ԱՍՏՂԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀԻ ԱՆՑՈՐԴԸ ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆ «...Տիեզերքում հավանորեն երկու բան կա հավերժ. մեկը ինքը` ՏԻԵԶԵՐՔԸ, չունի սկիզբ, չունի վերջ, մյուսը` ԺԱՄԱՆԱԿԸ, չունի սկիզբ, չունի վերջ: ...Սարսափելի՞ է... երեւի...» Գրիգոր Գուրզադյան
Մտածեցի չտրվել վերհուշի գայթակղությանը, թեեւ որքան էլ ջանաս, գրեթե անհնար է դա: Անկախ կամքից, միտքդ գործում է հենց այդ ուղղությամբ: Ձեռքիս Գրիգոր Գուրզադյանի էսսեների եւ հարցազրույցների վերջին ժողովածուն է: Յուրաքանչյուր նոր հանդիպում ստեղծագործության հետ` որքան էլ թվա, թե լավ գիտես հեղինակին, միեւնույն է` անակնկալ ունի պահած: Այդպիսին այս գիրքն է, այդպիսին է Գրիգոր Գուրզադյանը` նրա ինքնատիպ մտածողությունը, ձեռագիրը, նրա ապրած հարուստ կյանքը: Որքան շատ են հիշողությունները, եւ որքան կենդանի, որքան թանկ է նրա կերպարը, այնքան դժվար է գրել այդ մասին: Գիրքը ընդամենը առիթ է, առիթ է վերստին հաղորդակցվելու` բնության, տիեզերական երեւույթներից մինչեւ մարդկային հոգեբանության նուրբ շերտերը թափանցող, գրականության, արվեստի հոգին որսացող ու ճանաչող, մարդկային կեցության ամենապարզ թվացող հարցերն անգամ շոշափող, գիտության մարդու փաստարկված, միաժամանակ արվեստագետ հոգու փխրուն, հուզական, սահմաններ չճանաչող նրա մտքի, մտածողության հետ: Գիրքը հենց ինքն է, իր մի մասը, որովհետեւ ինդիվիդուալիզմը հենց մտածողության մեջ է: Երբ կարդում ես նրան` հարցազրույց լինի, թե էսսե, կենդանի` կողքիդ է, լսում ես հուզախռով ձայնը, տեսնում հայացքը` մտասույզ, ծանրախոհ, զգում առաջ մեկնած ձեռքի անհանգիստ շարժումը: Ու հասկանում ես, որ այդ ձայնը գալիս է ժամանակների խորքից, ըմբռնում մարդկային մտքի ներգործության ուժը, այն ակունքները, որոնցից սնվում է նա` համաշխարհային առաջավոր մտածողության, գիտության ու արվեստի պատմության այն մեծ ժառանգության, որի կրողը, շարունակողը, խնկարկուն է նա: Բավական է կարդալ Միքելանջելոյին նվիրված նրա էսսեն եւ պարզ կդառնա, թե որտեղից է գալիս այդ ձայնը` այդքան հարուստ, այդքան խորհրդավոր, միաժամանակ այնքան անհասանելի: ...Հիշողությունը աբստրակցիա է` աբստրահանում ժամանակից, որը եւ կա եւ չկա, մտքի արգասիք, թե որքանով է այն ուզում ակտիվ լինել... Սիրելի մարդիկ, սակայն, մեծ հոգու տեր անձինք հեռանալուց հետո հիշողության մեջ չէ միայն, որ ապրում են: Նրանք մեր կողքին են, նրանք երբեք մեզ չեն լքում: Էսսեների եւ հարցազրույցների այս ժողովածուն` «Հույզեր, խոհեր, մտքեր», լույս է տեսել է 2012 թվականին («Զանգակ-97» հրատ.)