RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#031, 2014-10-10 > #032, 2014-10-17 > #033, 2014-10-24 > #034, 2014-10-31 > #035, 2014-11-07

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 24-10-2014



ԼՐԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Տեղադրվել է` 2014-10-27 20:22:01 (GMT +04:00)


Ընթերցված է` 1323, Տպվել է` 7, Ուղարկվել է էլ.փոստով` 2

ՀԱՎԱՏԱՇՈՂ ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆԸ ԵՎ ԻՐ ՀԱՐՍՏՈՒԹՅՈՒՆԸ

ՀՐԱՉՅԱ ՄԱԹԵՎՈՍՅԱՆ

«Մնաս բարով, Ռադիո, քեզ նվիրեցի մի ողջ կյանք. 50 տարի` 1953-2003 թթ.»

Տխուր էր եւ չէր կարող ու չէր ուզում տխրությունը թաքցնել. «Ախր, էս փողոցի անծանոթներն էլ հարազատ են: Մի հարազատ էլ ես էի: Առանց Ռադիոյի ապրել չի լինի»: Պապանձվել էի, ի՞նչ ասեմ: Իսկ գիշերն արթնացա իմ ձենից. «Ի՞նչ պիտի անես, տիկին Կլարա, պիտի գրես, շարունակես գրքեր գրելդ: Սրտիդ ուզած պահին էլ քո հաղորդումները վարես: Միանգամից չես կարող կտրվել հարազատ տուն դարձած Ռադիոյից ու քո խմբագրությունից»: Ու հիշեցի. Մինասի արվեստանոցը երբ վառվեց, Վարպետ-Նահապետն ուղարկեց իր վրձիններից ու ներկերից, ասաց` «Շարունակիր նկարել, դու ավելի լավ գիտես... Սխրանք գործիր»:

- Տիկին Կլարա, մնաս բարովից հետո քեզ համար տարիները եղան բեղուն: Ո՞վ է տեսել 12 գիրք հրատարակել 11 տարում... Ու վերջին երկուսը` ջուխտակ: Էն էլ ի՜նչ ջուխտակ:

Այս օգոստոսին` իր ծննդյան ամսին, տիկին Թերզյանի ջերմիկ ընծայագրերով երկու գիրք ստացա` «Այս երկիրը մե՛րն է ու վե՛րջ» եւ «Չվող թռչունները վերադառնում են իրենց թեւերով»: Գրքերն առնում եմ ձեռքերիս, բարձրացնում ու ասում:

- Բարով եկաք: Ի՞նչ կա ձեր մեջ: Տիկին Թերզյանի ձայնն եք բերել:

Անկեղծ լինենք. հաճախ ենք տրտնջում` կյանքը ծանրացել է, առաջվա սերը չկա, համուհոտը չկա եւ լիքը նման բաներ: Բայց բացենք մեր աչքերը եւ փորձենք տեսնել` դեռ եղած լավը, սերմացու լավը: Մտորումների գիրկն է ինձ նետում Կլարա Թերզյանը: «Այս երկիրը մե՛րն է ու վե՛րջ» գրքի կազմին իր ու մեր բոլորի սիրելի Հենրիկ Սիրավյանի Հայաստանն է` «Ժայռը» գեղանկարը: Մի ժայռ էլ ինքը` հանրահայտ Սիրավն էր: Մի ժայռ էլ, ոչ փխրուն, Կլարա Թերզյանն է` խոսքի գինը, բառի գինը, ընտանիքի գինը, հենց մարդու գինը քաջ իմացող գրողը: Հենց իր գինն իմացող: Այո, ես ասում եմ` ութսունն անց հինգը լրացած մեր հայուհին էս ո՜նց է շարունակում սխրագործել: Եվ շատ էլ նրբանկատ մի գտնվեք ու մի՛ ասեք, որ կնոջ տարիքը չեն հարցնում: Ես էլ ասում եմ`ճիշտ է, չեն ասում, բայց իմանում են: Եվ էս խառնիխուռն չիմանալիք տարիքում պարզապես հրաշք գործեր են անում ցեղասպանագետ Վերժինե Սվազլյանը, ընտիր թատերագետ Վարսիկ Գրիգորյանը, հայոց պատմության հետ խոսող Աննա Պետրոսյանը, սիրահեղ գրող Էլդա Գրինը... Փառք Աստծո` կան: Ի՜նչ հրաշք մայրեր կան մեր գյուղերում` ութսունի սահմանը անցած, տներում մենակ մնացած: Պահում են տան հուշը, ծուխը, լեզուն:

