ՍԱՐԻԿ ԱՆԴՐԵԱՍՅԱՆ. «ԿՈՂՈՊՈՒՏ ԱՄԵՐԻԿՅԱՆ ՁԵՎՈՎ» ՖԻԼՄԸ ՎԱՃԱՌԵՑԻՆՔ ՈՐՊԵՍ ՄԱՐՏԱՖԻԼՄ, ՔԱՆԻ ՈՐ ԴՐԱՄԱՆ ՎԱՃԱՌԵԼՆ ԱՎԵԼԻ ԴԺՎԱՐ Է» Հարցազրույցը` ՄԱՆԱՆԱ ՀՈՎԱԿԻՄՅԱՆԻ Ռեժիսոր, սցենարիստ եւ պրոդյուսեր Սարիկ Անդրեասյանը եղբորՙ Ղեւոնդ Անդրեասյանի հետ հայտնվելով Մոսկվայում, հաստատակամ որոշել էր մուտք գործել կինոարտադրություն: Իսկ ահա այսօր Անդրեասյան եղբայրները ստեղծել են «Enjoy movies» կինոընկերությունը եւ նկարահանում են շատ ու շատ ֆիլմեր: Վերջերս Սարիկ Անդրեասյանի կողմից նկարահանած «Կողոպուտ ամերիկյան ձեւով» ֆիլմում խաղացել են հոլիվուդյան աստղեր, ինչպիսիք են Էդրիան Բրոուդին, Akon-ը, Ջորդանա Բրյուսթերը, Հեյդեն Կրիստենսենը եւ այլք: Այժմ Սարիկ Անդրեասյանի անունը հնչում է միջազգային հարթակներում:
- Ոչ բոլոր ռեժիսորները կարող են իրենց աշխատանքում ներգրավել օսկարակիր Էդրիան Բրոուդիին, իսկ դա ձեզ հաջողվեց առաջին իսկ հոլիվուդյան նախագծում: Ինչպե՞ս տեղի ունեցավ համագործակցությունը: Հե՞շտ էր արդյոք նրանց հետ բանակցություններ վարել: - Ես չէի ասի, որ դժվար էր, չնայած որ նա շատ մեծ դերասան է: Ինձ համար նրա հետ աշխատելը շատ հետաքրքրական էր: Ի սկզբանե, նա գալով ինձ մոտ որպես ռեժիսորի, ընդունում էր, երբ ես ինչ-որ բան էի ասում, քննարկում էինք դերը: Ես եւս լսում էի նրան, քանի որ նա ահռելի փորձ ունի եւ շատ տաղանդավոր է: Միասին կարդալով սցենարը, մենք միասին ստեղծեցինք իր կերպարը: Երբ մարդ տաղանդավոր է, ապա նրա հետ լեզու գտնելը հեշտ է: Ես շատ գոհ եմ եւ ամեն ինչ անցավ բարեհաջող: - Կառանձնացնե՞ք հետաքրքրական դեպքեր նկարահանման հրապարակից: - Նկարահանման ընթացքում շատ իմպրովիզացիոն դրվագներ եղան: Օրինակՙ երբ Էդրիան Բրոուդին դեղին մեքենայով գալիս է Հեյդեն Կրիստենսենի մոտ: Սցենարում գրված էր, որ Ֆրենկը հանդիպում է Ջեյմսին ավտոարհեստանոցում եւ որեւէ երկխոսություն տեղի չի ունենում: Այդ ժամանակ մոտենալով Հեյդեն Կրիստենսենին ասացի, որ հարկավոր է որեւէ բան ասել այդ տեսարանի ժամանակ, օրինակՙ հարկավոր է համոզել, որ նա գա իր հետ: Եվ ես չգիտեի, թե այդ տեսարանում նա ի՞նչ պետք է անի ու ի՞նչ խոսի: Եվ այդ տեսարանը, որն ամբողջությամբ իմպրովիզացիա էր, շատ լավ ստացվեց: - Իսկ իմպրովիզացիոն հատվածներ ֆիլմում շա՞տ են եղել: - Այո, շատ: Փորձերի ժամանակ դերասանները երբեմն առաջարկում էին իրենց տարբերակը եւ որոշ հարցերում ես իրենց հետ համաձայնվում էի: Կարծում եմ, որ դերասանին պետք է տալ հնարավորություն, քանի որ կինոն դա դերասանն է: Հանդիսատեսը գալիս է