ՔԱՂԱՔԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀԵՏՔԸ Մարիետա ԽԱՉԱՏՐՅԱՆ Ռեժիսոր Արմեն Պետրոսյանը, ռուսական «Կուլտուրա» ալիքի պատվերով նկարահանած բազմաթիվ ֆիլմերում, որոնք անդրադառնում են մարդկության պատմության առեղծվածներին, քաղաքակրթությունների ծագմանը, դրանց վերաբերյալ գիտական տարբեր վարկածներին, շարունակաբար ներդնում է հայկական հետքը քաղաքակրթության ծագման եւ զարգացման ընթացքում: Դիտելով նրա «Առեղծվածի հետքերով» եւ այլ շարքերի ֆիլմերը` անընդհատ առկայծում է միտքը, թե այս ռեժիսորը միայնակ ավելի մեծ հետաքրքրություն է ստեղծում Հայաստանի, նրա անցյալի, նրա գիտության հանդեպ, քան կարողանում են անել շատ խմբեր եւ ինստիտուտներ: Տեսնես մերոնք նկատում ե՞ն նրա արած շնորհակալ գործը, թեեւ... նկատողը դա կնկատեր այն ժամանակ դեռ, երբ Արմեն Պետրոսյանն իր քրոջ հետ նույն եռանդով այդ թեմաները մատուցում էր Հայաստանի տարբեր հեռուստաալիքներով հեռարձակվող «Զարմանադարան» հաղորդմամբ: Միգուցե կգտնվեն մարդիկ, որոնք կասեն, որ Արմեն Պետրոսյանի ֆիլմերում շատ է ֆանտաստիկան, այնտեղ արծարծվող թեմաները երբեմն հեռու են ստուգված գիտական հենքից եւ երբեմն պարզապես հեքիաթ են թվում: Միգուցե, թեեւ` նորանոր հայտնագործություններն ամեն օր ու անգամ` ամեն ժամ փոխում են մեր պատկերացումները գիտության մեջ, ու այն, ինչ երեկ թվում էր հեղափոխական կամ նույնիսկ անհավանական, այսօր իրողություն է: Բացի այդ` գիտություն, թե ֆանտաստիկա` Պետրոսյանի ֆիլմերը կարողանում են անել շատ կարեւոր բան` գիտնականների, ուսումնասիրողների մոտ առաջացնում են մեծ հետաքրքրություն դեպի Հայաստանն ու նրա պատմությունը, հնագիտությունը, մշակույթը, իսկ սա, խոստովանենք, շատ կարեւոր բան է: Արմեն Պետրոսյանի` «Կուլտուրա» ալիքով անցած ամառ ցուցադրված «Հայակական լեռնաշխարհ, 12 հազար տարի առաջ. համաշխարհային քաղաքակրթության ակունքները» ֆիլմի մասին «Ազգը» պատմել է` հանդիպելով ռեժիսորին եւ փոխանցելով նաեւ նրա մտքերը: Արդեն այս ամառ, մի երկու շաբաթ առաջ «Կուլտուրայով» ցուցադրվեց Պետրոսյանի նոր` «Առեղծվածի հետքերով. երբ երկրի վրա թագավորում էին Աստվածները» ֆիլմը, որի հենքը նույնն է, ինչ նախորդինը. այսինքն` կրկին փորձ է արվում փաստեր համադրել առ այն, որ մարդկության պատմության քաղաքակրթական հատվածը շատ ավելի հին է, այն թվագրվում է տասնյակ հազար տարիներ ավելի վաղ, քան հիմա դեռեւս ընդունված է սովորեցնել պատմության դասգրքերով, ու անգամ ճշգրիտ գիտությունները, բազմաթիվ այլ գիտելիքներ մարդկությանը փոխանցվել են վաղնջական ժամանակներից: Ողջ ֆիլմը չենք պատմի, այլ հետաքրքրություն ստեղծելու համար` միայն կգնանք ֆիլմի հայկական հետքով: 1939 թվականին Ս. Էջմիածնից ձեռագիր մեծարժեք գրքերն ու փաստաթղթերը Մատենադարանի նոր շենք տեղափոխելիս հատուկ հանձնաժողովի կազմում Մոսկվայից ընդգրկված երիտասարդ պատմաբան Վիկտոր Հարությունյանը հայտնաբերում է միջնադարյան ձեռագիր-քարտեզ, որին ուշադիր նայելով զարմանքով հասկանում է, որ այնտեղ պատկերված է Մարսն իր արբանյակով: Քարտեզի պատրաստման ժամանակի եւ հեղինակի մասին տեղեկությունները ձեռագրում բացակայում էին, միայն լատիներեն միջնադարյան տեքստ կար, որը սկզբնաղբյուր եգիպտական ձեռագրի ավելի ուշ միջնադարյան թարգմանությունն էր հավանաբար: Պատմաբանը վերցնում է քարտեզը` իր դպրոցական ուսուցչին ցույց տալու եւ վերադարձնելու պայմանով, հետագայում քարտեզն ուղարկվում է Հայաստանի Գիտությունների ազգային ակադեմիա` նշումով, թե որտեղից է վերցվել այն, իսկ ձեռագրի գտնվելու վայրի մասին ստույգ տեղեկություններ չկան: Ինչպե՞ս կարող էր թափանցել Մարսի մասին այդ կարգի տեղեկությունը միջնադարյան ձեռագիր: Մարսի զույգ արբանյակներն այնքան փոքր են, որ 17-րդ դարում Գալիլեյը 32 անգամ մեծացնող իր աստղադիտակով չէր կարող տեսնել դրանք: Այդ արբանյակները հայտնագործվեցին միայն 1877 թվականին: Փոքրիկ լուսիններն անվանվեցին Ֆոբոս եւ Դեյմոս` Վախ ու Սարսափ: Արբանյակների անսովոր փոքր չափերը աստղագետներին ենթադրության առիթ տվեցին, որ ինչ-որ ժամանակ Մարսն ունեցել է հզոր մեկ արբանյակ, որն անհայտ պատճառներով հետագայում մասնատվել է: Ահա այդ ժամանակի Մարսն է եղել երեւի պատկերված Էջմիածնի ձեռագրատանը գտնված ձեռագրում: Երիտասարդ պատմաբանը, ով ձեռագիրը վերցրել էր, հետագայում մեկնում է պատերազմ ու անհետ կորչոմ, իսկ ձեռագրի ճակատագիրը մինչեւ հիմա ոչ ոք չգիտե, միգուցե հենց Մատենադարանի պահոցներից մեկում է` ենթադրություն է արվում ֆիլմում: Տեղում էլ պատմվում է մեր Մատենադարանի մասին, որի աշխատակիցն ասում է, որ այդ ձեռագրի մասին ոչինչ հայտնի չէ: Մատենադարանի գիտաշխատող Սյուզան Հակոբյանը պատմում է, որ Մատենադարանում թղթյա եւ մագաղաթյա 17 հազարից ավելի ձեռագրեր կան, 3 հազարը դրանցից` այլալեզու, 3 հազարը` ֆրագմենտներ, 5-18 դարերի գիտական միտքն ու ճանաչողական գործերն արտացոլող: Աշխարհի հնագույն շատ արժեքավոր ձեռագրեր, որոնք այսօր կորսված են համարվում, հայերեն թարգմանված համարժեքներ ունեն մեր Մատենադարանում, դրանք բնօրինակի արժեք են ձեռքբերել: Մատենադարանի արխիվն, ի տարբերություն Վատիկանի արխիվների, մշտապես բաց է ուսումնասիրողների եւ այցելուների համար: Վերադառնալով Մարսի քարտեզի` բնօրինակ կամ հավաստի լինելու վարկածին, ֆիլմում դրա օգտին բերվում են մի շարք փաստեր, մասնավորապես այն, որ Մարսի արբանյակների մասին եվրոպական գրականության մեջ հիշատակումներ են եղել դրանց հայտնագործումից մի քանի դար առաջ, որոնք վկայում են ավելի վաղ առկա փաստաթղթերի մասին: Հավանաբար այդպիսի փաստաթղթերից քաղված տեղեկություններն են, որ հիմք են տվել 1610 թվականին Յոհան Կեպլերին կանխատեսումներ անել Մարսի երկու արբանյակների մասին: Այդ արբանյակների մասին նրանց հայտնագործումից 150 տարի առաջ գրել է Սվիֆթը` «Գուլիվերի ճանապարհորդությունը» գրքում, երբ նկարագրում է թռչող Լապուտա կղզու մասին, նշելով, որ Լապուտայի աստղագետները հայտնագործեցին Մարսի երկու արբանյակները: Դրանց մասին գրել է նաեւ Վոլտերը 1752 թվականին, իսկ վրաց աստղագետ Սաբե Օրբելյանին 17-րդ դարի վերջին-18-րդ դարի սկզբին խոսում է նույն Մարսի երկու արբանյակի մասին, եւ ֆիլմում ենթադրվում է, որ Օրբելյանին Մարսի քարտեզը հավանաբար տեսել է Էջմիածնում: Այս ֆիլմի բուն մեկնակետն այն է, որ քաղաքակրթությունն ու գիտելիքները մարդկությանը տվել են եկվոր Աստվածները, որոնք շատ հազարամյակներ առաջ եկել ու բնակվել են Երկիր մոլորակի վրա: Որ գիտելիքների հին սկզբնաղբյուրներ են գոյություն ունեցել` սա ֆիլմում փորձ արվում տարբեր հիմնավորումներով