ՏԻԵԶԵՐՔ, ՈՐԻ ԱՆՈՒՆԸ Յ.Ս.ԲԱԽ Է Զրույցը գրի առավ ՄԱՐԻՆԵ ԿԱՐՈՅԱՆԸ Աշխարհում արեւմտյան դասական երաժշտության գերակայության հետ կապված հարցերի եւ այդ երաժշտության մեջ հատկապես Յ.Ս.Բախի առանձնահուկ դերի, նրա երաժշտության կենսունակության խնդիրների շուրջ զրուցում են կոմպոզիտոր Վաչե Շարաֆյանը, թավջութակահար Մարիո Բրունելլոն եւ դաշնակահարուհի Մարինե Կարոյանը:БркЮ Մարինե Կարոյան . - Իրերի ու երեւույթների զանգվածային ապրանքայնացման մեր ժամանակաշրջանում, կարծում եմ, երաժշտությունը բացառություն չի կարող դիտվել: Տեխնոլոգիական զարգացումների շնորհիվ այն վայրկենապես դառնում է մատչելի, հաճախ միանգամյա օգտագործման ապրանք: Երաժշտությունը վաղուց դարձել է վաճառելի ապրանքատեսակ` իրացման եւ սպառման գլոբալ շուկայում: Գլոբալիզացված մեր ժամանակաշրջանում Ձեզ մի փոքր զարմանալի չի՞ թվում արդյոք արեւմտյան դասական երաժշտության գերակայության ակներեւ չափաբաժինը աշխարհում: Սա ի՞նչ ֆենոմեն է, որ դիմակայում է ժամանակների, տարածության ու շուկայի դիսկուրսին: Մարիո Բրունելլո . - Դասական երաժշտությունը կենդանի օրգանիզմ է եւ բոլոր ժամանակներում հարուցել է հարցեր ու քննարկումներ: Բնականաբար այն բոլորովին էլ նույնը չէ, ինչ երեք-չորս հարյուր տարի առաջ, այն ո՛չ հնչում է նույնը, ո՛չ էլ նույն ձեւով կատարվում: Բայց կա մի հիմք, մի «Ավետարան», որի վրա այն կառուցվում է ժամանակի մեջ: Դա Բախն է, նրա երաժշտության օրենքներն ու սկզբունքները: Եվ ես կարծում եմ, որ արեւմտյան երաժշտության այս դոմինանսը գալիս է ակնհայտ ցույց տալու Բախի հանճարի` որպես հիմնական բանալու, ռեգեներատիվ ուժը: Մ.Կ. - Խոսելով ժամանակների դիսկուրսի մասին, կուզենայի անդրադառնայինք ժամանակային այն աղեղին, որ մեզ բաժանում է Բախից: Ինչպե՞ս է լինում, որ նրա երաժշտությունը այդքան բնականոն ինտեգրվել է մեր արագ փոփոխվող, թվայնացված աշխարհ: Ինչպե՞ս է, որ այն շարունակում է ապրել` գրավելով ավելի ու ավելի մեծ տարածքներ տարբեր ժանրերում եւ ոճերում: Վաչե Շարաֆյան. - Ամեն մի կոմպոզիտոր լսում է իր ժամանակի խնդիրը, իր դիսոնանսը: Ինքը լսել է տիեզերական խնդիրները: Կարծում եմ, այստեղ է նրա երաժշտության ժամանակից դուրս, միշտ արդի լինելու բանալին: Մի քանի տարի առաջ ես պատվեր ունեի «Soli Deo Gloria» կազմակերպությունից: Պիտի գրեի 51-րդ սաղմոսը: Սաղմոսի տեքստը Դավիթ թագավորի մեղան է Բարձրյալին: Եվ հարց ունեի, թե ինչ երաժշտություն պետք է գրեմ, որ չխափեմ: Հետզհետե պարզվեց, որ այս տեքստը իրականում ինձ օգնում էր, որովհետեւ այն ունիվերսալ է. այն աղոթք է, իսկ աղոթելիս յուրաքանչյուր մարդ ի՛ր հոգին է դնում դրա մեջ եւ սիրտը: Ըստ իս, երաժշտությունը, եւ հատկապես Բախի երաժշտությունը, մի ունիվերսալ հատկություն է, լեզու, որի միջոցով յուրաքանչյուր երաժիշտ կարող է արտահայտել ինքն իրեն: Մ.Կ. - Իսկ ունկնդի՞րը: Վ.