նայելու դերասանին, հանդիսատեսը ռեժիսորին չի տեսնում, եւ շատ կարեւոր է, որ դերասանի համար ամեն ինչ հարմարավետ լինի: Կարող եմ ասել, որ ֆիլմի տասը տոկոսը իմպրովիզացիա է: - Երբ սցենարը ներկայացրեցիք Հեյդեն Քրիստենսենին եւ Էդրիան Բրոուդին, Akon-ին, ի՞նչ էր նրանց տպավորությունը: - Ռաուլ Ինգլիսից գնեցինք սցենարը, քանի որ մեզ շատ դուր էր եկել ֆիլմի ավարտը, սակայն կարող եմ ասել, որ սցենարական պլանի հիսուն տոկոսը մենք ենք գրել: Հեյդեն Կրիստենսենի հետ շատ ու շատ բաներ ենք մտածելՙ հաշվի առնելով ֆիլմի բյուջեն: Եղել են նաեւ տեսարաններ, որոնցից հրաժարվել ենք, քանի որ դրամատուրգիական զարգացումներ չկային: Բանկի ամբողջ կողոպուտը մենք գրել ենք ինքներս, քանի որ ցանկանում էինք նկարահանել իրական հիմքերի վրա ֆիլմ, եւ ուսումնասիրեցինք, թե ինչպես իրականում կարելի է կողոպտել բանկ: - Որքա՞ն է կազմել ֆիլմի բյուջեն: - 9 միլիոն դոլար: - Պատմության մեջ առաջին անգամ Ռուսաստանը ներկայացնող ռեժիսորի ֆիլմն ընդգրկվել է Տորոնտոյի փառատոնի կինոդիտումների հիմնական մրցույթում: Ինչպե՞ս ընդունեց հանդիսատեսը: - Այո, ռուսաստանցի առաջին ռեժիսորն եմ, որի ֆիլմը ներառված էր Տորոնտոյի փառատոնին: Ֆիլմն ընդունեցին շատ լավ, լեփ լեցուն էր դահլիճը: Հանդիսատեսը մինչեւ վերջ մնաց դահլիճում ու ծափահարություններով ստացա ֆիլմի գնահատականը: - Դուք նկարահանել եք ե՛ւ կոմեդիա, ե՛ւ մելոդրամա: Ավելի հեշտ է հանդիսատեսին հուզե՞լ, թե՞ ծիծաղեցնել: - Կարծում եմ, որ երկուսն էլ դժվար են: Սակայն ամերիկացիներն ունեն հիանալի միտքՙ «Ցավը հասկանալի է բոլորին, իսկ հումորը անհատական է»: Հետեւաբար դրամա նկարելն ավելի հեշտ է, քանի որ ինչ ծիծաղելի է Հայաստանում, Ռուսաստանում կամ ԱՄՆ-ում ծիծաղելի չէ: Չես կարող նկարահանել կոմեդիա, որը զվարճալի լինի բոլորի համար, քանի որ ամեն մեկն ունի հումորի իր զգացումը: Իսկ ինչ վերաբերում է դրամային, ապա խնդիրն ավելի հեշտ է, բոլորն ամբողջ աշխարհում հասկանում են, թե ինչ է նշանակում ցավ, կորուստ, տխրություն: Երբ ինձ Ամերիկայում առաջարկեցին նկարահանել ֆիլմ, ես խնդրեցի որ այն չլինի կոմեդիա, քանի որ կոմեդիան ամբողջ աշխարհում չեն նայի: - «Կողոպուտ ամերիկյան ձեւով» ֆիլմը հանրությանը ներկայացվում է, գովազդվում է որպես մարտաֆիլմ, բայց իրականում այն կրիմինալ դրամա է, մարտաֆիլմի տարրերով: Արդյոք դա կանխամտածված քայլ էր, թե՞... - Մենք ֆիլմը վաճառեցինք որպես մարտաֆիլմ, քանի որ դրաման վաճառելն ավելի դժվար է: Երբ դիստրիբյուտորները, հեռուստաընկերությունները