«ԼԻՏԵՐԱՏՈՒՐՆԱՅԱ ԳԱԶԵՏԱՅԻ» ՆՈՐ ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ՀԱՎԵԼՎԱԾԸՙ «ՍՏՐԱՆԱ ՆԱԻՐԻ» Պատրաստեց Պ. ՔԵՇԻՇՅԱՆԸ «Ազգը» անցյալ շաբաթ տեղեկացրեց, որ մոսկովյան «Լիտերատուրնայա գազետայի» 2014 թ. ապրիլի 16-22-ի համարը լույս է տեսել հայ մշակույթին նվիրված «Ստրանա Նաիրի» («Երկիր Նաիրի») նոր հավելվածով: Դա առաջին թողարկումն է, որը կունենա շարունակություն: Չորս էջանոց հավելվածը պարունակում է մի շարք հետաքրքրական նյութեր եւ գունավոր լուսանկարներ: Առաջին էջի սկզբնամասում Խոր Վիրապի վանքի պատկերն է Մասիսի ֆոնի վրա: Լուսանկարի տակ Եղիշե Չարենցի «Ես իմ անուշ Հայաստանի» բանաստեղծությունն է Աշոտ Սահրատյանի ռուսերեն թարգմանությամբ: Զորի Բալայանը նոր հավելվածի հրապարակման առթիվ հանդես է եկել «Եղիշե Չարենցի երազանքը» վերնագրված ողջույնի խոսքով, որը ըստ էության հուշագրություն է այն մասին, թե ինչպես «Լիտերատուրնայա գազետան» ճակատագրական դեր խաղաց իր կյանքում: 1967 թվականի հունվարին, երբ ինքը Կամչատկայում բժշկությամբ էր զբաղվում եւ նյութեր հրապարակում «Իզվեստիա», «Կոմսոմոլսկայա պրավդա», «Սովետսկի սպորտ» եւ «Մեդիցինսկայա գազետա» թերթերում, սկսեց լույս տեսնել «Լիտերնատուրնայա գազետայի» բարեփոխվածՙ 16 էջանոց տարբերակը, որն անչափ դուր եկավ Զորի Բալայանին: Նա գրական շաբաթաթերթին ուղարկեց «օրագրի էջեր» կամ «բժշկի գրառումներ» ժանրի մի նյութՙ կցելով Կամչատկայում իր արած որոշ գծանկարներ: Նյութը տպագրվեցՙ դառնալով թերթի լավագույն հրապարակումներից մեկը: 1968 թվականից մինչեւ օրս Զորի Բալայանը «Լիտերատուրնայա գազետայի» աշխատակիցն է: Արդեն 21-րդ դարում «Կիլիկիա» զբոսանավով Եվրոպայի շուրջը 7 ծովերով եւ «Արմենիա» նավով աշխարհի շուրջը նավարկելիս նա իր ռեպորտաժները ուղարկում էր «Լիտերատուրնայա գազետային», ինչպես նաեւ «Ազգին»: Ինչ վերաբերում է Եղիշե Չարենցի գրքի նմանությամբ «Երկիր Նաիրի» կոչվող մշակութային հավելվածին, որոշված է այն լույս ընծայել կանոնավոր կերպով: Հավելվածը ռուս եւ ռուսալեզու բազմահազար ընթերցողների հնարավորություն կտա ծանոթանալու Հայաստանի կյանքի ու մշակույթի շատ ու շատ կողմերի, գրական հին ու նոր դեմքերի: «Վստահ եմՙ հենց այդ մասին էր երազում անմոռանալի Չարենցը», ընդգծում է Զորի Բալայանը: Հավելվածի առաջին թողարկումն իրականացվել է Նոնա Աղաջանովայի հովանավորչական աջակցությամբ: Թողարկման պատասխանատու խմբագիր Լիա Իվանյանը հրապարակել է իր հարցազրույցը բաշկիր նշանավոր իրավաբան, պրոֆեսոր, իրավագիտության, պատմության, ազգագրության հարցերին նվիրված 12 գրքերի եւ 90 գիտական ու գրական հրապարակումների հեղինակ Ռաֆայիլ Զինուրովի հետ, որը ՌԴ Դաշնային ժողովի (ԴՆ) Դաշնության խորհրդի անդամ է, ԴՆ միջազգային գործերի կոմիտեի անդամ: Հարցազրույցի առիթը Զինուրովի նորՙ «Հայաստան. հազարամյակների