Կլարա Թերզյանի ինչպես նախորդ գրքերից շատերը, այս վերջին երկու գիրքն էլ տպագրվել են «Հայաստան» հրատարակչությունում, երկուսի խմբագիրն էլ Վահագն Սարգսյանն է. ծանոթագրությունների ժլատ տողերը գուցե նույնպես խմբագրինն են: Ավելիին արժե: Ինչպես Հենրիկ Սիրավյանի «Ժայռը» գեղանկարը, այնպես էլ Սիլվա Կապուտիկյանի եւ Անահիտ Սահինյանի հիանալի, սքաչացումի աստիճանի գնահատականներն իրենց գրչքրոջը, օ՜, ինչպես նաեւ հեղինակի բարի՜, բարի ժպիտով լուսանկարը, ասես, լրացնում են ու, ասես, չասված ու չգրված տողեր, խոսքեր են հուշում: Ի՜նչ խաղաղ ու փոթորկուն, կորած-մոլորած, վախվորած (է՜, 15-ի շարունակություն 37 ու 49), հավատավոր տարիներ է ապրել մեղվաբեղուն, զգայուն , միշտ պարզ ու զուլալ Կլարա Թերզյանը: Ես նրա վերջին երկու գրքերը մտքով նժարում եմ: Թեեւ ռադիոլրագրող Կլարա Թերզյանի ակնարկների, էսսեների, հարցազրույցների, «Այս երկիրը մե՛րն է ու վե՛րջ» գիրքը 58 էջով ավելի է արձակագիր Կլարա Թերզյանի «Չվող թռչունները վերադառնում են իրենց թեւերով» գրքից, բայց արի ու տես, որ նժարները հավասար բարձրանում են, շուրթ շրթի տալիս ու համբուրվում: Կյանքը քաջ ճանաչող լրագրողը միշտ էլ օգնում է արձակագրին: Եվ` հակառակը: Կլարա Թերզյանը էս իմաստով տասնամյակներ շարունակ ինքն իրեն օգնում է: Եվ ոչ միայն իրեն: Նա անխոս սովորեցնում է: Ի՜նչ մարդկանց է տեսել ու ձայնագրել: Հարյուրավոր: Էն էլ ի՜նչ մարդկանց, հազարավոր հարցեր է տվել: Ձայնագրել է, հարուստ ձայներ է, որ պահել է: Դրանք ոչ միայն անձնական, այլ հենց ազգային հարստություն են: Տարիներ, տասնամյակներ շարունակ «Բյուրակն» մշակութային ծրագրով հնչել են տիկին Կլարա Թերզյանի հարցազրույցները: Չասենք, չհարցնենք` ո՞ւմ հետ: Էնքա՜ն մարդկանց հետ... Թիվ կա աստղերին, թիվ չկա Կլարա Թերզյանի ... հարցաքննած մարդկանց: «Ռադիոյում Ձեր շուրջ 50-ամյա աշխատանքի ընթացքում Ձեր հաղորդումներով Դուք հարստացրել եք ունկնդիրների հոգեւոր աշխարհը, դաստիարակել նրանց մեջ սեր դեպի հայրենի բնաշխարհը, դեպի հայ մշակույթը, մեծարել ու փառաբանել եք մեր ժողովրդի ստեղծագործ ոգին, նրա տաղանդավոր զավակներին»` կարդում ենք Հանրային ռադիոյի գործադիր տնօրեն Արմեն Ամիրյանի` Կլարա Թերզյանին հղած Ուղերձում.

