ՄՈՄԻԿԻ ԿՅԱՆՔԸՙ ԷԿՐԱՆԻՆ Նաիր ՅԱՆ Ասում ենքՙ հին ու հիշարժան իրադարձություններով լի պատմություն ունենք, բայց արի ու տես, որ գրողներն ու ռեժիսորները հազվադեպ են անդրադառնում մեր անցյալին: Էպիկական շնչով գրված ու նկարահանված գործերը մեծ մասամբ վերաբերում են սովետական կարգերի հաստատման, Կարմիր հեղափոխության ֆետիշացված իրադարձություններին: Այնինչ ունեցել ենք հզոր արքաներ, իշխանական տոհմեր, բարձր քաղաքակրթություն ու մշակույթ, Ոսկեդարի ու Միջնադարի հարուստ պատմություն, որ մեկ այլ ազգի գրողի ու ռեժիսորի համար ստեղծագործելու հարուստ նյութ կլիներ: Շատ սցենարիստներ ձեռքներն այս ու այն կողմ են գցում, այլ ազգերի կյանքը քչփորում, արտասահմանյան ֆիլմերից դրվագներ կցում-կցմցում, հարմարեցնում այսօրվա մեր հասարակության պահանջներին ու ֆիլմի թեմա դարձնում: Գրերի գյուտ, արքաների, պատմիչների, քաղաքական ու մշակութային հեղինակավոր անձանց գործունեություն, միջնադարյան արվեստ ու փիլիսոփայութուն, հայկական դիցարան ու առասպելաբանություն, հայդուկների ազատագրական շարժում, Հայոց ցեղասպանություն. առեղծվածներով ու դրամատիզմով լի հսկայածավալ թեմաներ, որ այդպես էլ չէկրանավորվեցին: Կինոն քաղաքականություն է, դիվանագիտություն ու զենք, որով լուրջ խնդիրներ են առաջ քաշվում: Կինոն կայծակնային արագությամբ է տարածվում եւ ուզածդ քարոզչությունը տեղ հասցնում: Հռոմեական ու հունական անտիկ շրջանները, դիցաբանությունը, հոլոքոսթը, Երկրորդ համաշխարհային պատերազմը, ամերիկա-կորեկան, սերբիա-խորվաթական հակամարտությունները բազմաթիվ ֆիլմերի թեմա են դարձել: Բոլոր ազգերն էլ կինոյի միջոցով ազգային հարցեր են լուծում, շովինիզմն ու ազգայնամոլությունը, թաքուն թե անթաքույց, յուրաքանչյուր ֆիլմի ենթատեքստում են: Միջնադարյան ճարտարապետ, քանդակագործ, մանրանկարիչ Մոմիկի արվեստը յոթ հարյուրամյակ հետո էլ ապշեցնում է իր տեխնիկայով, նրբահյուս տարրերով, ճարտարապետական լուծումների յուրահատկությամբ ու խորիմաստությամբ: Նրա կյանքն ու ստեղծագործությունը լիովին ուսումնասիրված չեն, որովհետեւ չբացահայտված ու առեղծվածային շատ շերտեր ունեն: Մոմիկի մասին փաստավավերագրական ֆիլմեր ստեղծվել են, որոնք ձգտել են որոշակի լույս սփռել նրա անձի, կենսագրության, ժամանակաշրջանի, ստեղծագործական երթեւեկի ուսումնասիրությունների վրա: Պատմությանը հայտնի է, որ Մոմիկին, այսպես ասած, հայտնաբերել են Օրբելյանները: Մոմիկը կամրջում է Վայոց եւ Կիլիկիո աշխարհները, որովհետեւ նրա արվեստը ձեւավորել են գույնով, կլիմայով, քաղաքակրթությամբ միմյանցից այնքան տարբերվող հայոց երկու աշխարհները: Մոմիկն ինքն է իր կենսագրության մասին տեղեկություններ հաղորդում իր ծաղկած Ավետարանների լուսանցքներում ու հիշատակարաններում: Սուրբ գրքերի մանրանկարներն էլ իրենց հերթին են պատմում Մոմիկի յուրօրինակ գեղագիտության ու փիլիսոփայության, գունային աշխարհի, հոգեւոր վերելքի, մասնագիտական վարպետության մասին: Իսկ նրա կերտած խաչքարերի նուրբ հյուսքերը ձեռագործության անգերազանցելի նմուշներ են: Դավիթ Գրիչը հաղորդում է, որ Մոմիկի մատյանը գերեվարվել է: Ստեփանոս Օրբելյանի պատվիրած Պատերազմի Ավետարանում, որը գրպանի գիրք է, Մոմիկի նկարազարդումները հասնում են վարպետության գագաթնակետին: Նա նկարել է կոմպոզիցիաներ, որոնցում միանգամից 15-20 հոգի է կերպավորված: Ավետարանը ծաղկելուց հետո Մոմիկի տեսողությունը վատանում է ու 24 տարի անց նորից վերականգնվում. Օրբելյան Բուրթել իշխանի պատվերով նա կառուցում է Նորավանքը: Մոմիկը հայ եկեղեցաշինության պատմության մեջ անգնահատելի ավանդ ունի. ճարտարապետական յուրաքանչյուր քայլ նպատակաուղղված է վերերկրային գաղափարի, խորհրդանիշերի իմաստավորմանը: Ի վերջո, Մոմիկը եղել է Օրբելյանների իշխանական տան ճարտարապետ-նկարիչը: Առեղծվածներով, հետաքրքրական ու դրամատիկ դիպվածներով լի է նրա կյանքը. համենայն դեպս, այն, ինչ հայտնի է պատմությանը, բավական էՙ նման կարծիք կազմելու համար: Մոմիկի կյանքն ու ստեղծագործությունը տարիներ շարունակ նկարիչ Հայկ Սայադյանի հետաքրքրությունների առանցքում է: Ուսումնասիրություններն այնքան են հասունացել, որ երիտասարդ նկարիչը վճռել է Մոմիկի մասին այլընտրանքային-անիմացիոն ֆիլմ նկարահանել: Ստեղծագործական այս ոճը Հայկը վաղուց է որդեգրել ու ստեղծել հինգ ֆիլմՙ «Նազաե», «Պանգեա», «Կոչեմ ապրողաց», «Հայր մեր» եւ «Կոմիտաս»: Հայկ Սայադյանը միայնակ է ստեղծել իր բոլոր ֆիլմերը: Նկարում է պատմությունը, այնուհետեւ նկարները դնում շարժման մեջ: Ինքն էլ հաճախ գրում է իր ֆիլմերի երաժշտությունը: Նրա արվեստն ունի հավատարիմ երկրպագուներ, որոնք սպասում են նոր ֆիլմիՙ «Մոմիկի» ծնունդին: Հայկը գրել է իր նոր նախագծի սցենարը, նկարել կերպարները. անիմացիոն ֆիլմից մի հատված արդեն պատրաստ է: Աշխատանքը շատ ծավալուն է ու ծախսատար, բայց Հայկն ամբողջ էներգիան, ստեղծագործական մղումներն ուղղել է գերնպատակինՙ ստեղծել Մոմիկի մասին գեղարվեստական լիամետրաժ-անիմացիոն շարժանկար: Էքշըն ժանրի ֆիլմը նախատեսված է լայն հանրության, ինչպես նաեւ փառատոների համար: «Մոմիկը հանճար է, բայց մարդ: Նա էլ մեզ նման սիրել է ու տառապել, զգացել հաջողությունների բերկրանքն ու մերժումների ցավը: Նրա կյանքում էլ են դավեր նյութվել ու անկանխատեսելի դեպքեր կատարվել: Ես ուզում եմ Մոմիկին դուրս բերել Մատենադարնից, հանել գիտական-ակադեմիական փաստերի շրջանակներից ու բերել մեր աշխարհ, նրան դնել մեր կողքին, որ նա խոսի մեզ հետ, պատմի մեզ իր կյանքը: Իսկ մենք զգանք նրա զգացածն ու ապրենք նրա ապրածը: «Մոմիկ» այլընտրանքային անիմացիոն ֆիլմն առանց պաթոսի կներկայացնի էպիկական ու դրամատիկական դեպքեր, Միջնադարն իր արժեհամակարգով, միջավայրով ու կոլորիտով»,-ներկայացնում է Հայկ Սայադյանը: Անիմացիոն ֆիլմ ստեղծելը դժվար գործընթաց է. պահանջում է լուրջ ներդրումներ: Մինչեւ հիմա Հայկն իր ֆիլմերը ստեղծել է սեփական ուժերով: Բայց դրանք լիամետրաժ չեն եղել: Այս անգամ սեփական գրպանին ապավինելովՙ անհնար է «Մոմիկ» ստեղծել: Սցենարական պատմությունը հեղինակը չի մանրամասնում. անակնկալները թող լինեն էկրանին: Հավատում է, որ մեր միջնադարյան հանճարի արվեստը գնահատողներ կլինենՙ համախոհներ, որոնք կօգնեն իր կինոնախագիծը կյանքի կոչել, հանրահռչակել Մոմիկի մասին հետաքրքրաշարժ ու դրամատիկ պատմությունը: «Ի վերջո, կա պետական մշակութային քաղաքականություն, կան անհատ-բարերարներ, մշակութային հիմնադրամներ. մի՞թե Մոմիկն ու ես մենակ ենք մեր երկրում: Իհարկե, ո՛չ: Մոմիկի համերկրացին եմՙ Վայոց ձորից: Վստահ եմ, որ այս ֆիլմը նաեւ ծնունդով վայոցձորցի աջակիցներ կունենա, ու միասին հարգանքի տուրք կմատուցենք Մոմիկի 755 ամյակին»,- հավատով նկատում է Հայկը: Նկարիչը փակ աչքերով տեսնում է գունեղ, ուժեղ կերպարներով, միջնադարյան արքունական կյանքի, ժողովրդի զանգվածային տեսարանների պատկերներով առլեցուն ֆիլմը: Ամեն ինչ պտտվելու է Մոմիկի շուրջը, ինչպես մոլորակներնՙ Արեւի: Նկար 1. Մոմիկի հուշարձանը Իջեւանում. (1987 թ., քանդակագործՙ Յուրիկ Սամվելյան) |