RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 20-02-2015



Տեղադրվել է` 2015-02-19 22:54:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 2114, Տպվել է` 14, Ուղարկվել է էլ.փոստով` 7

ԵՎ ՈԳԵՎՈՐՈՂ Է, ԵՎ ՄՏԱՀՈԳԻՉ

Հարցազրույցը` ՄԵԼԱՆՅԱ ԲԱԴԱԼՅԱՆԻ

Զրույց արվեստաբան Մարտին Միքայելյանի հետ

Մեր արվեստային միջավայրում իր գեղագիտական մտածողությամբ ու ճաշակով անշուշտ ինքնահատուկ է Մարտին Միքայելյանը` արվեստաբան, նկարիչ, թանգարանային գործի գիտակ: Այդպես է, քանի որ աշխատանքային գործունեության 25 տարիներն անցել են այս ասպարեզում, 15-րդ տարին է տնօրենն է Ջոտտոյի տուն-թանգարանի, դրանից առաջ 7 տարի տօրենն է եղել Հայաստանի ժողովրդական արվեստի թանգարանի, տարբեր տարիների աշխատել է Հայաստանի ազգային պատկերասրահում, Մ. Սարյանի տուն-թանգարանում, թերթերի, ամսագրերի խմբագրություններում («Հայրենիքի ձայն», «Սովետական արվեստ», «Գեղարվեստ», Հայկական հանրագիտարան): Որպես արվեստաբան դարձյալ յուրօրինակ ձեռագիր ունի` դասական մտածողության հետ արդիական մոտեցումներ, ընդհանրացնող, էքսպրեսիվ ոճ` երբեմն էքսցենտրիկ պոռթկումներով: Իր նկարչությունը, սակայն, ավելի մեղմ ու հանգիստ է, ներհուն-ներհայեցողական. այդպես ընկալեցի հավաքական մի ցուցահանդեսում ներկայացված իր մի նկարը, որ տեսա առաջին անգամ` թեք զառիվայր ճանապարհով գլորվող անիվ, ենթագիտակցական իմպուլսներ կրող համատարած դեղինի մթնոլորտում... Իսկ մեր զրույցներից մեկի ժամանակ տպավորվեց իր մի խոսքը, թե` «Ինձ համար մարդու մեջ ճանապարհորդելը ավելի կարեւոր է, քան որեւէ երկիր տեսնելը»:


- Դուք հաճախ ասում եք, թե արվեստների մուսան մեզՙ հայերիս օժտել է շատ ավելի նկարչական եւ ճարտարապետական արվեստների շնորհներով: Ասում եքՙ փիլիսոփայությունը մեր կողքով է անցել, իսկ այ բանաստեղծությունը կամ երաժշտությունը ... մերն են, որովհետեւ մեր պես ժողովուրդները հակված են քնարական զեղումների:

- Երեւի փիլիսոփայության համար պետք է Գերմանիայի նման զարգացած եւ ուժեղ պետություն կամ Հնդկաստանի նման մեծ ու բազմաշերտ երկիր լինել, իսկ մեր հին Խնձորեսկը, մեր ամբողջ երկիրը, Արարատյան դաշտը, Շիրակը, Ջավախքը, հայկական բոլոր նահանգներն ու գավառները ծայրից ծայր լցված ու շնչում են բանաստեղծությամբ: Պատահական չէ, որ հայության մեջ լավ բանաստեղծներ կան ու նաեւ ձանձրալիորեն շատ են բանաստեծության մեջ թաթախված, կարեկցանք, բայց ոչ հիացմունք առաջացնող գրամոլները եւ շատ քիչ կամ բոլորովին գոյություն չունեն Նիկողայոս Ադոնցի մակարդակին մոտեցող պատմաբաններ, քաղաքագետներ, հասարակական գիտությունները զարգացնող, առաջ տանող անձինք: Բժեզինսկուն, Ջորջ Սորոսին կարող ենք հավանել կամ չհավանել, բայց ակնհայտ է, որ նրանց մեջ միտք կա, մտքեր ունեն եւ բառիս իսկական իմաստով գրել գիտեն: Մտքի պակասը մեզանում ինձ միշտ ճնշել է թթվածնի պակասի նման: Բայց վերջին երկու-երեք տարիների ընթացքում, հատկապես երիտասարդության մեջ տեսնում եմ մտքի առկայծումներ, որոնք թույլ չեն տալիս մեզ համընդհանուր գորշության մեջ ընկղմվելու: «Բուն»-ը, «Ագորա»-ն ինձ ոգեւորում են:

Ես, որ միշտ դժգոհել եմ մեր ընդհանուր մթնոլորտից, որի պատճառով մեծատաղանդ Առնո Բաբաջանյանն ու մյուսները, մեղմ ասած, շեղվում են իրենց մեծ ճանապարհից, որի պատճառով Կարեն Սվասյանն ու մյուսները հեռանում են երկրից, որի պատճառով մեր գլխին քարոզ են կարդում ուսման ու կրթության լուսանցքից դուրս մնացած մարդիկ, այսօր այդ մթնոլորտի, առավել եւս մշակույթի խնդիրները արտաքին մարտահրավերների ճնշման տակ չնչին մի բան են թվում: Հայաստանի ամեն բնակիչ (արդեն չգիտեմ քանի հոգի) գիտե, որ գլխավոր հարցը երկիրը պահել-պահպանելն է: Լինել, թե չլինել, այս է խնդիրը: Իսկ միտքը, գաղափարը, ինչպես միշտ, մեզ պակասել է: Թեեւ պետք է անկեղծորեն խոստովանել, երիտասարդ քաղաքագետների, պատմաբանների, արվեստաբանների, հումանիտար տարբեր բնագավառներում բավականաչափ հետաքրքրական դեմքեր կան: Խաղաղ ու արդար կյանքը նրանց շատ առաջ կարող է մղել: Եվ ավագ սերնդի մեջ, բարեբախտաբար, նույնպես կան միտք շարժող մի քանիսը:

- Որո՞նք են ժամանակակից արվեստի հիմնական միտումները, ինչպե՞ս ենք մենք հարաբերվում դրանց:

- Ժամանակակից արվեստը պարզ եւ տեսանելի մի բան չէ, որ մենք նրա միտումների մասին խոսենք: Ինձ համար ժամանակակից արվեստը իսպանացի Անտոնի Թապիեսն է, եւ ոչ միայն նա: Ուրիշ մեկի համար նա վաղուց անցած եւ հին է, մյուսի համար այսօրվա սպառողական հասարակության էությունը ամենաճշգրիտ ձեւով արտահայտում է անգլիացի Դեմյըն Հըրսթը: Դեռեւս Էրիխ Ֆրոմն է նկատել, թե մարդու հոգին հետամնաց է, այսօրվա մարդը որքան էլ կրթված ու զարգացած, նույն քարանձավների մարդն է: Մենք բացառություն չենք: Ինձ համար Յան Սիբելիուսը գերադասելի է իր ժամանակաշրջանի նորարարներից, որովհետեւ ճիգ չի գործադրում իր միջի մարդուն հասցնել 20-րդ դարի զարգացած գիտությանը: Իսկ եթե ուզում եք շատ անկեղծանամՙ ինձ համար ժամանակակից արվեստը գահավիժում է դեպի մարդկության առաջացրած անդունդը: Եթե 20-րդ դարի սկզբին մշակույթի համաշխարհային մակարդակը պարզ ու նշմարելի հասկացություն էր, ապա այսօր դա անդեմ ու անորոշ մի բան է: Ահա թե ինչու այսօր ես ակնածանք ունեմ նորարարությունից հեռու գտնվող վերոհիշյալ Սիբելիուսի, Ռախմանինովի, Վրուբելի, Հովհաննես Թումանյանի, Վահրամ Փափազյանի, Սերգեյ Եսենինի, Վահրամ Գայֆեջյանի ու նրանց նմանների հանդեպ ու նաեւ մշակույթը չեմ պատկերացնում առանց Վան Գոգի, Գոգենի, Սեզանի, Մայակովսկու, Պիկասոյի, Ժորժ Բրաքի, Կանդինսկու, Չարենցի եւ մյուս հեղափոխականների վերափոխող ուժի եւ շնչառության:

Բարեբախտաբար Հայաստանում կա ժամանակակից արվեստի երեք թանգարանՙ ՀԺԱՄ-ից բացի Գաֆեսճեան արվեստի կենտրոնն ու ՆՓԱԿ-ը: Հայաստանի ժամանակակից արվեստի խթանման համար շատ կարեւոր էին քանդակի այն սիմպոզիումները, որոնք կազմակերպում էր դեռեւս խորհրդային ժամանակներում Սարո Սարուխանյանը: Այսօր կարեւոր գործ է անում «Մշակութային երկխոսություն» կազմակերպությունըՙ մեզ ներկայացնելով օտարներին եւՙ հակառակը: Պետք է հաճախ հանդես գալ մշակութային այնպիսի նախաձեռնություններով, որպիսիք Վիգեն Ավետիսի եւ իր գործընկերների անցյալ տարվա համարձակ քայլն էր Արցախում, Արման Գրիգորյանի եւ մյուսների գործը Իջեւանում, բիենալեները Գյումրիում: Ժամանակակից արվեստի մասին իմ նկատառումները այնքան բազմաշերտ ու իրարամերժ են, որ չարժի ընթերցողին ձանձրացնել:

- Ձեր կարծիքով թանգարանային գործը ի՞նչ մակարդակի վրա է այսօր մեզանում, ի՞նչ հիմնական խնդրիներ կան այս ասպարեզում, ինչպիսի՞ն է դրա հասարակական պահանջը: Թանգարանները որեւէ երկրի, քաղաքի մասին պատկերացում կազմելու լավագույն վայրերից են, եւ իհարկե`զբոսաշրջության կենտրոն եւ որպես այդպիսինՙ շահեկան անշուշտ: Կ. Չուկովսկին գրում է, որ պատանի տուրիստները, երբ Լոնդոն էին գալիս, դեռեւս կայարանում խնդրում էին, որ իրենց ամենից առաջ տանեն Բեյքըր սթրիթՙ Շերլոկ Հոլմսի թանգարան...

- Թանգարանը մշակույթի պահպանողական բնագավառներից մեկն է: Զբոսաշրջիկներին հետաքրքրում են համբավ վայելող օպերային թատրոնները, մեծ թանգարանները: Հայաստան այցելողները հասկանալի պատճառներով մեծապես հետաքրքրված են Մատենադարանով, Փարաջանովի թանգարանով, Պատմության թանգարանով, Ազգային պատկերասրահով: Այցելուն նույնն է թանգարանի համար, ինչ եկեղեցու համարՙ հավատացյալը: Սակայն միայն այցելուներով, հատկապես մեզանում, թանգարանը կարող է վերածվել դամբարանի կամՙ պահեստի:

Թանգարանի աշխատողները, սկսած հսկիչիցՙ մինչեւ տնօրեն, պետք է լինեն ծայրահեղ քաղաքավարի, բարեհամբույր, բանիմաց ու զարգացած մարդիկ: Թանգարանի էքսկուրսավարները երկրի դեմքն են օտար ափերից ժամանած զբոսաշրջիկների համար: Այսօրվա արեւմտյան թանգարանը, հատկապես, հիմնական իր նպատակը նույնը թողնելովՙ էքսպոզիցիան այցելուներին ներկայացնելը, բավականաչափ փոխվել է: Քանի որ զբոսաշրջության ծավալներն անընդհատ մեծանում են, թանգարանի առջեւ նոր պահանջներ են դրվում: Եթե առաջ (19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի առաջին կեսին) թանգարանի այցելուն Բրեխտի հանդիսատեսի նման որոշակի տեղեկատվություն ուներ իր այցելած վայրի մասին, այսօր նեղ մասնագիտական հմտություններ ունեցող այցելուն բոլորովին չի պատկերացնում ծովանկարիչ Թյորների կամ մանրանկարիչ Գրիգոր Ծաղկողի ինքնատիպությունն ու նշանակությունը: Արեւմտյան թանգարանն այսօր մեծ ճիգ է գործադրում փոխվելու համար: Թանգարանի առաջվա պրոֆեսորները հիմա վերածվել են այցելուների, զանազան խմբերի տարբեր պահանջները բավարարող, կատարող ճկուն սպասարկողների:

Հայաստանում նույնպես ուսումնասիրում են թանգարանագիտություն: Վերջերս այդ բնագավառի եվրոպական առաջատար մասնագետների հեղինակությամբ Հայաստանի թանգարանները ստացան «Շարունակական կրթությունը թանգարաններում» ձեռնարկը, ուր ի միջի այլոց նշված է, թե «Ամերիկյան մշակույթը գլոբալ առումով ոչ միշտ է ամենահզորը եղել: Չինաստանի եւ որոշ չափով նաեւ Հնդկաստանի սրընթաց տնտեսական վերափոխումը արդեն իսկ սկսում է մարտահրավեր նետել արեւմտյան մշակութային գերիշխանության ներկա ուղուն»:

Մենք ունենք ե՛ւ լավ թանգարաններ, ե՛ւ այդ գործի իսկական նվիրյալներ, սակայն մեզանում շատ դժվար է հասարակությանը հետաքրքրել թանգարանային միջավայրի առանձնահատկությամբ:

- Դուք 2000 թվականից տնօրինում եք Ջոտտոյի տուն-թանգարանի աշխատանքները, ի՞նչ կասեք այս մասին:

- Այս տարի տարբեր դպրոցների աշակերտներ dasaran.am կայքի միջնորդությամբ ունկնդրելու են մեր դասախոսությունները, մասնակցելու են տարբեր միջոցառումների: Իսկ առհասարակ, ովքեր հետաքրքրվում են Գեւորգ Գրիգորյանի (Ջոտտո), Դիանա Ուկլեբայի եւ նրանց հարուստ շրջապատի կյանքով եւ կամենում են ֆիլմեր դիտել նկարիչների մասին, թող ապրիլ ամսից ամեն չորեքշաբթի եւ ուրբաթ օրերը ժամը 13-ին այցելեն թանգարան, որի հասցեն է` Մաշտոցի պող. 45 ա, հեռախոս` 580179:

- Նկարիչների քանի սերունդների ուղեկցում եք որպես արվեստաբան, նշենք, որ նաեւ նկարում եք եւ բավականին հետաքրքրական մտածողություն ունեք. 60-ականների հայ կերպարվեստը` ձեր հայացքով, ի՞նչ ընդհանրութուններ ու տարբերություններ եք տեսնում անցյալի արվեստի եւ ներկա սերնդի միջեւ: Եթե հնարավոր է զարգացման այդ ընթացքը ներկայացրեք համառոտ:

- Այն ժամանակ փողի պաշտամունք դեռեւս չկար, ուրիշ աշխարհներ տեսնելու երազանք արվեստագետը չուներ: Երբ որեւէ մեկը արվեստանոց էր այցելում, նկարիչը թթվածին էր ստանում, իսկ եթե այդ մեկը մի փոքր զգում, հասկանում էր նկարները, արվեստագետը երջանկանում էր: Ես ցուցահանդեսներում տեսել եմ նաեւ երջանկացած հանդիսատես-դիտողների, որոնց դեմքերը շողշողացել են Մարտին Պետրոսյանի, Մինաս Ավետիսյանի, Հարություն Կալենցի, Սեյրան Խաթլամաջյանի, Ռոբերտ Էլիբեկյանի, Ալեք Կարապետյանի գույների, Աշոտ Մելքոնյանի մաքրության, Գրիգոր Խանջյանի ծավալների, Ռուբեն Ադալյանի եւ Ռուդոլֆ Խաչատրյանի ձեւերի, Հովհաննես Մինասյանի հին հայկական հայացքի, Լավինիա Բաժբեուկ-Մելիքյանի նյութապաշտության (Սեզանի իմաստով), Հակոբ Հակոբյանի թվացյալ մոգականության ազդեցությամբ:

Հայաստանն ունի նկարիչների հոծ բանակ, որի մեծամասնությունը տաղանդավոր են, ունեն բիզնեսմենի, սակայն չունեն նկարչի խելք, այն ինչ ուներ երիտասարդ Սարյանը, վաղ շրջանի Կանդինսկին, Արշիլ Գորկին եւ արտաքուստ ժայռ հիշեցնող Սեյրան Խաթլամաջյանը:

Բացի ընդհանուր դժվարություններից այսօրվա նկարիչը կանգնած է անլուծելի թվացող մի խնդրի առջեւՙ ինչպես ներդաշնակել իր ուսանած կամ բոլորովին անծանոթ ակադեմիայի, շուկայի եւ իր անհատական նկարագրի պահանջները: Խորհրդային շրջանում ասում էին գյուղատնտեսության բնագավառի (կոլխոզի) թերությունները հատուկ են նաեւ գիտությունների ակադեմիային: Այնպես որ, մեր նկարիչները, դերասանները, գրողները կարող են չափազանց տաղանդավոր, օժտված լինել, բայց չեն կարող լինել այնքան ինքնավստահ ու ազատ, որքան ազատ երկրներում ծնված մարդիկ, նույնիսկ այն չափով ճկուն լինել, ինչպես մենք տեսնում ենք թվացյալ ազատություն ունեցող մեր մի քանի հայրենակիցներին, որոնց մի ոտքը այստեղ է, մեկըՙ սահմանի այն կողմում:

- Դուք ընդգրկված եք գրքի, պոլիգրաֆիական արվեստի գնահատման հանձնաժողովում: Ի՞նչ մրցանակաբաշխություն է դա եւ ի՞նչ գրքեր են ներկայացված այս տարի, որո՞նք առավել ուշագրավ են: Եվ առհասարակ, ի՞նչ կասեք այս ոլորտի, մասնավորապես գրքի ձեւավորման արվեստի մեր ձեռքբերումների եւ դրա ներկա վիճակի մասին:

- «Մշո ճառընտիրի» հոյակապ միջնադարյան պատմությունը, տարբեր գրչատներից լույս աշխարհ եկած ձեռագիր անկրկնելի մատյանները բավական են, որպեսզի գրքի միջազգային մասնագետները Հայաստանի, հայոց գրերի, հայ մանրանկարչության մասին խոսք լսելիս ոտքի կանգնեն ու հանեն գլխարկները: Սակայն այսօր ամեն ինչ ենթարկված է կապիտալի, առք ու վաճառքի, բարձր տեխնիկա ունեցող արտադրության տրամաբանությանը: Եթե ինձ նման մեկի համար զարգացած եւ առաջադեմ Ամերիկայի այսօրվա նկարիչն իր տեխնիկական բոլոր լույսերով ու փայլերով խունանում է Վասպուրականի «ամենաթույլ» մանրանկարչի համեմատությամբ, ապա հայ մանրանկարչության գովքը ամերիկացի եւ եվրոպացի արվեստագետների տեսանկյունից այնքան անհեթեթ է, որքան ոտաբոբիկ ու վիթխարի Մահաթմա Գանդիի քարոզները Միացյալ Թագավորության որոշ քաղաքական գործիչների համար:

Այսօր, դեռեւս բոլոր մայրցամաքների վրա ընկած է Ամերիկայի լույսը եւ ստվերը: Գիրքը բացառություն չէ: Մի երեք տարի առաջ դուստրս Վաշինգտոնից ուղարկել էր ամերիկյան տարբեր հրատարակությունների արտադրած նկարազարդ տասը գիրք: Տպագրական բարձր որակ ունեցող այդ գրքերի մեջ տասը նկարչական ձեռագրերի փոխարեն ես տեսա մի կնիք-դաջվածքՙ համակարգչի հետքը: Մարդ չկար, այլՙ մեքենայի աշխատանքի հավակնոտ արդյունքը: Մինչդեռ 1960-ականների ամերիկյան գրաֆիկայի ցուցահանդեսը (Մոսկվայում, Երեւանում, Տաշքենդում) ոչ միայն բնորոշվում էր տեխնիկական հնարամտություններով, տպագրական բարձր որակով, այլեւ անհատական ձեռագրերի բազմազանությամբ, եթե կուզեք մարդկայնությամբ ու ազատությամբ, ուիթմենյան լայնախոհությամբ: Ահա թե ինչու այն որոշ առումով թերեւս փոխեց արդեն հեղափոխության պատրաստ խորհրդային կերպարվեստի հունը: ԱՄՆ-ում այսօր էլ, համոզված եմ, կան տաղանդավոր նկարազարդողներ, ուղղակի ես չեմ տեսել:

Հայաստանում տպագրական գործը լավացավ վերջերսՙ արտասահմանյան տպագրական մեքենաներ ձեռք բերելու շնորհիվ: Սակայն առանց այդ մեքենաների ընձեռած հնարավորության 1930ական եւ 1960-ական թվականներին Երեւանում լույս էին տեսնում գրքեր, որոնք պատիվ են բերում հայկական մշակույթին: Ես նկատի ունեմ Սարյանի նկարազարդած «Ռոստամ եւ Սոհրաբ», Հակոբ Կոջոյանի ձեւավորած Եղիշե Չարենցի «Գիրք ճանապարհի», Ստեփան Զորյանի «Հեքիաթներ» գրքերը, Տաճատ Խաչվանքյանի, Միքայել Արուտչյանի հրաշալի գրքային նկարազարդումները: Նրանց արժանիորեն շարունակեց Գրիգոր Խանջյանըՙ նկարազարդելով Խաչատուր Աբովյանի «Վերք Հայաստանին», Պարույր Սեւակի «Անլռելի զանգակատունը», Գեւորգ Էմինի «Սասունցիների պարը»: Հակոբ Կոջոյանի ճանապարհը մեզանում ուղղակիորեն շարունակել է մեր մշակութային կյանքում նկատելի հետք թողած Կարեն Սմբատյանը: Իսկ երբ 1960-ականներին լույս տեսան Մարտին Պետրոսյանի ձեւավորած «Պապն ու շաղգամը», «Գառնիկ ախպեր», «Զարմանալի աշուղը» մանկական գրքերը, չեք պատկերացնում, ինչպիսի ցնծություն էր մանուկների եւ արվեստի անմիջականությունն ու պարզությունը գնահատող մեծահասակների հոգում: Ես դժվարանում եմ գլամուրային մշակույթի շլացուցիչ փայլերին սովոր «նոր հայերին» բացատրել տպագրական համեստ տեսք ունեցող, բայց անսովոր հոգեկան գեղեցկություն ենթադրող այդ թեթեւ ու անշուք գրքերի կարեւորությունը հայկական գրքարվեստի, հայոց գրի համար: Շլացուցիչ փայլը առեւտրի, բայց ոչ մշակույթի, կարեւոր հատկանիշներից է:

1920-1930-ական թվականներին Հայաստանում հրատարակված անընդհատ ընթերցվող գրքերը փայլ եւ այսօրվա իմաստով ապրանքային տեսք չունեին: Բոլորովին անփայլ էր եւ վատ թղթի վրա 1978-ին տպված Հրանտ Մաթեւոսյանի «Ծառերը» ժողովածուն: Փայլուն թուղթը օգտագործում էին տաղանդով ցածր, բայց վերեւների հովանավորությունը վայելող հեղինակների գրքերը տպագրելու համար: Իսկ գրահրատարակչության մեր մրցանակաբաշխությունն ու մեր հանձնաժողովը չեն կարող չգնալ ավանդական ճանապարհով: Ճաշակն ու մնացյալ կարեւոր բաները թելադրում է շուկան: Մրցանակը տրվում է ոչ թե բովանդակության, այլ տպագրական որակի ու ձեւավորման համար: Այդպես եղել է Ֆրանկֆուրտի, Լայպցիգի գրքերին նվիրված տոնահանդեսներում: Վաղուց այդպես է Մոսկվայում տեղի ունեցող ամենամյա հանդիսությունը, որն արդեն կոչվում է գրքի տոնավաճառ: Հայաստանը վերջինիս մասնակցում է եւ, բնականաբար, այս բնագավառում նոր հեծանիվ հնարելու կարիք չունի:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 20-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