Շ. - Այսօրվա ունկնդիրն ու Բախի ժամանակների ունկնդիրը բոլորովին տարբեր են: Այսօրվա մեկնաբանումը պետք է գոհացնի այսօրվա ունկնդրին: Բախի երաժշտությունը այդ հնարավորությունը լիովին տալիս է թե՛ կատարողին եւ թե՛ ունկնդրին: Բախը առանց որեւէ խնդրի դառնում է այն եռակողմ միացության մասը, որի անունն է կոմպոզիտոր-կատարող-ունկնդիր: Մ.Բ. - Ոչինչ չի մոռացվում կամ հնանում, երբ այն ունիվերսալ բնույթ ունի: Բախի երաժշտությունը Google է որեւէ մեկի համար, ով երաժշտություն է գրում, կատարում կամ ունկնդրում: Յուրաքանչյուրը նրա մեջ գտնում է ի՛ր հարցի պատասխանը: Վ.Շ. - Ժամանակի կապանքներից դուրս լինելը լիովին արտահայտվեց նրա վերջին` «Ֆուգայի արվեստը» ստեղծագործության մեջ, որտեղ նա արդեն չէր նշում նվագող գործիքները: Այսինքն, նույնիսկ դա՛ արդեն նշանակություն չուներ: Մ.Կ. - Կամ էլ եթե նույնիսկ նշված էին գործիքները (օրինակՙ Բրանդեմբուրգյան կոնցերտներում), հաճախ այնպիսի տեսսիտուրայում էր առաջարկվում նվագել որեւէ գործիքի, որ Բախի ժամանակակից գործիքներով դա պարզապես հնարավոր չէր: Վ.Շ. - Այստեղ արդեն գալիս ենք մի երեւույթի, երբ երաժշտությունը ամբողջապես ազատված է նյութից: Մ.Կ. - Նյութից դուրս լինելու մասին խոսելիս անհնար է, սակայն, չանդրադառնալ այն ռացիոնալ ու հետեւողական համակարգին, որի մեջ աշխատում էր Բախը: Արդյո՞ք սա չի հակասում նյութից դուրս լինելու մեր պատկերացումներին: Այժմ մենք բավականաչափ գիտելիքներ ունենք աշխարհի մասին, որտեղ արյան բջիջներից, մեր գենետիկ կոդից մինչեւ ֆրակտալ երկրաչափությունը աղաղակում են, որ բոլոր համակարգերում հավասարակշռված են ռացիոնալ ու քաոսային տարրերը: Այդ պնդումների լույսի ներքո ավելի հետաքրքրական է դառնում Բախի ստեղծագործության ծայրահեղ տրամաբանական կառույցի վերլուծությունը: Տեսականորեն, Բախի իմաստավորումն ու կատարումը պետք է լիներ պարզ ու հարմար, ինչպես, ասենք, որեւէ ժամանակակից կահույքի հավաքումը. վերցնում ես բաղկացուցիչ մասերը, հետեւում ես կցված ձեռնարկին եւ շատ սխալվելու տեղ չունես: Բայց արի ու տես, որ այդքան թափանցիկ կոմպոզիցիան միեւնույն ժամանակ չափազանց խոցելի է կատարողի համար: Ամեն մի ձայնը կարեւոր է: Սա երաժշտական միջոցների մեջ տնտեսվար լինելու լավագույն փորձն է: Շատ, նույնիսկ մեծ կոմպոզիտորներ բոլորովին զուրկ են այսպիսի համեստությունից, տնտեսվարությունից ու կարգապահությունից: Եվ նորից դեմ հանդիման ենք գալիս Բախի առեղծվածային խորքի հետ: Երկուսին գումարած երկու միշտ էլ չորս է, բայց Բախին հետաքրքրում է, թե դա ինչու է այդպես: Վ.