ԱՐԺԵՔԱՎՈՐ ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ԱՐՏԵՄ ՍԱՐԳՍՅԱՆ, Բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ Երկրորդ հրատարակությամբ լույս տեսավ մի շարք արժեքավոր մենագրությունների հեղինակ Վահան Բահարյանի «Աքսորյալի գողգոթան» գիրքը: Ինչպես նշվել է գրքի առաջաբանում, այն «Ներկայացնում է հայ ժողովրդի մի բեկորիՙ որպես ականատեսի վկայությունները իր եւ իր նման բազմաթիվ հայերիՙ Սիրիայի անապատներում եւ հատկապես Տեր Զորում նրանց ոդիսականի մասին...»: 1915 թ. Օսմանյան կայսրությունում մեր ժողովրդի դեմ գործադրված ցեղասպանության (անմեղ զոհերի հիշատակի) 100-ամյա տարելիցի նախօրյակին Վ. Բահարյանի գիրքը սպասված հրատարակություն է: «Հիշատակներ» խորագրով բանաստեղծության մեջ հեղինակը ազնվորեն շեշտել է, որ սույն գիրքը իր «հոգու պարտքն է սրբազան, անթաղ մնացած եղեռնի զոհերին...»: Իրապես, ապրիլյան նահատակների հիշատակը չմոռացվելու համար գրված այս գիրքը, մեր համոզմամբ, իր յուրահատուկ տեղը պիտի ունենա յուրաքանչյուր հայորդու օջախում: Գրքում, բացի ցեղասպանությունը վերապրած ականատեսի ստույգ վկայություններից, ներկայացվում են նաեւ հայ անձնուրաց կամավորների քաջագործությունները: Բնականաբար, հատուկ անդրադարձ է կատարվում Արարայի ճակատամարտի հայ հերոսներին: Հեղինակի ոճը սեղմ է, բայց բնութագրական, առանց երկարաբանության: Վ. Բահարյանը գրքի սկզբի պատմական ակնարկում ամփոփ, սակայն համընդգրկուն շարադրանքով անդրադարձել է անցյալ դարի առաջին տասնամյակների ողբերգական իրադարձություններին: Անվիճելի է հեղինակի հետեւյալ պնդումը. «1915 թ. Հայերի ցեղասպանության կազմակերպողն ու իրագործողը եղավ թուրքական պետությունըՙ գերմանական իմպերիալիստների աջակցությամբ, բայց մեղքի մեծ բաժին ունեն նաեւ հայ ժողովրդի «դաշնակիցները»...»: «Դաշնակիցները» չակերտյալ բառը վկայությունն է քրիստոնյա դաշնակից պետությունների դիվանագիտական խաղերի ու խարդավանքների, որ առ այսօր տարբեր եղանակներով ու ձեւերով շարունակվում է նաեւ Արցախյան շարժման, հայ ժողովրդի հերոսական պայքարի արդյունքում ազատագրված Ղարաբաղի Հանրապետության փաստացի ճանաչման գործընթացում: Տպավորիչ է Վ. Բահարյանի «Աքսորյալի գողգոթան» գրքի երկրորդ հրատարակության դրոշմանիշերի շարքը: Այն ամփոփում է աշխարհի տարբեր երկրներում (բնականաբար, առաջին հերթին մայր հայրենիքում) Հայոց ցեղասպանության նվիրված դրոշմանիշերը: Գրքի ծանոթագրություններում հեղինակը ճիշտ է վարվում, ամփոփ կերպով կանգ առնելով Քիլիսի նամականիշի վրա: Շեշտվում է այն միտքը, որ «Սույն նամականիշի միջոցով Թուրքիայի ազգային կառավարությունը նպատակ է ունեցել արագացնել հայերի արտագաղթը Կիլիկիայից...» (էջ 92): Անտարակույս, սույն նամականիշի գոյությունը վկայությունն է օսմանյան թուրքերի գործած անմարդկային վայրագությունների: Սույն գրքի վրա աշխատելիս Վահան Բահարյանը, ինչպես երեւում է գրքի ծանոթագրություններից, օգտագործել է շուրջ մեկուկես տասնյակի հասնող հանրագիտարաններ, մենագրություններ, հուշեր: Տակավին գրքի երկրորդ հրատարակության պատրաստության ժամանակ մենք այն միտքն էինք արտահայտել, որ ցանկալի է Վ. Բահարյանի «Աքսորյալի գողգոթան» թարգմանվի մի շարք այլ լեզուներով (առաջին հերթինՙ թուրքերեն, բնականաբար, նաեւ անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսերեն, իսպաներեն): Ցավոք, մեր եւ վստահաբար հեղինակի այդ ցանկությունը առայժմ մնում է անկատար: Թվում է, դա իրագործելու համար մեծ նյութական միջոցներ անհրաժեշտ չեն: Ընդամենը 100 էջ ծավալով գրքի մասին է խոսքը: Վերջերս հեղինակը մի տխուր իրականություն էր շեշտել մամուլում: Խաղատներում հայորդիներից շատերը տասնյակ հազարավոր դոլարներ են վատնում, բայց ահա մի 10-15 դոլար զլանում են տրամադրել նման մի արժեքավոր գիրք ձեռք բերելու համար: Ցավ ի սիրտ շեշտելով հանդերձ այս իրողությունը, ուզում ենք հավատալ, որ կգտնվեն ազնիվ մեկենասներ, որոնք հայթայթելով բավարար քանակությամբ նշված հրատարակությունից, կտրամադրեն մեր կրթօջախներին, բարեսիրական, մշակութային կազմակերպություններին: Ինչ վերաբերում է այլ լեզուներով գիրքը հրատարակված տեսնելու ցանկությանը, այն մնում է օրակարգում: Այդպիսով, օտար հազարավոր ընթերցողներ ոչ միայն կտեղեկանան մարդկության պատմության մեջ իրագործված առաջին ցեղասպանության մասին, այլ նաեւ խնդիր չեն դնի պատմագետների առջեւ պարզելու, թե «արդյո՞ք մածունը սեւ չէ...», ինչը անընդհատ եւ տարբեր ամբիոններից ճամարտակում է թուրքը, թե բացեք արխիվները, թերթեք թղթապանակները...: Ինքնավստահՙ որ «մաքրազարդել»-ոչնչացրել են իրենց արխիվները: Ինչքան էլ ոչնչացրած լինեն, միեւնույնն էՙ Մորգենթաուի եւ այն օրերի բազում վկաների անուրանալի ապացույցները բավական են թուրքին ջարդարարի «տիտղոս» տալու համար: Ոճրագործ թուրքի ձեռքը ի վերջո պետք է բռնվի: Վահան Բահարյանի «Աքսորյալի գողգոթան» գիրքը այդ նպատակին հասնելու ճանապարհի մի մղիչ եւ անհրաժեշտ ազդակ է: Հավատանք, որ գիրքը ոչ միայն կարժանանա ընթերցողների լայն արձագանքին, այլեւ կգտնվեն ազնիվ մեկենասներ այն թարգմանել տալու տարածված լեզուներով, ինչու չէՙ նաեւ թուրքերենով...: Լոս Անջելես, Նոյեմբեր 24, 2014 թ. |