«ՀԱՅԴԵ, ՄԱՆՉՍ, ՂԱՅՖԵ ՄԸ ԲԵՐ» ԱՎԻԿ ԻՍԱՀԱԿՅԱՆ Հրաչյա Ներսիսյանը եւ մյուսները Ինչ-որ ես գիտեմ, նրանք չգիտեն, իսկ նրանց իմացածը ես վաղուց եմ անցել... Թռուցիկ ֆրազ
Նրանք «Արմենիա» ռեստորան էին գալիս երեկոյան 7-ի կողմերը, մուգ, ճաշակավոր կարված կոստյումներով, հիմնականում ճերմակ շապիկով եւ փողկապով, լավ սափրված: Լուրջ տրամադրությամբ գալիս էին ռեստորան ոչ թե ուտել-խմելու, այլՙ իրար տեսնելու, զրուցելու, վիճելու, սիրտները բացելու, կատակելու ու զվարճանալու, բայց ոչ երբեքՙ տխրելու: Քանի որ դրսում տխրելու այնքան առիթ կար, որ գոնե այստեղ փորձում էին իրականությունից մի պահ կտրվել: Իրենք էլ դեռ բավականին երիտասարդ էին, ավելի ծանր, սահմռկեցուցիչ 1937-1939 թվականները, աշխարհացունց պատերազմը եւ բռնության դաժան շղթայի նոր օղակըՙ 1949 թ. աքսորը, արդեն ետեւն էին: Եվ ինչ սպասվեր կամ չսպասվեր, այստեղ արդեն «Ինտուրիստ» դարձած նորաբաց «Արմենիա» հյուրանոցում կյանքը հուշում էր ավելի լավատեսական տրամադրություն: Եվ նրանք տեղափոխվում էին «Արմենիա» ճաշարան սովորաբար ցրտերն ընկնելուն պես, երբ արդեն հաճելի չէր նստել հին «Ինտուրիստի» բացօթյա սրճարանում, «Մոսկվա» կինոթատրոնի դիմացը: Այնպես որ, «Ինտուրիստի» ամառային սրճարանը աշնանը դատարկվում էր, փոխարենը նրանց ընկերախումբը հավաքվում էր «Արմենիա» հյուրանոցի 2-րդ հարկի ռեստորանում: Նրանք գալիս էին առանց նախօրոք պայմանավորվածության: Գալիս էին, երբ սիրտները քաշում էր, երբ, ինչպես ասում էինՙ ոտներն իրենք տանում էին «Արմենիա»... Դե ո՞վ կարող էր իմանալ, ասենք, թե ընկերակցության հոգեհայր ("душа компании" )ՙ Հրաչյա Ներսիսյանի ներկայացումը երբ կվերջանար, որ նա գցեր իրեն «Արմենիա» (ես օգտագործեցի այս երկու բառըՙ «գցեր իրեն» ոչ պատահաբար, նա վաղուց արդեն միայն այստեղ էր իրեն լավ զգում, այնպես, ինչպես ձուկըՙ ջրում): Ես կարող եմ նույնն ասել եւ՛ հորսՙ Վիգեն Իսահակյանի, եւ՛ Երվանդ Քոչարի, եւ՛ Խաչիկ Դաշտենցի, եւ՛ Ֆրունզիկ Մկրտչյանի, եւ՛ կոմպոզիտոր Արամ Քոչարյանի, եւ՛ դրամատուրգ Արարատ Բարսեղյանի, Գարեգին Բեսի, դերասաններ Արման Կոթիկյանի, Ժան Էլոյանի, Հովհաննես Ավագյանի, Վաղինակ Մարգունու, Կայծունու, Գենի եւ, իհարկե, մեր կենդանի դասական Հովհաննես Շիրազի մասին: Այստեղ բանաստեղծն իրեն, իրոք, որպես արքա էր զգում. «Արմենիայի» ողջ տիրույթը, երբեմնի ողբերգականորեն կորցրած հայրենիքի հազար անգամ փոքրացրած մոդելը, իսկ «Արմենիայի» ողջ անձնակազմինՙ դռնապաններից (շվեյցարներ) սկսած մինչեւ թարգմանիչները, ադմինիստրատորները, խոհարարներն ու մանավանդ մատուցողները, համարում էր իր կորցրած երբեմնի բանակի