` Գուսան Համո Սահակյան կեղծանվամբ: Եվ չմոռանամ ընդգծել մի կարեւոր հանգամանք, որ պատերազմի տարիներին Համո Սահյանը 4 տարի ծառայել է ռազմածովային նավատորմում: Սահյանի միակ բանաստեղծության վերնագիրն է «Ցնծություն», եւ սա ավելի շուտ բնության, կյանքի, լուսավոր ուժերի ցնծությունն է: Սահյանը մնում է Սահյան իր անկեղծ մտորումներով, լակոնիկ պատկերներով.

...Մառախլապատ գիշերներից

Մեր երազած օրին հասանք,

Հույսերով լի, հույզերով լի

Այս բազմալույս նորին հասանք...

...Մռայլ կյանքի անտակ կիրճից

Այս վառ լուսաբացին հասանք...

...Բախտի խորունկ խորխորատից

Լուսապայծառ նորին հասանք...

Սահյանը վարպետորեն հարմարեցրել է իր ասելիքը խորհրդային ատրիբուտիկայինՙ «Կոմունիզմին լուսապայծառ», «Սոցիալիզմի արեգակին», «Անմարելի երջանկությանը», «Ստալինյան մեր մեծ դարին»: Իհարկե, սա էլ մի էջ է խորհրդային ներբողների շարքից, բայց ոչ թե վանող, այլ` հնարամիտ:

Թվում էր, թե գրքում կբացակայի Պարույր Սեւակը, բայց ոչ, նա էլ կա: Ուրեմն ապահովված էր բոլորի ներկայությունը: Բայց կա ներկայության անսքող քծնանքով, մարդկային էլեմենտար արժանապատվության կորստով, եւ կա ներկայության բառի արժեքը հարգող, բանաստեղծ հասկացողությունը գետնին չտալովՙ պահպանելով սեփական ես-ը, անգամ դժվարին փորձության պահին:

Այս վերջին բնորոշումը լրիվ համապատասխանում է Պարույր Սեւակի` ստալինյան անթոլոգիայում ներկայացված «Խաղաղություն եւ հաղթանակ» բանաստեղծությանը: Սեւակը փորձել է խոհական երանգ տալ գրվածքին, ըստ էության կերտելով մի բանաստեղծություն, որը ժողովրդի տարած հաղթանակի արժեքավորումն է, եւ ուր առաջնորդը զուտ կրավորական դեր ունի.

Ճերմակել է նորից աշնան դաշտը դեղին -

Կրկին ձյունն է իջնում անհունորեն խաղաղ,

Ամեն աղմուկ ու ճիչ թվում է անտեղի,

Անհարիր է թվում ամեն մի աղաղակ...

...Գիտես - ինչպես օջախն ամեն հարկի ներքո,

Ամեն կրծքի ներքո վառ հուրն է հաղթության,

Պատրա՜ստ է ամեն սիրտ Առաջնորդի խոսքով

Ինչպես երեկՙ կրկին, կրկին ի մարտ երթալ...

Սույն ժողովածուում, կարծես անկախ իրենցից, հոգեբանորեն բացվում են մեր հեղինակները: Ի վերջո, ինչ թեմա էլ լինի, որքան հանդիսավոր ու կարեւոր, այն չի կարող փրկել թույլ բանաստեղծությունը: Ահա վառ օրինակՙ բանաստեղծ Բաբկեն Կարապետյանը, թեեւ բավական փորձ էր ձեռք բերել Ստալին գովերգելու, նոր երկում ստեղծում է հանդիսավոր մի իրավիճակՙ Մոսկվայում, Կրեմլում, Գեորգիեւյան դահլիճում Հայ արվեստի դեկադայի բացումն է: Այս է ավետում «Կրեմլում» բանաստեղծությունը.

...Այստեղ է մեր ժողովուրդը, բազմադարյան ազգը հին,

Որ բերել է իր արվեստը` բարձրաշառաչ իր հոգին:

...Եվ ներս մտավ մեծ Արեւը, շրջապատում հարազատ,

Ուռռաները որոտացին բոց կրծքերից հարազատ:

...Դահլիճն ասես լույսով լցվեց, լցվեց հրով անսպառ,

Ասես հազար արեւ վառվեց մեր սրտերում սիրավառ:

Շահումյանը սիրակարոտ, կարծես ահա մոտեցավ,

Ստալինին գրկեց սիրով, ապա նայեց հրացայտ...

...Ժողովուրդն իմ ջլաբազուկ ոսկե թասը բարձրացրել,

Ու խմում է կենացը մեծ Ստալինի հանճարեղ...

Իսկ բանաստեղծ եւ արձակագիր Հովհաննես Ղուկասյանը, որ վերջերս էր հայրենիք վերադարձել Պարսկաստանից, երգում է մեծ խնդությամբ հայրենադարձության թեման.