«Այս երկիրը մե՛րն է ու վե՛րջ»... սա նոր սերնդի երդում-խոսքն է, որ հնչում է պատանի հերոսի`Արման Բայրամյանի շուրթերից: Բացիր գիրքը. «Խաչքար-գորգ Հայաստանս» Րաֆֆի Մկրյանի հեղինակած գորգի գերող լուսանկարի մակագրությունն է, ապա նայիր Նոյեմի եւ Հովհաննես Մկրյանների լուսանկարը, սկսիր կարդալ «Իմ գիրն ուրիշ գրեն է» ակնարկը եւ ... էս ի՜նչ նվիրյալ հայեր կան աշխարհում: Եթե մարդու, ազգի հողը խլում են, տիրոջը եղեռնում կամ ցաքուցրում աշխարհով մեկ, ապա, պարզ է, զավթիչն իրենն է համարում էն բոլորը, ինչ կա զավթած հողի մեջ ու հողից վերեւ: Հենց հնչյունն են զավթում, մեղեդին, երգը, անգամ... մածունն ու տոլման: Իսկ ինչո՞ւ չվերցնել ու չսեփականել հայոց գորգը` Հայկական լեռնաշխարհում մ.թ.ա. 5-4-րդ դարերում ծնված գորգը: Խաչքարը որ գողանում, իրենցն են դարձնում, հենց Սեւանը, Երեւանը , Էջմիածինը հեշտ ու հանգիստ իրենցն են համարում, գորգը, կարպետը ինչո՞ւ պիտի կուլ չտան: Ու պիտի զարմանաս, երբ լսում ես` մի գերմանացի նկարիչ, քանդակագործ, արվեստագետ, լուսանկարիչ Ֆոլքմար Գանցհորնը եզակի գիրք է հրատարակել` «Քրիստոնեա-Արեւելյան գորգը» այն թարգմանվել է անգլերեն, ֆրանսերեն, իտալերեն, հայերեն: Ինչպես շեշտում է Կլարա Թերզյանը` «հեղինակը բազում վկայություններով ապացուցել է, որ արեւելյան գորգի բնօրրանը հայկական լեռնաշխարհն է»: Գիրքը հայերեն լույս տեսնելուց հետո հեղինակը հրավիրվում է Հայաստան, հայկական գորգարվեստի միջազգային ճանաչմանը նպաստելու համար, ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը 2013 թ. նրան պարգեւատրում է Մովսես Խորենացու մեդալով: Ահա, թե ում պետք է մեդալավորել: Թե չէ Հայաստան անունը դեռ չսովորած ու հայոց ոչ մի դաս չսերտած էնքան անհոգի հոգիներ են պատիվների, պարգեւների արժանանում, որ մնում ես ապշած: Եվ մինչեւ հոգուդ խորքը հիանում-զարմանում ես, որ նյույորքաբնակ Հարություն, Րաֆֆի, Թորոս Մկրյան եղբայրները ձեռք մեկնեցին ու շունչ հաղորդեցին Հայոց գորգի արտադրությանը: Եվ չես կարող չհուզվել, երբ կարդում ես` «Նոյեմին, որ իմ պատանեկության մտերիմ ընկերուհին էր, եւ որին մոտ վաթսուն տարի չէի տեսել, 2003 թ. գալով Երեւան, ինձ փնտրել էր, գտել, որ իր շնորհակալությունը հայտնի մեր ընտանիքին, հատկապես մայրիկիս` Ալիս Թերզյանին, որն արդեն կյանքից հեռացել էր, հայրենադարձության ծանր տարիներին իրենց հանդեպ ցուցաբերած հոգատարության համար»:

Մկրյան ընտանիքում բոլորը զարմացնում են: Թերզյանը նկատի ունենալով տիկին Նոյեմիիծավալած բարեգործությունը, նրան համարում է Նյու Յորքում Հայաստանի անպաշտոն դեսպան:

Էս ակնարկի ընթերցումը դեո չավարտած, ինքդ քեզ ասում ես` էս ի՛նչ հրաշալի ընտանիքի հետ է քեզ ծանոթացնում-մերում ու գերում մարդաճանաչ տիկին Թերզյանը: Հենց էն, որ տան հայրը`պարոն Հովհաննեսն իր զավակներին հորդորում է. «Տղաքս, դուք որ աշխարհի չորս կողմերում գործարաններ, խանութներ բացած եք եւ օտարներուն աշխատանք կուտաք, ժամանակը չէ՞, որ մեր այրունակիցներուն օգնության ձեռք մեկնեք»: Եվ եղբայրները ձեռք մեկնեցին: Էն էլ ի՜նչ ձեռք: Բազմաթիվ գործարարների նման, նոր կոչվող անկարգ կարգերի «ՇՆՈՐՀԻՎ» կտրվել էր նաեւ գորգագործության շունչը: Եվ ծնվեց «Մկրյան գորգ» միավորումը: Հեշտ է ասելը: Եվ հեղինակն ի՜նչ ժպիտով է գրում (այո, ժպտալով է գրում). «Մկրյան ձեռագործ գորգերը թեւ առան, թռան աշխարհի շատ ու շատ երկրներ»: Մկրյան եղբայրների շնորհիվ Երեւանում ստեղծվեց հայոց գորգի թանգարան`Հովհաննես եւ Նոյեմի ամուսինների անունով: Տիկին Կլարան էնքան սիրուն ու ճշմարիտ է գրում, որ զգում ես «Մկրյան գորգերի» բուրմունքը:

Կլարա Թերզյանն իր գրություններով, հարցազրույցներով, ասես, առաջինն ինքն է իրեն պեղում-հայտնաբերում, քեզ պարուրում ջերմությամբ` ի՜նչ հայեր ունենք, է՜... Հայկական գորգերն ամեն ինչ գիտեն, միայն քիմիա չգիտեն, դրա համար չեն խամրի, չեն ծերանա ու դարեր հետո կպատմեն, որ եղել ու կա մի տոհմ, մի ցեղ, որ երազում թռչել է հայկական գորգով, պտտվել աշխարհում, ստեղծել «Վիշապագորգը»...

Կլարա Թերզյանը սիրել է տալիս իր հերոսներին: Չեմ ասի, թե նրա ակնարկները, զրույցներն ավելի լավ են, քան պատմվածքները: Ասացի, որ նժարներն իրար եկան: Եվ տեսնես էս գրքի մեջ քանի՜ պատմվածք ու բանաստեղծություն կա: Մարգո Ղուկասյանին` մեր հողապաշտին, ո՞վ չի սիրել, բայց Կլարա Թերզյանի սերը քեզ ավելի է սիրել տալիս նշանավոր հրապարակախոսին, հողազեն գրողին... Մի ուրիշ թախիծ, մի ուրիշ տխրություն է պատում քեզ, երբ կարդում ես Թերզյանի գրությունները նրանց մասին, ովքեր երկրային կյանքին հրաժեշտ են տվել. ջութակահար Հենրիկ Չթչյան, Լեւոն Անանյան, Հրաչյա Հովհաննիսյան, Կարպիս Սուրենյան, Արամայիս Սահակյան, Խորեն Պալյան, Լեւոն Մինասյան, Լյուդվիգ Դուրյան... երկրի, ժողովրդի ճակատագրով ապրող մարդիկ...

Կլարա Թերզյան արձակագրի, ռադիոլրագրողի հետ ամեն մի հանդիպում դառնում է սիրո, նվիրումի տոնախմբություն: Բոլորը խոսքի ծարավ են զգում: Եվ չեն կարող հագենալ, որովհետեւ կարոտում են ոչ միայն երեկվա Թերզյանին, այլ նաեւ այսօրվա Թերզյանին, որը նստած է քո դեմ ու ժպտում է, եւ կամա-ակամա սիրում եմ նաեւ նրանց, ովքեր երկար տարիներ աշխատել են նրա հետ, նրանից սովորել` Օֆելյա Ասատրյան ու լիքը բանաստեղծներ` Ֆրունզիկ Կիրակոսյան, Լեւոն Բլբուլյան, Միքայել Ուստյան...