զինվորները: Եվ թե՛ ինքը, թե՛ «Արմենիայի» անձնակազմը մի թեթեւ իրոնիկ ժպիտով ընդունում էին այս իրողությունը: Իրողություն, քանի որ այդ ամենը եղելություն է եղել, ճշմարիտ, հետեւաբար այն կարելի է եւ իրողություն կոչել: Գալիս էին եւ ավելի երիտասարդ նրանց ընկերներըՙ նկարիչներ Սեյրան Խաթլամաջյանը, Մարտին Պետրոսյանը, Դեղձ Աշոտը, Վրույրը, Ռուբեն Ադալյանը, Արտաշես Հունանյանը, քանդակագործներ Արտո Չաքմաքչյանը, Արա Շիրազը, Դավիթ Երեւանցին: Գալիս էին եւ երիտասարդ սունդուկյանցիներՙ Շահում Ղազարյանը, Հովակ Գալոյանը, Նորիկ Գեւորգյանը, Գեւորգ Չեփչյանը, Վլադիմիր Աբաջյանը: Կային եւ այլ մշտական այցելուներ, սակայն կապ չունեցող մեր «երեւելիների» խմբի հետ, բայց եւ իրենց բնագավառում ոչ պակաս հայտնի անուններ եւ ոչ պակաս «Արմենիայի» նվիրյալներ. օրինակ անվանի բժիշկներիցՙ Զորայր Նարիմանյանը, Իգոր Տոկտալոն, Սուրեն Ավդալբեկյանը, Կիմ Շուքուրյանը, Վիգեն Մալխասյանցը, Իվան Աղաջանյանը, Ավետ Միդոյանը... Գալիս էին մեծ կամ փոքր ընկերական շրջանակովՙ դատավորներ ու շինարարներ, «ցեխովիկներ» ու շրջանային ղեկավարներ, իրավապահ մարմնի պատասխանատուներ եւ էլի օրենքի աչալուրջ հետեւողներ, բայցՙ քաղաքացիական հագուստներով: Այստեղ սեղանները միշտ ծածկված էին լավ արդուկված ճերմակ սփռոցներով, սպասքները բերված էին Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետությունից (այսօր խիստ զավեշտական է հնչում բառերի այս կապակցությունը): Ռեստորանի ողջ ամանեղենի վրա դաջված էր «Интурист»-ի հայտնի լոգոն: Յուրաքանչյուր սեղանին փոքրիկ մի ծաղկաման կար եւ, իհարկե, ոչ դատարկ: Արդեն 50-ական թվականների կեսերից, մեր քաղաքացիներից բացի, «Արմենիայում» սկսեցին երեւալ օտարերկրյա տուրիստական խմբեր, իսկ առաջին հայ զբոսաշրջիկների խմբերը սկսեցին գալ 1954 թվականից (Կրեմլյան բռնակալի երկար սպասված մահից ուղիղ մեկ տարի անց): Այդ անդրանիկ խմբերը հիմնականում ԱՄՆ-ից էին, որոնք շա՜տ երկար ճանապարհ էին կտրում-անցնում: Սկզբում «Դուգլասներով»ՙ ներքին ուղղության ինքնաթիռներով Լոս Անջելեսից-Նյու-Յորք, ապա KLM կամ SAS ավիաընկերության ութ շարժիչանոց բոինգներով անցնում էին Ատլանտյան օվկիանոսըՙ Նյու-Յորքից-Գանդեր-Շենոն (Իռլանդիա), հետո ավելի հեշտ էր այնտեղից Փարիզ կամ Լոնդոն, մեկ գիշեր հյուրանոց, հետո անցնում էին «Երկաթյա վարագույրը» եւ հայտնվում Մոսկվայում, այնտեղ եւս դադար մեկ գիշեր, ի դեպ, հայերը ցանկանում էին գիշերն անցկացնել Մոսկվայի «Արմենիա» հյուրանոցում, եւ եթե ժամանակը ներերՙ այնտեղի «Արարատ» ռեստորանում ճաշակել հիանալի հայկական խոհանոցի բարիքները, լսել հայկական երաժշտություն (որը ռաբիսի եւ Արտեմի Այվազյանի հորինվածքների խառնուրդն էր): Եվ հաջորդ օրը նոր միայն ԻԼ-14 ինքնաթիռով Ռոստով-Թիֆլիս օդանավակայաններում, վայրէջք կատարելով, հասնում այնքան երազած ու այնքան փափագած իրենց եւ մեր Երեւանըՙ իր համեստ, բայց գողտրիկ օդանավակայանով: Եվ այնտեղից ռուսական ճռճռան ավտոբուսներովՙ ուղիղ իրենց հանգրվանըՙ մեր եւ իրենց «Արմենիա» հյուրանոցը: Եվ որտե՞ղ էր երեւանցին առաջին անգամ տեսնում մեր ամերիկահայ քույրերին եւ եղբայրներին. իհարկեՙ «Արմենիա» ռեստորանում: Եվ մտնում էիր դահլիճ, ու հրաշալի մի նվագախումբ դիմավորում էր «Կարինե» երգով: «Արմենիայի» նվագախումբըՙ դա մի առանձին թեմա է: Տարբեր տարիներՙ 1950-ականներից մինչեւ 1990-ականների սկիզբը, մոտ քառասուն տարի, մինչեւ վերջնականապես «Արմենիայի» հերը անիծեցին, ընչաքաղց կերպով վաճառելով այն մի ամերիկյան ընկերության, որն ընդհանրապես «Արմենիա» անունը հանեց շենքի ճակատից, խորհելով, որ այն խանգարում է իրենց «Մարիոթ» անվանը... Եվ, իհարկե, խանգարում էր. Նամիբիայում կամ Զաիրում գուցե նրանց հաջողվել էր բացել «Մարիոթ», վերացնելով «հոթելի» հին անունը, որովհետեւ այդ պետությունները ստեղծվել են ընդամենը Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո, նախկին անգլո կամ ֆրանսիական գաղութների հենքի վրա, եւ կրում են համապատասխան անվանումըՙ «Բանանային հանրապետություն»... Մենք ու՞մ գաղութն էինք կամ բանանային երկիրը, որ հոժարակամ թույլ տվեցինք շենշող «Արմենիա» անունը մեր տուֆակերտ կոթողից վայր բերել ու գցել աղբաթափոնների արկղը, կարծես այն բնավ չի էլ եղել: Բայց պատմությունը ցույց է տալիս, որ աղբարկղ են գցում այն անձանց, ովքեր նման խաղեր են խաղում իրենց երկրի գլխին: Ի՞նչ կա որ. երեկ «Արմենիա» էր, այսօրՙ «Մարիոթ», վաղն էլ կլինի «Էլ-Սուլեյմանլի»ՙ վճարիր միայն: Մեր «Արմենիայի» զավակները, որ Հրաչյա Ներսիսյանի գլխավորությամբ նստում էին սրահի երրորդ դռներից աջ պատի ներքո սեղանի շուրջը (մի տեւական ժամանակ, ի հիշատակ մեծ արտիստի, այդ սեղանի գլխավերեւըՙ պատին փակցված էր Հրաչյա Ներսիսյանի շատ ճաշակավոր դիմակ-քանդակը, ի դեպ, որը եւս «Արմենիա» ցուցափեղկի հետ նետեցին (ձեռքս չի գնում այդ բառը գրեմ), բարեբախտաբար մեծն Հրաչյան այս ամենը չտեսավ... Բայց միտս հազար ու մի դրամատիկ պահեր են գալիս. այդ մտածողությամբ Ժամանակին մենք շա՜տ սրբություններ կորցրինք... Երբ այսօր կորցնում ես քո ազգային մտածողության հիմքերը, այդ թվումՙ հին Երեւանի այնքան հազվագյուտ ճարտարապետական մասունքները, ապա վաղվա օրը քեզ կհարուցի թնդանոթով... Շա՜տ խորացանք: Հիշում էինք այն սեղանը, ուր