RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#006, 2014-04-04 > #007, 2014-04-11 > #008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 18-04-2014



ՈՒՂԵԳՐՈՒԹՅՈՒՆ (Calouste Gulbenkian Foundation)

Տեղադրվել է` 2014-04-18 00:36:14 (GMT +04:00)


Ընթերցված է` 1835, Տպվել է` 34, Ուղարկվել է էլ.փոստով` 27

ԲԵՅՐՈՒԹԱՀԱՅ ՈՍԿԵՐԻՉԸ ԵՎ ՍԵՐԲ ՈՍՏԻԿԱՆԻ ՈՍԿԵ ՄԵԴԱԼԸ

ԲԱԲԿԵՆ ՍԻՄՈՆՅԱՆ

Երեւանում մի առիթով ծանոթացել էի Բեյրութում լույս տեսնող «Սփիւռք» ամսագրի խմբագիր Սաքո Օգնայանի հետ: Սաքոն գիտեր, որ մեր երեւանյան հանդիպումից հետո այցելելու եմ Լիբանան: Հենց այն ժամանակ էլ պայմանավորվել էինք հանդիպել այնտեղ:

Առավոտյան Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոսության իմ առանձնասենյակում իմի էի բերում նախորդ օրվա տպավորություններս, երբ զանգահարեց Սաքոն:

- Այսօր ձեզ կհրավիրեմ «Սփիւռքի» խմբագրութիւն,- ասաց նա,- քիչ մը կզրուցենք ամսագրին շուրջ: Բացի ատկէ, ձեզի համար անակնկալ մը պատրաստած եմ, բայց այդ մասին կըսեմ երեկոյան: Ձեր մտքով չանցնիր, թե ինչ բացառիկ հանդիպում պիտի ըլլա: Չմոռնաք քամերա (ֆոտոխցիկ- Բ.Ս.) ալ վերցնել:

Նոր էի ճաշել ու ճեմում էի մայրավանքի բակում, երբ կաթողիկոսարան եկավ Սաքոն:

- Երթանք, բարեկամս, - ասաց նա:

Անթիլիասից գնում ենք Բեյրութի կենտրոն:

Քիչ հետո Սաքոն դանդաղեցնում է մեքենայի ընթացքը: Հասկանում եմ, որ հասնում ենք «Սփիւռք»-ի խմբագրություն, որ գտնվում է Բեյրութի Համրա թաղամասի հին շենքերից մեկում:

- Հասանք,- ասում է Սաքոն:

Մինչ կիջնեինք մեքենայից, մեզ մոտեցավ մուտքի մոտ սպասող, ալեխառն մորուքով ու ընդգծված հայկական դիմագծերով միջին տարիքի մի տղամարդ:

- Ես Սարգիս Գասպարյանն եմ,- ձեռքն ինձ մեկնելով ասաց նա,- Սաքոն ինծի արդեն պատմեր է ձեր մասին: Հատուկ եկեր եմ ձեզի հետ հանդիպելու:

Գուցե այս մարդու հետ հանդիպու՞մն է անակնկալը, մտածեցի ես: Մինչ կմտորեի այդ մասին, Սաքոն հաստատեց ենթադրությունս:

- Ճիշտ կկռահեցիք, ճիշտ ասիկա է անակնկալը,- ասաց նա:- Հիմա կզրուցենք ու ձեզ մտովի կտեղափոխենք ուղիղ երեսուն տարվա վաղեմություն ունեցող օրերը:

Երեսուն տարվա վաղեմություն ունեցող օրեր... Մի պահ փորփրեցի հիշողությունս` փորձելով հասկանալ, թե ինչ էր ակնարկում Սաքոն, այն էլ երեսնամյա վաղեմություն ունեցող: Չհիշեցի:

- Հիմա ամեն բան կիմանաք,- սառնասրտորեն ասաց նա:

Երեքով բարձրանում ենք չորրորդ հարկ (լիբանանյան ընբռնումով, որը մեկով պակաս է մեր ըմբռնումից), ուր մի փոքրիկ ու համեստ սենյակում տեղավորված է խմբագրատունը: Միանգամից աչքի են զարնում Զորավար Անդրանիկի, Գուրգեն Յանիկյանի եւ «Սփիւռքի» հիմնադիր, խմբագիր եւ հրատարակիչ Սիմոն Սիմոնյանի մեծադիր լուսանկարները: Մի անկյունում «Սփիւռք» ամսագրի տարբեր տարիների օրինակներն են, պահոցներում ու դարակներում` հարյուրավոր գրքեր, թղթապանակներ...

