ԲՆՈՒԹՅԱՆ ԽՈՐՀՐԴԻ ԱՍՊԵՏԸ ՇԱՀԵՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ «- Նկարչությունը իմ կյանքն է, ապրելակերպս: Ազատությունը այդ ձեւի մեջ կտեսնեմ: Երբ կնկարեմ, չեմ կարծեր, որ ինձմե ավելի ազատ մեկը ըլլա աշխարհի վրա: Մարդը այդ ազատությանը պետք է հետեւի: Կյանքը կմաքրե այն ամենը, որ սուտ է: Արվեստի մեջ կա մնայուն մի բան, որ տկար գործ չի հանդուրժեր: Եթե մեկը տաղանդ ունի, բախտ ալ ունի եւ անպայման կհաջողի: Իսկ մեկը, որ տաղանդ չունի, հաջողելու բախտ կարող է ունենալ, բայց որոշ ժամանակ միայն: Նա կշարունակե ապրիլ նկարչությամբ, նույնիսկ հռչակ ունենալ, բայց ժամանակի հետ այն ավարտ կունենա... Նկարչությունը ամենից ազատ գործն է, անկաշկանդ ազատություն տվող գործ: Ես բախտ եմ ունեցած նվիրվելու նման ազատությանը»: Ժանսեմ
Պատերազմի ծանր տարիներից հետո, հատկապես Ֆրանսիայում, տարածում է ստանում կյանքի բնական իրավիճակից ծնվածՙ մարդկային տխրությունը, ճնշվածությունը, միայնությունը արտացոլող արվեստի իրապաշտական մի ուղղություն: Նոր շարժումի առաջատարներ էին Գրյումերը, Բյուֆֆեն, Ռեբերոնը, Մինոն, Գառզուն եւ ուրիշներ: Այդ հոսանքը հող է նախապատրաստում եւ երիտասարդ Ժանսեմի համար: Նկարիչն ասես գտնում է իրեն, հավատում սեփական ասելիքի ուժին, նրա համամարդկային բնույթին: Ժանսեմի կյանքում նշանակալից եղավ նրա ճամփորդությունը Հունաստան (1950) եւ Իտալիա (1952-56): Այս երկրներն օգնեցին նկարչին ընդլայնելու իր հետամտած թեմաները, գտնել իրեն մոտիկ մարդկային կերպարներ, իր նախասիրություններին արձագանքող կյանքի մթնոլորտ: 1950-ական թվականներից Ժանսեմի արվեստը լայն ճանաչում է ձեռք բերում: Նրա ստեղծագործությունը պերճախոս վկայությունն է սեփական հուզաշխարհին հավատարիմ մնալու օրենքին: Արվեստի օրենքը նման է բնության օրենքին: Ամեն ծառ իր պտուղն ունի: Իսկական արվեստը մարդու հոգեկանի բյուրեղացումն է, նրա «պտուղը»: Գույնի, գծի, լուսավորության, գունային մակերեսի հուզականության, պատկերի կառուցողական բոլոր օրենքներով Ժանսեմի ներաշխարհին սերտորեն առնչված են նրա արտահայտչալեզվի ինքնուրույնությունը, սեփական ոճը: Ժանսեմի ստեղծագործության թեման սկիզբ է առնում իր մանկության հիշատակներիցՙ մայր ժողովրդի մեծ արհավիրքից: Անցնող ժամանակը արվեստագետի վրա նկատելի ազդեցություն չի ունեցել: Նա շարունակել է անընդհատ խորանալ ու կերտել իր տխուր ու յուրօրինակ աշխարհը: Վաղ շրջանի կտավների փոքրիկ հերոսների «դերում» Ժանսեմը հաճախ պատկերել է իր զավակներին: Ներկայացնելով նրանց, նկարիչը խոսել է իր մանկությունից, կերպավորել մեծ փոթորկի շարունակվող ալեծփումը: Այդ մանուկները լինեն տանը թե փողոցում, միշտ ոտաբոբիկ են, ցնցոտիներ հագած ու միշտ տառապանքի դրոշմը դեմքերին: Ժանսեմը