ՊԱՐԳԵՎ ՇԱՀԲԱԶՅԱՆ ՍԵԴԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ, «Ազատամարտի ՈԳԵՂԵՆ ՈՒԺ» ընկերային-մշակութային կենտրոնի հիմնադիր-տնօրեն Հազվագյուտ մարդու «անկորնչելի, աննյութական հարստությունը» Հոդվածը նվիրվում է հոգեւոր մշակույթի երախտավոր, բարձրարվեստ թարգմանիչ, գրականագետ, գրաքննադատ, վաստակաշատ դասախոս, երջանկահիշատակ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետի աշխարհական մերձավորագույն գործակիցներից մեկի, 40 տարվա գիտական քարտուղար, թարգմանիչ, պարոն Պարգեւ Շահբազանի ծննդյան 95-ամյա հոբելյանին:
Հայոց մտավոր ներուժը եւ ազգային հարստությունը համալրած կրթա-մշակութային գործի ժրաջան գործիչներից է Պարգեւ Շահբազյանըՙ շնորհաշատ եւ համեստագույն մտավորականը: Ֆրանսիական կառավարությունը բարձր է գնահատել տաղանդաշատ մտավորականի գործունեությունը: 2014 թ. հունիսի 27-ին Հայաստանի ֆրանսիական դեսպանատանը պաշտոնական արարողակարգով տեղի ունեցավ Ֆրանսիայի «Ակադեմիական Արմավենիներ» - «Palmes Acadռmiques» շքանշանների հանձնումը նաեւ Պարգեւ Շահբազյանին նրա կյանքի ալեւույթում, եւ յուր տիկնոջըՙ Խ. Աբովյանի անվան մանկավարժական համալսարանի ֆրանսերեն լեզվի ամբիոնի դասախոս Իննա Երիցյանին: «Ակադեմիական Արմավենիներ» - «Palmes Acadռmiques» ազգային շքանշանը հիմնվել է Նապոլեոն Ա-ի կողմից 1805 թ.-ին եւ շնորհվում էր միայն ֆրանսիացիներին: Հետագայում գեներալ Շարլ դը Գոլի հրամանագրով որոշում կայացվեց, որ այդ նույն շքանշանը հանձնվի նաեւ օտարազգի այն մարդկանց, որոնք ֆրանսերեն լեզուն երկար տարիներ դասավանդել ու տարածել են, ինչպես նաեւ երկարամյա մշակութային ծառայություն մատուցել եւ այդ ճանապարհով էլ նպաստել իրենց ազգի եւ ֆրանսիացիների մշակութային կապերի սերտացմանը: Ֆրանսիայի դեսպանը ներկայացնելով շքանշանակիրներինՙ դրվատեց նրանց գործունեությունը, եւ մասնավորաբար մեծարեց Պ. Շահբազյանինՙ իր բարձրարվեստ թարգմանությունների համար: Հուզիչ էր շքանշանակիր ասպետի փայլուն ֆրանսերենով արտասանած շնորհակալական ուղերձը, որտեղ մասնավորապես ասվում էր. «Ես խորապես զգացված եմ այն պատվի համար, որ Ֆրանսիայի կրթության նախարարությունը ցուցաբերում է այսօր իմ նկատմամբ սույն շքանշանի հանձնումով: Հաճելի մի անակնկալ եւ միաժամանակ մեծ ուրախություն է ինձ համար հաստատել, որ ֆրանսերեն լեզվի ուսուցման գծով երկար տարիների իմ ծառայությունը մեր դպրոցներում, ապա այն տարիները, որ ես նվիրել եմ ֆրանսիական գրականության դասական մեծ հեղինակներ Շատոբրիանի, Բոդլերի, Ռոմեն Ռոլանի, Անրի Թրուայայի, Անդրե Ժիդի եւ այլ հեղինակների երկերի հայերեն թարգմանությանը, աննկատ չեն մնացել ֆրանսիական իշխանությունների կողմից: Այս պատիվը միաժամանակ, թո՛ւյլ տվեք խոստովանել, շփոթության առիթ եղավ ինձ համար.ես այն զգացումն ունեմ այժմ, որ արտակարգ ոչինչ չեմ արել, այլ միայն սովորել եմ այս գեղեցիկ լեզուն, սիրել եմ այն, ձգտել եմ սիրել տալ նաեւ իմ հայրենակիցներին, որպեսզի ավելի լավ իմանան ու յուրացնեն: Այս պատվավոր կոչման տվչությունը, իմ կյանքի մայրամուտին, հոգեպես զորացնում է ինձ եւ ստիպում, որ իմ կյանքի մնացած օրերը եւս նվիրեմ այս ազնիվ աշխատանքին եւ այդպիսով իմ համեստ նպաստը բերեմ մեր երկու երկրներիՙ Հայաստանիՙ իմ բնիկ հայրենիքի, եւ Ֆրանսիայիՙ իմ հոգեւոր հայրենիքի մշակութային կապերի սերտացմանը: Այս պահին իմ մտածումը գնում է դեպի այն անձինք, ովքեր ինձ ներշնչեցին ֆրանսերեն լեզվի եւ մշակույթի սերը: Թող օրհնյա՜լ լինի նրանց հիշատակը»: Հարկ է նշել, որ Պ. Շահբազյանը ժամանակին 2 անգամ պարգեւատրվել է նաեւ կաթողիկոսական շքանշաններով: Մեր ոսկեղենիկ հայերենի փայլուն ասպետին 1978 թ. դեկտեմբերի 3-ին Վազգեն Ա Վեհափառը, գնահատելով Հայ եկեղեցուն եւ Մայր աթոռին մատուցած նրա բազմաբնույթ ծառայությունները, բազմավաստակ դասախոսին եւ Ս. Էջմիածնի Միջեկեղեցական հարաբերությունների բաժանմունքի ընդհանուր քարտուղարին, իր սրբատառ կոնդակով շնորհել է Վաստակավոր դասախոսի կոչումՙ այդ առթիվ պարգեւատրելով նաեւ «Ս. Սահակ - Ս. Մեսրոպ» հայրապետական բարձր շքանշանով: 2004 թ. Մայր աթոռի ներկա գահակալ Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հիմնադրման 130-ամյակի առթիվ իր սրբատառ կոնդակով Պարգեւ Շահբազյանին պարգեւատրել է «Ս. Ներսես Շնորհալի» հայրապետական շքանշանով: Շնորհաշատ հայը ծնվել է Կ. Պոլսում 1920 թ. փետրվարի 9-ին, Հայոց ցեղասպանությունից հրաշքով փրկված պոլսահայ մտավորական Գառնիկ Շահբազյանի ընտանիքում: Մայրըՙ Հրանուշ Լաճիկյանը, ծնված Կարինում, 1915 թ.-ին ընտանյոք տեղահանվել է իր ծննդավայրից 15 տարեկան հասակում եւ երկար տարիներ թափառելով անապատներումՙ հրաշքով վերապրել է: Նրա ամբողջ գերդաստանը (շուրջ 40 հոգի) լրիվ ոչնչացվել էր տարագրության շրջանում: Աղջնակը միակն էր գերդաստանից, որ փրկվել էր թուրքական կոտորածներից: Պարգեւ Շահբազյանը քեմալական շարժման տարիներին ընտանյոք տեղափոխվել է Սիրիա, ապա Լիբանանՙ Բեյրութ: Հալեպի (Սիրիա) ֆրանսիական քոլեջն ավարտելուց հետո հետեւել է Բեյրութի Սեն Ժոզեֆ ֆրանսիական համալսարանի արեւելյան լեզուների հայագիտության բաժնի դասընթացներին եւ ավարտել: Այնուհետեւ որոշ տարիներ դասավանդել է տեղի հայկական դպրոցներում: 1946 թ.-ին ընտանյոք հայրենադարձվել է Հայաստան եւ բնակվել Երեւանում: Դասավանդել է Երեւանի Մ. Գորկու անվան միջնակարգ դպրոցումՙ ֆրանսերեն լեզու, եւ միաժամանակ հեղինակել է ֆրանսերեն լեզվի դասագրքերի շարքՙ Հայաստանի միջնակարգ դպրոցների աշակերտության համար: 1960-ական թթ.-ին Հայաստանի Լուսավորության նախարարության պատվերով խմբագրել է սփյուռքահայ դպրոցների համար կազմված «Հայոց լեզու» դասագրքերի ամբողջ շարքը: Վազգեն Ա երջանկահիշատակ կաթողիկոսը 1956 թ.