RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#002, 2015-01-23 > #003, 2015-01-30 > #004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 06-02-2015



Տեղադրվել է` 2015-02-06 00:32:17 (GMT +04:00)


Ընթերցված է` 1516, Տպվել է` 10, Ուղարկվել է էլ.փոստով` 4

ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸՙ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԿԻՆՈԽՑԻԿԻ ՕԲՅԵԿՏԻՎԻՑ

Նաիր ՅԱՆ

Մինչ մենք ցեղասպանության հարյուրամյակի ֆիլմերի ծրագիրն էինք ծանրութեթեւ անում, աշխարհով մեկ տարածվեց, թե թուրքերը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ են նկարում: Ու նկարեցին: Նկարեցին էլ, ցուցադրեցին էլ: Թուրք ռեժիսոր Ֆաթիհ Աքինի «Սպին» դեռ անցյալ տարի ներկայացվեց Վենետիկի կինոփառատոնի մրցութային ծրագրում, ցուցադրվեց Գերմանիայում, Թուրքիայում, Շվեյցարիայում: Կինոյի աշխարհն ու արտաքին քաղաքական հարթակը թուրքերի այս քայլն ընկալեցին որպես աննախադեպ ու առաջադիմական երեւույթ. թուրքը Մեծ եղեռնի մասին ֆիլմ է նկարել եւ օգտագործել է ցեղասպանություն բառը:

Տեղեկություններ տարածվեցին, թե եվրոպացիները կինոդահլիճներից ցնցված են դուրս եկել: Անհամբեր սպասումներով եկավ այն օրը, երբ ֆիլմը վերջապես Հայաստան էլ հասավ: Ավելինՙ հյուրընկալեցինք ռեժիսորինՙ Ֆաթիհ Աքինին, ռուսաստանյան հայազգի պրոդյուսերներին, որոնցից Ռուբեն Դիշդիշյանը ֆիլմի մասին ասացՙ շատ անկեղծ գործ է: Ավելացրեց. «Ինչ եղել, եղել է: Անցյալն անցյալում է, ու հարյուր տարին արդեն բոլորել է: Հայերս պիտի ներողամիտ լինենք ու բարեկամաբար տրամադրվենք թուրքերի նկատմամբ: Կյանքն առաջ է գնում: Քիչ բան չէ. թուրք ռեժիսորը Հայոց ցեղասպանության մասին ֆիլմ է նկարել»: Դիշդիշյանը, նստած Աքինի կողքին, այնքան մեծարանքով ավարտեց խոսքը, ասես ֆիլմում Թուրքիան ծնկի է եկել, ճանաչել Հայոց ցեղասպանությունն ու մեր հողերը վերադարձնելու խոստում տվել:

Ֆիլմի համասցենարիստ Մարտիկ Մարդինը , որ Մարտին Սկորսեզեի սցենարիստն է եղել, «Սպին» համարեց հիանալի աշխատանք, միակ իրական ֆիլմըՙ իրական մարդկանց ու ցեղասպանության մասին: Մարդինն էլ հայ է. բոլորս գիտենք:

Իսկ «Սպին» սկսվեցՙ քարտեզի միջոցով նախանական տեղեկություններ հաղորդելով Օսմանյան կայսրության տարածքի, բնակչության ու Առաջին աշխարհամարտի մասին: Այդ տեղեկություններում ասվում էր, որ տարբեր ազգերի թվում Թուրքիայում հայերն ապրել ենՙ որպես ազգային փոքրամասնություն: Ոչ մի տառ ու խոսք այն մասին, որ հայերն ապրել են իրենց հայրենիքումՙ Արեւմտյան Հայաստանում: Ստացվեց ըստ թուրքական վաղուց հայտնի սցենարիՙ հայերն ապրել են Օսմանյան կայսրությունումՙ որպես ազգային փոքրամասնություն, սկսվել է Առաջին աշխարհամարտը, ստեղծված քաոսային իրավիճակում գերտերությունները սանձարձակություններ ու կամայականություններ են թույլ տվել, աշխարհաբաժանման հանգամանքներում չար միտք է ծագելՙ Թուրքիայում ապրող ազգային փոքրամասնություններին տեղահանել, ձեռքի հետ էլ կոտորել: Եվ, արի ու տես, որ հայերն էլ դրանց մեջ էին:

Բայց չէ՞ որ հայերի ու ասորիների, հույների միջեւ մեծ տարբերություն կա. նախՙ նրանք մեծ թիվ չեն կազմել ու մեծ թվով էլ չեն կոտորվել, ինչպես մենք: Թուրքական հայտնի սցենարի համեմատՙ ֆիլմում միակ առաջընթացն այն էր, որ օգտագործվեց Ցեղասպանություն եզրույթը: Եվս մի կարեւոր հանգամանքՙ շեշտը դրված էր այն բանի վրա, թե ոճրագործությունն իրականացնողներն իշխանություններն են եղել: Բանակը նրանց հրամանն է կատարել, ու չկատարել չէր կարող, իսկ բուն թուրք ժողովուրդն անմասն է եղել կոտորած իրականացնելուց: Ու որպես «անմեղ» ապացույցՙ ֆիլմում հայտնվում է թուրք ժողովրդի ծոցից դուրս եկած մի կերպար: Նրան զինվորները ստիպողաբար ընդգրկել են իրենց շարքերում, որպեսզի նա եւս իրականացնի կոտորածը: Բայց քանի որ այդ թուրքը զինվոր չէ, որ պարտադրված հրաման կատարի, ու խիղճն անասելի տանջում է, նա չի կարողանում կտրել գլխավոր հերոսիՙ դարբին Նազարեթ Մանուկյանի վիզը: Դանակը կիսով չափ խրում է հայի պարանոցի աջ մասն ու զինվորների աչքին թոզ փչում, թե իբր սպանեց Նազարեթին: Հետո գիշերով գալիս ու դիակների միջից հանում է խռխռացող Նազարեթին, ջուր տալիս ու օգնում, որ վիրավոր հայը ոտքերը մի կերպ քարշ տալով անապատի քարերի տակ պատսպարվի: Հաջորդ հրոսակախումբը, որին անապատում հանդիպում են Նազարեթն ու նրա պաշտպանը, թուրք դասալիքներն են: Նրանք զինված են ու ապստամբում են թուրքական իշխանությունների դեմ, որոնք պատերազմ ու արյունահեղություն են հրահրում: Ի՜նչ թյուր կարծիք ենք ունեցել մինչեւ հիմա հասարակ թուրք ժողովրդի մասին: Այդ դասալիքներն էլ նրա ծոցից դուրս եկած խաղաղասեր ու հայասերներ են, փաստորեն: Նրանք մատով անգամ չեն դիպչում Նազարեթին, ավելինՙ խնամում, հացուջուր, նաեւ զենք են տալիս նրան: Նրանցից մեկը զննում է Նազարեթի պարանոցի սպին ու ասում, որ նա այլեւս երբեք չի կարող խոսել:

Ֆաթիհ Աքինը պատմեց, որ երբ հինգ տարի առաջ «Ոսկե ծիրանի» առիթով Երեւան էր եկել, այցելել է նաեւ Ծիծեռնակաբերդ, հանդիպել Ցեղասպանության թանգարանի տնօրեն Հայկ Դեմոյանին, որն էլ իրեն տեղեկություններ է հաղորդել Մեծ եղեռնի մասին, նաեւ ասել, որ եղել են թուրքեր, որոնք փրկել են հայերին: Ինքն էլՙ որպես ապացույց ներկայացրել է թուրքի ձեռքով փրկված հայի պատմությունը:

Գաղտնիք չէ, որ գոյություն ունի թուրքական հատուկ ծրագիրՙ միջազգային հանրությանը ներկայացնել պատմություններ, որոնցում թուրքերը ջարդերի ժամանակ փրկում են հայերին: Ցեղասպանության 100-րդ տարելիցին ի պատասխանՙ նրանք ծրագիրն անվանել ենՙ «Հարյուր թուրք, որ փրկել են հայերին»: Թուրքական ծրագիրն ակնհայտորեն կարմիր թելի նման անցնում է Աքինի ֆիլմի միջով:

Անցնենք գաղթի ու կոտորածի պատկերներին: Չկան զանգվածային տեսարաններ, քաղաքների, գյուղերի համատարած սպանդ: Այնպիսի տպավորություն էր, ասես մեկ-երկու մասնավոր դեպքեր են եղել, այն էլ միայն անապատում: Տասը-քսան գաղթականներ, տարհանված կանաց ու երեխաների քառասուն-հիսուն հոգանոց ճամբար: Անապատով անցնում են նաեւ տարհանված ասորիներ: Եվս մեկ շեշտադրումՙ չկարծեք թե թուրքական իշանությունները հատուկ նպատակ ու ծրագիր են ունեցել հենց հայերին վերացնելու: Նկատի ունեցեք, որ պատերազմի ժամանակ տուժել են բոլոր ժողովուրդները:

Նազարեթը կորցնում է ընտանիքին, բայց Հալեպում հանդիպելով իր աշակերտ Լեւոնինՙ նրանից իմանում է, որ երկվորյակ դուստրերը փրկվել են կոտորածից: Եվ հայրը գնում է դուստրերի հետքերովՙ երկրե-երկիր փնտրելով նրանց: Նազարեթը հասնում է Ամերիկա: Քսանչորս թվականն է արդեն. ֆիլմում պատկերված է, թե ինչ զրկանքների գնով են ներգաղթողները փորձում որեւէ երկրում հաստատվել, մարդկային ինչ կոպիտ բարքեր են տիրում Ամերիկայում նախորդ դարասկզբին:

Աքինն իր ֆիլմը համեմատում է Պոլանսկու «Դաշնակահարի» հետ: Սակայն գեղարվեստի, գեղագիտության, թեմայի ընկալման ու ներկայացման, գլխավոր հերոսի հավաքականության առումներով «Դաշնակահարն» ու «Սպին» նույն հարթակին դրվել չեն կարող: Ի դեմս դաշնակահարիՙ Պոլանսկին կերտել է հրեայի հավաքական, խտացված կերպար, իսկ ի դեմս դարբին Նազարեթիՙ մենք տեսնում ենք մասնավոր մի ճակատագիր, որի տերը կարող էր եւ հայ չլիներ:

Ֆաթիհ Աքինն իր ֆիլմով դատապարտում է ազատ խոսքի ոտնահարման բարքերը Թուրքիայում: Ասում է, որ դիտավորյալ է գլխավոր հերոսին համր դարձրել. դա խորհրդանշում է այն, որ 100 տարի առաջ ցեղասպանություն է եղել, սակայն հայերի արդարության պահանջը մինչեւ հիմա տեղ չի հասնում: Թուրքիայում ցեղասպանության մասին բարձրաձայնողները դատապարտվում են: Սակայն Աքինը վերջին շրջանում դրական փոփոխություններ է նկատում իր հայրնեիքում. օրինակՙ «Սպին» ցուցադրվել է Թուրքիայում, ու շատ երիտասարդ թուրքեր ֆիլմը դիտելուց հետո սկսել են հետաքրքրվել սեփական պատմության մութ էջերով, իսկ հինգ տարի առաջ, երբ նա ծրագրել էր ֆիլմ նկարել Հրանտ Դինքի մասին, հասկացել է, որ արգելքների է հանդիպելու:

Ովՙ ինչպես կընդունի գերմանաբնակ թուրք ռեժիսորի ֆիլմը, կարծքների դաշտը կմեծացնի: Հասկանալի է, որ որքան էլ Աքինը եվրոպական մտածողության ու արժեհամակարգի հետեւորդ է, այնուամենայնիվ թուրք է ու իր հայրենիք ելք ու մուտք ունի: Ավելին ասել իր ֆիլմով, քան ասաց, թերեւս չէր կարող: Մեր շահերից է բխում, որ Ցեղասպանության մասին ավելի ու ավելի շատ ֆիլմեր նկարահանվեն ու, մանավանդ, օտարազգիների կողմից: Ի վերջո, անհերքելի էՙ որքան շատ խոսվի, ներկայացվի այս թեման, այնքան լավ: Ցավալի է, որ հայաստանյան մերօրյա կինոն դեռեւս չի ստեղծել մեր մեծագույն ողբերգությունը ներկայացնող այնպիսի ֆիլմ, որը համեմատվելու եզր ունենար «Սպիի» հետ:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #4, 06-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