ԱՊՐՈՒՄ ԵՆՔ, ՀԻՇՈՒՄ ԵՆՔ, ԱՂՈԹՈՒՄ ԵՆՔ Մարինե ՄԽԻԹԱՐՅԱՆ Աշնանային անձրեւոտ օր էր... Մառախուղի մեջ էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիրը... Այցելուի հոգուն ջերմություն էին փոխանցում երկու ճերմակ աղավնիները... Հիշողությունները տանում էին շատ հեռուՙ դեպի մանկություն... Ութ տարեկան մանկանը պապը պատմում էր հայերի կոտորածների, տեղահանման մասին... Մշեցի պապս, երբ ընդամենը 8 տարեկան էր, մի խումբ որբերի եւ մեծահասակների հետ գաղթի ճանապարհ է անցնում: Փրկվելով նախճիրից եւ հասնելով Հայաստան, որպես Աստծո օրհնություն, պապս որդեգրում է Մխիթարյան ազգանունը: Այս պատմությունը դաջվեց իմ հիշողության մեջ եւ քառասուն տարի անցՙ շնորհիվ իմ ստեղծագործական ճանապարհի, անրադարձ եղավ դեպի հայ ակունքները: Երբ երեք տարի առաջ Նյու Յորքում բացվեց իմ լուսանկարչական ցուցահանդեսըՙ նվիրված Հայաստանի հույներին եւ ի հիշատակ իմ հույն մայրիկի, գոհունակությամբ լցվեց իմ հոգին. արդեն այդ ժամանակ լուսանկարչական նմանատիպ ցուցահանդես բացելու եւ իմ հայ պապիկի մասին պատմելու ցանկություն առաջացավ: Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցը ստեղծագործական նոր զարկ հաղորդեց իմ ծրագրերին: «ԱՊՐՈՒՄ ԵՆՔ, ՀԻՇՈՒՄ ԵՆՔ, ԱՂՈԹՈՒՄ ԵՆՔՙ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՀԱՋՈՐԴ ՍԵՐՈՒՆԴՆԵՐԸ». այս Է լուսանկարչական ծրագրիս նախնական խորագիրը: Ցուցահանդեսը բացվելու է Կանադայում այս տարի: Ծրագրի մասին ընդհանուր պատկերացում կազմելու համար կարող եք այցելել հետեւյալ կայքը` .: Սկսյալ նախորդ տարվա ապրիլ ամսիցՙ շրջագայում եմ Հայաստանի տարածքումՙ այցելելով տարբեր գյուղեր եւ քաղաքներ: Զրուցելով վերապրածների եւ իրենց ժառանգների հետՙ լուսանկարում եմ նրանց, գրանցում ընտանիքների պատմությունները, խնդրումՙ տրամադրել ընտանեկան արխիվային լուսանկարներ: Ամեն անգամ, ապրիլի 24-ին, այցելելով Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ տեսնելով, որ տատիկները, պապիկներն ու ծնողները գալիս են մանուկների հետ, ծաղիկ դնում ի հիշատակ Ցեղասպանության անմեղ զոհերի, աղոթում եմ... Լսելով Ցեղասպանությունը վերապրածներին կամ նրանց ժառանգներինՙ ամեն անգամ խորը ցավ եմ զգում: Արդեն 100 տարի է անցել, բայց սերնդեսերունդ փոխանցվում է ընտանիքի գաղթի պատմությունը, լուսանկարները, փաստաթղթերը դառնում են սրբազան մասունք: Ազգային պարերի միջոցով դրսեւորվում է ժողովրդի անկախ ոգին. դրանում համոզվում ես, երբ մասնակցում ես Մուսա Լեռան տոնախմբությանը: Ծրագրերը չեն կարող իրականություն դառնալ առանց հովանավորի: Մեծ սիրով եւ հպարտությամբ ցանկանում եմ ներկայացնել Կանադայի ցուցահանդեսի հովանավորինՙ տիկին Վիրջինիա Դեւիսին (Նյու Յորք, ԱՄՆ), որի հայ տատը եւս վերապրել է Ցեղասպանությունը: Տիկին Վ. Դեւիսի հովանավորությամբ վերականգնվեց Արցախի Հակ գյուղի Սուրբ Մինաս եկեղեցին, ինչպես նաեւՙ գյուղի ջրամատակարարման համակարգը: 2013 թ. Շուշի քաղաքումՙ Արցախի մշակույթի նախարարության հովանու ներքո եւ տիկին Վիրջինիա Դեւիսի հովանավորությամբ բացվեց իմ լուսանկարչական ցուցահանդեսըՙ «Իմ սիրտը լեռներում է» խորագրով, որից հետո բոլոր լուսանկարները նվիրաբերեցի Շուշի քաղաքի Մշակույթի եւ երիտասարդության կենտրոնին: Անձնական պատմություններով դեպի պատմական ճշմարտություն... |