` ներառելով, ինչպես ինքն է ասում, իր խոհերը տիեզերքի ու մարդու մասին, իր «ներքին պոռթկումը, տրամադրվածությունը եւ ապշանքը նաեւ` ինչ է աշխարհը, ինչ է գեղեցկությունը, ինչ է հավերժությունը տիեզերական» : Գրքում ընդգրկված են տարբեր տարիներին մամուլում տպագրված այն հարցազրույցները (նաեւ մի քանի էսսեներ), որտեղ Գրիգոր Գուրզադյանը անդրադառնում է իրեն ամենից ավելի հուզող թեմաներին: Սա գրեցի ու մտածում եմ, սակայն հարցերի այդ շրջանակը որքան կարող է լայն լինել, գրեթե անսպառելի: Օրերով, ժամերով լսել եմ նրան, հարց չեմ տվել: Նա խոսում էր, խոսում էր ինքն իր մեջ, իր մտքերի մեջ ընկղմված, խոսում էր գիտության մասին, գիտության երեւելի դեմքերի ու նրանց ճակատագրերի մասին` Լայբնից, Նյուտոն, Էյնշտեյն, արվեստի ու արվեստի դերի մասին, երաժշտության մասին, տիեզերքի սարսռեցնող խավարի, մարդկային կյանքի, ապրող ու մեռնող աստղերի մասին: Որքան հարուստ էր ժամանակը այդ շրջանում եւ որքան անակնկալ` բացվող օրը, որքա~ն բան կարելի էր սովորել նրանից: Խնդիրը սակայն սովորելը չէր միայն, նույնիսկ այդ հսկայական իմացությունները, մտածողության անսովոր, անակնկալ շրջադարձերը չէին անգամ, այլ նրա մագնիսական էության մեջ թաքնված խորհրդավոր ուժը, հոգեկան անսովոր հարստությունը, հեռավոր անցյալներից բերած պաշարը, իմացական փորձը, խորը զգացմունքայնությունը - եւ ինչպես էր տանում նա այդ բեռը, եւ` ինչպես բնորոշ է մեծերին, հաճախ` չհասկացված... Գրիգոր Գուրզադյանը նկարում էր, նկարում էր ծաղիկներ, բնություն, Գառնիի ձորը. միտքը` աստղերին, վրձինը` ծաղիկներին: Գրքում մի էսսե ունի`«Մտորումներ հոգեցունց նկարների առջեւ...», որտեղ «Արենիի լեռները» իր նկարի առիթով խոսում է արվեստի որոշ գործերի հետ հոգեկան կապվածության մասին, դրանցից առանձնացնում է Լեւիտանի «Վլադիմիրկան» եւ Բաշինջաղյանի «Արարատը»: Իրեն բնորոշ մտքի անսպասելի թռիչքներով ու զուգորդումներով նկարագրություն, վերլուծում կամ խորհրդածություն չէ միայն, որ անում է, դա զգացմունքների ալեկոծում է, բնապաշտի աղոթք է, հոգու լուռ խոստովանություն բնությանը, գույնի արվեստին, գեղեցկությանը: «Արենիի լեռները... կիսամութի մեջ` նարնջագույն լանջերի արանքում`շղարշը կապուտակ մշուշի, թախծոտ, լուռ, շատ բան տեսած, շատ բան ապրած... Ու կարոտ նաեւ, անմար կարոտ... Տիեզերքում չկա դա, այդ կարոտը, աստղերը` երբեք չմարվող... Կարոտը մարդու հետ է եկել. չլիներ մարդը, չէր լինի կարոտը, տիեզերքը չէր իմանա, թե՛ ի"նչ է կարոտը... Ահա այդ կարոտն էր բերել ինձ Արենի, Արենիի լեռները, ստվերները լանջերի` կապուտա~կ, եթերայի~ն... Կարո՞ղ է մի նկար, այն էլ բնանկար, այդքա՛ն բան ասել մարդու հոգուց, այդքա՛ն հույզեր, զգացմունքներ զարթնեցնել... Երեւի այո՛...»: «Կաքավաբերդի առեղծվածը» էսսեում բերդի ճարտարապետական, պատմական, տեղագրական ուսումնասիրություններն ու նկարագրությունները ուղեկցվում են