ուղի» գիրքն է, որը նա լույս է ընծայել Զինուր Ուֆայեցի գրական կեղծանունով: Պատասխանելով այն հարցին, թե ինչը իրեն դրդեց խորապես ուսումնասիրել հայոց պատմությունը եւ գիրք գրել Հայաստանի մասինՙ Զինուրովն ասում է, որ ամեն ինչ սկսվեց 1988 թ. ղարաբաղյան իրադարձություններից: Սկզբում ինքն ուզեցել է հոդված գրել, բայց խնդրի էությանը խորամուխ լինելովՙ որոշել է գիրք գրել: Տարիներ շարունակ հավաքել է նյութեր, ապա զբաղվել է դրանց վերլուծությամբ ու մշակմամբ: Ուզում էր մարդկանց ուշադրությունը բեւեռել հայոց պատմության, մինչեւ օրս չլուծված Հայկական հարցի, Հայոց ցեղասպանության ճանաչման վրա: Զինուրովը նշում է, որ հայ ժողովրդի առանձնահատկություններից մեկը աշխարհում նրա ցրվածությունն է: «Հայաստանը վերապրել է 17 կայսրություն, որոնցից յուրաքանչյուրը ձգտում էր եթե ոչ բնաջնջել, ապա գոնե իրեն ձուլել այն: Բայց հայերը գոյատեւեցին, պահպանեցին իրենց լեզուն, մշակույթը: Դա տեղի ունեցավ առաջին հերթին Հայաստանեայց Առաքելական եկեղեցու շնորհիվ: Շատ կարեւոր դեր խաղացին նաեւ պատմականորեն ձեւավորված հայկական ոգին, ազգային խառնվածքը... Իսկ հայոց լեզվի եզակիությունը հայերի հպարտության առարկան է», ասում է Զինուրովը: Նրա աշխատության մեջ օգտագործված են բազմաթիվ սկզբնաղբյուրներ: Ըստ որում, Զինուրովը հայ պատմիչների եւ ժամանակագիրների գործերը կարդացել է ոչ միայն ռուսերեն թարգմանությամբ, այլեւ բնագրի լեզվով: Նա ասում է, որ կարողանում է գրել եւ կարդալ հայերեն: Բաշկիր գիտնականը անտարբեր չէ նաեւ տարածքային հարցերի նկատմամբ եւ ափսոսանքով նշում է, որ երբեմնի Մեծ Հայքի բնիկ ժողովուրդն այսօր ունի աշխարհի ամենափոքր պետություններից մեկը: Մեղավորը խորհրդային իշխանությունն է, որը հանուն ցնորական համաշխարհային հեղափոխությանՙ Աթաթուրքին խոշոր զիջումներ արեց Արեւմտահայաստանի հողերի հաշվին: Հայկական այբուբենի ստեղծումը, ըստ Զինուրովի, հայոց պատմության մեջ նման է հրաբխի: Սեփական այբուբեն ունեցող ժողովուրդներին «կարելի է մատների վրա հաշվել», եւ հայոց լեզուն էլ խիստ առանձնահատուկ է: Ինչ վերաբերում է Զինուրովի գրքին, այն կազմված է 300 եւ 390 էջանոց երկու հատորներից եւ ընդգրկում է 9-րդ դարից մինչեւ մեր օրերը: Գրքի հետաքրքրական յուրահատկությունն այն է, որ հայոց պատմության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակով հեղինակն այն գրել է ոչ թե արձակ, այլ չափածո տեքստով: Չափածո գիտական աշխատությունը գրված է արեւելյան ոճով, որն օգտագործել են միջնադարյան հայ հեղինակները, Օմար Խայամը եւ ուրիշներ: Քառյակներում հանգավորված են առաջին, երկրորդ եւ երրորդ վանկերը, ըստ որում Զինուրովի յուրաքանչյուր տողն ունի տասներկու շեշտադրություն: Այդ չափածո գիտական աշխատության մեջ վկայակոչվում են բազմաթիվ սկզբնաղբյուրներ, քննարկվում տարբեր տեսակետներ, պահպանված