նստած էր Հրաչյանՙ «Արմենիայի» զավակներով, եւ այն էի ասում, որ եթե նրանք իմանային, որ մի օր իրենց սիրելի օազիսի անվանումը պիտի փոխեն ու տեղն ինչ-որ մի «Մարիոթ» բարձրացնեն, Հրաչյան, իսկապես որ, Շեքսպիրի բառերով կասերՙ «Ողջ աշխարհը պոռնկանոց է, իսկ մարդիկՙ պոռնիկներ»: Ասեմ, քանի որ բառը տեղին եկավՙ «Արմենիա» հյուրանոցը երբեք չի ունեցել իր պոռնիկները: Այս իրողությունը մի քանի բացատրություն ունի. նախ` այն տարիներին, երբ բացվեց «Արմենիան», հնագույն մասնագիտությունը մեր երկրում ճգնաժամ էր ապրում, երկրորդՙ չմոռանանք, որ «Արմենիան» մասնաճյուղն էր համամիութենական BAO ակցիոներական ընկերության, եւ գտնվում էր հենց միութենական ԿԳԲ-ի անմիջական հսկողության տակ, դե ո՞ր «գիշերային թիթեռնիկը» սիրտ կաներ երեւալ այդ կողմերում... Իսկ եթե ասեմ, որ մեր երկրում այն շրջանում չկար «մարմնավաճառության ինդուստրիա», կարծեմ շատ սխալված չեմ լինի, համենայն դեպս «Արմենիայի» դեպքում դա ճիշտ էր: Ի դեպ, այն տարիներին միայն «Արմենիայում» կարող էիր տեսնել Սփյուռքից հայրենիք եկող-գնացող անվանի դեմքերի, որոնք սիրում էին հանդիպել մեր երեւանցիներին, ճաշել «Արմենիայում», ինչպես, օրինակ, Գառզուն իր տիկնոջ հետ, Անդրանիկ Ծառուկյանը նույնպես իր տիկնոջ հետ, Կարապետ Սիտալըՙ իր զույգ դուստրերի հետ, հայտնի լուսանկարիչ Իդա Կառը Անգլիայից, աշխարհահռչակ գրող Վիլյամ Սարոյանը, կինոբեմադրիչ Անրի Վերնոյը կամ ամերիկյան կինոյի լեգենդ Ռուբեն Մամուլյանը, մինչեւ իսկ Գալուստ Գյուլբենկյանըՙ իր անգլուհի կնոջ հետ: Դու կարող էիր «Արմենիայում» նույն սեղանին տեսնեիր նախաճաշելիս Արամ Խաչատրյանինՙ Սուրեն Քոչարյանի հետ, մեծանուն բարերարներ Ալեք Մանուկյանինՙ Սարգիս Քյուրքչյանի հետ: «Արմենիայի» պատերը եթե լեզու ունենային, ինչե՜ր կարող էին պատմել: Եվ դա այդպես է: Եվրոպական քաղաքի յուրաքանչյուր հայտնի հյուրանոց պատսպարել է աշխարհի այս կամ այն մեծ արվեստագետին, քաղաքական գործչին, կինոաստղին, մեծահարուստ բարերարին եւ հաճախ նրանց ֆոտոները փակցվում են այդ հյուրանոցի սրահում կամ ռեստորանի պատերին: «Արմենիա» հյուրանոցն ուներ Երեւանի լավագույն վարսավիրանոցը: Եվ ոչ միայն այն պատճառով, որ այն գտնվում էր շքեղ հյուրանոցի առաջին հարկում եւ հրաշալի լուսավորված էր, այլեւ, որ այնտեղ աշխատում էին հրաշալի վարսավիրներՙ վարպետ Կարոյի գլխավորությամբ: Կար եւ առանձին սրահ կանանց համար: Վարպետ Կարոն, ինչպես եւ մյուսները, աշխատում էին հերթափոխովՙ օրումեջ. առավոտյան 9.00-ից մինչեւ երեկոյան 20.00-ն: Հորս մշտական վարպետն էր Կարոն, եւ ինձ էլ, սկսած 9-րդ դասարանից, հայրս հետը տանում էր վարպետ Կարոյի մոտ: Բնականաբար մեկ-երկու անգամ միասին գնացինք, իսկ հետո ես մենակ էի հաճախում «Արմենիա»-ի վարսավիրանոցը: Եվ եթե մտնեի ու տեսնեի, որ այդ օրը վարպետ Կարոն չի աշխատում, սուս-փուս դուրս էի գալիս, որ գամ հաջորդ օրը: Վարսավիրանոցում, նստած հարմար բազկաթոռում, սպասելիս իմ հերթին, կարող էի շատ հայտնի անձնավորությունների տեսնել, սակայն վարպետ Կարոյի ամենահայտնի հաճախորդը Հրաչյա Ներսիսյանն էր: Եթե ասեմ, որ Հրաչյան սիրելի անձնավորություն էր մեր քաղաքում, կնշանակի ոչինչ չասել: Նա պաշտված մարդ էր եւ պաշտված (որն, ի դեպ, ամենակարեւորն է) ժողովրդի կողմից: Նա ոչ միայն իր բացառիկ դերասանական տաղանդով, իր խաղով էր գրավել ժողովրդի սիրտը, այլ առավել եւս իր մարդկային էությամբ, ինքն իրենով, որ ինքը Հրաչյա Ներսիսյանն էր: Եվ նա ինքնին ավելի վեր էր, քան դերասան հասկացողությունը: Շատ-շատերը, հազարավորները կային, որ չէին տեսել նրա խաղը, չէին տեսել նրան բեմում, բայց եւ այնպես պաշտում էին նրան: Բոլորը գիտեին, որ նա մեծ դերասան է: Բայց մեծ դերասաններ էլի են եղել եւ դեռ կլինեն, սակայն Հրաչյան ուրիշ էր... Նրան տեսնելը, հանդիպելը մի փոքր տոն էր: Մեկ անգամ եթե մարդ տեսներ նրա խորունկ ու ջինջ աչքերի կապույտը, երբեք չէր մոռանա այդ հայացքը եւ կկրեր այն մշտապես իր հոգում: Այդ տեսակետից Հրաչյա Ներսիսյանին կարելի էր համեմատել միայն Ավետիք Իսահակյանի կերպարի հետ: Հրաչյա Ներսիսյանը Սունդուկյան թատրոն աշխատանքի կամ փորձերի առավոտյան սովորաբար գնում էր տաքսի մեքենայով: Եվ եթե մեքենան առավոտյան ժամերին կանգնում էր «Արմենիայի» մուտքի մոտ, ուրեմնՙ հաստատ իմացիր, որ նա գնում էր վարպետ Կարոյի մոտ: Բնականաբար Կարոն մեծ դերասանին սպասարկում էր արտահերթ: Դե ով սիրտ կաներ ասեր, թե հիմա իմ հերթն է: Նման մարդն անմիջապես դուրս կգրվեր վարպետ Կարոյի հաճախորդների ցանկից: Հրաչյա Ներսիսյանի սպասարկումն ուներ իր չգրված օրենքը: Վարպետը նստելուն պես մի հինգանոց կհաներ, կտար Կարոյին ու կասեր. «Հայդե, մանչս, կարգադրիր, որ շուտ ղայֆե մը բերեն»: Կարոն էլ իր հերթին կանչում էր հավաքարարին, որն արդեն գոց գիտեր, թե ինչ պիտի արվեր.... Երբ Կարոն Վարպետին սափրում էր կամ մազերը հարդարում եւ այդ պահին բերում էին սուրճը, Կարոն անմիջապես դադար էր տալիս եւ Վարպետին ընկերանում սուրճի պարագայում: Ես այս պատմում եմ իմ սեփական տեսածի հիման վրա, քանզի ամիսը մեկ-երկու անգամ հաճախում էի «Արմենիայի» վարսավիրանոցը, եւ Հրաչյա Ներսիսյանն անպայման օրումեջՙ առավոտյան ժամերին կամ էլ փորձերից հետո տուն գնալիս պիտի այցելեր Կարոյին: Եվ հետո մի առանձին բավականությամբ կբարձրանար