Շ. - Պրոֆեսիոնալիզմը իհարկե շատ կարեւոր հարց է, բայց միեւնույն ժամանակ դա քիչ է բարձունքների հասնելու համար. «Պիտի պատրաստ լինես մտնել Տաճար»: Ճշմարիտին հասնելը տրվածության հարց է: Գիտելիք կարելի է ձեռք բերել: Այստեղ կարեւորվում է մարդու ունակությունը` այդ լեզվի միջոցով խոսել: Այստեղ սխեմատիզմը չէ, որ կարեւորվում է: Բախի երաժշտության դեպքում սխեմատիզմը հստակ երեւացող բան է, երբ նա մի փոքրիկ սաղմից կառուցում է ամենը: Տրամաբանությունը աշխատում է կատարելապես: Եթե մի փոքր դարձվածք փոխես, կքանդվի: Դա կազմակերպվածության մի տեսակ է, որ շատ բնորոշ էր գերմանական արվեստին ու փիլիսոփայությանը: Մ.Բ. - Բախի երաժշտությունը շատ բնական է, քանի որ այն մաքուր համամասնությունների օրինակ է: Սա կապ չունի սիմետրիայի կամ լավ կառուցված լինելու հետ: Համամասնություններ ասելով ի նկատի ունեմ, օրինակ, տերեւը կամ թիթեռը: Դրանք նույնպես բաժանված են երկու մասերի, որոնք համամասնական (պրոպորցիոնալ) են, բայց ոչ նույնական: Բախի երաժշտությունն էլ այս բնութագրերը ունի: Չես կարող ասել, որ այն կատարյալ է. հաճախ այն չունի գեղեցիկ թեմաներ (ինչպես, օրինակ, ռոմանտիկների մոտ), սակայն իր բնականության շնորհիվ բռնում է կոկորդիցդ: Եթե շարունակեմ Ձեր միտքը հավասարակշռված ռացիոնալ եւ քաոսային տարրերի մասին, ապա պիտի ասեմ, որ Բախի երաժշտությունը հիսուն տոկոսով ճշմարտություն է, հիսուն տոկոսով երեւակայություն: Ճշմարտությունը դարձնում է այն հասկանալի, իսկ երեւակայությունը կյանք է հաղորդում նրան: Մ.Կ. - Եվ այս հիսուն-հիսունը գրվում էր ժամանակային խիստ սուղ պայմաններում: Մ.Բ. - Հանճարների դեպքում հատկացված ժամանակը զարմանալիորեն իմաստազրկվում է: Շումանը իր թավջութակի կոնցերտը գրել է չորս օրում: Ինձ ասել են, որ աշխարհը վեց օրում է ստեղծվել: Ուրեմն կան դեպքեր, երբ հատկացված ժամանակը ուղիղ համեմատական չէ ստացված արդյունքի հետ: Մ.Կ. - Դարերի ընթացքում երաժշտականի, հոգեւորի ու զգայականի այս լուսավոր վկայությունը, որ կոչվում է Բախի երաժշտություն, դարձավ կարծես ավելի հասկանալի, շոշափելի, բայց եւ ավելի խորհրդավոր: Այս երաժշտությունը ներկայանում է որպես մի տարածք, որտեղ տրանսցենդենտը իրեն կարծես միաժամանակ վավերական է զգում: Սա ի՞նչ զգացողություն է: Մ.Բ. - Հանճարների երաժշտությունը հաճախ երկու դրսեւորում ունի` հանրային դեմք եւ մասնավոր դեմք: Ի միջի այլոց, մեկը երբեք չի բացառում մյուսին: Բախը ամբողջապես վերացական է` միաժամանակ հայացքը ուղղած դեպի մարդկայինը: Նրա երաժշտությունը ըմբռնող ականջ է գտնում թե՛ հավատացյալ մարդկանց, թե՛ աթեիստների, եւ թե՛ այն մարդկանց մեջ, որոնց համար կրոնը այս կամ այն տարբերակման նշան չէ: Ավելին, նկատել եմ, որ ընդգծված կրոնական թեմաներով նրա գործերը ավելի մեծ թվով մարդկանց են հուզում` հաղթահարելով նրանց տրամաբանական դիմադրությունը, բացելով նրանց իրենց իսկ առջեւ եւ պարգեւելով նրանց անբացատրելի բերկրանք: Մ.