ՀԱՆԴԻՊՈՒՄՆԵՐ ԺԱՆՍԵՄԻ ՀԵՏ ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿՅԱՆ. Կեսգիշերն անց է. սովորությանս համաձայն ֆեյսբուքյան էջի նորություններն եմ «թերթում»: Առաջինը աչքս ընկնում է Արամ Իսաբեկյանից եկած հետաքրքրական լուսանկարին: Գիտեմ արդեն, միշտ հաճելի զգացում արթնացնող նրա բոլոր «հղումները» գեղանկարչական գործեր ենՙ հիմնականում Էդվարդ Իսաբեկյանի եւ իր, նաեւ այլ նկարիչների: Լուսանկարում նա ֆրանսահայ նկարիչ Ժանսեմի հետ է, փարիզյան իր արվեստանոցում: Կիսախավար մթնոլորտը տպավորիչ է, լուսանկարի մակագրությունը, ավաղ, ցավալի: Վախճանվել է Ժանսեմը: ...Տարիների բարեկամության տպավորությունները միանգամից չեն պատմվում: Գեղարվեստի ակադեմիայի ռեկտոր ԱՐԱՄ ԻՍԱԲԵԿՅԱՆԻ աշխատանքային սենյակի էսթետիկ մթնոլորտը, հատկապես լուսամուտի ապակիներից ասես ուր որ է ներս մտնող ծառերի ամառային սաղարթների մուգ կանաչը հանգստաբեր ու տրամադրող է: Պատմում է դրվագներՙ պահի մեջ հիշողության թելադրած: Ինձ մնում է արձանագրել: Մ. Բ.
«...Տարիներ առաջ Փարիզում էի: Ուզեցի տեսնել Ժանսեմին, գնացի Մատինյոն փողոցի իր հայտնի ցուցասրահը: Այդ շրջանում այնտեղ ցուցադրվում էին Հայոց ցեղասպանությանը նվիրված իր նկարաշարի մի քանի աշխատանքներ: Վերնագրեր չկային: Մոտեցա ցուցասրահում ներկա տիկնոջը: Նա սկսեց հայերեն խոսել. Ժանսեմի կինն էր: «Նկարները Հայոց եղեռնի թեմաներո՞վ է արել»,- համոզված էի, բայց հարցրի: «Ոչ, ոչ, սրանք միֆոլոգիական աղբյուր ունեն, եթե նմանություն են գտնում, դա իրենց գործն է»: Գուցե այդպես ասաց, որովհետեւ չէր ճանաչում ինձ: Ներկայացա, ասացի նկարիչ եմ, Հայաստանից եւ ուզում եմ հանդիպել Ժանսեմին, սիրով ինձ փոխանցեց հեռախոսահամարը: Զանգահարեցի: Հանդիպեցինք Իսի լե Մուլինոյի իր արվեստանոցում: Այդպես սկսվեց մեր բարեկամությունը եւ տեւեց երկար տարիներ, մինչեւ նկարչի կյանքի վերջը: Գրեթե ամեն տարի լինում էի Փարիզում, նկարիչների Սիտե դեզ Արտի իրենց կենտրոնում, որտեղ 2-3 ամիս աշխատում էի: Այդ ընթացքում շատ հանդիպումներ եմ ունեցել Ժանսեմի հետ: Իր ցանկությանը եթե ընդառաջի, դրանք ավելի շատ կլինեին, բայց ես չէի ուզում խանգարել նրան, որովհետեւ շատ ակտիվ նկարիչ էր, շատ էր աշխատում: Հրաշալի պատմող էր, արտակարգ գրավիչ խոսք ուներ եւ սիրում էր զրուցել: Այնպիսի հետաքրքական դրվագներ էր պատմում իր կյանքից, ես որ շատ քիչ բան եմ սովորաբար գրում, դրանցից մեկը որոշեցի գրառել. զանգեցի ձեր խմբագրին, հոդվածը հանձնեցի նրանՙ Ժանսեմի հետ հանդիպումների տպավորություններից մի պատառիկ: Շնորհակալ եմ, որ տպագրվեց: Հետո թերթը ցույց տվեցի իրեն, կարդացի իր համար: Սիրում էր պատմել իր կյանքի պատմությունները, ինչպես են մոր հետ հասել Փարիզ, ինչպես է ինքը զբաղվել արվեստով: Իրենց տան ներքեւում մի սրճարան կար: Պատմում էր, որ սրճարանատերը մի օր իրեն հարցրել էՙ «Նկարի՞չ ես», հետո առաջարկել է նկարները կախել սրճարանում, օգնել է, փաստորեն, որ այցելուները տեսնեն, հետաքրքրվեն իր նկարներով: Արվեստի առեւտրով զբաղվող մի հույնի հետ կապված հետաքրքրական դրվագներ էր պատմում: Ժանսեմի նկարչությամբ հիացած այս հույն դիլլերը նախ գնել է մեկ-երկու գործ, հետո ինչ-որ պայմանագիր կնքելՙ մնացած բոլոր նկարները վաճառելու: Մի երկար ժամանակ չի երեւացել, հետքը կորցրած Ժանսեմը ստիպված է եղել համակերպվել նկարների կորստի մտքին: Երկու տարի անց հանկարծ հայտնվել է: Ներողություն է խնդրել եւ պատմել, որ բոլոր նկարները հաջողությամբ վաճառել է եւ հիմա ցանկանում է շարունակել համագործակցությունը: Մի օր նա Ժանսեմի արվեստանոց է եկել ամերիկյան հայտնի դերասան Անտոնի Քուինի հետ, որը նաեւ նկարում էր եւ բացի նկար գնելուցՙ ցանկություն է ունեցել Ժանսեմից նկարչության դասեր առնելու: Պատմում էր, որ այդ շրջանում արվեստանոցում մի քանի մեծ չափսի նկար է եղել, չնայած հույս չի ունեցել, թե դրանք կվաճառվեն, այցելուն բոլորը սակայն գնել է: Կուբայի հեղափոխության շրջանում ամենուրեք մեծ է եղել հետաքրքրությունն այս երկրի նկատմամբ: Այդ հույնի հետ Ժանսեմը կնոջ հետ այդ նույն օրերին մեկնում է Կուբաՙ Ֆիդել Կաստրոյին նկարելու: Հեղափոխությունը հաղթել էր, Հավանան գրավել էին արդեն: Տեղավորվում են մի հյուրանոցում, որտեղ հեղափոխական գործիչներն էին մնում: Օրերն անցնում են, սակայն Սոդոմ-Գոմորի վերածված Հավանայում կարողանալ այդ օրերին հանդիպել Ֆիդել Կաստրոյին եւ նկարել, հեշտ գործ չէր: Համբերությունը հատնում ու մի օր էլ զայրանում է: Այս հույնը թեՙ գնանք: Անցնում են քաղաքի փողոցներով եւ հասնում մի վայրի, որտեղ միտինգ էր ընթանում, ելույթ էր ունենում ինքըՙ Ֆիդել Կաստրոն: Հույնը դառնում է Ժանսեմինՙ թե, ահա, նկարի: Նեղսրտում, վերադառնում է հյուրանոցՙ պատրաստվելով մեկնել Փարիզ: Եվ շատ պատահական հանդիպում է մի անծանոթի, խոսք ու զրույցից հետո, մարդը երբ իմանում է, որ նա ֆրանսիացի նկարիչ է եւ Հավանա եկել է Կաստրոյին նկարելու համար, նրան միանգամից տանում է նույն հյուրանոցի համարներից մեկը, որտեղ իր գործընկերների հետ նստած էր Ֆիդել Կաստրոն: Կուբայի հեղափոխության հանդեպ հետաքրքրությունը մեծ է եղել նաեւ Փարիզում, վերադարձին իր հետ հանդիպում են կազմակերպում, հարցազրույց անում, ռեպորտաժ պատրաստում: Սա եւս նպաստում է սկզբնական շրջանում իր անունը հայտնի դառնալուն: Սկսում է իր կյանքի ակտիվ, բեղուն շրջանը, հաջողությունը ինչպես ասում են, ծեծում դուռը, նկարները վաճառվում էին շատ արագ: Պատմում էր, որ եղել է շրջան, երբ գնորդը անավարտ գործի համար արդեն նախապես վճարում էր: Սակայն եկել է մի պահ, երբ իրեն շատ վատ է զգացել: «Տեսա, որ նույն բանն եմ նկարում, ինքս ինձ կրկնում եմ, հիասթափություն ապրեցի: Այդ վիճակից դուրս գալու համար որոշեցի փախչել բոլորից»: Մեկնել է Իտալիա, Իսպանիա, որտեղ իրեն ոչ ոք չէր ճանաչում: Ամիսներով մնացել է, շրջել գյուղերով, նկարել գյուղացիներինՙ գինի խմելով, դժվար ապրուստով, իսկական