ապացուցել, այդ թվում` եւս մի հայկական հետքով, որը կրկին բերում է Մատենադարան: Ու «Կուլտուրայի» տասնյակ միլիոնանոց լսարանին պատմվում է 7-րդ դարի մաթեմատիկոս, աշխարհագրագետ ու աստղագետ Անանիա Շիրակացու մասին, ով գիտեր երկրի գնդաձեւության մասին, ու մինչեւ աստղադիտակի հայտնագործությունը պնդում էր, որ Ծիր Կաթինը աստղերի կուտակում է, որ Լուսնի լույսը Արեգակից ստացված լույսի անդրադարձումն է: Շիրակացին կազմել էր անգամ լուսնի խավարումների տասնիննամյա մեծ ցիկլի աղյուսակը: Շիրակացին ոչ միայն գրքեր էր գրում, այլեւ դասավանդում էր. ու յոթերորդ դարում, երբ ուսյալ մարդկանց մեծ մասը համարում էր, որ Երկիրը տափակ է ու հենվում է երկու հսկա փղերի կամ կետերի վրա, Շիրակացու դասերին նրա աշակերտներն իմանում էին Երկրի եւ մյուս երկնային մարմինների գնդաձեւության մասին եւ այն, որ տարածության մեջ երկնային մարմինները իրար վրա ազդող հակադիր ուժերի շնորհիվ են տեղակայված:Պատմվում է նաեւ, որ մաթեմատիկայի առաջին դասագրքի հեղինակը եւս Շիրակացին է, իսկ Եվրոպայում առաջին մաթեմատիկական դասագրքերը հայտնվել են միայն 15-րդ դարում: Շիրակացու ստեղծած աշխարհագրական առաջին դասագրքից` «Աշխարհացույցից», Կոլումբոսից ութ դար առաջ սովորում էին, որ Երկրի հակառակ կողմում եւս մարդիկ են ապրում: Որտեղի՞ց կարող էր յոթերորդ դարի գիտնականն ունենալ իր ժամանակից շատ ավելի առաջ ընկած այդ գիտելիքները, այդ հարցին փորձ է արվում պատասխանել ֆիլմում: Պատմվում է 4-րդ դարում ստեղծված հայկական գրերի եւ հայ թարգմանչաց դպրոցի մասին. Մեսրոպ Մաշտոցի աշակերտներից լավագույններն ուղարկվում էին Ալեքսանդրիայի հայտնի գրադարան (Ալեքսանդրիան հիմնադրել է Ալեքսանդր Մակեդոնացին մ.թ.ա. 332-331 թթ., հետո այն դառել է Եգիպտոսի մայրաքաղաքը, Ալեքսանդրիայի հայտնի գրադարանում էին հավաքված տարբեր գնահատականներով հարյուր հազարից մինչեւ մեկ մլն ձեռագրեր), որտեղ ուսումնասիրում եւ հաճախ թարգմանում էին արժեքավոր ձեռագրերը գրաբար: Հետագայում Ալեքսանդրիայի գրադարանը բարբարոսաբար ոչնչացվում էր, մի քանի անգամ այն հրդեհվել է,այն հիմնովին ոչնչացվեց արաբների կողմից 7-8 դարերում, սակայն տեղեկություններ կան, որ շատ արժեքավոր ձեռագրեր մաս-մաս ու գաղտնի տեղափոխում էին փրկելու համար, ու դրանց մի մասը տեղափոխվել է Էջմիածին: Այսինքն` հին եգիպտական մագաղաթը, որ Էջմիածնում տեսել է պատմաբան Վիկտոր Հարությունյանը, ճշմարտանման է թվում եւ տեղավորվում է անտիկ շրջանի գիտելիքները վաղ միջնադար փոխանցելու ընդհանուր ջանքերի գործընթացում: Սրանով կարելի է բացատրել նաեւ, թե ո՞ր ճանապարհով է ստացել իր գիտելիքներն Անանիա Շիրակացին: Ի թիվս այլ աղբյուրների` նա օգտվել է հին եգիպտական ձեռագրերի հին հայկական թարգմանություններից: Ֆիլմը քաղաքակրթության ծագումը հնացնելու այլ օրինակներ էլ է բերում, դրանցից մեկով ներկայացնելով նեոլիթյան ժայռապատկերը Մեծամորից, որում Եգիպտոսի ձեւավորումից շատ առաջ պատկերված են գնդաձեւ Երկիր մոլորակն ու նրա բնակիչները, այսինքն` տեղական գիտելիքները եւս կարող էին աղբյուր լինել Շիրակացու համար: Մի խոսքով` Արմեն Պետոսյանի նոր ֆիլմի մի զգալի մասը նույնպես հայկականությամբ է շնչում: Հիշեք Արմեն Պետրոսյան անունը, որը գրելով համացանցում` կարող եք բացել նրա բազմաթիվ ֆիլմերը: |