RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#030, 2014-10-03 > #031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 17-10-2014



ՄԵԾԱՐԱՆՔ

Տեղադրվել է` 2014-10-16 22:31:48 (GMT +04:00)


Ընթերցված է` 988, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 5

ՍԱՐԳԻՍ ՎԱՀԱԳՆԸՙ ՄԱՆԿԱՎԱՐԺԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՀԻՒՐ

«Սփիւռք» Գիտաուսումնական Կենտրոնի լրատուութիւն

Հոկտեմբերի 15-ին Մանկավարժական պետական համալսարանի բանասիրական բաժանմունքում արդէն աւանդոյթ դարձած գրական հանդիպումների շրջանակում հիւրընկալուել էր բէյրութահայ, այժմ ամերիկաբնակ արձակագիր, թարգմանիչ Սարգիս Վահագնը` իր կնոջ` տկն. Հայկուհու եւ դստեր` Հուրիի հետ:

Բացման խօսքով հանդէս եկաւ բանասիրական բաժանմունքի դեկան պրոֆ. Եուրի Դաւթեանը: Նա ապագայ ուսուցիչներին յորդորեց լծուել արեւմտահայ լեզուի պահպանման գործին, քանի որ այսօր, ցաւօք, վտանգուած է այդ լեզուի ճակատագիրը, իսկ այդ լեզուով հզօր գրականութիւն է ստեղծուել:

Սարգիս Վահագն արուեստագէտ-գրողին ներկայացրեց Հայ նոր եւ նորագոյն գրականութեան եւ նրա դասաւանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, «Սփիւռք» գիտաուսումնական կենտրոնի տնօրէն պրոֆ. Սուրէն Դանիէլեանը: Սարգիս Վահագնը Բէյրութի «Գրական շրջանակի» առաջատար դէմքերից է, ով ապրել ու ստեղծագործել է լիբանանահայ գրական յորձանուտում, դարձել նրա բոհեմի անդամներից մէկը: 1987 թ. տեղափոխուել է ԱՄՆ, սակայն, շարունակել է աշխոյժ ստեղծագործական կեանքը: Տասնամեակներ առաջ լոյս ընծայուած նրաՙ անյաւակնոտ թուացող «Արմատներ» խորագիրը կրող պատմուածքների երեւանեան ժողովածուն բացայայտում էր արձակագրի ստեղծագործական համակարգում առանցքային դարձած տագնապի թեման: 1982 թ. լոյս է տեսել «Նաիրեան մորմոք» հոգեբանական դրաման, որը արժանացել է Թէքէեան մշակութային միութեան առաջին մրցանակի: Սարգիս Վահագնը այս ստեղծագործութեամբ իմաստաւորում է հայ ժողովրդին պատուհասած ողբերգութիւնը:

Ս. Դանիէլեանը խօսեց նաեւ Սարգիս Վահագն-Արմէն Լիւբէն ստեղծագործական առընչութիւնների, ֆրանսագիր Շահան Շահնուրի հանդէպ Ս. Վահագնի հիացական վերաբերմունքի մասին: Նա է կազմել եւ հրատարակել Արմէն Լիւբէնի «Շուրջըՙ ոչինչ» բանաստեղծութիւնների ամբողջական ժողովածուն: Գրականագէտը այս քայլը համարեց մեծագոյն իրադարձութիւն հայ գրական կեանքում, քանի որ այն վերադարձրեց բանաստեղծին «հայկական» միջավայր:

Պրոֆ. Դանիէլեանը Սարգիս Վահագնի մեծագոյն ծառայութիւնը նկատեց նաեւ «Արշիլ Գորկի» վէպի առկայութիւնը հայ գրական անդաստանումՙ արձանագրելով, որ կենսագրական վէպը մեր գեղարուեստական մտածողութեան մէջ հազուադէպ հանդիպող երեւոյթ է: Այս առումով յիշատակելի է Պարոյր Սեւակի «Անլռելի զանգակատուն» պոէմը` նուիրուած Կոմիտասին:

Մագիստրատուրայի առաջին լսարանի ուսանող Արմէն Սարգսեանը խօսեց «Արշիլ Գորկի» վէպի մասին` շեշտելով նաեւ հեղինակի իւրայատուկ մտածողութիւնը` «Գրողը չափաւոր աւանդապաշտ է, չափաւոր նորարար, չափազանց տաղանդաւոր»: Արմէն Սարգսեանը վէպի յաջողութեան բանալին համարեց շեշտուած հայկականութիւնը:

Նշանաւոր արձակագիրը իր ելոյթում շնորհակալութիւն յայտնեց միջոցառման կազմակերպիչներին, հանդիպմանը ներկայ պրոֆեսորադասախօսական կազմին, ինչպէս նաեւ ուսանողութեանըՙ ջերմ ընդունելութեան համար: Նախ, խօսեց Սփիւռքում գրողի դիմագրաւած մարտահրաւէրների, գրականութիւն պահելու դժուարին առաքելութեան մասին: Նա նաեւ ներկայացրեց Արշիլ Գորկու կերպարը գեղարուեստօրէն բացայայտելու իր շարժառիթները: Վէպի միջոցով արձակագիրը ցանկացել է ցոյց տալ, որ հայը այլեւս աղքատ, անօթի գաղթականը չէ, այլ յանձին Արշիլ Գորկու` նա նախ եւ առաջ համաշխարհային մշակոյթը իր հետեւից տանող արուեստագէտն է, «վերացական արտայայտչականութիւն» (աբստրակտ էքսպրեսիոնիզմ) դպրոցի հիմնադիրը, ամերիկեան արդի նկարչութեան ռահվիրան:

Ելոյթ ունեցաւ նաեւ հայ հին եւ միջնադարեան գրականութեան ամբիոնի վարիչ, պրոֆ. Աէլիտա Դոլուխանեանը, ով շնորհալալութիւն յայտնեց Սարգիս Վահագնին Արշիլ Գորկու կերպարին անդրադառնալու համար: Նա արձանագրեց նաեւ, որ այսօր աշխարհում յայտնի է Արշիլ Գորկու հայկական ծագումը եւ այս գործում մեծ է նաեւ Սարգիս Վահագնի ներդրումը:

Այնուհետեւ Ս. Վահագնին, նրա ընտանիքին եւ միջոցառման կազմակերպիչներին ընդունեց Համալսարանի ռեկտոր, պրոֆ. Ռուբէն Միրզախանեանը:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #32, 17-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