RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#008, 2014-04-18 > #009, 2014-04-24 > #010, 2014-05-02 > #011, 2014-05-09 > #012, 2014-05-16

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 02-05-2014



ԲԱՆԱԳՈՂՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-05-01 22:31:53 (GMT +04:00)


Ընթերցված է` 1923, Տպվել է` 27, Ուղարկվել է էլ.փոստով` 17

ՀԻՄԻ՞ ԷԼ ԼՌԵՄ...

Բախտիար ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

Հայոց գրատպության 500-ամյակին նվիրված միջոցառումներն անցան պատմության գիրկըՙ իրենց հետ տանելով եղած նվաճումներն ու գլուխ բարձրացրած խոտանը:

2012 թվականը նվաստիս համար նշանավորվեց երկու գրքի եւ երկու հոդվածի տպագրությամբ: «Գրական թերթում» (N14) լույս տեսած «Երեւանի առաջին տպագիր պիեսը» հոդվածս տպագրվելուց մեկ շաբաթ անցՙ մայիսի 4-ին արտատպվել է Բեյրութի «Զարթօնք» թերթում: Սքանչելի է, ինչպես չուրախանալ: Բայց, դրանից մի որոշ ժամանակ անց, ձեռքս ընկավ մի գիրք, որը փոթորկեց իմ ուրախությունը: Դա 2003 թ. իմ կազմած «Գարեգին Նժդեհ, Գրական երկեր» (2003 թ., 95 էջ) գրքի վերահրատարակությունն էր «հավելումներով», որոնք ոչ թե հարստացնում, այլ նսեմացնում են Գ. Նժդեհի գրական արժանիքները:

Այս տխուր երեւույթն ինձ ստիպում է մի փոքր անդրադառնալ իմ գրական աշխարհում կատարված մի շարք դեպքերից մի քանիսին եւ կրկին վերադառնալ նույն թեմային:

Արդեն հիսուն տարի է համակերպվել եմ գրական այն արտառոց երեւույթի հետ, որը համաշխարհային առումով կոչվում է գրագողություն: Զարմանում եմ, որ իմ լավ թե վատ գրած գրքերի մասին դրական կամ քննադատական հոդվածներ չեն գրվում, իսկ սկսնակ լրագրողներից, գիտության տիտղոսավոր հեղինակներից մինչեւ «Հայ Սփյուռք» հանրագիտարանը առատորեն օգտվում են իմ հոդվածներից ու գրքերից, որպես իրենց սեփական տեքստեր:

Առաջին գրագողիս հայտնաբերել եմ 1963-ին: Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապերի ընկերության գրադարանում մամուլ թերթելիս, Բոստոնի «Պայքար» թերթում (նոյեմբերի 5) հանդիպեցի Սերգեյ Ումառյանի «Տագորը եւ Հայաստանը» հոդվածին եւ իսկույն ճանաչեցի իմ նախադասությունները (1964-ին էլ նույնը տպագրել էր Փարիզի «Աշխարհ» թերթը): Ինը պարբերություն նույնությամբ արտագրված էր «Գրական թերթում» տպագրված (1961, մայիսի 21, N 21) իմ «Տագորը եւ հայ իրականությունը» հոդվածից:

Վրդովված նամակ խմբագրություն գրեցի, գնացի «Գրական թերթի» խմբագրություն: Խմբագիր Վահագն Դավթյանը եւ Լեւոն Հախվերդյանն ու Հրանտ Թամրազյանը մեղմացրին վրդովմունքսՙ պատճառաբանելովՙ թե սփյուռքում ինչ կասեն, Հայաստանում գրագողությամբ են զբաղված:

Մի քանի տարի անց, գրագողության մի օրինակ էլ սփյուռքում որսացի: «Սովետական արվեստ» ամսագրում (1968, N10) տպագրված իմ «Թատրոնը հին Երեւանում» հոդվածը բեյրութահայ մի գրող մի քիչ սեղմած, արեւմտահայերենի վերածած «Թատրոնին ծաղկումը հին Երեւանի մեջ» վերնագրով տպագրել էր Բոստոնի նույն «Պայքար» (1971, նոյեմբերի 29) եւ Կահիրեի «Ջահակիր» (1972, ապրիլի 4) թերթերում: Ինչ ասեի, լռեցի:

Ներսիսյան դպրոցի շրջանավարտների կամավոր ընկերության նախագահ Դանիել Դզնունին ժողովածու էր պատրաստում իրենց դասատուների մասին «Հայ մշակույթի օրրանը» վերնագրով: Աշխատում էինք նույն շենքումՙ Մշակույթի տանը, նաՙ Պատկերասրահում, եսՙ Գրականության եւ արվեստի թանգարանում: Գեւորգ Մադոյանին եւ ինձ առաջարկեց օժանդակել իրեն: Որոշ մարդկանց մասին Մադոյանը գրեց, 17-ի մասին էլ ես: Քանի որ մենք ներսիսյանցի չէինք, մեր գրածներն անստորագիր տպվեցին (1971):