-ին նրան հրավիրել է Մայր աթոռ, որպես Գեւորգյան հոգեւոր ճեմարանի հայոց լեզվի եւ գրականության, ինչպես նաեւ արեւմտաեվրոպական գրականության դասախոս: Ավելի քան 25 տարի Մայր աթոռում նա վարել է նաեւ Գերագույն հոգեւոր խորհրդի ատենադպրի պաշտոնը եւ Հայոց Հայրապետին ուղեկցել արտասահման կատարած նրա հայրապետական բազմաթիվ ուղեւորություններին: Պարգեւ Շահբազյանը հետագայում կազմել է Վեհափառի արտասահմանյան ուղեւորությունների մի քանի ծավալուն հատորներ: 1981-1983 թվականներին Պարգեւ Շահբազյանը խմբագրել է նաեւ Մայր աթոռ Սուրբ Էջմիածնի պաշտոնաթերթ «Էջմիածին» ամսագիրը: Դեռեւս 10 տարի առաջ Լոս Անջելեսում իր մեծարման երեկոյին հոբելյար Պարգեւ Շահբազյանն իր բանավոր ելույթում ասաց. «Որպէս բազմամեայ մշակ իր կեանքի վերջալոյսին յաճախ արեւմտահայ բանաստեղծ Վահան Թէքէեանի բանաստեղծութիւններից մէկի մէջ հեղինակի ինքնիրեն ուղղուած նոյն հարցումն եմ տալիս ինձ. «... Ի՞նչ մնաց, կեանքէն ինծի ի՞նչ մնաց: Ինչ որ տուի ուրիշին, տարօրինակ, ա՛յն միայն»: Այդպես, ինչ որ տուած եմ իմ սաներուն, ինչ որ բաշխած եմ անոնց երկար տարիներ մեծ սիրով եւ անհաշիվ, ա՜յդ մնացած է միայն ինծի, միմիայն այդ: Ինչ որ գնաց ուրիշին, վերադարձաւ անուշցած ու զօրացած հոգիիս մէջ մնալու յաւիտեան»: Ս. Էջմիածնի Գեւորգյան հոգեւոր ճեմարանի բազմավաստակ դասախոսի նախկին բազմահարյուր սաներից շատերը թե՛ Մայր հայրենիքի, թե՛ Սփյուռքի թեմերում եկեղեցական պատասխանատու պաշտոններ զբաղեցնող բարձրաստիճան հոգեւորականներՙ Հայ Առաքելական եկեղեցու սպասին նվիրված թեմակալ առաջնորդներ, արքեպիսկոպոսներ, եպիսկոպոսներ, հոգեւոր հովիվներ են: Պարոն Պարգեւ Շահբազյանին ծննդյան 95-ամյա հոբելյանի առթիվ ողջունեցին Գեւորգյան հոգեւոր ճեմարանի նրա նախկին ուսանողներից մի խումբ բարձրաստիճան հոգեւորականներ, ինչպեսՙ Արցախի թեմի առաջնորդ, Արցախի հերոս, Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանը, Կոտայքի թեմի առաջնորդ Տ. Առաքել արք. Քարամյանը, Գուգարաց թեմի առաջնորդ Տ. Սեպուհ արք. Չուլջյանը: Նրանք խոստովանեցին, որ իրենց հոգում իրենց թանկագին վաստակավոր դասախոսըՙ պրն. Պարգեւ Շահբազյանը մնացել է որպես մի կաթիլ մեռոն: Հոբելյանի առթիվ Արցախի թեմի առաջնորդ Տ. Պարգեւ արք. Մարտիրոսյանը ուրախությամբ պատմեց իրենց տաղանդավոր եւ յուրօրինակ դասախոսի մասին. «Երբ ես Գեւորգյան հոգեւոր ճեմարան էի ընդունվում, երեւի վճռորոշ դերակատարություն ունեցավ Պարգեւ Շահբազյանը: 1980 թ.-ն էր: Մոտ 1 ժամ զրուցեց ինձ հետ հարցաքննեց, այսպեսՙ բանավոր քննություն էր: Հայոց պատմությունից, հայ գրականությունից հարցրեց: Բավական երկար զրուցեցինք: Հետո, ըստ երեւույթին, ինքը պետք է իր կարծիքը հայտներ Վազգեն Ա Վեհափառ Հայրապետին, բնական է: Եվ հետաքրքրականն այն է, որ երբ ես հոգեւորական դարձա, Վազգեն Ա Վեհափառն իմ անունը դրեց Պարգեւ: Ես զուգահեռ եմ անցկացնում Պարգեւ Շահբազյանի հետ, որովհետեւ որոշ դերակատարություն