- Քեզ հարմարավետ մեկ այլ գրասենյակ է հարկավոր,- ասում եմ Սաքոյին,- այստեղ շատ նեղվածք է:

- Էհ, ինչպես կտեսնեք, այս նեղվածքի պայմաններուն մեջ ալ կաշխատինք,- ուսերը թոթվելով ասում է նա:

Թերթում եմ «Սփիւռքի» տարբեր համարները, ուր բազմաթիվ նյութեր եմ տեսնում հայ-սերբական կապերի մասին, եւ, ո՜վ զարմանք, մի քանի տեղ նաեւ իմ անունը:

- Մի զարմանաք, բարեկամս,- ասում է Սաքոն,- 1990-ականներու սկիզբներուն «Սփիւռքը» շատ անդրադարձած է հայ-սերբական կապերուն եւ Սերբիո հայ համայնքին: Այդ ժամանակ համայնքին մեջ աշխուժություն կար, այդ հարցերը հրատապ էին: Հիմա չեմ գիտեր ինչպե՞ս է վիճակը:

- Ակտիվությամբ հանդես են գալիս միայն անհատները,- բացատրում եմ ես,- համայնքը շատ է փոքր, հազիվ 300 հոգի, որոնց մեծ մասը խառն ամուսնություններից ծնվածներ են, թեեւ գիտակցում են, որ ծագումով հայ են: Ցավոք, չկան դպրոցներ, չկա եկեղեցի եւ դա զգալի չափով բացասաբար է անդրադառնում համայնքի գոյատեւմանը:

Սաքոյի ու Սարգիսի հետ խոսում ենք ազգային գաղափարախոսության, ցեղասպանության ուղղությամբ մայր հայրենիքում ու սփյուռքում կատարվող աշխատանքի մասին:

- Կհիշե՞ք 1983-ին Բելգրադի մէջ Թուրքիո դեսպանին սպանությունը,- հարցնում է Սաքոն: -Այս հանդիպումը կապ ունի ատոր հետ:

Նրա խոսքը մեկեն ցնցեց ինձ: Շանթահարված ու շփոթված էի, երեսնամյա վաղեմության հուշերն ինձ մտովի տարան Բելգրադ:

- Սաքո... Սաքո, դե ասա, ո՞վ է Սարգիսը, ի՞նչ կապ ունի բելգրադյան այդ իրադարձության հետ,- հարցրի նրան` րոպե առաջ ակնկալելով նրա պատասխանը:

- Եթե կհիշեք` բեյրութահայեր Անդրանիկ Պողոսյանն ու Րաֆֆի Էլպեքյանը «Հայկական ցեղասպանության արդարության մարտիկներ» կազմակերպության հանձնարարութեամբ Բելգրադ գացած էին ահաբեկելու Թուրքիո դեսպան Ղալիբ Բալգարը, որ մինչեւ դիվանագիտական աշխատանքի անցնիլը հակահայկական գործունեություն ծավալած էր` փորձելով տարբեր ատյաններու մեջ վիժեցնել ցեղասպանության ճանաչումին ընթացքը:

- Ոչ թե հիշում եմ, այլ 1990-ականների սկզբներին սերբական մամուլում մի քանի հոդված եմ գրել այդ իրադարձության մասին,- ասում եմ Սաքոյին:- Այդ տարիներին ապրում էի Բելգրադում եւ համագործակցում հեղինակավոր շատ թերթերի ու ամսագրերի հետ: Թուրք դեսպանի սպանությանը վերաբերող հրապարակումներիցս մեկը, որ լույս էր տեսել սերբական «Ռեվիա-92» ամսագրում, անարձագանք չմնաց: Մի օր ինձ զանգահարեց ամսագրի խմբագիրն ու ասաց, որ իրեն անանուն մեկը զանգահարել ու վրդոված ասել է, թե խմբագրությունը խրախուսում ու սատար է ահաբեկիչներին եւ դրվատում է նրանց արարքը: Պիտի ենթադրել, որ զանգը կամ Թուրքիայի դեսպանատնից է հնչել, կամ էլ Թուրքիային դաշնակից ու հավատարիմ որեւէ մեկ այլ երկրի դեսպանատնից: Խմբագիրն ասաց, որ քամահրանքով է վերաբերվել այդ զանգին, ինձ էլ հորդորեց մարտական լինել ու բանի տեղ չդնել նման արձագանքները: Ողջունեցի այդ խմբագրի արժանապատիվ կեցվածքը:

- Եթե կհիշեք, տղաներու փախուստին ժամանակ սերբ ոստիկանը կրակած ու վիրավորած էր Անդրանիկ Պողոսյանը, որ հանդես էր եկած Հարություն Լեւոնյան անունով,- շարունակում է Սաքոն:- Իր այդ քայլին համար սերբ ոստիկանը պաշտոնապես հրավիրվեցաւ Թուրքիա եւ այն ժամանակվա նախագահ Քենան Էվրենի կողմե Անկարայի նախագահական պալատին մեջ պարգեւատրվեցավ մեդալով:

Ի՞նչ իմանար, սակայն, սերբ ոստիկանը, թե ինչու տեղի ունեցավ այդ ահաբեկումը, որո՞նք էին դրդապատճառները: Եվ, ահա, երբ 1992-ականներին սկզբին սկսվեցին ազգամիջյան խժդժություններն ու ընդհարումները Բոսնիայում, Թուրքիան եռանդուն կերպով սատար էր լինում բոսնիացի մուսուլմաններին: Սերբ ոստիկանը չէր կարող անտարբեր լինել Բոսնիայում ապրող իր հայրենակիցների հանդեպ իրագործվող բռնությունների նկատմամբ:

- Գիտե՞ք ինչ ըրաւ սերբ ոստիկանը,- շարունակում է Սաքոն,- գնաց Թուրքիո դեսպանատուն եւ թքելով իր ստացած մեդալին վրա, շպրտեց դեսպանատան մուտքի ճաղերեն ներս: Սերբ ոստիկանին արժանապատիվ կեցվածքը մեզի համար ողջունելի քայլ մըն էր եւ մտորելու տեղիք տվավ: Մենք ուզեցինք մեր վերաբերմունքն արտահայտել: Որոշեցինք ոսկե մեդալ մը պատրաստել` ի նշան հայ-սերբական բարեկամության: Ահա, այդ մեդալը պատրաստած է մեր ընկերը` ոսկերիչ եւ կաղապարագործ Սարգիսը: Մեդալին գաղափարն ալ իրենն է: Սա է անակնկալը, բարեկամս:

Սաքոյի պատմածներն անհավատալի էին թվում, պարզապես ցնցող էին: Երբեք չէի մտածի, որ այստեղ, Բեյրութում, կհանդիպեմ մարդկանց, ովքեր, բացի Էլբեկյանից (Պողոսյանն այնուհետեւ փոխադրվեց Երեւան մշտական բնակության) ուղղակի կամ անուղղակի ձեւով առնչվում են 1983 թվականի մարտի 9-ի բելգրադյան իրադարձությանը:

- 1991-93 թվականներուն Հովսեփ Արթինյանն ու Սաքո Օգնայանն ինծի առաջարկեցին որեւէ ձեւով օգտակար ըլլալ` ամրապնդելու հայ-սերբական բարեկամությունը,- պատմում է Սարգիսը: Երբ տեղեկացանք, որ սերբ ոստիկանը վերադարձուցած է Թուրքիոՙ իրեն տված մեդալը, զոր ստացած էր Անդրանիկին վրայ կրակելու եւ զայն վիրավորելու համար, ես որոշեցի այդ ոստիկանին համար մեդալ մը պատրաստել: Կցաւիմ, որ չէ պահպանված այդ մեդալին կաղապարը, որուն վրա պատկերված էր Արարատ լեռը հետեւյալ բառերով` «Հայ-սերբական բարեկամություն»: Պատրաստելեն հետո մեդալը ղրկեցինք Աթենք` Հայկական Ժողովրդային շարժման կեդրոն: Հետո տեղեկացանք, որ Աթենքեն ալ մեդալը տարած են Բելգրադ` սերբ ոստիկանին: Ականատեսներու վկայությամբ մեդալը հանձնելու ատեն սերբ ոստիկանը հուզմունքեն արտասված է: Առ այսօր, ցաւոք, լուր մը չունինք, արդյոք ողջ է սերբ ոստիկանը. այդ իրադարձություններեն անցած է երեսուն տարի:

Ես մի տեսակ շփոթված լսում էի մեկ Սաքոյին, մեկ Սարգիսին: Ո՞վ գիտե, ո՞ղջ է արդյոք սերբ ոստիկանը: Փոթորկվող մի զգացողություն էր պարուրել ինձ: Ես նրանց խոստացա կրկին Սերբիա այցելելիս հարցուփորձ անել` գտնելու ոստիկանին, քանի որ ինձ էլ հետաքրքրեց այս բացառիկ պատմությունը, որի մասին առաջին անգամ էի լսում:

- Ինչո՞ւ որոշեցիր մեդալ պատրաստել, ի՞նչ զգացողություն էր քեզ առաջնորդում,- հարցնում եմ Սարգիսին:

- Զիս կառաջնորդեր արժանապատվության զգացումը,- հպարտորեն ասում է Սարգիսը:- Հավատացեք, նույնիսկ կարեւորություն չէի տար, թէ ով պատրաստած էր մեդալը, կարեւորն այն էր, որ մենք սերբ ոստիկանի մը օրինակով մեր վերաբերմունքն ու համերաշխությունը ցույց տվինք բախտակից սերբերուն, ովքեր շուրջ հինգ դար օսմանյան լուծին տակ եղած են, ատոր համար ավելի լավ կհասկնան ու կընկալեն ցեղասպանություն եւ ազատագրական պայքար բառերը:

Այո, սերբերը լավ են հասկանում ինչ է նշանակում կորուսյալ հայրենիք, արդեն ավելի քան մեկ տասնամյակ ապրում են այդ կորստի ցավով, որովհետեւ իրենց միջնադարյան պետության բնօրրանը` Կոսովոն, որ իրենց Արարատն է` դարձել է անհասանելի: Այդ պահին աչքիս առաջ Բելգրադում մեծ համբավ ունեցող սերբ փաստաբաններն էին` Պրիեզդա Պոպովիչն ու Վելկո Գուբերինան, որոնց հետ քանիցս հանդիպելու առիթներ եմ ունեցել ու զրուցել 1983-ի բելգրադյան հայտնի իրադարձության մասին, իսկ Պրիեզդա Պոպովիչի հետ ունեցած իմ զրույցն ամբողջությամբ հրատարակել եմ Սերբիայում 1995 թվականին լույս տեսած «Բալկանյան կրակների միջով» ուղեգրություններիս գրքում: Ազատազրկումից երեքուկես տարի անց, երբ Անդրանիկ Պողոսյանը առողջական վիճակից ելնելով ազատ էր արձակվել, իսկ Րաֆֆի Էլբեկյանին ժամկետից շուտ` յոթ տարի անց համաներում էր շնորհվել, փաստաբան Գուբերինան այդ իրադարձություններին ու դատավարությանը վերաբերող փաստավավերագրական հարուստ նյութերով համեմված գիրք հրատարակեց` վերնագրելով այն` «Ես պաշտպանել եմ»: Բելգրադում հայ վրիժառուների դատավարության ընթացքում շատ մանրամասներ պարզվեցին, հարավսլավական եւ միջազգային հանրությունը մեկ անգամ եւս հասկացավ, որ թուրք դեսպանի ահաբեկումը մի ազդակ էր, որով կոչ արվեց երբեք մոռացության չմատնել հայոց ցեղասպանությունը:

Բելգրադի Հեղափոխության պողոտայի եւ Գեներալ Ժդանովի փողոցի խաչմերուկում գտնվող «Մալա մադերա» սրճարանի դիմաց տեղի ունեցած ահաբեկությունից տարիներ անց, երբ շատերը ցանկանում էին հանդիպել այդ վայրում, կամ էլ սրճարանում ժամանակ անցկացնել, «Մալա մադերան» հեգնանքով անվանում էին «Մեռած թուրքի սրճարան»: Ցավոք, այն ժամանակ շատերը Հարավսլավիայում չէին հասկացել, թե ինչո՞ւ տեղի ունեցավ այդ ահաբեկությունը, բայց երբ բելգրադյան թերթերը դատավարությանը վերաբերող նյութերին զուգահեռ ներկայացնում էին հայոց ցեղասպանությանը վերաբերող փաստավավերագրական ու պատմական տեղեկություններ, ամեն բան հստակվում էր ու դառնում հասկանալի:

Բելգրադում թուրք դեսպանի սպանությունը մեկ անգամ եւս ազդակ էր, որ թեեւ դեռ քնած է մարդկության խիղճը, բայց արթուն է հայի հիշողությունը, դեռ չի մոռացվել երկու միլիոն անմեղ հայ զոհերի թափված արյունը, որովհետեւ արյունն էլ պատմական հիշողություն է կրում իր մեջ, արյունն էլ զգալ ու աղաղակել գիտի: Նաեւ` հիշեցնել: Իսկ սերբ ոստիկանի անվանն առնչվող այս հետաքրքրական պատմությունը լուսավոր մի նոր էջ կդառնա հայերի ու սերբերի պատմական դարավոր կապերի ոսկե մատյանում:

Երեւան-Բեյրութ-Երեւան

Նկար 1. Սաքո Օգնայանը (ձախից) եւ Սարգիս Գասպարյանը «Սփիւռք» ամսագրի խմբագրատանը:

Նկար 2. Սերբ փաստաբան Վելկո Գուբերինայի գիրքըՙ թուրք դեսպանի սպանությանն առնչվող դատավարության մասին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #8, 18-04-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