ԽՈՍՔ ՈՂՋՈՒՅՆԻ ԱՐԱ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ, Համաշխարհային հայկական կոնգրեսի եւ Ռուսաստանի հայերի միության նախագահ Հայաստանի Գրողների միության 80-ամյակի առթիվ Հուլիսի 4-ին հանդիսավոր պայմաններում նշվեց Հայաստանի գրողների միության ստեղծման 80-ամյակը: Բազմաթիվ խոսքեր, շնորհավորական ելույթներ ու ողջույնի արտահայտություններ եղան, որոնց շարքին հնչեց Ռուսաստանի հայերի միության եւ Համաշխարհային հայկական կոնգրեսի նախագահ Արա Աբրահամյանի ողջույնը, որը հրապարակում ենք ստորեւ: Այս առթիվ հիշեցնենք, որ պրն Ա. Աբրահամյանը Հայաստանի գրողների միության ամենահայտնի մեկենասն ու քաջալերողն է: Մեկ տասնամյակ է արդեն, որ նա մրցանակներ ու դրամական պարգեւներ է տրամադրում Միությանը, հովանավորում վերջինիս զանազան նախաձեռնություններն ու միջոցառումները: «Ազգը» միանում է շնորհավորանքներին: Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ հայ գրողներինՙ Հայաստանի գրողների միության ստեղծման 80-ամյա հոբելյանի առթիվ եւ ցանկանում նրանց բոլորին բեղմնավոր ստեղծագործ աշխատանք: Հայաստանի գրողների միության 80-ամյա հոբելյանը համազգային կարեւոր իրադարձություն է: Դարեր շարունակ գրչի հայ մշակները եղել են մեր ժողովրդի երազների ու տառապանքների լավագույն արտահայտիչները, հույս ու հավատ ներշնչել նրան եւ օգնել դիմակայելու տարբեր ժամանակների ամենադաժան փորձություններին: Մեր օրերում տեղի են ունենում հայության ջանքերի միավորման գործընթացներ ազգային կյանքի տարբեր ոլորտներում: Ժողովրդի շահերին ծառայելու նպատակով նրա զավակների ուժերի միավորումը ժամանակի հրամայական պահանջ է դարձել: Հայ գրողներն իրենց հերթին ակտիվորեն մասնակցում են այդ գործընթացներին, նախաձեռնում հայրենիքի եւ սփյուռքի նորագույն գրականությունների փոխադարձ ճանաչողության եւ համազգային հոգեւոր-մշակութային խնդիրների հետ առնչվող այնպիսի քննարկումներ, ինչպիսիք են Գրողների համահայկական եւ Օտարագիր հայ գրողների համաժողովները: Առանց վերապահման կարելի է ասել, որ Հայաստանի Գրողների միությունը ներկայումս դարձել է համայն հայ գրականության օջախ: Այսօր ստեղծագործական, կառուցողական սերտ համագործակցություն է հաստատվել Համաշխարհային հայկական կոնգրեսի, Ռուսաստանի հայերի միության եւ Հայաստանի Գրողների միության միջեւ: Մեր համագործակցության հիմքում ընկած է ազգահավաքի առաքելությունըՙ միասնաբար դիմագրավելու նոր հարյուրամյակի մարտահրավերներին, սատարելու նորանկախ հայրենիքինՙ հզոր ու բարեկեցիկ պետության տեսլականով, համախմբելու մեր մտավոր եւ ստեղծագործական ներուժը: Կրկին շնորհավորելով հայ գրողներին Հայաստանի Գրողների միության ստեղծման 80-ամյա հոբելյանի առթիվ, մաղթում եմ արգասաբեր գործունեություն, համոզված լինելով, որ հայ գրականությունը կապրի մի նոր վերածնունդ, ընթերցողի սեղանին կդրվեն համամարդկային կյանքի բոլոր կողմերն ընդգրկող գրական նոր գործեր: |