Կ. - Թվային արտահայտությունները ինքս չեմ սիրում, բայց դա իրոք զարմանալի երեւույթ է, երբ մաթեմատիկական ֆենոմենի տեսք ստացած մշակութային խորհրդանիշերը այդքան ակտիվորեն են աշխատում ենթագիտակցության մակարդակով: Վստահ եմ, որ Բախը ոչ մի բան էլ չէր հաշվում, ինքը դրա ժամանակն էլ չուներ: Բայց անբացատրելիորեն մի տեսակ «անձնական» ես զգում, օրինակ, «Գոլդբերգ վարիացիաների» կառուցվածքը (որտեղ, չնչին բացառություներով, վարիացիաները բաղկացած են 64 տակտից, ինչը անմիջապես համակցվում է չինական «Փոփոխությունների գրքի» հեքսոգրամների թվի հետ) կամ բազմաթիվ այն երաժշտական խորհրդանիշերը, որ համընկնում են ԴՆԹ-ի կառուցվածքային 19 պարույրների թվաքանակի հետ: Այս բանե՞րն են արդյոք, որ կապում են միլիոններին Բախի երաժշտությանը: Մ.Բ. - Չեմ կարող բառերով բացատրել, թե ինչու, բայց այս երաժշտությունը լսելիս կամ կատարելիս կյանքի ու մահվան ցիկլի մի ֆանտաստիկ զգացում եմ ունենում: Սա մի ուժ է, որ անհնար է հաղթահարել: Վ.Շ. - Ընդհանրապես երբ ստեղծագործում ես, մեջդ միաժամանակ մի քանի հոգի են աշխատում: Չեմ կարող բացատրել, թե դա ինչ է: Բայց իհարկե վերջում այդ բոլորի աշխատանքը սրտի միջով է անցնում, որպեսզի դառնա երաժշտություն: Բախը իսկապես ասելիք ուներ եւ կոչված էր դա անել: Մ.Կ. - Աստվածային երաժշտություն` հասարակ ծառայողի կողմից: Վատ չէ, եթե հաշվի առնենք այն փաստը, որ Բախի ժամանակներում կոմպոզիտորները ճիշտ այնպիսի ծառայողներ էին, ինչպես, օրինակ, խոհարարները կամ այգեպանները: Մ.Բ. - Այո, պարտադիր չէր իմանալ խոհարարի կամ այգեպանի անունը, բայց եթե դու լավ այգեպան էիր, մարդիկ գալիս էին, որ հիանան քո այգով: ճիշտ այդպես մարդիկ գալիս էին Վենետիկ` Վիվալդիին լսելու: Բայց Բախը բավական առանձնացած կյանքով է ապրել: Նրա պարագայում, կյանքի ընթացքում առանձնապես «հանճարի կերպարը» չի աշխատել, ինչն այդքան բնորոշ է Մոցարտին կամ Բեթհովենին: Մ.Կ. - Դե ժամանակները ուրիշ էին: Բեթհովենի կամ ասենք Մահլերի անձնական կյանքն ու փորձառությունները իսկապես պատմության մաս են: Վատ լսողություն կամ հիվանդ սիրտ ունենալը արդեն «ինտրիգի» մասն են: Բախի պարագայում, զգայական իմաստով սառը հեռավորություն կա նրա անձի եւ նրա նյութի միջեւ: Հայտնի է, որ կյանքի վերջում նա կույր էր, բայց դա արդեն (կամ դեռեւս) ա՛յն ընդգծված կարեւորությունը չունի: Վ.Շ. - Բախը մի ծառայող էր, որ երաժշտություն էր գրում ի փառս Աստծո եւ այդպես էլ ստորագրում էր` Soli Deo Gloria. Այստեղ անհավանական չափերի հասնող նվիրում ու ամոթխածություն կա: Մ.Կ. - Բայց այս ամոթխած մարդը նաեւ մեծ նորարար էր: Նրա նորարարության մակարդակը կարելի է համեմատել, թերեւս, դեպի ձայնագրման կամ հեռուստատեսային տեխնոլոգիաների աշխարհ առաջին ճանապարհ հարթողների հետ: Մ.