բանաստեղծական այսպիսի բնորոշումով` «Բերդը երեւում է հանկարծակի ու շատ մոտիկից, երեւում է ինչպես տեսիլք, միրաժ, ինչպես մի կանթեղ` երկնքից կախված: Ակամա մեխվում ես տեղում, շունչդ է կտրվում այդ անակնկալից, քո դիմաց ակնթարթն է գեղեցկության» : Գուրզադյանի էսթետ հայացքը գեղեցկություն որոնում է ամենուր` տիեզերքում, բնության մեջ, արվեստում, առօրյայում, մարդկային հարաբերություններում եւ գիտության մեջ նույնպես - հարմոնիա, ռիթմ, սիմետրիկություն: Երաժշտությունը մարդկային ստեղծագործություններից ամենաբացառիկն է համարում, բացարձակ աբստրակցիա, համոզված, որ մարդը ամենամեծ հոգեկան ապրումներ ստանում է հենց այդ աբստրակցիայից, եւ որ ամենից ավելի նա երաժշտության կարիքը ունի: Ինչպե՜ս է զգում ճարտարապետությունը, ինչ նրբությամբ է կարդում քարի հոգին, «շոշափում» կոմպոզիցիայի հարմոնիկ մեղեդին` մասնավորապես հայ հին ճարտարապետության, որ համարում է համաշխարհային մշակույթի խոշորագույն երեւույթներից` եզակի ու խիստ ինքնատիպ: «Հանենք հին հայկական ճարտարապետությունը մեջտեղից եւ աշխարհից, այո՛, ինչ-որ բան կպակասի: Այդ ճարտարապետության թողած տրամադրությունը, մարդն ինքն իրենից դուրս գալու, վերանալու, հոգեպես ինչ-որ այլ վիճակի անցնելու զգացողությունը չի կարելի փոխարինել ոչնչով»: Ի՜նչ հիացմունքով, ինչպիսի ակնածանքով է խոսում Հռիփսիմեի տաճարի, Երերույքի, Ավանի վանքի, Աշտարակի Կարմրավորի մասին. «Մի գողտրիկ հրաշք, այնքան քնքուշ, այնքան մտերմիկ, որ մարդ ակամա ձեռքերն է մեկնում ափը վերցնելու, գուրգուրելու այդ քարե փունջը» : ...Կիսաձայն, վեհերոտ հարցրի մի օր` «Հոգու խորքում դուք գիտնական եք, թե՞ արվեստագետ»: Գիտեի պատասխանը` գիտնական իհարկե, բայց իր էսսեներում արվեստի մասին այնպես է խոսում, որ, այնուամենայնիվ, տարակուսում ես, ու դարձյալ ժամանակի ֆենոմենն է ենթագիտակցությանդ մեջ պտտվում` Վերածննդի դարաշրջանը` տաղանդաշատ ու բազմաշնորհ վարպետների... «Իմ կյանքում գիտության եւ արվեստի համատեղումը կարծես կայացել է» , ասում է մի հարցազրույցում: Դա այդպես է, այդպես է ընթերցողական լսարանի, իր մոգական խոսքի հազարավոր ունկնդիրների, իր գունագեղ նկարների սիրահարների համար, որովհետեւ, ինչպես ինքն է ասում, մարդն առանց գիտության կարող է ապրել, առանց արվեստի` ոչ, եւ մարդկային փոխհարաբերությունները ստեղծում է արվեստը, իր բնորոշմամբ` փրկարար լաստը մարդկության: Հեղինակի խոհերը, մտորումները արվեստի, գրականության, առհասարակ մարդկության ձեռք բերած արժեքների շուրջն են: Գիտության, աստղաֆիզիկայի ժամանակակից նվաճումների, գիտական իր ճանապարհի, իր հիմնած եւ ղեկավարած Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտի, «Oրիոն-2» տիեզերական աստղադիտարանի ստեղծման, որը ՆԱՍԱ-ի