RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 06-02-2015



Տեղադրվել է` 2015-02-06 00:32:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1231, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 4

Ի ՊԱՏԻՎ ՎԱՍՏԱԿԱՎՈՐ ՀՐԱՊԱՐԱԿԱԳՐԻ

ՍԱՐԳԻՍ ՎԱՀԱԳՆ

Հունվարի 30-ին Լոս Անջելեսի ԹՄՄ Պեշկէօթուրյան սրահում գրասեր հոծ բազմության ներկայությամբ տեղի ունեցավ սփյուռքի ամենաբեղուն հրապարակախոսներից Վաչե Սեմերջյանի հրապարակագրական գործունեության 60-ամյա վաստակն ամփոփող ստվարածավալ երկհատորյակի շնորհանդեսը: Վաչե Սեմերջյանը, թեեւ մասնագիտությամբ ինժեներ-քիմիագետ, սկսյալ 1956 թ.ից եւ անդադար հանդես է եկել սփյուռքահայ, հատկապես ռամկավար մամուլումՙ վերլուծական հոդվածներով առավելաբար, սկզբում «Զարթօնք», ապա «Նոր օր» թերթերում: Եղել է վերջինիս կամավոր (հասարակական կարգով) խմբագիրը 2000-2005 թթ.ին, հեռացվել է այդ «պաշտոնից» Մելգոնյան կրթական հաստատության փակման կապակցությամբ ՀԲԸՄիության ղեկավարությանը քննադատած լինելու համար: Մելգոնյանի փակումը արդարացիորեն վրդովեցրել է նրան, ինչպես շատերին: Մանավանդ որ 60-ական թթ.ին նա եղել է ուսուցիչՙ նույն Մելգոնյան վարժարանում, ապա Կալիֆոռնիայի ԹՄՄ Արշակ Տիգրանյան վարժարանում: Շնորհանդեսը վերածվել է երկհատորյակի հեղինակի մնայուն վաստակի գնահատանքի հանդիսության, որի ընթացքում գլխավոր զեկուցողներն են եղել գրքի առաջաբանի հեղինակ Լիլիթ Քեհեյանը եւ հայտնի գրականագետ եւ վերլուծաբան Երվանդ Ազատյանը: Գնահատանքի ու հիացմունքի խոսքերով հանդես են եկել մի խումբ մտավորականներ, որոնցից ստորեւ շտապում ենք հրապարակել հայտնի գրող եւ գրադատ Սարգիս Վահագնի ողջույնի խոսքը: Մեզ մնում է ավելացնել, որ շուրջ 1500 էջանոց երկհատորյակը Վաչե Սեմերջյանի լույս տեսած առաջին ժողովածուն չէ. նախապես լույս են տեսել նրա «Ապրուած Սփիւռքը» եւ «Յիշատակելի դիմաքանդակներ» հատորները, բոլորն էլՙ Լոս Անջելեսում:

«Ազգը» միանում է շնորհավորանքներին եւ ստեղծագործական նոր սխրանքներ է մաղթում հեղինակին:

Խմբ.


Սիրելի Վաչէ,

Հիացումով կ՛ողջունեմ, մեր սա ապրած թաւալուն օրերու համապարփակ ու բազմաշերտ ընդգրկումդ, լուսարձակուածՙ խոր վերլուծումներով եւ դատումներով, հազար երեք հարիւր էջերու պարունակին մէջ, երկու կոթողական հատորներով: Թէեւ էջերու այդ պատկառելի գումարը արդէն վկայութիւնն է ջանասիրութեանդ ու հետաքրքրութեան լայնածիր պրիսմակիդ, բայց անոնցմէ վեր, էականն ու այժմէականը, անոնց հարուստ բովանդակութիւնն է, մատուցուածՙ բարձր ճաշակի եւ մանաւանդ ընտիր որակի արժանիքներով: Որոնցմէ պէտք է թուել նախ եւ առաջ պարզ ու վճիտ, մաքուր եւ վայելչագեղ հայերէնդ, որմով պարզեր ես հարցադրումներդ, խորացուցեր վերլուծումներդ եւ ձեւակերպեր թելադրանքներդ: Իսկական վայելք մըն է քո՛ւ ոճդ, անհատականութեանդ դրոշմով յատկանշուած, պայծառ մտքիդ ցոլքով լուսաւորուած եւ մեղմանոյշ ու նրբին երգիծանք-հիւմուրով կենդանացած: Կրնամ անվարան ըսել, թէ լրագրականութեամբ դուն ծառայելով ճշմարտութեան հռչակումինՙ նաեւ ողջունելի արձագանգներ հնչեցուցած ես գրականութեան ծիրէն ալ ներս, քու դիտելու սուր կարողութեամբ դիմաքանդակներու սքանչելի շարքին իրագործումով: Անհերքելի ապացոյցներ են ասոնք, արձակագիր գրողի ալ արժանիքներուդ:

Բայց քու տարերքդ է եւ կը մնայ հրապարակագրութիւնը, որպէս անմիջական եւ հատու միջոցՙ ազգային լուսաւորութեան եւ առաջնորդութեան ձգտող քու կոչումէդ բխած: Համայնագիտարանի մը բազմազանութիւնն ու հմտութիւնը ունին երկու հատորներդ, ուր մեր ժողովուրդին, - սփիւռք եւ Հայաստան,- գոյութենական խմորումներն ու հարցադրումները, խնդրահարոյց վէճերն ու ծրագրումները հրատապ սրութեամբ քննարկուած են, առարկայական մօտեցումով եւ ճշմարտութեան արդար փնտռտուքով: Պարկեշտութիւնը եւ յարգալից մօտեցումը անշեղօրէն եղած են մնայուն առաքինութիւններդ:

Հրապարակագիր Վաչէ Սեմերճեան այն հազուադէպ քիչերէն է, որոնք լրագրական ասպարէզ իջան որպէս անսակարկ զինուորագրեալները կոչումի մը, որ ուխտած է ի շահ ազգին եւ մարդկութեան ծառայել, անընկճելի զինանոցով մը, զոր իսկական հրապարակագրութիւն կը կոչենք մենք: Մասնաւորապէս, քաջութիւնն ու խիզախութիւնը, Վաչէին գրիչին ընձեռած են տարբեր հմայք եւ փայլ, որմով ան, հաւատարիմ իր սկզբունքներուն, չէ վարանած, նոյնիսկ ի վնաս իր անձնական յարմարակեցութեան եւ ինքնասիրութեան, ձայն բարձրացնել, հռչակելու համար արդարութիւնն ու ճշմարտութիւնը, եւ պախարակելու սխալ դիրքորոշումներն ու որոշումները, նոյնիսկ երբ անոնք գործադրուած ըլլան իր սիրած ու յարգած ազգային գերադաս մարմիններու կողմէ:

Մնայուն կայք մըն է ուրեմն այս երկհատորեակդ, ուր ապագայ պատմագիրներն ու պրպտողները պիտի գան փնտռելու մեր բարդ դարաշրջանի կարեւոր դէպքերուն, դէմքերուն եւ բարեխառնութիւններուն առարկայական բնութագիրն ու ճշմարտութիւնները: Անվերապահօրէն կրնանք հաստատել, որ այս բոլոր մարզերէն ներս դուն ցուցաբերած ես հմտութիւն, հաւասարակշռուած դատում եւ պայծառատեսութիւն, միշտ պահելով պարզօրէն յստակ եւ գեղեցիկ ոճդ ու աշխատաձեւդՙ քու իքնուրոյնութենէդ բխող: Դուն մնացիր առարկայական եւ տեսլապաշտ միանգամայն, մտքիդ եւ գիտելիքներուդ լոյսով պարզաբանելով եւ մեկնաբանելով մեր ազգային, ընկերային եւ մշակութային այժմէական ու բարդ հարցադրումները, թելադրելով նաեւ հեռանկարային լուծումներ:

Այս բոլորով, չենք կրնար մոռնալ նաեւ կարեւոր ներդրումդ մեր նոր սերունդներու դաստիարակութեան վսեմական առաքելութեան մէջ, անոնց մատաղ հոգիներուն ջամբելով հայ գրականութեան եւ լեզուին սէրը:

Փոքր սխրանք մը չէ նաեւ, քառորդ դար, գործակիցներուդ անմիջական մասնակցութեամբ, Թէքէեան մշակութային միութեան Լոս Անճելըսի մասնաճիւղին այնքան բեղմնաւոր գործունէութեան ճարտարապետութիւնը ստանձնելդ, Գիրի, Արուեստի եւ Մշակոյթի ջահը միշտ վառ պահելով:

Այս բոլոր իրագործումներդ անշուշտ վայելեցին առօրեայ, անվերապահ նեցուկը սիրելի կողակիցիդՙ տիկին Սօսիին, որ դարձաւ քու նեշնչման եւ քաջալերանքի մնայուն աղբիւրը:

Վարձքդ լիակատար, սիրելի Վաչէ, գրիչդ թող մնայ միշտ դալար ու հատու: Արեւաշատ տարիներ քեզի:

Լոս Անջելես

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 06-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