մի հարկ վերեւ ու կուղղվեր դեպի երեւելիների սեղանը, կնստեր իր մշտական տեղը եւ նայած տարվա եղանակինՙ կասեր. «Սա արեւը գուլուխս ցավցուց, է, ի՞նչ կըսեք, չհովնանք քիչիկ մը, հադե, Մացո», ձմռան պահերինՙ «Ծունկերս կը մրսին կոր, աս ցուրտը հոգիս հանեց, է, ի՞նչ կըսեք, չտաքնանք քիչիկ մը, հադե, Մացո»: Մացոն կամ մյուս մատուցողները հրամանը շուտ կատարում էին ու Վարպետը մի առանձին բավականությամբ վայելում էր իր 100 գրամ օղին սեղանակիցների «անուշ եղավ» ողջույնների ներքո: Եվ որքա՜ն երջանիկ էր այդ պահին Հրաչյայի դեմքը: Երեւելիների սեղանը, երբ ինքըՙ Հրաչյան, ներկա էր, գլխավորում էր «Բաղդասար ախպարի» հանճարեղ դերակատարը, ուներ իր ձեւավորված մշակույթը, նախ այստեղ յուրաքանչյուրը վճարում էր ինքն իր համար, եւ բնավ պարտական չէր փակելու կողքինի հաշիվը, առավել եւսՙ բոլոր հավաքվածներինը, քանզի ի տարբերություն ցեխովիկների կամ մարզային ղեկավարների եւ... այլոց սեղանների, այս սեղանի շուրջ հավաքված էին մարդիկ, որոնք նախ իրենց արդար քրտինքով (գրիմով, գրչով, վրձնով) էին վաստակում իրենց հացը, եւ երկրորդՙ եթե անգամ ուզենային էլՙ չէին կարող, պարզապես մեկ պատճառով, որ փող չունեին... Իհարկե, լինում էին բացառություններ, երբ ասենք մեկը մի լավ ներկայացման հանձնումից, մի լավ նկարի վաճառքից կամ նոր գրքի հրատարակումից հետո պատիվ էր տալիս: Եվ այդպիսի դեպքեր, հարկ է ասել, որ ոչ այնքան հազվադեպ էին: Լինում էր, որ հավաքվածներից մեկի տրամադրությունը լավ էր լինում եւ (դա էլ ընդունված կարգ էր) իր կողմից մի շիշ օղի էր բերել տալիս: Լինում էր եւ ընդհակառակըՙ հավաքվածներից մեկի տրամադրությունը վատ էր լինում եւ էլի ամենափրկիչ օղին էր հայտնվում սեղանին, որ շշի հատակում մոռացության տար անախորժությունները: Գուցե շատ գրական ստացվեց, ռուսերեն այսպես է հնչումՙ «на дне бутылки горе забыть»: Կային եւ մեր մշակութային երեւելիներին հարգող մարդիկ եւ ընդհանրապես շռայլ մարդիկ, որ անցնում էին մերոնց սեղանի կողքով, հետո կանչում մատուցողներից Հովնանին կամ Մացոյին եւ ասումՙ «վարպետների» սեղանին իմ կողմից մի շիշ օղի (կոնյակ, շամպայն) կդնես, այդպիսի անցուդարձողների թվին էին պատկանում ժամանակին լավ դրամ, հետո եւ «հեղինակություն» ձեռք բերած «Արմենիայի» անունով հաճախորդները, մարդիկ, ովքեր նույնպես սիրում էին «Արմենիան». Հակոբ Տոնոյանը, Ռոբերտ Ծաղիկյանը, Երվանդ Հովհաննիսյանը, Գեորգի Թաթարյանը, Սարգիս Մանասերյանը, Գուրգեն Միսակյանը, Գեորգի Ասատրյանը, Ռազմիկ Դարբինյանը եւ էլի ուրիշներ, բոլորին չես հիշի... *** «Արմենիան» բնականաբար ուներ իր ստեղծման նախապատմությունը: Երբ Ստալինը մահացավ, «Արմենիան» դեռ կառուցվում էր ու մեր քաղաքի միակ «Ինտուրիստ» հյուրանոցը «Մոսկվա» կինոթատրոնի դիմացի «Երեւան» հյուրանոցն էրՙ իր ռեստորանով եւ հայտնի սրճարանով: Հենց այստեղ արդեն պատերազմից հետո սկսեց հավաքվել որոշակի թվով մեր հիշյալ երեւելիների խումբը, որը կարիք ուներ աշխատավայրիցՙ տուն հասնելու արանքում գալ մի վայր, ուր մարդ կկարողանար սիրտը բացել, զգալ իրեն կենցաղի «կապանքներից» թոթափված: Փա՜ռք Աստծո, գներն էլ այնքան ցածր էին, որ մարդ կարող էր իրեն թույլ տալ ամեն օր մի 100 գրամ խմել, սրճել: Վերջապես սրանք այն մարդիկ էին, որ չէին գնա «Շոֆերների» խանութի հարեւանությամբ Արտոյի քյաբաբանոցը եւ կամ թե Ֆլորայի այգում բացված ամառային «Լոռի» տաղավարը: Պատերազմից դեռ առաջ փակվել էր Երկնագույն մզկիթի բակում տեղադրված նշանավոր խորովածանոցըՙ իր գեղատեսիլ ջրավազանով, ինչպես եւ փակվել էր Աբովյան փողոցից դեպի Հրշեջ կայանի հրապարակ տանող շենքի ներքնահարկում գտնվող «Տուրիստ» կաֆեն, որը ժամանակին սիրելի հավաքատեղին էր Չարենցի եւ իր ընկերների: Ե՛վ այստեղ, եւ՛ «Մեջիթի» տաղավարում 1926-1929 թթ. Չարենցը ժամեր է անցկացրել Ֆրանսիայից հայրենիք ժամանած մեծ պոետի հետ: Հետո այդ վայրերին մի տեւական ժամանակ ոչինչ չփոխարինեց: Կար մի անփոխարինելի հյուրանոց-ճաշարանՙ «Ինտուրիստը» («Երեւան», իսկ ներկայումսՙ «Ռոյալ Տուլիպ գրանդ օթել»): Պատերազմի տարիներին եւ հետագա մի կարճ շրջան Աբովյան փողոցի երեւանյան նշանավոր «Ունիվերմագ» հանրախանութի 3-րդ հարկը հատկացվեց Տորգսինին, այսինքնՙ առեւտուրն այդտեղ ընթանում էր արտարժույթով (ընդունվում էին եւ ոսկյա դրամներ), եւ ահա երեւանցիք Տորգսինը կոչել էին «Особторг» (բառիս բուն իմաստովՙ հատուկ առեւտուր): Խանութն այդ առաջնեկն էր ավելի ուշՙ խրուշչովյան ժամանակներում բացված «Բերյոզկա» ցանցի: Եվ ահա մեր «Օսոբտորգին» կից, հենց նույն երրորդ հարկում 1945 թվին բացվեց նույնանուն ռեստորանը, որն, իհարկե, աշխատում էր ոչ արտարժույթով, այլՙ հայրենի ռուբլիներով, եւ քանի որ վայրը շատ պարտավորիչ էր, նրան էլ արժանավայել տնօրեն նշանակվեց ազգությամբ վրացի, առեւտրի հայտնի կազմակերպիչ Գարսելաձեն: Հաճախորդների մի զգալի մասը Երեւանում գտնվող արտասահմանցիներն էին, այնպես որ, մատուցողներ էին հավաքվել երեսնական թվականներին Հայաստան եկած ներգաղթածների շրջանից, մարդիկ, ովքեր օտար լեզուներ գիտեինՙ ֆրանսերեն, անգլերեն, արաբերեն... Ես հիշում եմ այդ ճաշարանը: Նրա մի թեւը հենց մուտքի կողմից անմիջական հարեւանությամբ դուրս էր գալիս ունիվերմագի նշանավոր սանդուղքների վերջինՙ երրորդ հարկի հարթակի վրա: Դեպի