ՀԱՅԿԱԿԱՆ «ՍՈՒՏԱՍԱՆԸ»ՙ ԻՍՊԱՆԱԿԱՆ ԱՌՈԳԱՆՈՒԹՅԱՄԲ Արարատ Հայկական Միություն, Վալենսիա (Իսպանիա) Եվ դարձյալ շնորհիվ հայ մշակույթի պահապան հերոսների, հայապահպանության ասպետների, ովքեր ոչինչ չեն խնայում հայկականությունը եւ հայի տեսակը ծանուցելու գործում, Միսլատայի (Իսպանիա) Հայկական կիրակնօրյա դպրոցի սաները իսպաներեն ներկայացրեցին Հովհաննես Թումանյանի «Սուտասանը» հեքիաթը: Արարատ Հայկական Միության այս նախաձեռնությունը հայկական մշակույթն իսպանական շրջանակներում ներկայացնող այն բազմաթիվ ու բազմաբովանդակ միջոցառումների շարքին է պատկանում, որոնք խարսխում են երկու ժողովուրդներին, նրանց բազմադարյա մշակույթներըՙ իրենց նմանություններով ու տարբերություններով: Հայ դասական գրականության մեջ կան ստեղծագործություններ, որոնք արդիական են բոլոր ժամանակներում: Դրանց թվին է պատկանում «Սուտասանը» հեքիաթը, որի կերպարների մեծամասնությունն այսօր ապրում է մեր կողքինՙ միամիտ ու արդար գյուղացին, հղփացած չինովնիկը, վախկոտ կամակատարը, խորամանկ կաշառակերը... Այդ իսկ պատճառով ներկայացման ռեժիսոր Արարատ Ղուկասյանը, թումանյանական դասական ստեղծագործությանը խառնելով ժամանակակից քաղաքական կյանքի, սոցիալ-տնտեսական արհեստածին ճգնաժամի եւ աճող եսասեր կաշառակերության զավեշտը, ստեղծել էր աննախադեպ մի կատակերգություն, որն անսպառ ծափողջույնների արժանացավ մոտ 200 հանդիսատեսի կողմից: Համով ու ծիծաղաշարժ ժողովրդական ստերը համեմվել էին ժամանակակից քաղաքական ու բանկային դաշտի խաբեություններովՙ որոնցում ներկայիս անհատականությունների հնչեղ ու ծանրակշիռ խոսքերը հնչում էին սատիրայի նոտայի տակ: Ներկայացման բովանդակությունից անմասն չեն մնացել նաեւ քաղաքական գործիչների բնավորության վերածված կաշառակերությունը եւ այս ու այն բանկերում օֆշորային հաշիվներ բացելու մոլուցքը: Հանդիսատեսը, եւ հատկապեսՙ երեխաների ծնողները, պարզապես տարվել էին շնորհալի դերասանների հրաշալի խաղով: Ռաֆայելը, Խաչիկը, Դիանան, Համլետը, Էրիկը, Անահիտը, Հայկը, Հելենան, Էլենը, Արիաննան, Անդրանիկը, Հասմիկը, Թոնին... Բոլորն էլ իրենց հիանալի կատարմամբ գերեցին ներկաներին: Բեմականացման վերջում խոսք առավ քաղաքապետարանի Միջազգային հարաբերությունների խորհրդական Խոսե Ռամոն Բոսկան (Jose Ramon Bosca), ով նախ շնորհավորեց երեխաներին եւ Արարատ Հայկական Միության 10-ամյակը, ապա, դեռեւս բանավոր, 2015 թվականը հայտարարեց «Հայաստանի տարի Միսլատայումՙ Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցը հավուր պատշաճի ոգեկոչելու համար»: Տեսանյութ https://www.youtube. com/watch?v=GwrCr2eroJY |