ԱՐԵԳ ԷԼԻԲԵԿՅԱՆԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍԸ ՄՈՆՐԵԱԼՈՒՄ Հ. ԾՈՒԼԻԿՅԱՆ Մոնրեալի Գեղարվեստի թանգարանին կից գտնվող «Լաուն տարածքում» ապրիլի 29-ից մինչեւ մայիսի 30-ը կանադահայ ճանաչված արվեստագետ Արեգ Էլիբեկյանը ներկայացնելու է վերջին երեք տարիներին ստեղծած իր երեսուն առավել նշանակալի կտավները «Տեսարաններ թաղամասի կյանքից» ընդհանուր խորագրի ներքո: Բնանկարի ժանրում մասնագիտացած արվեստագետը ժառանգել է իր ընտանիքի ավանդական գույները, որոնք իրենց արմատներով պարտական են եվրոպական ռեալիզմին եւ հետիմպրեսիոնիստական շարժումներին: Ըստ ցուցահանդեսի առթիվ հրատարակված մամուլի հաղորդագրությանՙ իր բազմաթիվ ճանապարհորդությունների արդյունքում ծնված ներշնչանքը նա ճշգրտորեն կարողացել է ներկայացնել իր կտավներում: Քվեբեկի Ութրեմոն փոքրիկ ավանի կամ Փարիզի Սեն¬Ժերմեն¬դե¬Պրեյի տրամադրությունները այնքան հարազատ են, որ խաղաղ ու լուսաշող զվարթություն են պարգեւում դիտողին, միաժամանակ պարզելով հեղինակի համեստ, զգայուն ու նուրբ բնավորությունը: Երրորդ սերնդի հայ նկարիչը ծնվել է Հայաստանում, ավարտել 1992-ին Երեւանի Գեղարվեստաթատերական ինստիտուտը եւ նույն տարում տեղափոխվել Մոնրեալ, որտեղ նկարչությամբ զբաղվելուն առընթեր արդեն ավելի քան քսան տարի է, ինչ նաեւ նկարչություն է դասավանդում: Ցուցահանդեսի պաշտոնական բացումը կայանալու է մայիսի 6-ին, նկարչի ներկայությամբ: Արեգը բացի Մոնրեալից անհատական եւ խմբակային ցուցահանդեսներ ունեցել է Բեյրութում, Փարիզում, Բելգիայում, Նյու Յորքում, Դետրոյթում, Բոստոնում եւ իհարկե Երեւանում: |