Եվ պանդխտության ցուպս այրելով`

Ես վառ տենչերով հայրենիք մտա,

Վշտից ազատված, ուրախ երգելով

Ծաղկադաշտերով հայրենիք մտա:

Իրականություն «պլպլացնող» այս պատկերը պատումի սոսկ սկիզբն է, հաջորդ հատվածներում նորաթուխ սովետական քաղաքացին իր երախտիքն է արտահայտում.

...Դու փրկեցիր մեզ սրից, խորշակից, ճամփաներից քար,

Քո արեւ սիրտը վանեց մեր հոգու գիշերը երկար,

Էլ մենք պանդուխտ չենք օտար ափերում.

Շենշող տներն են, ջա՜ն, ողջունում մեզ,

Տե՛ս, մեկիկ-մեկիկ նրանց համբուրում,

Երդվո՜ւմ եմ ես Քեզ:

Ո՛վ մեծ Բարեկամ հայ ժողովրդի,

Ինչպես նոր երգիչ, Քո փառքը կերգեմ,

Իբրեւ զինվորդ ու պոետ որդիդ,

Արշալույսներում Քո փառքը կերգեմ...

(«Երդում»)

Գուցեեւ անկեղծ է բանաստեղծը, սակայն բոլոր դեպքերում նա, որ միայն 1946 թվին էր ներգաղթել, պիտի ավելի խորամուխ լիներ հայրենիքի իրականության մեջ եւ ապա նոր իր երդումը տար, քանզի երդմնազանց լինելը ավելի վատ նշան է, քան երդում չտալը...

Մերկապարանոց գովեստների, անդեմ պատկերների, դատարկ փառաբանումների մի հոծ շղթա են կազմում ստալինյան անթոլոգիայում մեկ երկով հանդես եկած բանաստեղծներ Հենրիկ Թումանյանի, Արշալույս Սարոյանի, Սաղաթել Հարությունյանի, Արտաշես Պողոսյանի, Գրիգոր Գուլյանի, թիֆլիսեցի բանահավաք Գրիգոր Արտունու գործերը: Իրար ձայն տված Ստալինի կենացն են խմում Ցական Շողենցն ու Վահան Արամունին:

...Մենք խմում ենք նորից կենացդ առաջին,

Ո՜վ Առաջնորդ, մեր հաղթանակ ու ավյուն,-

Դու, որ բերիր խաղաղության օրը ջինջ -

Դարձնելով մեր երազները կյանք անհուն:

Ցական Շողենց

...Ահավասիկ եւ մենք այս նոր տարվա շեմին

Բարձրացնում ենք բաժակ գինով լեցուն,

Խմում Ստալինի կենացը եւ գոչում.

- Փա՜ռք քեզ, Առաջնորդ մեր հզոր ու մեծ:

Վահան Արամունի

Մեր ասելիքը լրիվ չէր լինի, եթե չանդրադառնայինք գրքում բերված Ավետիք Իսահակյանի «Մեծ Ստալինին» (1939) բանաստեղծությանը: Այդ բանաստեղծությունը գրվել է Ստալինի ծննդյան 60-ամյակի նախօրեինՙ 1939 թվականին, տպագրվել այդ օրերին եւ Վարպետի հետագա ժողովածուներում: Կարո՞ղ էր արդյոք Իսահակյանը այս բանաստեղծությունը չգրել: Նա, ինչպես եւ մեր գրախոսվող ստալինապատումի բոլոր հեղինակները, ովքեր որ ապրում էին Սովետական Հայաստանում, չէին կարող չգրել, չէին կարող ցույց չտալ իրենց վերաբերմունքը Ստալինին, երբ ամբողջ երկիրը տոնում էր առաջնորդի 70-ամյա հոբելյանը: Դա կդիտվեր բացեիբաց դեմոնստրացիա, Ստալինի պատմական երեւույթի ժխտում, այսինքնՙ հակախորհրդային քայլ` այդտեղից բխող իր բոլոր հետեւանքներով: Եվ շատերը, թե՛ երկրում, թե՛ դրսում, գուցեեւ սպասում էին Իսահակյանի մերժմանը, որից հետո նրա ֆիզիկական ներկայությունը կլիներ օրերի հարց:

Դրա՞ համար արդյոք Իսահակյանը վերադարձավ խաղաղ փարիզյան կյանքից, թողնելով ե՛ւ անդորր, ե՛ւ ազատ ստեղծագործելու անվերջ հնարավորություն, ե՛ւ հին ընկերներ, ե՛ւ հին գաղափարներ (որոնց, ի դեպ, իր էությամբ հավատարիմ մնաց մինչեւ վերջ): Ո՛չ, նա եկավ, որովհետեւ անելիք ուներ: Եվ նա հեռու էր կամավոր ինքնազոհության գաղափարից:

Նա ասելիք ուներ: Նա իր գոյությամբ, իր ներկայությամբ եւ իր գործունեությամբ շա՜տ-շատ պետք էր իր հայրենիքին: Ինչպես եւ հենց այս գրքում հանդես եկած շատ երիտասարդ բանաստեղծների նա պիտի ցույց տար տաճար տանող ճամփան...

