ՆԿԱՐ ՈՒ ՆԿԱՐԻՉՙ ՆՈՒՅՆ ՃԱԿԱՏԱԳՐՈՎ ՆԱԻՐ ՅԱՆ Նորքի 5-րդ զանգվածումՙ բնակելի շենքերից քիչ հեռու, դեռ սովետական տարիներից գործում է Նկարիչների միության գեղարվեստի կոմբինատը. հիմա, իհարկե, ոչ նախկին թափով ու ծավալով: Հին, կիսաքանդ շինություն, շուրջըՙ անմշակ հողատարածքՙ անխնամ քանդակներով: Դարպասներից ներս ես մտնում, ինչ-որ հաստոց է հռնդյունով, աղմուկ-աղաղակով աշխատում. բայց աշխատեցնողը չի երեւում: Ամեն ինչից երեւում է, որ այստեղ ժամանակին եռուզեռ, ստեղծագործական աշխուժություն է տիրել: Պապս կասեր. «Հե՜յ գիդի սովետ, բա կթողնեի՞ր, որ էս հսկա շենքը պարապությունից քանդվեր, էս երկաթե սարքավորումները բաց երկնքի տակ ժանգոտեին-փտեին»: Ամեն ինչից երեւում է, որ շենքի դուռը հազվադեպ է բացվում: Մութ միջանցքովՙ ձախ, աստիճաններովՙ վեր, մինչեւ երրորդ հարկ, որտեղ խավարն է տիրում: Բորբոսի ու խոնավության հոտ է փչում: Հատակը տեղ-տեղ թաց է, առաստաղի ծեփերըՙ թափված: Եվս մի քանի քայլ թանձր մութի մեջ. դիմացի դռան ճեղքից կեսօրվա լույսը վերջապես բեկանեց խավարը: Դարձյալ մարդկային ոչ մի շունչ: Նախասրահ է. հատակին կաթսաներ ու կենցաղային իրեր են, սովետական սառնարան ու հինումին առարկաներ: Դրանց կողքին պատին դեմ է տված մի շքեղ խճանկար: Մանր, գունավոր ու համաչափ քարերով պատկերը վկայում է հեղինակի նուրբ ճաշակի ու ձեռքի վարպետության մասին: Խճանկարի եզրին բանալու անցք ու բռնակի տեղ կա: Այ քեզ բան. դուռ է, սովորական դուռ, բայց արվեստի գործ: Միակ շքեղությունըՙ թշվառ հնոտիների միջավայրում: Նախասրահից դուռ է բացվում դեպի լայն մի սենյակ: Հնամաշ կահույք, բարձեր, գրքեր, աթոռներ, շրջանակներ, թեյնիկ, սրճեփ ու զանազան այլ իրեր. խառնիճաղանջության մեջՙ այսուայնտեղ, իրար վրա դասդասված են կտավներՙ հետեւում մակագրվածՙ Շոթա Ազատի Խաչատրյան, 1952 թ., յուղաներկ: Նշված է նաեւ նկարի չափսը, վերնագիրը: Անդուռ մի խցից ոտնաձայներ են լսվում: Դուրս է գալիս «տանտերը»ՙ Շոթա Ազատի Խաչատրյանըՙ սրահի անկյուններում իրար վրա շարված կտավների հեղինակը: Ընդամենը 4 ամիս է անցել մեր վերջին հանդիպումից. մի տեսակ ծերացել է, կռացել, աչքերի փայլը կորցրել: Ծանր էին առաջին վայրկյանները: Երկուսս էլ անհարմար ու մեղավոր էինք զգում. նաՙ որովհետեւ ինձ ընդունում է նախորդ անգամվանից էլ վատ պայմաններում. եսՙ որովհետեւ իմ կողքին ապրում է մի արվեստագետ, որն ուղղակի գոյություն է քարշ տալիս եւ որին օգնել չեմ կարող: Շոթան նախկինում տունուտեղ է ունեցել, քաղաքի ամենաթանկ նկարիչներից մեկն է եղել, պետական ու մասնավոր