նկարչի չարքաշ կյանք վարել: Կտրվել է նախկին իրականությունից, իր հաջողություններից, ինչը քչերը կարող էին անել, ինչպես սովորաբար է լինում, մի ճամփա են գտնում, մի թեմա ու այդպես առանց շեղվելու ամբողջ կյանքը դրանով աշխատում: Նա ասում էր, որ այդ ճամփորդությունը իրեն շատ բան սովորեցրեց, շատ բան տվեց. մաքրվեց իր նկարչությունը, գույները մաքրվեցին: Ամեն նկարիչ գիտիՙ ինչ բան է պլեներում (բացօթյա) նկարելը, երբ դուրս ես գալիս քո հնարած աշխարհից, եթե անգամ դա նատյուրմորտ է, միեւնույն է, արհեստական բան կա մեջը, թատրոն կա, եւ միանգամայն տարբեր է, երբ դուրս ես գալիս կյանք: Ինքը դուրս եկավ արվեստանոցի պատերից, եւ դրա արդյունքը եղավ այդ հրաշալի մեծ շարքերըՙ վենետիկյան, իտալական, իսպանական: Նա ասում էր, որ դրանից հետո ինքը մարդկանց ուրիշ կերպ է սկսել նայել: Մարդկանց սկսել է ավելի սիրելՙ հասարակ մարդկանց, գյուղացիներին: Ասում էրՙ «Երջանիկ մարդ եմ ես», երբ հարցնում էիՙ ինչո՞ւ: Պատասխանում էր, երջանիկ է, որ այսքան երկար ապրում է: «Ամեն ստեղծագործող, ամեն նկարիչ պիտի իր գնորդին գտնի: Եթե չի գտնում, դժբախտություն է, որովհետեւ չի կայանում իր արվեստի այն շարունակությունը, որը կարող էր լինել: Մարդը պիտի ապահովված լինի, որ հանգիստ ստեղծագործի: Ես այդ բախտավորներից եմ», ասում էր: Ժանսեմի հետ միշտ հանդիպել ենք իր արվեստանոցում: Արվեստանոցի նախագծի հեղինակը ինքն էր: Իսկական նկարչի արվեստանոց էր, շատ ճիշտ էր լուսավորության խնդիրը լուծված եւ հարմարավետ էր ամեն բան: Լույսը տանիքի երդիկից, վերեւից էր ներս թափանցում, ինքը նկարում էր լույսը բացվելուն պես, եւ երբ մութն ընկնում էր, վրձինը, մատիտը դնում էր մի կողմ: Իր նախասիրությունների, զբաղմունքների հետ կապված, պատմում էր, որ այդ տարիքում սկսել է ջութակ նվագել սովորել: Ասում էր. «Գնացի ջութակի դասեր առնելու, զարմացած հարցին. քանի՞ տարեկան ես: Ասիՙ 80-ն անց եմ, բայց ուզում եմ սովորել, ի՞նչ անեմ: Սիրում եմ նվագել, բայց չի հաջողվում», շարունակում էր: Ինչո՞ւ,- հարցրի: «Հենց նվագում եմ, շունը սկսում է հաչալ, դուրս է գալիսՙ դուետ», ծիծաղում էր: Ինքը շատ հումորով, համով-հոտով էր պատմում այս պատմությունները: Հանդիպումներից մեկի ժամանակ Աննանՙ աղջիկս, ինձ հետ էր: Երբ տեսավ նրան, ասացՙ «ժամանակ ունեք, կուզեմ նկարել իրեն»: Մի պորտրետ արեց դիմացից. հավանաբար չհավանեց: Ձեռքը դողում էր: Ես շատ եմ տեսել նկարիչներին նկարելիս, հորս եմ տեսել, ուրիշներին: Ժանսեմը մատիտով էր նկարում, իր ոճը արդեն երեւում էր: Երբ գիծը քաշեց, երեւաց արդենՙ զիգզագաձեւ էր, եւ ամբողջ հմայքը այդ նկարի դրա մեջ է: Այդ մեկը վերջացրեց, հետո պրոֆիլից նկարեց: Նկարները մնացին իր մոտ: Մեկ տարի անց դարձյալ Փարիզում էի: Այցելեցի իրեն: «Աղջիկդ ինչու չկա», հարցրեց: «Դե, ասացի, այս անգամ մենակ եմ եկել»: «Ուզում եմ նկարները իրեն տալ»: Ստորագրեց երկուսն էլ եւ տվեց, հիմա մեր տան պատից կախված են: Այսպես կարող եմ երկար շարունակել, բայց ավարտեմ խոսքս այս տարվա փետրվարին մեր վերջին հանդիպման տպավորությամբ: Դրանից մեկ տարի առաջ երբ Փարիզում էի, մի քանի անգամ զանգահարեցի իրեն, զանգերին չպատասխանեց: Հետո իմացա, որ Փարիզից տեղափոխվել եւ ապրում է Լուարա գետի մերձափնյա ֆրանսիական մի բնակավայրում, ամրոցների, դղյակների, միջնադարյան հրաշալի միջավայր է, Փարիզից մեքենայով 3,5 ժամվա ճանապարհ: Ապրում էր իր վաղեմի ընկերուհու հետ, ազնվական, ապահովված մի կին, որն օգնել էր նրան տեղավորվելու իր տանը կից մի բնակարանում: Դժվար էր խոսելը, լսողությունը վատացել էր: Նեղսրտած էր: Երկու տարի առաջ թողել էր Իսի լե Մուլինոյի արվեստանոցը եւ ապրում էր իր նախկին ընկերուհուՙ այդ ֆրանսուհու հետ: Ասում էր, որ վերջին երկու տարվա ընթացքում նկարած գործերն են միայն իրեն պատկանում, իր արվեստանոցում եղածները իրենը չեն, ոչ կարող է վաճառել, ոչ նվիրել: Գամված էր սայլակին, ոտքը տարիներ առաջ վնասվելուց հետո լիովին չբուժվեց եւ հետեւանքը դա եղավ: Ընկճված չէր, իր ծերությունը հանգիստ էր տանում: Միայն սննդից էր բողոքում, դիետա էր նշանակված, ասում էրՙ «վրաս միս չկա, ոսկորս է մնացել: Միս չեն թողնում ուտեմ, որ միս գա վրաս»: Բայց նկարում էր, սայլակում նստած նկարում էր: Ես իրեն համեմատեցի Ռենուարի հետ, ասացՙ «Իմ ձեռքերը, միայն ձեռքերս են դողում»: Նոր գործերը տեսա, նատյուրմորտներ էին, փոքր չափսի չէինՙ 70x100-ի վրա: Երկար զրուցեցինք, հիշեց ինչպես է մեր ակադեմիա այցելել, երբ իրեն պատվավոր պրոֆեսորի կոչում շնորհեցինք, ուսանողների հետ ջերմ հանդիպում եղավ, Էդվարդ Նալբանդյանն էլ ներկա էր, հորս հետ ծանոթացավ այստեղ, իմ կաբինետում, զրուցում էինՙ գլուխ- գլխի տված: Հետո ինձ ասաց. «Լսիր, արի այստեղ, կողքին մի արվեստանոց էլ կա, 2-3 շաբաթ կմնաս, ե՛ւ կնկարես, ե՛ւ կզրուցենք»: Մտածեցի գնալ, շատ գեղեցիկ վայրեր են, իրոք Ֆրանսիայի գոհարներից մեկն է Սենտ Անիենը: Մտածում էի, հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին, երբ նորից Փարիզում լինեմ, կվերցնեմ ներկապնակս ու մի քանի օր իր մոտ կմնամ: Համոզված էի, որ նորից տեսնելու եմ իրեն, մահվան շունչ բոլորովին չզգացվեց: Բաժանումը շատ խորհրդանշական եղավ: Հրաժեշտ տվեցինք,- ֆրանսահայ բարեկամիսՙ Խաչիկ Մարտիրոսյանի հետ էի, նա մեր ամբողջ զրույցը տեսագրեց,- իջանք ներքեւ, մինչ կնստեի մեքենա, ետ շրջվեցի: Երեկո էր. տան ներսում վառվում էր էլեկտրական լամպը: Կինը նրան մոտեցրել էր աստիճանների վերնամասի ապակեպատ պատշգամբի դռանը. նա ապակիների հետեւից ձեռքով հրաժեշտ էր տալիս: Չդիմացա, ետ դարձա: Գրախառնվեցինք: Զգացի, որ չի ուզում բաժանվել, բաժանվել ոչ թե հատուկ ինձանից, հասկացա, որ կարիք ունի ուշադրության, մարդկային ջերմության, որ գան, իրեն տեսնեն: Տունը, որտեղ ապրում էր, Փարիզից հեռու էր, ամեն մարդ չէր գնա, ինքը փաստորեն մեկուսացած էր: Համոզված էի, որ նորից հանդիպելու ենք... այս աշնանը»: |