աջ խանութն էր, ուր առեւտուրը գնում էր մեզ անծանոթ ինչ-որ թղթադրամներով, իսկ ձախՙ մուտքն էր դեպի ռեստորան: Այստեղ սեղանների ճեպ-ճերմակ սփռոցները, արտակարգ սպասքը, դանակ-պատառաքաղները, բոլորն էլ շլացնող մաքրությամբ նույնպես օտար ծագում ունեին, հավանաբար տրոֆեյ էր բերված Հիտլերի պարտված երկրից: Եվ այս շքեղ անսամբլը եզրափակում էին սրահի պատուհաններով մեկ կախվածՙ տյուլե, ձյան պես ճերմակ վարագույրները: Գոնե ինձ համար այնքան կարեւոր չէր այդ ճաշարանում որեւէ բան ուտելը, որքան վայելքը այդ ճերմակ թագավորության, տեսնել, թե ինչ մարդիկ են գալիս, ինչ են հագած, ինչ լեզուներով են խոսում: Եվ դա դրսից բերված, ասես մի ֆանտաստիկ «կախարդական արկղ» էր, դրված Երեւանի կենտրոնում, ընդամենը մի քանի մետր հեռավորությամբ Լենինի անվան հրապարակից... Իսկապես անհավատալի էր, բայց փաստ էր: Մայրս, երբ որոշ գնումներ էր անում ունիվերմագի (իհարկե մեզ մատչելի մասում), հետո անսալով իմ թախանձանքին, ուղղվում էինք դեպի 3-րդ հարկի ռեստորանը: Նստում էինք սովորաբար դահլիճի սկզբում, ուղիղ մուտքի մոտի սեղաններից մեկի շուրջը եւ որպես օրենք մայրս պատվիրում էր պաղպաղակ եւ լիմոնադ: Պաղպաղակըՙ պլոմբիր էր, իսկ լիմոնադըՙ կրեմ-սոդա: Ավելորդ է ասել, թե ինչքան համեղ էին դրանք: Չգիտես ինչու հայրս այդ ռեստորան չէր գնում: Նա նախընտրում էր նույն հանրախանութի առաջին հարկում գտնվող «Մարսել» գողտրիկ սրճարանը: Սրճարանն աշխատեցնողը հենց ֆրանսահայ էրՙ Մարսել անունով եւ հրաշալի սուրճ էր պատրաստում, ինչպես ժամանակին նրա պապերըՙ Պոլսում: «Մարսելում» եւ մեր երեւանյան պոլսահայերըՙ Հրաչյա Ներսիսյանը, Արման Կոթիկյանը, Ցոլակ Ամերիկյանը, Դավիթ Գուլազյանը (Օլգա Գուլազյանի ամուսինը), Արբուն Տայանը, դոկտոր Հայկը, Պոլսո ավանդույթի ուժով 12-ի կողմերը, մանավանդ շաբաթ եւ կիրակի օրերը, սուրճի էին հավաքվում, մեկ-երկու ժամ նստում, զրուցում, մի-մի գավաթ րախի ըմպում, հիշում անցած օրերը... Ինչքան էլ իրենց սիրելի էր նոր Երեւանը, սակայն նրանցից շատերը սիրով հիշում էին Պոլիսը, ինչպես ասում էր Դավիթ խանը. «Հիմա, այս ժամիս, այս սհաթիս Պոլիս ծովեզերք դուրս կուգայինք ու առաջին ղայֆեն կառնեինք»: Եվ կհաներ գրպանի ժամացույցը, մի առանձին կարոտով կնայերՙ ժամը նույնն է, նստավայրերըՙ տարբեր: 1950-ական թվականների կեսերին փակվեց եւ «Особторг»-ը եւ նույնանուն ռեստորանը, տեղըՙ 3-րդ հարկում, բացվեցին կտորեղենի եւ ոսկեղենի բաժինները: Քիչ անց փակվեց եւ «Մարսել» սրճարանը: Շուտով փոխարենը պիտի բացվեր մեծանուն ճարտարապետ Մարկ Գրիգորյանի հրաշալի կոթողներից մեկըՙ «Արմենիա» հյուրանոցը: Շարունակելի |