RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#004, 2015-02-06 > #005, 2015-02-13 > #006, 2015-02-20 > #007, 2015-02-27 > #008, 2015-03-06

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 20-02-2015



ՄՈՒԼՏՖԻԼՄ

Տեղադրվել է` 2015-02-19 22:54:39 (GMT +04:00)


Ընթերցված է` 1520, Տպվել է` 13, Ուղարկվել է էլ.փոստով` 4

«ԱՆԱՀԻՏ». ՀԻՆ ՀԵՔԻԱԹԻ ՆՈՐ ՍՅՈՒԺԵՆ

Ռաֆայել ԶԱՐԲԱԲՅԱՆ

Արդեն շուրջ երկու ամիս Երեւանի կինոդահլիճներն աննախադեպ մարդաշատ են, ասեղ գցելու տեղ չկա: Պատճառը 2014 թվականի ավարտին մեծ աղմուկով էկրան բարձրացածՙ հայ իրականության առաջին լիամետրաժ երաժշտական մուլտֆիլմն էՙ «Անահիտը»: Հինգ տարի առաջ իր ճանապարհն սկսած ֆիլմը, բարեհաջող հասնելով մեծ էկրաններին, հասցրեց սիրվել ոչ միայն մանուկների, այլ նաեւ բոլոր տարիքի անձանց կողմից:

Ծրագիրը մեկնարկեց 2010 թվականին 10 հոգուց բաղկացած ստեղծագործական խմբի շնորհիվ: Նման աշխատանքը 10 հոգով ի կատար ածելը անհավանական էր թվում: Ստեղծագործական խումբը ինքն էլ չէր պատկերացնում, որ ընտրված ծրագիրը մի օր կհասնի հաջողության: Սակայն ժամանակի ընթացքում ֆիլմը իրականություն դարձավ «Ռոբերտ Սահակյանց փրոդաքշնի» ստեղծագործական, «Շարմ Հոլդինգի» պրոդյուսերական աշխատանքների, ինչպես նաեւ Հայաստանի ազգային կինոկենտրոնի եւ ՀՀ մշակույթի նախարարության աջակցության շնորհիվ:

«Անահիտը» երկար եւ դժվարին ճանապարհ է անցել նաեւ անգամ ցուցադրումից հետո: Շատ թերություններ երեւում են միայն մեծ էկրանին, եւ դրանք հարկավոր է կարճ ժամանակում շտկել: Այսպիսով, երկար անքուն գիշերներից հետո է միայն այն հանձնվում հանդիսատեսի դատին:

Մուլտֆիլմի ստեղծման համար պահանջվեց շուրջ 5 տարի: «Շարմ Հոլդինգ» ընկերության PR մենեջեր Մարինա Վարդանյանը համոզված է, որ այդ ընթացքում կատարված ահռելի աշխատանքը հասել է իր նպատակին: «Մենք մի ամբողջական թիմ էինք դարձել,- ասում է նա:- Մեզ համախմբում էր այն գաղափարը, որ միասնական ուժերով ստեղծում ենք լիամետրաժ մուլտֆիլմ ինչպես երեխաների, այնպես էլ մեծերի համար»:

«Անահիտն» այսօր ցուցադրվում է ոչ միայն Երեւանում, այլեւ մեր մյուս քաղաքներում եւ շարունակելու է իր «ճամփորդությունը» նաեւ արտերկրում: Մուլտֆիլմն արդեն հայտագրված է մի շարք միջազգային փառատոնների, ինչի համար ստեղծվել են անգլերեն ենթագրեր: Ըստ Մարինա Վարդանյանիՙ մուլտֆիլմը փառատոններում հաջողության մեծ հնարավորություններ ունի, քանի որ աշխատանքի եւ արհեստի վեհության գաղափարը համամարդկային է:

Մուլտֆիլմը էականորեն տարբերվում է բնօրինակիցՙ Ղազարոս Աղայանի համանուն հեքիաթից: Ըստ ռեժիսոր Դավիթ Սահակյանցի , իրենք փորձել են մուլտֆիլմին ավելի կախարդական երանգներ հաղորդել, ինչը գերազանց ստացվել է մուլտիպլիկատորների մոտ: Ավելացել են նոր հեքիաթային կերպարներ, ինչպիսիք են Զանգի շունն ու Անդոկ ձին: Զանգի շանը կարելի է հանդիպել նաեւ հեքիաթի բնօրինակում, սակայն այնտեղ նրա դերը գրեթե աննշան է: Իսկ Անդոկ ձին բնօրինակում այն ձին է, որով Անահիտը փրկում է Վաչագանին, սակայն այնտեղ նա չունի անուն եւ կրկին շատ քիչ է երեւում: Հեղինակները նրանց դերն ավելի կարեւորեցին եւ այդ կերպարների միջոցով ստեղծեցին հետաքրքրական հումորային մի գիծ, որն անցնում է ամբողջ մուլտֆիլմովՙ որոշակի հումորային կոլորիտ հաղորդելով դրան:

Նոր կախարդական կերպարների թվին է պատկանում նաեւ «Չար ուժը»ՙ Ազարի մարմնավորմամբ: Այն արդեն հասցրել է մի շարք քննադատությունների առիթ դառնալ: Շատերի կարծիքովՙ «Չար ուժի» մասնակցությամբ տեսարանները բավականին ազդեցիկ են եւ նախատեսված չեն մանուկների համար, չնայածՙ մուլտֆիլմը չունի տարիքային սահմանափակում: «Ազգի» հետ զրույցում Դավիթ Սահակյանցը խոստովանեց, որ բացասական կերպարներն ավելի ազդեցիկ ստացվեցին: «Իհարկե, դա կարող է ազդել մանուկների վրա,- ասաց ռեժիսորը,- եւ ըստ իսՙ եթե անգամ հանենք բացասական կերպարները, միեւնույն էՙ մուլտֆիլմը նախատեսված չէ շատ փոքր տարիքային խմբի համար, ինչպես եւ բնօրինակն ինքը: Ամեն դեպքում համարում եմ, որ երեխաների վրա ավելի վատ ազդեցություն են գործում այն կերպարները, որոնց նրանք ամեն օր տեսնում են հեռուստացույցով կամ համացանցում»:

Բոլոր պարագաներում սյուժեի փոփոխությունները ոչ մի կերպ չեն ազդում հեքիաթի ընդհանուր գաղափարի վրա: Ֆիլմն ընդհանրապես նախատեսված չի եղել որպես Ղազարոս Աղայանի հեքիաթի վերարտադրություն, այլ նկարահանվել է հեքիաթի մոտիվներով:

Ռոբերտ Սահակյանցի մուլտիպլիկացիոն ավանդույթներով ու նորագույն տեխնիկայի կիրառմամբ, Ղազարոս Աղայանի հանրահայտ հեքիաթի մոտիվների եւ նոր կերպարների համադրմամբ, ինչպես նաեւ անցյալի ու ներկայի գունագեղ միախառնման ճանապարհով ստացված «Անահիտը» նոր խոսք է հայ մուլտիպլիկացիայի մեջ եւ հիմնքՙ նոր մուլտիպլիկացիոն ծրագրերի զարգացման համար:

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #6, 20-02-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