է իրադարձությունների հստակ ժամանակագրությունը: «Երկիր Նաիրի» հավելվածում խոսվում է նաեւ Մոսկվայում 2013 թ. ռուսերեն լույս տեսած «Հայաստանեայց Առաքելական եկեղեցու Ռուսիո եւ Նոր Նախիջեւանի թեմ: Պատմական ուղի» վավերագրական հրատարակության մասին: 480 էջանոց գրքի նախագծի հեղինակը Եզրաս եպիսկոպոս Ներսիսյանն է: Գիրքը Ռուսաստանում հայ եկեղեցու պատմությունն է 1717 թ. Աստրախանում թեմի հիմնադրումից մինչեւ մեր օրերը: Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնին նվիրված նյութի հեղինակ Գեւորգ Սարգսյանը մասնավորապես գրում է, որ Հայաստանի առաջին պետական թատրոնը ստեղծվեց կառավարության 1921 թ. օգոստոսյան հրամանագրով: 1922 թ. հունվարին առաջին ներկայացումը Սունդուկյանի «Պեպոն» էր: Խաղացանկում եղել են Շեքսպիրի, Մոլիերի, Օստրովսկու, Բոմարշեի, Օ՛Նիլի, Շիլլերի, Սունդուկյանի, Շիրվանզադեի, Դեմիրճյանի, Պարոնյանի եւ այլոց ստեղծագործություններ: Թատրոնն ունեցել է բեմադրիչների եւ դերասանների փայլուն համաստեղություն: Շեքսպիրյան հարուստ ավանդույթներ ունեցող թատրոնի «Ջոն արքա» ներկայացման նոր բեմադրության պրեմիերան 2013-ին կայացավ ոչ թե Երեւանում, այլ լոնդոնյան «Գլոբուս» թատրոնում եւ արժանացավ բարձր գնահատականի: Իսկ այս տարվա ապրիլին Երեւանում կայացավ «Ռիչարդ 3-րդի» պրեմիերան: Հավելվածում տեղ են գտել արեւմտահայ բանաստեղծներ, Մեծ եղեռնի զոհեր Դանիել Վարուժանի, Ռուբեն Սեւակի, Սիամանթոյի որոշ բանաստեղծությունների ռուսերեն թարգմանությունները: Այս երեք բանաստեղծների վախճանի մասին թերթը արձանագրել է. «Գազանաբար զոհված 1918 թ.ին»... «Մի ձեռագրի պատմություն» խորագրի ներքո ներկայացվում է հայկական ամենամեծ ձեռագիր մատյանիՙ 1200-1202 թթ. Երզնկայում ստեղծված «Մշո ճառընտիրի» ստեղծման, փրկագնման, 1915թ. Մուշ քաղաքում դրա կիսման ու դեգերումների եւ ի վերջո Հայաստանում ձեռագրի վերամիավորման հուզիչ պատմությունը: Հայկական ծագումով իտալուհի գրող, ազգագրության մագիստրոս, Պադուայի համալսարանում արդի իտալական գրականության դասախոս Անտոնիա Արսլանը հանրությանը հայտնի է մասնավորապես «Արտույտների ագարակը» գրքով, որի հիման վրա Տավիանի եղբայրները ֆիլմ նկարահանեցին: Հայերի ողբերգական պատմության շարունակությունն են «Ճանապարհ դեպի Զմյուռնիա» (2009) եւ «Պատմություններ Մշո գրքի մասին» (2012) գրքերը: Վերջինս Իտալիայում արդեն վերահրատարակվել է երեք անգամ: «Լիտերատուրնայա գազետայի» հավելվածում թարգմանաբար ներկայացվում են հատվածներ այդ գրքից: Հայոց ցեղասպանության թանգարան¬ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը «Հայկական Ժաննա դ՛Արկը» հրապարակման մեջ պատմում է Արեւմտահայաստանի Չմչկածագ գյուղում ծնված եւ Մեծ եղեռնի սարսափներն ու կորուստները վերապրած հոլիվուդյան դերասանուհի Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանի հուշագրության մասին: Շատերի նման թուրքական հարեմում հայտնված Արշալույսին 1917 թ. սկզբներին հաջողվում է փախչել այնտեղից եւ մի խումբ հայերի հետ ի վերջո հասնել ռազմաճակատային գիծ: Այդ ժամանակ ռուսական զորքը հաջող հարձակումից հետո գրավել էր Երզնկա քաղաքը, որից ոչ հեռու կազակները գտան Արշալույսին եւ մի հայ հոգեւորականի ընտանիքը: Էրզրումում, որտեղ կովկասյան ռազմաճակատի շտաբն էր, տեղի ունեցավ Արշալույսի ճակատագրական հանդիպումը զորավար Անդրանիկի եւ մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաեւիչի հետ: Տասնհինգամյա աղջկա պատմությունը լսելովՙ մեծ իշխանը որոշեց նրան ուղարկել արտերկիր, որպեսզի ողջ աշխարհն իմանա հակահայկական ոճիրների մասին: 1917 թ. աշնանը Արշալույսը կանադացի միսիոներ Ֆրեդերիկ Մքկալումի ուղեկցությամբ Թիֆլիսից մեկնեց Պետրոգրադ եւ այնտեղից մեծ դժվարությամբ հասավ Օսլո, ապա Նյու Յորք: 1918 թվականին Նյու Յորքում լույս տեսավ նրա «Հոշոտված Հայաստան» գիրքը, որը Հայոց ցեղասպանության մասին պատմող առաջին վավերական վկայություններից մեկն է: Ավելի ուշ Արշալույսին սկսեցին անվանել հայկական Ժաննա դ՛Արկ: Նույն 1918 թվականին Հոլիվուդում նկարահանվեց Հայոց ցեղասպանությանը նվիրված առաջին համր ֆիլմըՙ «Հոշոտված Հայաստան, կամ Հոգիների աճուրդ»: Ֆիլմի գլխավոր դերակատարն ու խորհրդատուն Ավրորա (Արշալույս) Մարտիկանյանն էր: Ֆիլմի ցուցադրությունից ստացված ամբողջ եկամուտը հատկացվեց Մերձավոր Արեւելքում հայտնված 60 հազար հայ որբերի օգնությանը: «Հոգիների աճուրդ» ֆիլմը մեծ հաջողությամբ ցուցադրվեց նաեւ Մեքսիկայում, Կուբայում, Ավստրալիայում, Եվրոպայում: Եվ միայն Մեծ Բրիտանիայում խիստ գրաքննության ենթարկվեց, չնայած թագավորական «Ալբերտ հոլում» երեքշաբաթյա ցուցադրությանը: Օստար Ապֆելի 85 րոպեանոց ֆիլմի ամբողջական տարբերակը, ցավոք, չի պահպանվել: Արշալույս Մարտիկանյանը մահացավ 1994 թ. 92 տարեկան հասակում: Երեւանում 2013 թ. Հայոց ցեղասպանության թանգարան¬ինստիտուտի ջանքերով լույս տեսավ նրա գրքի ռուսերեն թարգմանությունը: «Երկիր Նաիրի» հավելվածում տեղ է գտել նաեւ արեւելագետ Սուսաննա Հարությունյանի հոդվածը քանդակագործ-մոնումենտալիստ, ԽՍՀՄ եւ ՌԴ գեղարվեստի ակադեմիայի թղթակից անդամ, Հայկական ԽՍՀ ժողովրդական նկարիչ, պրոֆեսոր Արա Հարությունյանի (1928-1999) մասին: Նրա կերտած չորս տասնյակ հուշարձանները, քանդակա¬ճարտարապետական համալիրները զարդարում են Հայաստանի, Ֆրանսիայի, Իտալիայի, Ուկրաինայի եւ այլ երկրների մի շարք փողոցներ, հրապարակներ, զբոսայգիներ: Արա Հարությունյանի գործերը ցուցադրվում են ՌԴ եւ ՀՀ խոշոր թանգարաններում ու պատկերասրահներում: Հայաստանում նշանավոր են մասնավորապես «Մայր Հայաստան» մոնումենտը (1967), Սարդարապատի հուշահամալիրը, Սայաթ¬Նովայի եւ Կոմիտասի երեւանյան հուշարձանները: |