1981-ին լույս տեսավ Մ.Հ. Սանթրոսյանի «Ներսիսյան դպրոցի պատմություն» գիրքը, հետմահու հրատարակությամբ: 17-ից իննի մասինՙ Գեւորգ Բարխուդարյանի, Հարություն Դաղբաշյանի, Ստեփան Կանայանի, Լեւոն Մանվելյանի, Ամիրան Մանդինյանի, Գեդեոն Միրաղյանի, Սիմոն Շխյանի, Գեւորգ Չմշկյանի, Ստեփան Պալասանյանի գործունեությանը վերաբերող բավականաչափ պարբերություններ, որոնց տողերի քանակով (110) կազմում է նույն գրքի երեք ու կես էջ, նույնությամբ արտագրություն էր իմ գրածներից:

Մնացյալը լռություն է, բայց արտագրությունների ծավալը մեծանում է:

1974-1986 թթ. եղել եմ Հայկական Սովետական Հանրագիտարանի Արվեստի եւ ճարտարապետության խմբագրական խորհրդի անդամ, երկու հարյուր հոդված եմ գրել մեծ ու համառոտ հանրագիտարանների համար: Խմբագրության առաջարկով ապագա Սփյուռքի հանրագիտարանի համար գրել եմ 24 երկրի հայկական թատերական կյանքի մասին: Անցան տարիներ: Եթե մինչ այդ իմ եւ ուրիշների հոդվածների հավաստիությունը հաստատելու համար ստորագրել էին տալիս, այս անգամ ես գոյություն չունեի: Գիրքը լույս տեսավ, խմբագրության աշխատակիցներն օգտվելով իմ ձեռագրերից եւ տպագրված հոդվածներից, ամեն ինչ վերագրել են իրենց: Ամբողջ գրքում ոչ մի տեղ չի հիշատակված իմ անունը: Մասնագետ չլինելով, 12 էջանոց բուլղարահայ թատրոնին այնքան տեղ են տվել, որքան Գերմանիայում միայն Աբելյանի հյուրախաղերինՙ օտարների հետ:

Նորից գնացի «Գրական թերթ»ՙ վրդովմունքս հայտնելու: Այս անգամ էլ բարոյահոգեբանական ճնշում գործադրեցինՙ մարդիկ աշխատելու տեղ չունեն, ինչպես հանդիմանենք նրանց...

Այսպես մարսվեց նաեւ Լավրենտի Միրզոյանի կազմած եւ ոչ թե հեղինակած «Հավերժության ղողանջներ» գիրքըՙ նվիրված Տավուշ գյուղի դպրոցի 120-ամյակին (2008) եւ «Տավուշ» (2008) գրքերում տեղ գտած մի քանի տասնյակ մարդկանց մասին գրածներս: Ինձ թվում էր, որ վերջինի համար խմբագրական խորհուրդ կլինի, որովհետեւ դա կոլեկտիվ ուժերով պատրաստված ժողովածու էր, բայց չէ, բոլորիս աշխատանքը դարձավ կազմող¬հեղինակինը: Այդ ինչպե՞ս է, որ Բաբկեն Չուգասզյանն իր «Հայրենադարձ իրանահայ դեմքեր» գրքում (1997 թ.) իմ եւ ուրիշների գրածների տակ դրեց մեր ազգանունները, իսկ «Տավուշում» եւ ո՛չ մի հեղինակի անուն չկա:

Թե որքանո՞վ է հավաստի նրա կատարած միջամտությունները, բերեմ իմ օրինակը: «Հավերժության ղողանջներ» գրքում (2008, էջ 87) իմ ինքնակենսագրությանն ավելացրել էՙ «Տավուշ» հայրենակցական միության հիմնադիր անդամներից է»: «Տավուշ» հայրենակցական միության գոյության մասին ես մամուլից եմ իմացել եւ առ այսօր ոչ մի առնչություն չեմ ունեցել:

Վերադառնանք ցավոտ հարցինՙ խոտանին:

Տասնամյակներ շարունակ ազատ ժամանակս նվիրելով ծածկանունների վերծանման աշխատանքին, պարզել էի նաեւ մի քանի ծածկանուն Գարեգին Նժդեհից: Այդ տվյալների ամփոփումով «Գարեգին Նժդեհը բանաստեղծ» թեմայով մի զեկույցում կարդացի Նժդեհի ծննդյան 115-ամյակի առթիվ կազմակերպված գիտաժողովում, որը տեղի ունեցավ Հայաստանի ազգային արխիվում:

Նժդեհի կյանքին ու գործունեությանը նվիրված բազմաթիվ գրքերի հեղինակ Ռաֆայել Համբարձումյանի առաջարկով պատրաստեցի ռազմիկ¬բանաստեղծի չափածո եւ արձակ բանաստեղծությունների (52 գործ) ժողովածունՙ առաջաբանով ու ծանոթագրություններով (նշելով պարբերականի վերնագիրը, տպագրության վայրը, ժամանակը եւ մեկ ձեռագրի բնագիրը որտեղ գտնվելու տեղը): Գիրքը լույս տեսավ 2003 թվականին «Գարեգին Նժդեհ, Գրական երկեր» վերնագրով (տպաքանակըՙ 1000 օրինակ, գինըՙ 1000 դրամ) «Նախիջեւան» հրատարակությամբ: Խոստացել էր 95 էջանոց աշխատանքիս դիմաց մի չնչին վարձատրություն տալ, բայց տվեց 20 օրինակ գիրք, որ բաժանեմ ում պետք լինի: Գիրքը լույս տեսնելուց հետո պարզվեց, որ զրկվել եմ հեղինակային իրավունքից եւս: Այսպես մնացի կոտրած տաշտակի առաջ: (Ի դեպ ասեմ, որ այդ գրքի մասին մի գրախոսականի զգալի մասն արտագրված էր իմ առաջաբանից: Բանաստեղծ¬Նժդեհը նորություն էր, դժվար էր սեփական կարծիքը հայտնել):

Եկավ 2012 թվականը: Համբարձումյանը միաժամանակ երկու գիրք հրատարակեցՙ Նժդեհի «Հրապարակախոսությունը» (196 էջ) եւ «Գրական երկերը» (216 էջ): Առաջինը Համբարձումյանի հետմահու հարցազրույցն է Նժդեհի հետ, գրքից¬գիրք փոխանցվող ասույթներով ու իր գրած հավելվածըՙ «Մեսրոպյան ուղղագրության կարճառոտ ուղեցույց»¬ը (էջ 124-133):

«Գրական երկերի» սկզբում եւ վերջում գրել էՙ «Կազմեց, առաջաբանը եւ ծանոթագրությունները գրեց Ռաֆայել Համբարձումյանը», առանց խղճի առաջ հաշվետու լինելու արտագրել է իմ գրած¬պատրաստած առաջաբանի մի մասը, տեքստն ու ծանոթագրություններն ամբողջովին (էջ 23-92 եւ 129-134), ճիշտ այն հերթականությամբ, ինչպես ձեւակերպված էր իմ պատրաստած գրքում: Տարբերությունն այն է, որ իմ անունը փոխարինել է իր անունով, խմբագրի իր անունըՙ Օհանյանով: (Երկու հրատարակության հովանավորը նույն մարդն է):

«Գրական երկերի» այս նոր հրատարակությանը Համբարձումյանն սկզբից ավելացրել է «Դժբաղդ» բանաստեղծությունը, իսկ վերջումՙ 54-79 համարակալած արձակ եւ չափածո գործերը, որոնց բնագրերը պահվում են Վենետիկի Մխիթարյան միաբանության «Դիվանում»:

Գրքի երկրորդ մասը կրում է «Գարեգին Նժդեհի մտամասունքներից» վերնագիրը, Նժդեհի տարբեր գործերից քաղած ասույթներ: Տողատակի ծանոթության մեջ Համբարձումյանը նշել էՙ «Քաղածս մտամասունքները տպագրել եմ հետեւյալ ժողովածուներումՙ բոլորի մեջ որոշակի հավելումներով»: Չերկարացնենք, այդ մտամասունքները նա տպագրել է 2001-2012 թթ. լույս ընծայած 13 գրքում:

Թե ի՞նչ կապ ունեն այս ասույթները պոեզիայի հետՙ դժվար չէ կռահել: Իրՙ եթե ոչ նաեւ ուրիշ գրքերում, վերջին երկուՙ 2012 թ. լույս ընծայած գրքերում, որպես հավելված, զետեղել է իր գրած «Մեսրոպյան ուղղագրության կարճառոտ ուղեցույցը»: Ի՞նչ կապ ունի Համբարձումյանի քերականության¬ուղղագրության քարոզը Գարեգին Նժդեհի գեղարվեստական գործերի հետ: Եթե այդքան մտահոգված է մեսրոպյան ուղղագրության հարցով, թող առանձին աշխատանք գրի եւ հրատարակի եւ ոչ թե Նժդեհի անունով գրքերն ուռճացնի: Կյանքն առաջ է գնում, հետադարձ չի կարող լինել:

Կարծում եմ ամեն ինչ պարզ է:

Եթե անցած հիսուն տարիներին ինձնից արտագրել են մեծ ու փոքր պարբերություններ, կենսագրականներ ու այլեւայլ տվյալներ, ապա Ռաֆայել Համբարձումյանը յուրացրել է ամբողջ կազմած գիրքս: Իր հավելումները գուցե հեղինակի համար արժեք են ունեցել, բայց դրանք Նժդեհին վերագրելը կոպիտ սխալ է, Նժդեհին չճանաչելու փաստ եւ գրական խոտան:

Ժողովրդական առածն ասում էՙ ձու գողացողը ձի էլ կգողանա: Սրա իսկական ապացույցը Գարեգին Նժդեհի «Գրական երկերի» առաջին եւ երկրորդ հրատարակության փաստն է:

Ինձ ամենեւին էլ հաճելի չէր այս բոլորի մասին գրելը, բայց համբերությունն էլ սահման ունի, մինչեւ ե՞րբ պետք է անպատիժ կողոպտեն ինձ:

Հիմի՞ էլ լռեմ...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #10, 02-05-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