պատվերներ կատարել, զբաղվել նաեւ խճանկարով: 1990-ականներին, երբ արժեհամակարգը փոխվեց, հարգված ու հեղինակություն վայելող արվեստագետներից ոմանք հայտնվեցին անորոշության մեջ. որը գնաց երկրից, որն էլ ներփակվեց իր պատյանի մեջՙ զուր սպասելով արժեքների վերադասավորմանը: Արվեստի ու արվեստագետի նկատմամբ համազգային մոտեցումն այդպես էլ չփոխվեց. մնաց մակերեսային, կողմնակալ, թացուչորն իրար խառնող: Այդ ընթացքում բիզնես-ուղեղ ունեցող ճարպիկները մարդամեջ դուրս եկան ու ամեն ինչ արեցին հովանավորյալ լինելու համար: Ու տասներորդ պլան մղվեցին շնորհքն ու ձիրքը: Կարեւորը քաղցր լեզուն էր ու ճիշտ ժամանակին ճիշտ տեղում հայտնվելու տաղանդը: Շոթան վերջիններիս թվին չէր պատկանում. մնաց ստվերում, ոչ մեկին չհիշեցրեց իր մասին: Վարձու բնակարանում 14 տարի մենակ էր իր նկարակալի ու երանգապնակի հետ: Սպասում էր. ինչի՞ն, ո՞ւմ. ինքն էլ չգիտեր: Մեկ-մեկ պատուհանից դուրս էր նայում, որ տեսնիՙ կյանքի դրվածքը չի՞ փոխվել արդյոք, չե՞ն վերարժեւորվում ինքն ու իր նման մոռացված արվեստագետները: Հենց այդպես անհույս սպասելիս էլ առաջին անգամ տեսա նկարիչ Շոթա Խաչատրյանին: Ուրիշի տանն էր, ճիշտ է, վարձել էր բնակարանը, բայց օդից կախվածի հոգեվիճակում էր: Գիտերՙ վաղ թե ուշ ստիպված է լինելու գնալ այդ տնից, որովհետեւ 4 պատն ու կտուրն իրենը չեն: Բայց այդ տան պատերը նա զարդարել էր իր նկարներով. կարծես ցուցասրահում լինեիր: Նկարակալին էլ կիսատ կտավ կար ամրացված: Անորոշության զգացողությունից ընկճված էր այդ ժամանակ Շոթան, բայց հույս ուներ, որ մի դուռ կբացվի: Մի օր էլ վարձու տան տերերը ստիպված են եղան նկարիչ Շոթային ասել, որ տունն ազատի: Շոթային սպառնացել է ուղղակի բաց երկնքի տակ հայտնվելու հեռանկարը: Լրատվամիջոցները հետաքրքրվեցին Շոթայի ճակատագրով ու բարձրաձայնեցին խնդիրը: Արձագանքը չուշացավ: Նկարիչների միության ղեկավարությունը Շոթա Խաչատրյանին առաջարկեց օգնությունՙ իր հնարավորությունների սահմաններում: Տարածք տրամադրեց Գեղարվեստի կոմբինատում, որտեղ կարող էր նկարիչը տեղափոխել իր կտավներըՙ 180-ից ավելի գործեր, որոնց ճակատագրով էր ավելի շատ մտահոգ հեղինակը: «Ես իմ մասին չեմ մտածում: Փողոցում հայտնվելովՙ կտավներս ինձ հետ կիսելու են իմ բախտը: Բայց մի՞թե այդ ճակատագրին են արժանի նրանք, մի՞թե նկարել եմ, որ հետո չիմանամ, թե ուր տանեմ, ում թողնեմ այդ նկարները: Փաստորեն, ոչ մեկին պե՞տք չի իմ արածը»,-վիրավորված կրկնում էր Շոթա Խաչատրյանը, երբ դեռ վարձու բնակարանում էր ապրում: Հիմա նա իր կտավներն ու