Հավատում ես Կլարա Թերզյանի մասին խոսք ասողներին, եւ նրանց ես հավատում, ում լսում ու ձայնագրում է Կլարա Թերզյանը:

«Եթե տխուր եք ու հոգնած` բացեք ու կարդացեք Կլարա Թերզյանի գրքերը` միանգամից կառույգանաք: Եթե տխուր ու դառնացած եք` կարդացեք, եւ, եթե հույսը ձեզ լքել է, ապա անմիջապես հույսը կթակի ձեր դռները: Եթե ձեզ զգում եք միայնակ` կարդացեք Կլարա Թերզյանի գրքերը եւ երբեւիցե մենակ չեք զգա: Եթե դուք զգում եք, որ ծերացել եք` կարդացեք Կլարա Թերզյանի գրվածքները եւ միանգամից կտեղափոխվեք ձեր մանկության մոլորակ, ու միանգամից կմանկանաք»... Կարինե Ավագյան, հեռուստալրագրող, բանաստեղծ:

Կլարա Թերզյանը` նրբակերտ ու նրբենի, զարմանալի գեղեցիկ մարդ է, ուրիշի ցավը ցավի տիրոջից առաջ զգացող ու դարմանող, զարմանալի աշխատասեր է: Ուզո՞ւմ եք, տարեթվերով, անուն-վերնագրերով ասեմ, թե Ռադիոյին մնաս բարով ասելուց հետո քանի՞ գիրք է հրատարակել: Եվ ի՜նչ գրքեր: Բազմաժանր, բազմաճյուղ, հայարմատ, մարդամեծար, հայրենակարոտ, նվիրական, սիրելի անունների հանրագիտարան: Էդքան մարդկանց ինչպե՞ս է կրում իր նուրբ կրծքի տակ: Ապրած կյանքի դաժան գույները նույնպես հիշում է: Իր գրականության մի մասն էլ այդ գույներն են: Էդ օրերը, էդ տարիները թող խունանան, կորչեն, անհետանան, եկող սերունդը թող կանչող հորիզոն ունենա:

Նորից շնորհակալություն. իմ լավ բարեկամ ու սիրելի տիկին Թերզյան, որ առանց հարցնելու օգտվեցի քո ազնիվ Մատյանից: Փառք ու պատիվ մեր էպոսային, ափսոս - ափսոսանքը կրող գրողին, լրագրողին:

Լավ օրերի հավատը միշտ հավատ ունեցող մարդկանց հետ է: Հավատում եմ, որ դեռ լավ օրեր են գալու, լավ օրերի մեջ երեւալու են լավ մարդիկ, Կլարա Թերզյանը հասցնելու է նոր ձայներ որսալ` մեր ժողովրդի ընտրյալների ձայները:

Օրվա միջով արեւն է գնում, օրվա միջով ջրերն են հոսում, ձայներն են հոսում: Ինչո՞ւ կորչեն: Դու պիտի շարունակես հավաքել, ծովացնես մի տեղ`նրանց խառնես քո ծովական սերը: Իսկ ի՞նչ կլինի, եթե անզարդ խոսքս փորձեմ զարդարել Համո Սահյանի մի անուշ աղոթքով.

Մի հայրեն ասեմ ես էլ,

Իմ ապրած օրերի՜ն ասեմ:

Օրհնանքս` անցավորաց,

Մաղթանքս նորերի՜ն ասեմ:

Թագավորն ապրած կենա,

Աստվածս` ցորենի՜ն ասեմ:

Բառի խիղճը թող ցորենի հատիկի նման շարունակի ուղեկցել մեր գրի ու ձայնի նվիրյալին` անզուգական Կլարա Թերզյանին:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #33, 24-10-2014

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