Բ. - Բախի տեխնիկական ներկապնակը անհավանական արդիական է: Այդ է պատճառը, որ նրա երաժշտությունը երբեմն ցնցող մակարդակի նոր է: Լսեք Սարաբանդան` թավջութակի N5 սյուիտից, որ կարծես երեկ է գրվել: Կամ N3 սյուիտի Ժիգայի միջին մասը, որ էլեկտրական կիթառի վրա նվագող ռոք երաժշտի զգացումներ է արթնացնում: Սա է Բախի հրաշքը, նա իր ապրած ժամանակով չէր բավարարվում ու սահմանափակվում: Նրա երաժշտությունը ապագայի հսկայածավալ սերմացու ունի: Դճվար է գտնել 19-րդ դարի թեկուզ մեկ կոմպոզիտոր, որ խորն ակնածանքով չվերաբերվեր Բախի ստեղծագործությանը կամ զարգացած չլիներ նրա կոնտրապունկտի գիտելիքների վրա: Բայց ապագա սերունդների վրա նրա իրական ազդեցությունը գնահատելու համար կարծում եմ երաժշտությանը զուգահեռ պետք է դիտարկել նաեւ նրա տեսական աշխատանքները: Վ.Շ. - Իմ պատկերացմամբ Բախի ամենամեծ նորարարությունը տեմպերացիան է: Խոսելով տեմպերացիայի մասին… Մոտ 300 տարի երաժշտություն ստեղծելիս օգտագործվում էր բնական տեմպերացիան, որը ցածր եւ բարձր տոներ ունի, այսինքն տոնիկայից շատ հեռանալու դեպքում «մաքուր» չի հնչում: Բայց նրա «լավ տեմպերացիան» այնքան վարպետորեն է արված, որ բնականի զգացողություն է թողնում լսելիս: Բնականի զգացողությունը միշտ մնում է ենթագիտակցության մեջ: Սա աշխատող գործոններից մեկն է: Երաժշտություն լսելիս, անկախ քեզանից, անվերջ հարաբերում ես այդ բնական, երկրային տեմպերացիան Բախի տեմպերացիայի հետ: Բախի երաժշտության մեջ դա շատ ակնհայտ երեւում է: Մ.Կ. - Այսպիսով, զոհաբերելով բնական տեմպերացիայի մաքրության մի փոքր մասնիկ, նա հասավ տոնայնական համատեղելիության` լայն ճանապարհ հարթելով իր համար դեպի նորն ու համարձակը: Սակայն մի հակասական բան կա: Լինելով այդչափ նորարար, նա, միեւնույն ժամանակ, կենդանության օրոք իր հանճարին համապատասխան գնահատված չէր: Նույնիսկ որդիները նրան «հին կեղծամ» էին անվանում: Վ.Շ. - Ընդհանուր առմամբ չեմ կարծում, որ ինքը գնահատված չի եղել: Ընդհանրապես չեմ կարծում, որ մի բան արժեք ունենա եւ թաքնված մնա: Երաժիշտները նրան գիտեին: Բեթհովենի դաշնամուրի վրա միշտ դրված էին «Լավ տեմպերացված կլավիրի» հատորները: Մ.Կ. - Մեզ հասած նամակներից երեւում է, թե ինչպես էր նա ուղարկում իր ստեղծագործությունները այս ու այն իշխանավորին` դրամ ստանալու ակնկալիքով, եւ երբեմն նույնիսկ երկու բառ չէր ստանում ի պատասխան: Դրա վառ օրինակ կարող է ծառայել Բրանդեմբուրգյան կոնցերտների հետ կապված պատմությունը: Իսկ այժմ այդ ստեղծագործությունները գրեթե շլյագերային են: Մ.Բ. - Անշուշտ Բախը աշխատում էր իր PR-ի վրա: Ի միջի այլոց, նա բավական լավ իմպրեսարիո էր իր համար: Նա շատ երեխաներ ուներ, աշխատանք եկեղեցում, աշակերտներ, գործիքներ էր գնում կամ վարձում…Այնպես որ նա պիտի կարողանար դրամ վաստակել: Մ.Կ. - Մերօրյա մարդու համար դժվար է պատկերացնել այս ամենն առանց համացանցի, կայքի, ֆեյսբուքի……Այժմ որեւէ արվեստագետի հաջողակ լինելը չափվում է նրա համբավի, վաճառած խտասկավառակների, ունեցած համերգների թվով: Չափման այս համակարգով Բախը կունենար զրո միավոր: Սակայն այդ հանգամանքը չխանգարեց, որ դարերի ընթացքում նրա երաժշտությունը ավելի ու ավելի ներգրավվի ու ինտեգրվի հանրայինի մեջ: Ադրենալինով լի այս երաժշտությունը հիանալի համատեղ կյանք ունի ոչ միայն նոր տեխնոլոգիաների ու սոցիալական ցանցերի հետ, այլեւ ինքնուրույն գոյություն` ջազ, ռոք ժանրերում: Դրա ակներեւ ապացույցը 2000թ.