Իսկ այն, ինչ նա գրեց, կարող է ընկալվել երկակի իմաստով, եւ ես առաջինը չեմ դա ասում, դա առանց դժվարության կարող է նկատել յուրաքանչյուր ուշադիր ընթերցող, եթե կետադրական մի փոքր փոփոխություն արվի, անգամ եւ առանց փոփոխության, զուտ տեքստային իմաստով: Մեզ թվում է, որ Իսահակյանը նման շեշտադրումը դիտավորյալ չի արել, դա ստացվել է պոետական արվեստի թելադրանքով. այդպես է լսվել նրա ականջին, այդպես է գրվել, եւ հետո տողը միտք դարձել...

Բարձրացրել ես դու պատմության սուրն ահեղ

Երկրի վրաՙ ոճիրներով ծանրաբեռ.Ստեղծագործ խոսքըդ հզոր եւ անշեղ

Ողջ աշխարհի սրտում կրակ է վառել:

Ելան ծովերն ու ծովերին միացան,

Դու վարեցիր ժողովուրդներ բազմահեծ

Ազատության, արդարության հանգրվան,

Նոր մարդկության մի նոր աշխարհ լուծընկեց:

Բռնկվել է արյան հեղեղը կրկին,

Վրնջում են նժույգները երկաթի,

Սակայն սանձը մրրիկների զայրագին

Դու բռնել ես քո կուռ ձեռքում պողպատի:

Եվ տանում ես հաղթանակից հաղթանակ

Հայրենիքը մեր անեզերք, աննկուն.

Քեզ անսպառ կամք ու կորով, երկար կյա՜նք,

Ո՜վ մեծ գործի մե՛ծ առաջնորդ իմաստուն:

Երկրորդ համաշխարհային պատերազմի նախաշեմին գրված այս երկում, Իսահակյանը փաստորեն մարգարեանում էՙ կանխատեսելով հաղթանակը մոտալուտ «արյան հեղեղում»:

Երբ համեմատում ենք այս բանաստեղծությունը գրքի այլ երկերի հետ եւ զուտ պոետական արվեստի, զուտ ասելիքի ծանրակշռության եւ լեզվական կատարելության իմաստով, գալիս ենք այն եզրակացության, որ Իսահակյանի գրվածքը լավագույնն է գրքում:

Իսահակյանը, իմիջիայլոց, ոչինչ չի գրել եւ ոչ էլ պատվեր է կատարել: Խնդիր է եղել, եւ նա փայլուն կերպով այն լուծել է: Այլ հարց էՙ որքանով էր այդ գրվածքը Իսահակյանի սրտով: Եվ արդյոք չէ՞ր զղջացել, որ գրել էր պոեզիայի տեսանկյունից կատարյալ գործ: Չէ՞ որ կարելի էր հետեւյալ մտածողությունը ի սպաս դնելՙ որքան վատ, այնքան լավ: Բայց սա անհարիր էր Իսահակյան ստեղծագործողին: Նա չափազանց հարգում էր պոեզիան եւ գիտեր իր ստորագրության արժեքը:

Վերջացնենք այս թեման ավելի զվարթ տրամադրությամբ:

1955 թ. Հայաստանի գրողների միության վարչության նիստ է տեղի ունենումՙ կապված անհատի պաշտամունքի քննադատության եւ ՍՄԿԿ XX համագումարի խրուշչովյան զեկուցման հետ: Գրողները թունդ վիճաբանում են, մեկը մյուսինՙ իսկ դու այսպես, իսկ դու այնպես: Նաիրի Զարյանը տեսնելով, որ շանթերը շատ են ուղղվում իր կողմը, արդարանալու համար ասում է. «Անգամ Իսահակյանն է տուրք տվել Ստալինի փառաբանմանը»: Իսահակյանը ստիպված խոսք է վերցնում. «Այստեղ ընկեր Նաիրին խոսեց տուրքի մասին, ես առաջարկում եմՙ եկեք ետ վերցնենք այդ տուրքերը իմ գրվածքներից եւ Նաիրիի գրվածքներից եւ տեսնենք տակը ի՜նչ կմնա...»:

2013 թ. հունվար

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #7, 20-04-2013

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