պաշտոնական հաշվետվության մեջ բնութագրվել է որպես շրջադարձային փուլ սովետական տիեզերական հետազոտությունների ծրագրերում, «Քրոմոս» ծրագրի, գիտական մենագրությունների («Տիեզերական աստղաֆիզիկա», "Звездные хромосферы", "Планетарные туманности", "Вспыxивающие звезды", Theory of Interplanetary Flights, Space Dynamics), այս հարցերին ավելի ամբողջական անդրադարձ արված է մեկ-երկու հրապարակման մեջ («Տիեզերքի դինամիկան», «Մարդը տիեզերքի ամենամեծ հանելուկն է...», «Գալարապտույտը տիեզերքի»): «Կոսմոսն անխուսափելի է, նա արդեն դարձել է անխուսափելի: Այսօրվա մարդկությունը չի կարող հրաժարվել դրանից. դա ուզել-չուզելու հարց չէ: Կոսմոսը մի երեւույթ է, որն արդեն անհնար է կասեցնել: Նա պիտի գնա, բացի իր ճանապարհը, ինչպես արեցին ու անում են հիմա էլ գենետիկան, կիբեռնետիկան, համակարգիչները... Կոսմոսն ապագա քաղաքակրթությունն է... Նա կձեւավորի, կստեղծի նոր մարդ` բոլորովին այլ մտածողությամբ, այլ հատկություններով...» : Խոհը, մտորումը, առավել եւս հույզը վերաշարադրել, վերապատմել անհնար է, այսինքն` ինչու եւ ինչպես դա անել.- պետք է զգալ, հասկանալ, վերապրել այդ մեծ անհատականության հոգին - հայ ժողովրդին տրված մեծագույն շնորհ, որ ապրեց իր «հերոսների»` երկնային լուսատուների աշխարհում` անցնելով երկրային իր ճամփան աստղի պես` իր լույսը տալով ուրիշներին: Սա վիճակ է, գիտակցություն, մեծ գիտնականի, մտածողի, արվեստագետի, էսթետի ճակատագիր: Մենք պետք է փնտրենք նրան մշտապես, հասկանանք, գնահատենք մեզ տրված հարստությունը եւ կարողանանք փոխանցել հաջորդներին` ոչ որպես պարտք ու պարտականություն միայն, այլ որպես գիտակցված արժեք, գոյության արժանավայել կերպ ու շարունակվելու միջոց: Ահա ինչ է սովորեցնում մեզ Գուրզադյանը, ուշադրություն դարձնենք այն հարցերին, ինչպես է նա խոսում մտածողության մասին, համամարդկային, ազգային արժեքների, դպրոցի, լեզվի, պետության մասին: «Ազգ լինելու, ժողովուրդ լինելու, պետություն լինելու առաջին պայմանը լեզուն է: ...Մահացավ լեզուն` կմահանա ժողովուրդը... Մեզ հարկավոր է մտածող մարդ... Մեզ հարկավոր է պետություն... Մեզ հարկավոր է հզոր երկիր... Այդ ամենը ունենալու համար հարկավոր է ունենալ դպրոց... ...Երկիր լինելու, պետություն լինելու, ժողովուրդ լինելու ամենակարեւոր պայմանը մայր հողին կառչած մնալն է, եթե անգամ այն քարակույտ է ծայրից ծայր...»: Միաժամանակ օտար մշակույթի եւ առաջադեմ գաղափարների հանդեպ մեր նախնիների ճկուն եւ ուշիմ վերաբերմունքը հայի արժեքավոր հատկանիշներից է համարում, եւ` ամենակարեւոր հատկանիշը, որ մարդկությունը պարտավոր է պահպանել, իհարկե` մտածողությունը` «ամենամեծ հատկությունը տիեզերքի եւ դրա մի փոքրիկ կտորի, որը կոչվում է մարդ» ... |