պատկերում է ծեր կանանցՙ խորշոմած դեմքերով: Նրանք նման են իրար ոչ միայն ապրելակերպով, այլեւ դիմագծերով: Կարծես միեւնույն մարդը պատկերների մեջ բազմանում է, խումբ կազմում եւ ապրում միատեսակ խորհրդավորությամբ ու երազանքով: Ժանսեմի պատկերած մայրերը ծանոթ են մեզ: Մեզ հարազատ են նրանց վտիտ մարմինները, տառապանքից կկոցված աչքերը: Այդ կանայք միշտ կրում են սեւ գլխաշոր: Այդպիսի գլխաշորով կանանց այսօր էլ կարելի է տեսնել խումբ-խումբ, կիրակնօրյա պատարագի շտապելիս: Ֆրանսիական տեսաբանությունը Ժանսեմին բնութագրել է իբրեւ միզերաբլիստՙ թշվառների նկարիչ: Ժանսեմի նշանավորՙ «Թափոր», «Պարուհիներ», «Ցլամարտ», «Դիմակահանդես» ու այլ նկարաշարքերը ներկայացնում են որեւէ գործողություն, բայց երբեք չեն պատմում այդ գործողությունը: Դիտողի ուշադրությունը կլանում է իրենց առօրյայով ու գործով զբաղված մարդկանց, նրանց շարժումների մեջ խտացած ասելիքը: Արվեստագետի հույզերը բացահայտվում են ինքնօրինակ արտահայտչամիջոցներով: Ժանսեմի կտավներին առավելապես բնորոշ է դեղնականաչ ու զգայաթրթիռ մակերես ունեցող գունային մթնոլորտը, որը տեղ-տեղ լրացվում է կարմիր, կանաչ, նարնջագույն դրամատիկական հնչեղ գունաբծերով: Լուսային ակորդները սրում են կերպարների արտահայտչականությունը, միաժամանակ ստեղծում մութ ու լուսավոր հատվածներ երգող ներդաշնակություն: Ժանսեմի կտավներում, սակայն, մենաշնորհը գծանկարինն է: Գիծն է, որը դիտողին անմիջապես առնչում է նկարչի ինքնատիպ վարպետությանն ու արտահայտչական մեծ ուժին: Մարդկային դալուկ դեմքերի ու աչքերի խորշոմները, նիհար մարմինների ու աղքատիկ հագուստների ներազդող ուրվագծերն ու նրանց ծավալները ամբողջանում են Ժանսեմի պիրկ, մարմնաձեւերը խոր ընդգրկող գծանկարով: Նկարչի կտավներում գույնով մի փոքր շեշտադրված, ջղաձիգ գծերը ասես նրա պատկերների «մարմնի» արյունատար երակները լինեն: Երգող գծանկարը ջութակի մենանվագ է ընկալվում նկարչի կտավներում: Պատկերի մակերեսի կազմակերպման նույն սկզբունքն է իշխում նատյուրմորտներում եւ բնանկարներում: Այդ ժանրի գործերը վկայում են, որ արվեստագետը ներգործուն տրամադրություն է ստեղծում աչքից հաճախ վրիպող, բնության, երբեմն անսպասելի, «աննշան» մոտիվներով: Իր այս բնույթի գործերում նկարիչը հասնում է անմեկնելի խորության, գեղանկարչական հուզող գեղեցկության: Վենետիկում, օրինակ, Ժանսեմն իր հոգու ձայնին արձագանքող անպաճույճ, ասես մաշվելով, պերճացած անկյուններ է որոնել: Խորհրդավոր լույսը այդ բնանկարներին տալիս է ռոմանտիկ հնչողություն: Ժանսեմի վրձնին է պատկանում հիանալի դիմանկարների մի շարք («Դերասան Անտոնի Քուին», «Շառլ Ազնավուր», «Սրբազան Նորվան» եւ այլք): Կերպարների հոգեկան գծերի բացահայտմամբ հանդերձ, այդ գործերը իրենց տրամադրությամբ հեռու չեն նկարչի արվեստի գլխավոր գծից: Նույնը կարելի է ասել Ժանսեմի գրաֆիկական գործերիՙ գունավոր ու միագույն լիտոգրաֆիաների ու Սերվանտեսի, Բոդլերի, Ֆրանսուա Վիյոնի, Էրվե Բազենի, Ալբեր Քամյուի, Գարսիա Լորկայի եւ այլ հեղինակների մի շարք գրքերի նկարազարդումների մասին, ուր նկարչի գծանկարային վարպետությունը թրթռում է ողջ փայլով: Ժանսեմի աշխարհը իր հոգու արձագանքն է: Այդ աշխարհը նկարիչը հրամցնում է գեղեցիկի առինքնող լեզվով, խոհական խոր ուժով: Նա ստեղծում է գեղանկարչական մի մթնոլորտ, որի կենսահորդ ուժին անկարելի է դիմադրել: Տարօրինակ զգացումով ես համակվում նրա կտավների առջեւ: Ժանսեմի հերոսները իրենց հոգեմաշ ու դրամատիկական ծայրահեղ վիճակի մեջ անգամ չեն պարտադրում իրենց վիշտն ու մորմոքը: Հուսահատական ու հիվանդագին զգացմունքներ չունեն: Ներքուստ հարազատ են, արժանապատվությամբ լեցուն, անտարբերՙ շրջապատի նկատմամբ: Մտնում ես Ժանսեմի աշխարհը, խորանում, եւ քո առաջ բացվում է մի իրականություն, որը միայն բանաստեղծական կարելի է կոչել: Նկարչի հերոսները կարծես եւ ապրում են եւ չկան: Նրանք այն չափով են իրական, որ չափով ապրում են նկարչի ներաշխարհում: Թվում է, թե նկարիչը տեսիլքներ է կերտում ու ձգտում անվրդով պահել նրանց խորիմաստ լռությունը: Ժանսեմի արվեստի այս հատկանիշները բացահայտվում են նրա ազգային նկարագրով: Նոր դարի առաջին տարիներին Ժանսեմը ստեղծեց «Հայոց ցեղասպանութունը» 34 գործերից բաղկացած նկարաշարըՙ առնչելով այն Մեծ եղեռնի 90-րդ տարելիցին: Հրաբխի նման իր հոգուց հորդած այդ գործերը նա ներկայացնում է Փարիզում, ապա նվիրաբերում Երեւանի հայոց ցեղասպանության թանգարանին: Հուզաշունչ իր արտահայտչալեզվի հնչեղ դրոշմը կրող այդ նկարաշարի թեմաները բխել են դաժան արհավիրքի բովով անցած իր մոր պատմություններից: Մեր հանդիպումներից մեկի ժամանակ, վերհիշելով այդ նկարաշարի ստեղծման ժամանակները, Ժանսեմն ասաց. «Մահուան մղձաւանջ ապրած ժողովուրդ մը չկրնար կորսնցնել իր հաւատը, իր լեզուն, հոգեւոր կեանքով ապրելու իր ուղին: Մոռնալ ցեղասպանութիւնը, կը նշանակէ մոռնալ սեփական կենսագրութիւնը, կը նշանակէ դադարիլ ազգ մը ըլլալէ: Դժոխքով անցած Հայաստանը իմ կեանքիս մաս կը կազմէ: Հայաստանը արիւնիս մէջ է...»: Երբ վերջերս դարձյալ Փարիզում էի, Սենտ Անիենում հանդիպեցի Ժանսեմին, ջերմ, երկար զրույց ունեցանք: Նա ինձ մի նկար ցույց տվեց եւ ասաց. «Երեւանում դու ինձ ցույց էիր տալիս հայկական եկեղեցիները: Այստեղ ես նկարել եմ Սենտ Անիենի եկեղեցին, այս նկարը քեզ եմ նվիրում»: Խոսեցինք իր լավագույն գործերի պատկերագրքի հրատարակման շուրջ, պայմանավորվեցինք, որ դրանց լուսանկարներն ուղարկի ինձ: Ցավոք, չհասցրեց... Նկար 1. Ժան Տեր-Մերկերյանի ջութակով Նկար 2. Վերջին գործերից |