ունեցած-չունեցածը տեղափոխել է գեղարվեստի կոմբինատ: Ապրելու տեղ չունենալու պատճառով ընկերակցում է իր նկարներին: Նկարը, բարեբախտաբար, ուտել, խմել, լողանալ չի ուզում, բայց նկարիչն ուզում է, ինչպես բոլոր նորմալ մարդիկ: «Բան չունեմ ասելու. իսկապես շնորհակալ եմ Նկարիչների միությանը, որ ինձ ու կտավներիս բաց երկնքի տակ չթողեց, այս ժամանակավոր կացարանը տվեց, բայց սա հարցի լուծում չէ: Տարրական հիգիենայի պայմաններից զուրկ եմ ապրում: Ի՞նչ ապրել. գոյությունս եմ քարշ տալիսՙ ամեն օր սպասելով, թե երբ եմ մեռնելու: Մահն ինձ կազատի այս վիճակից: Ախր ես նկարիչ եմ, հասկանո՞ւմ եք, իսկ նկարիչը չպետք է մտածի կենցաղի մասին: Իմը նկարելն է: Իսկ ես նկարակալի կողմն իսկի չեմ էլ նայում արդեն: Մտածում եմՙ ոնց անեմ, որ ոտքերս չսառչեն, որ լողանալու, շորերս լվալու պայմաններ ստեղծեմ: Հոգնել եմ, անկեղծ եմ ասում, էլ չեմ կարող: Լավ, չի՞ գտնվելու մեկը, որին պետք լինեմ ես իմ արվեստով: Ով էլ լինի, նրան կժառանգեմ իմ 180-ից ավելի կտավները, միայն թե ապրելու ու ստեղծագործելու պայմաններ տա ինձ: Հավատացեք, կգա ժամանակ, երբ իմ գործերը նորից բարձր գին կունենան»,- ասաց թեւաթափ նկարիչը: Սենյակի առաստաղը պատված է մոմլաթով, որ ծեփերը չթափվեն: Մանկությունիցս ի վեր սովետական պաստառ չէի տեսել. տեսա: Լավ էլ պահպանվել էր մինչեւ հիմա: Հետքարքրվեցիՙ ինչ սենյակ է, ումն է եղել ոչ հեռավոր անցյալում: Պարզվեցՙ գեղարվեստի կոմբինատի դիրեկտորի կաբինետն է: Կեցցես, նկարիչ Շոթա. ժամանակին դիրեկտորի կաբինետ մտնելու համար մարդ էին մեջ գցում, իսկ դու, ոչ ավել, ոչ պակաս, բնակվում ես այստեղ: Բայց պարզվեց, որ սովետական դիրեկտորն այդքան էլ ճոխ պայմաններ չի ունեցել. ընդարձակ կաբինետ, կիցՙ փոքրիկ անկյունՙ լվացարանով. ընդամենը այդքանը: Ցնցուղով լոգարան, օրինակ, չի ունեցել: Այ եթե ունենար, մեր նկարիչ Շոթայի բախտը հիմա բերած կլիներ: Շոթայի ժամանակավոր կացարանի հանդիպակաց պատին ամբողջ վեհությամբ ու ազդեցիկ կեցվածքով մի ծեր կնոջ կերպարանք է բարձրանում: Յուղաներկ է. սեւ հագած կինը բոկոտն նստած էՙ թուլացած ձեռքերով. շուրջն ավեր տներ ու շենքեր են: Շոթա Խաչատրյանի հայտնի «Երկրաշարժ» ծավալուն կտավն է: Դեռ վարձու բնակարանում այս նկարով նա մի ամբողջ պատ էր ծածկել: Թեւաթափ կինն ուղիղ աչքերիդ է նայում, որ կողմ էլ փախչես, հայացքը քեզ է ուղղված, անգամ անկյունագծով նայելիսՙ էլի աչքերով տեղում մեխում է քեզ: Իսկ հիմա երկրաշարժից տուն ու տեղ, ընտանիք ու ապրելու ցանկություն կորցրած ծեր կինը ժամանակավոր այս կացարանում է: |