-ին Լայպցիգում, Թոմասկիրխեի (որտեղ նա աշխատում էր կյանքի վերջին 27 տարիներին) մոտ կազմակերպված «24 ժամ Բախի հետ» հսկայածավալ մեդիա -համերգն էր, որին մասնակցում էր տարբեր ժանրերի ավելի քան 400 ամենահայտնի երաժիշտ` ապացուցելով որ Բախի հետ իրենք իրենց տանն են զգում: Մ.Բ. - Կա բրեյքդանսի մի խումբ, որը կոչվում է «Red Bull Flying Bach»: Այս խումբը Եվրոպայում շատ մեծ հաջողություն ունի: Խմբի ղեկավար Մարկո Մուին հարց տվեցի, թե ինչն է իրենց համար այդքան գրավիչ (cool) Բախի մեջ: Եվ գիտե՞ք, թե նա ինչ պատասխանեց. «Բախը 17-18-րդ դարերի երաժշտության համար նույնն էր, ինչ Մայքլ Ջեքսոնը` 20-րդ դարի պոպի համար: Այդ երաժշտությունը ազատության ու երջանկության զգացում է պարգեւում»: Ինձ համար իսկապես շատ հաճելի պատասխան էր: Վ.Շ. - Անձամբ ինձ համար սա միայն լավ միջոց է, որ մեկը վերադառնա զուտ Բախին: Մ.Կ. - Իրերին «happy end»-ի տեսանկյունից մոտեցումը, որ բնորոշ էր բարոկկոյին, բերում է նրան, որ այս երաժշտությունը բառացիորեն լավատեսություն է ժայթքում: Այս մոտեցումը հատկապես 20-րդ դարի սկզբից սկսած բավական տանուլ տվեց: Բարոկկոյի լավի, գեղեցիկի, գերագույնի մետաֆորան մի տեսակ ճզմվեց: Գուցե դա էլ է շատ գրավիչ մերօրյա անհատի համար: Հաճախ նույնիսկ մինոր ստեղծագործությունը մաժորով էր վերջանում: Ի՞նչ եք կարծում: Վ.Շ. - Բարոկը երաժշտության զարգացման շատ դասական փուլ էր, եւ մաժորը, իհարկե գերիշխող էր, քանի որ մաժորը ավելի բնական եւ կատարյալ շարք է քան մինորը: Օբերտոնային շարքը դա մաժորային շարք է: Սակայն երաժշտության զարգացումը բերեց նրան, որ կոնսոնանսի եւ դիսոնանսի հարաբերությունները եւ զգացողությունները ժամանակի մեջ փոխվեցին: Այն, ինչ 17-18-րդ դարերում ունկնդրի ականջին հնչում էր մինոր, մեզ համար դա մինոր չէ: Հաճախ դա մինոր հնչողություն չէ ոչ միայն կոմպոզիտորի, այլ նաեւ ունկնդրի համար: Բախի երաժշտությունը լի է երջանկության զգացմունքով: Եվ դա կապված չէ մաժորի կամ մինորի հետ: Մ.Կ. - Այսպիսով, ի՞նչն է, ըստ Ձեզ, միավորում միլիոններին Բախի երաժշտության շուրջ: Վ.Շ. - Բախը միլիոնավորների հետ է խոսում շնորհիվ իր երաժշտության հատկանիշների: Երաժշտությունը, ինչքան ավելի առաջ է իր ժամանակից, այնքան ավելի ունիվերսալ է եւ ինքնուրույն: Սա լիովին վերաբերում է Բախի երաժշտությանը, որն իր ունիվերսալությամբ դարձավ համամարդկային լեզու: Մ.Բ. - Կարծում եմ, որ Բախի պարագան հաստատում է, որ ընդհանրապես երաժշտությունը մեկ օրգանիզմ է` վեր կանգնած ոճերից ու ժանրերից: Եթե կուզեք, դա կոլեկտիվ ճակատագիր է: |