RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#019, 2014-07-04 > #020, 2014-07-11 > #021, 2014-07-18 > #022, 2014-07-25 > #023, 2014-08-01

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 18-07-2014



ՎԿԱՅՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-07-17 21:52:46 (GMT +04:00)


Ընթերցված է` 1216, Տպվել է` 5, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՈՒՋԱՆՑԻՆԵՐԻ ԿԱՆՉԸ ԱՆԴՐԱՆԻԿԻ ԺԱՄԱՆԱԿԻՑ

Երվանդ ՏԵՐ-ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նորերս ձեռքս անցավ Ղուկաս Սիրունյանի վերջին գրքերից մեկըՙ «Հե՜յ Ուջան, հե՜յ ուջանցիներ» (2013), որ ունի պատմական տեղեկանք-առաջաբան` «Ուջանը պատմության ջրերի ափին», ընդգրկում է մի վավերագրական վիպակՙ «Մեր Անդրանիկը», եւ մանրապատումների մի շարքՙ գրքի խորագրով: Գիրքը Ուջան գյուղի եւ ուջանցիների պատմությունն է, Ուջան գյուղի վերջին հարյուրամյակի պատմության գրական արձանագրումը: Նոր ժամանակներում կարծես թե նման խնդիր ու նպատակ հետապնդող շատ գրքեր գրվեցին: Եվ մեծ մասամբ անգետ ու անիմաց մարդկանց, զանազան գրամոլների, գրականության հետ կապ չունեցող մարդկանց ձեռքով: Որեւէ գավառի, շրջանի կամ թե մի գյուղի նվիրված, ոսկեզօծ, ոսկետառ դաջվածքներով խորագրված այդ ծավալուն, երբեմն ուղղակի հաստափոր շարադրանքների մեծ մասը, եթե ոչ բոլորը, ո՛չ գրական եւ ոչ էլ որեւէ այլ արժեք չունի: Այդ գրքերի միտումը պարզից էլ պարզ էՙ պանծացնել գյուղում կամ շրջանում պաշտոնի հասած կամ թե զանազան կասկածելի ճանապարհներով ու միջոցներով հարստություն եւ ունեցվածք ձեռք բերած անձերի եւ տպագրությունը հովանավորողի անունները: Նման գրքերում սովետական պաշտոնյաներըՙ կասկածելի վարքի եւ համբավի տեր շրջկոմի քարտուղարները, կաշառակեր գործկոմի նախագահները եւ նենգ ու խարդախ զանազան մանր ու մեծ պաշտոնյաները ներկայացվում են, ոչ ավել, ոչ պակաս, բանաստեղծի խոսքով ասածՙ «իբրեւ արու ելած հայ ցեղի արգանդից»: Այսպես, օրինակ, մոտ հազար տուն բնակիչ եւ շուրջ հազար տարվա պատմություն ունեցող մի գյուղի նվիրված (անունը այս պահին կարեւոր չէ), պարզապես անմեղսունակ շարադրանքում գյուղի պատմությունը սկսվում է այն թվականից, երբ հեղինակի ազգական գյուղապետի պապերը եկել են բնակվելու այդ գյուղում, իսկ գյուղի մեծագույն հերոսը գյուղապետի մի ազգականն է` շրջկոմի քարտուղարի պաշտոնի հասած դյուցազնակա՜ն եւ հուժկո՜ւ մի կաշառակեր: Այդ խեղճ ու անճարակ շարադրանքները փաստորեն կրկնում են սովետական երկրի պետական ենթակարգությունն ու իր հոգեբանությունն ու տրամաբանությունը եւ, իհարկե, սովետական բարոյականությամբ, ասել է թեՙ առանց բարոյականության, առանց մարդու բարոյական նկարագրի: Այդ գրքերում մարդիկ կան, անձեր կան, բայց գյուղը, բնակավայրը, շրջանը, առավել եւսՙ ժողովուրդը չկա: Եվ, իհարկե, չէր էլ կարող լինել:

Ես այս բոլորն ասացի ասելու համար, որ Ղուկաս Սիրունյանի գիրքը ուղղակի բացառություն է նման շարադրանքների բազմության մեջ: Այո, բացառություն է, որովհետեւ գրված է գրողի ձեռքով եւ իսկական գրողի ձեռքով: Հեղինակը գտել է պատմելու ձեւը. գիրքը խոսք ու զրույց է ուջանցի ապագա սերնդի մարդկանցՙ նոր միայն կյանք մտնող պատանիների հետ: Ներկա սերունդները անցնելու են, գալու են նորերը, որոնք պե՜տք է իմանան այն ամենը, ինչ անցել-դարձել է այս հերոսական, ուղղակի աննման գյուղի ու իր մարդկանց գլխով:

Գրողը իր գրքի առանցքն է դարձրել Ուջանում 1967 թվականին կանգնեցված զորավար Անդրանիկի արձանի պատմությունը: 1960-ից մինչեւ 1970-75 թվականները մեր ազգային գիտակցության, մեր ժողովրդի կյանքի ազգային վերելքի ամենաբարձր ժամանակներն էին: Եվ եթե մի օր հայ մշակութաբանը, գրողը, պատմաբանը պիտի գրի այդ տասը-տասնհինգ փառահեղ տարիների պատմությունը, վստահ եմ, որ Ուջան գյուղը իր հերոսական արարքով իր առանձնահատուկ տեղը կունենա այդ պատմության մեջ: Այսօր ե՛ւ արձանը, ե՛ւ արձանի պատմությունը շատերին կարող է թվալ սովորական մի բան: Այսօ՛ր, բայց ոչ այն ժամանակներում: Եվ հետո` սա Կոլումբոսի ձվի պատմությունն է: Թող ուրիշներն անեին եւ անեին ավելի լավը, մինչդեռ փաստ է, որ Հայաստանում Ուջան գյուղն ու ուջանցիները սկսեցին, գրողի խոսքով, Անդրանիկի ժամանակը:

«Հե՜յ Ուջան, հե՜յ ուջանցիներ»-ը փաստագրական գիրք է, վավերագրություն, վավերական գործող անձերով, վավերական իրադարձություններով, միջադեպերով ու մանրադեպերով:

Ինչպես Մնձուրին կասեր` իր գյուղը եւ իր գյուղի մարդիկը պատմելու համար գրողը հրաշալի բան է մտածել. ոչ թե սկսել գյուղի հիմնադրման օրից, կամ ավելի ճիշտՙ գյուղի վերահիմնադրման ժամանակիցՙ 1919 թվականից, այլ պատկերել գյուղի կյանքից մի իրողություն, մի բացառիկ իրադարձություն, որի օգնությամբ եւ որի միջոցով հնարավոր լինի տալ գյուղի ամբողջ պատմությունը, ներկայացնել գյուղի բոլոր մարդկանց, մեծերին ու փոքրերին, ծերերին ու երիտասարդներին: Ուջան գյուղի կյանքում այդ մեծագույն իրադարձությունը եղել է զորավար Անդրանիկի արձանի ստեղծումն ու տեղադրումը: «Մեր Անդրանիկը» վավերագրական վիպակը ներկայացնում է, չափազանցություն չի լինի ասել, ողջ Հայաստանի եւ նույնիսկ ողջ հայության կյանքում կայացած այդ փառահեղ իրադարձությունը: Շարադրանքի ընթացքում վավերագրական պատմությունը օժտված գրողի գրչով վերածվում է գեղարվեստական արժեքավոր ստեղծագործության: Զորավար Անդրանիկի արձանը կանգնեցնելու գործը մտահղացել են մի քանի հոգի. «...Գյուղամիջում ուշ երեկոյան Շահմազյանների ընկուզենու թավ ստվերում հանդիպեցին Հարութը, Մուրադը, Նորիկն ու Հակոբը: Քիչ հետո նրանց միացան Պապիկի Մուրոն եւ Պետրոսյան Արծրունը»: Ճիշտ է, մտահղանում են մի քանի հոգի, բայց, ի վերջո, իրագործում են ամբողջ գյուղով, ամբողջ ժողովրդով: Որքան էլ մեծ լինի նախաձեռնող խմբի դերը, այնուամենայնիվ, հիմա` գրքի մասին խոսելիս, մի քանիսին առանձնացնելը կնշանակի վիրավորել մնացած բոլորին, ամբողջ գյուղին: Ինչպես որ մանր առվակներն ու առուներն են գալիս, միանում եւ մեծ ջուր դառնում, այդպես էլ այս գրքի էջերում հետզհետե գործին գալիս միանում, մասնակից են դառնում բոլորըՙ մեր ու մանուկ, ծեր ու երեխա, էլ չասած գյուղի փառահեղ երիտասարդությունը: Եվ արձանը ստեղծելու պատմությանը զուգահեռ Ղուկաս Սիրունյանը, թվում է, ընթերցողի համար նույնիսկ աննկատելիորեն, տալիս է ողջ գյուղի պատմությունըՙ Ուջան հասած առաջին հայրենազուրկներից սկսած մինչեւ արձանի շուրջը պտտվող, գործ անող մարդկանց ոտքի տակ ընկնող երեխաները: Եվ այս ընթացքում կերպարներ են ստեղծվում, նկարագիրներ են երեւում, գյուղի կյանքի, գյուղի մարդկանց վարք ու բարքի, սովորությունների հրաշալի համապատկերն է բացվում ընթերցողի առջեւ: Չես էլ նկատում, թե ընթերցելու միջոցին ինչպես ես դառնում գյուղի մարդկանցից մեկը, հուզումով մասնակից ես դառնում դեպքերին եւ թեպետ գիտեսՙ արձանը վաղուց կա, կանգուն է, այնուամենայնիվ սրտատրոփ սպասում ես դեպքերի հետագա ընթացքին:

Գրողը կարողացել է իր պատումով ընթերցողին հասցնել ուջանցիների մարդկային ողջ հմայքըՙ հոգեկան ուժը, աշխատավոր ու ազնիվ շինականի նրանց նկարագրի պայծառությունը, կյանքն ու իրականությունը իմաստավորելու ժողովրդի կարողությունն ու ժողովրդական խոսքի նուրբ ու գեղեցիկ հումորը: Գրողի խոսքը արտահայտիչ է, խիտ, տարողունակ ու պատկերավոր: Բնավորություններ են ստեղծվում, զարմանալի կարճառոտությամբ պատկերվող մարդիկ դառնում են իրական, ճանաչելի ու հասկանալի: Այս գործի կարեւորագույն արժանիքներից մեկը ժամանակի արտացոլումն է գրքում: Կարծում եմ, գրողը չի էլ մտածել այդ մասին, բայց քանի որ իր պատումը ազնիվ է, իր հերոսներըՙ անկեղծ ու բնական, ահա մեր կյանքի այդ ժամանակն էլ գրքում պատկերվել է ճշմարտացիորեն: Վիպակի շարադրանքը ընթանում է հարաճուն երաժշտության պես, իր մեջ ներընդունելով, ներառնելով նոր, առաջին հայացքից կողմնակի թվացող մոտիվներ, միջադեպեր, իրադարձություններ: Բայցՙ միայն առաջին հայացքից: Դրանք բոլորը գալիս են ամբողջացնելու հերոսական գյուղի հերոսական պատկերը:

Հրաշալի գործ է «Հե՜յ Ուջան, հե՜յ ուջանցիներ» մանրապատումների շարքը. դրանք ձեւով են մանրապատում: Իրականում դրանք ներկայացնում են ներքին միասնություն ունեցող մի ամբողջություն: Այս գործի համար էլ հեղինակը հրաշալի ձեւ է գտել: Գյուղն ունի իր գյուղամեջը, եւ գյուղի մարդկանց մեծ մասը սիրում է հավաքվել գյուղամիջում, մյուս մասն էլ օրը առնվազն գոնե մեկ անգամ անցնում է գյուղամիջով: Եվ ահա մեկը մյուսի ետեւից, ինչպես հրաշալի թատրոնի բեմին, հայտնվում են գյուղի բնակիչները: Ամեն մեկի «բեմական մուտքը» շատ կարճառոտ է, հազիվ կես էջ, երբեմն մի քանի տող, բայց այդ մի քանի տողը բավական է, որ ընթերցողը իր առջեւ տեսնի լիարյուն կերպար, իր բնավորությամբ, իր վարքուբարքով, իր հոգեբանությամբ, մի խոսքովՙ իր կատարյալ ու լիարյուն նկարագրով: Եվ այս կարճ, տեղ-տեղ զվարճախոսական պատմությունները գրողի գրչի տակ վերածվում են հուզիչ եւ գեղեցիկ մանրավեպերի, որոնք ամբողջացնում են Ուջան գյուղի եւ նրա պարկեշտ բնակիչների դիմագիծը: Սա է, այստեղ է գրողի վարպետությունը:

Եվ` լուսանկարները: Ռուս մի շատ տաղանդավոր լրագրող-լուսանկարիչ կաՙ Յուրի Ռոստ անունով: 1980-ական թվականներին «Լիտերատուրնայա գազետա» թերթում լուսանկարներ էր տպագրումՙ դիմանկարներ, տեսարաններ եւ այլն, եւ ուղեկցում էր դրանք գրական տեքստով: Դրանք գրված էին ավելի շուտ ոչ թե լուսանկարների մասին, այլ դրանց առիթով: Այդ կարճառոտ տեքստերըՙ հազիվ քսան-քսանհինգ տող, փայլուն գրականություն էին, բացառիկ էսսեներ: Կարդում էի նախանձովՙ «Տեր Աստված, երանի կարողանայի այսպես գրել»: Է, չէի կարող, Աստված գրելու ձիրք չի տվել: Բայց, այ, Ղուկաս Սիրունյանին տվել է: Սքանչելի են գրքում զետեղված լուսանկարները ներկայացնող գրություններըՙ լի անհուն սիրով, ջերմությամբ, խանդաղատանքով:

Առհասարակ ամբողջ գիրքն է լի սիրով ու խանդաղատանքով: Կարելի է կարծել, թե գյուղի բոլոր մարդիկ հեղինակի ազգականներն են եւ իհարկեՙ սիրելի ազգականները, մերձավորներն ու արյունակիցները... Սերը որեւէ մեկին գովելու եւ գովաբանելու մեջ չէ, Ղուկաս Սիրունյանը ոչ ոքի չի գովում: Նա ջանացել է իրական մարդկանց գյուղի կյանքից տեղափոխել գրքի էջերը: Սա գրքի թերեւս ամենամեծ արժանիքն է:

Գիրքը գրված է հրաշալի լեզվով: Ի՜նչ բավականություն է կարդալ գեղեցիկ հայերենով, հայերեն շարահարությամբ, հայերեն առոգանությամբ ու շեշտադրմամբ գրված գիրք, ինչը այսօր, մեկ-երկու բացառաությամբ, չկա այսպես կոչված հայ արդի արձակում:

Գրողի լեզուն զուսպ է: Իր նուրբ հումորն ու անմեղ հեգնանքը շարադրանքը զերծ են պահում ճոռոմ վերամբարձությունից ու անլուրջ պաթոսից, մինչդեռ, չմոռանանք, խոսքը հերոս զորավարի եւ պարզ մարդկանց հերոսական արարքի մասին է:

Ափսոս, որ գիրքը լեցուն է տպագրական սխալներով եւ սրբագրական վրիպակներով: Եվ հրատարակությունն էլ, իհարկե, անճաշակ է այսօր տպագրվող գրեթե բոլոր գրքերի պես: Թվում էՙ հրատարակիչները նպատակ են դրել անճաշակ գիրք հրատարակելու, եւ պետք է ասելՙ դա նրանց լիովին հաջողվել է:

Բայց մոռանանք սա. սա մեզանում այսօր շտկվելու կամ ուղղվելու բան չէ:

Ղուկաս Սիրունյանի «Հե՜յ Ուջան, հե՜յ ուջանցիներ» գիրքը Էրգրից Ուջան հասած առաջին ուջանցիների կանչի արձագանքն է, 1967-ին զորավար Անդրանիկի, ասել է թե հայ ոգու եւ հայ հերոսականության արձանը կանգնեցրած ազնիվ շինական ուջանցիների կանչըՙ ուղղված ներկա եւ գալիք բոլոր ուջանցիներին եւ, շատ վերամբարձ չլինի, այո, բոլոր հայերին, որովհետեւ շատ ուսանելի եւ խրատական պատմություն է:

Մանավանդ որ այսօր մենք բոլորս` Անդրանիկի արձանի ժամանակակիցներս, բարոյական արդար իրավունք ունենք նույնքան արդար հարց տալու` լավ, ի՞նչ եղան մեր այդ բարձր իդեալներն ու վսեմ նպատակները, ովքե՞ր սպանեցին եւ ոչնչացրին դրանք եւ ինչո՞վ փոխարինեցին, որո՞նք են այսօր մեր ժողովրդի բարձր մղումները, ո՞րն է այսօրվա մեր կյանքի բովանդակությունը եւ, մանավանդ, ի՞նչ է լինելու հետո, ի՞նչ է հաջորդելու մեր այս թեւաթափ, թեւակոտոր ու գետնամած ներկային...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #21, 18-07-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