ունեցավ, վճռական խոսք ասաց. «Արժանի է, որ ճեմարանի ուսանող դառնա»: Վեհափառն էլ շատ էր գնահատում պարոն Շահբազյանին, մանավանդ նրա խոսքը: Իհարկե, այնտեղ մի զավեշտալի բան եղավ: Հայերեն բանավոր խոսքս լավ էր, գրականություն, պատմություն լավ գիտեի, բայց գրավորս սարսափելի էր, որովհետեւ ես հայերեն չէի սովորել, ռուսական դպրոց էի ավարտել Սումգայիթում: Պարոն Շահբազյանն ինձ խնդրեց կենսագրական գրել: Ասում եմ. «Դե գիտեք, ինձ մոտ լեփ-լեցուն սխալներ կլինեն, որովհետեւ ես կանոնավորապես չեմ սովորել, ինքնուս եմ սովորել հայերեն տառերը (գրում-կարդում էի, բայց շատ տառասխալներով): Ասաց. «Լա՛վ, ինքնակենսագրականդ գրիր»: Գրեցի, եւ այնպիսի բառեր եմ ընտրում գրելու, որ շատ տառասխալներ չանեմ: Կարդաց, կարդաց, մեկ էլ ասաց. «Է՜, եղբա՛յր, դե, մի՛ հուսահատեցրեք»: Ասացի. «Ի՞նչ սխալներ եմ արել»: «Է՜, քաղաք բառի մեջ երկու սխալ չեն անի»: Քաղաքը «կաղակ» էի գրելՙ կ-ով, ռուսական կրթության ազդեցությունն էր: Հետո ասաց. «Ոչինչ-ոչինչ, տղաս», անցավ առաջ: Ասաց. «Այո՜, գրավորը հասկանալի է»: Բայց բանավորից շատ գոհ էր: Ասում էր. «Լավ է, հայ գրականությունը որտեղի՞ց գիտես: Ամեն ինչը հայերե՞ն ես կարդացել»: Ասացի. «Իհարկե ո՛չ: 70 տոկոսը ռուսերեն եմ կարդացել, դպրոցական տարիներից սիրում էի կարդալ»: Պարոն Շահբազյանը մեր զրույցից գոհ էր մնացել, գիտելիքներից էր գոհ, բայց ոչ գրավորից: Որպես մարդ դաստիարակելու նրա դերը մեզՙ իր երախտապարտ ուսանողների համար անգնահատելի է: Մի շարք լեզուներ գիտի, յուրաքանչյուրին էլ կատարյալ է տիրապետում, նաեւ համաշխարհային գրականության, փիլիսոփայության: Հրաշալի թարգմանիչ է եւ զարմանալի պայծառ հիշողություն ունիՙ թվերի, անունների, դեպքերի: Մարդը միշտ բարյացակամ ու պատրաստակամ էՙ օգնի, խորհուրդներ տա, պարտաճանաչ է վայրկյան առ վայրկյան: Մենքՙ իր վաղեմի ուսանողներս, շատ երախտապարտ ենք նրանՙ շատ հազվագյուտ մարդ լինելու համար: Անիմանալի մարդ է եւ մեծագույն գնահատանքի է արժանի: Իր ուսանողներն ենք եղել այսօրվա բազմաթիվ սրբազաններՙ Գրիգորիս, Միքայել, Եզնիկ, Եզրաս, Նաթան, Նավասարդ, Սեպուհ, Սիոն, Աբրահամ, Առաքել, Հայկազուն, Վրթանես... չեմ կարող բոլորին թվարկել, նաեւ այժմյան Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսը: Դեռեւս 1997 թ.-ից Երեւանում գործող «Ազատամարտի ՈԳԵՂԵՆ ՈՒԺ» ընկերային-մշակութային մեր կենտրոնի մեծ դահլիճում վիրավոր ազատամարտիկների համար առաջին միջոցառումը պարոն Պ. Շահբազյանին էր նվիրված, որտեղ նա սիրով հանդես եկավ: Այդ ժամանակվանից Շահբազյանը եւ իր տիկինը հանդիսանում են «Ազատամարտի ՈԳԵՂԵՆ ՈՒԺ» ընկերային-մշակութային կենտրոնի պատվավոր անդամներ: Փառք տալով Աստծունՙ աղոթում եմ եւ մաղթում կրթության ջանադիր երախտավորին քաջառողջություն եւ երկար կյանքՙ ի խնդիր իր հայրենանվեր եւ հոգեւոր-մշակութային նոր ծրագրերի իրագործման: |