ԽԵՑԵԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՈՒ ԳՈՐԳԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ԱՐՎԵՍՏԱՆՈՑ ԳՅՈՒՄՐԻՈՒՄ ՎԱՐՈՒԺԱՆ ՍԻՐԱՊՅԱՆ, Փարիզի Չոպանյան ինստիտուտ, Թարգմ. Պ. Ք. Հոկտեմբերի 18-ի կեսօրին Գյումրիումՙ Աբովյան փողոցի «Կարս» առանձնատան տարածքում տեղի ունեցավ խեցեգործության ու գորգագործության արվեստանոցի բացման արարողությունը: Տվյալ արվեստանոցի ստեղծման նախաձեռնողը Անտոնիո Մոնտալտոն էՙ ֆրանսահայ բարերար Մանվել Մանուկ Պամոկջյանի աջակցությամբ: Իտալիայի պատվավոր հյուպատոս Անտոնիո Մոնտալտոն իր ոչ կառավարական կազմակերպությանՙ Family Care-ի հետ Հայաստան եկավ 1988 թ. երկրաշարժից հետո եւ այդ պահից ի վեր ուժերի մեծ ներդրումով աշխատել է մասնավորապես որբերի հետ: Նա կիրառում է փոքր քայլերի, այսինքնՙ կոնկրետ գործողությունների ռազմավարությունՙ պարզ, բայց հասանելի եւ նամանավանդ հեռահար նպատակներով: Արվեստանոցը պարփակող «Կարս» առանձնատունը հմայիչ վայր է, որի ճարտարապետությունը ցանկալի կլիներ ավելի հաճախ տեսնել Երեւանում: Բացման արարողությունը սկսվեց երաժշտական միջերգանքով, որին հաջորդեց Ա. Մոնտալտոյի ելույթը: Կիսաառեւտրային եղանակով արդեն գործող արվեստանոցի նպատակն է դառնալ իսկական արտադրական կենտրոնՙ օգտագործելով Քյոթահիայի հայերի հազարամյա արվեստը: Առայժմ այնտեղ աշխատում են մեկ տասնյակ անձինք: Նպատակ կա նրանց թիվը հասցնել 20-ի եւ արտադրանքն արտահանել Իտալիա եւ եվրոպական այլ երկրներ: Պարոն Պամոկջյանն իր ելույթում բացատրեց աշխատատեղերի ստեղծման կարեւորությունը տեղաբնակների մի շարք ընտանիքների կայուն եկամտի ապահովման առումով: Գյումրիի քաղաքապետը, Իտալիայի դեսպանատան ներկայացուցիչը եւ պարոն Մոնտալտոն այնուհետեւ դիտեցին հմուտ վարպետների անթերի աշխատանքի արդյունքները, որոնք նախատեսված են վաճառքի, մոտ ապագայումՙ նաեւ արտահանության համար: Կեցցե՛ն այդ գեղեցկ նախաձեռնության հեղինակները: |