գնում են ֆիլմ, եւ եթե մենք նրանց ասենք, թե շատ ծանր դրամա է, ամբողջ ընթացքում Բրոուդին լալիս է, ապա չեն վճարի այն գումարը, որը մենք ենք ցանկանում: Դրամայի արժեքն ավելի ցածր է: Այդ իսկ պատճառով էլ մենք ֆիլմի վերջին 20 րոպեում շատ ենք նկարահանել կրակոցների տեսարաններ: Դրա հիման վրա ստեղծվեցին թրեյլերը, պոստերը, եւ այն մարտաֆիլմի տպավորություն թողեց հանրության վրա: Հնարավոր է, որ շատերը դիտելով ֆիլմը իրենց ցանկացած մարտաֆիլմը չտեսնելով հիասթափվել են, սակայն ուրախ ենք, որ ունենք խելացի հանդիսատես, որ սիրում է լավ ֆիլմերը: Նրանցից շատերը վերջում մոտենալով մեզ շնորհակալություն էին հայտնում: Ի դեպ, 50 երկիր արդեն գնել է ֆիլմը: - Դուք սպասո՞ւմ էիք նման հաջողության: - Մենք սկզբում ճիշտ քայլ կատարեցինք եւ ֆիլմը նկարահանեցինք անգլերեն լեզվով: Այդ դեպքում դու ստանում ես միջազգային ֆիլմՙ այն նկարահանված է Ամերիկայում, խաղում են հոլիվուդյան դերասաններ եւ ֆիլմն անգելերն լեզվով է: Ես սպասում էի, որ այն այսպիսի տարածում կգտնի: Դեռ չեմ կարող հստակ ասել ֆիլմի հաջողությունների մասին, քանի որ կինոթատրոններում այդքան էլ երկար ժամանակ չէ, որ ցուցադրվում է: Կան երկրներ, որտեղ դեռ նոր պետք է էկրան բարձրանա: Հաջողության մասին կխոսեմ ավելի ուշ: - Ո՞րն է եղել նկարահանման ժամանակ ամենաբարդ տեսարանը: - Ֆիլմի վերջին 20 րոպեն, երբ կողոպտում էինք բանկն ու անընդհատ անձրեւ էր գալիս, դա շատ դժվար էր: Յուրաքանչյուր կադրում անձրեւ էր գալիս ու դա մեծ քանակությամբ գումար էր պահանջում: Մենք երեք, չորս փողոց ողողել էինք անձրեւով, իմ թիմը կազմում էր 120 հոգի, բայց բանկը կողոպտելու ժամանակ աշխատում էին 200 հոգի, իսկ այդ ամենը շատ թանկ արժե, պրոդյուսերները անընդհատ ասում էինՙ գումար չկա, սահմանափակումներ կատարեք, նկարահանեք առանց անձրեւի, ինչեր եք ձեզ թույլ տալիս: Սակայն մեզ շատ էր անհրաժեշտ անձրեւը: Պրոդյուսերներն ամբողջ աշխարհում են իրենց այդպես պահում, ոչ միայն Հայաստանում եւ Ռուսաստանում: Օրինակ, երբ կրակում են պատուհանին, այն ջարդվում է, հետո մեզ անհրաժեշտ էր երկրորդ կադր, ապա մենք դնում էինք նորը, նորից կրակում ու ջարդում, հետո մեզ անհրաժեշտ է լինում ստանալ նույն կադրը, ինչ նախորդում, ապա նորից էինք դնում ապակինՙ ստանալու դրսի կադրը: Ես չգիտեմ քանի հազար դոլար ծախսեցինք ջարդված ապակիների համար, չհաշված գրաֆիկան, ավտոմատները: Ամերիկայում նկարահանումների ժամանակ շատ են սահմանափակումները, դերասանին մոտ կանգնել չի կարելի, զինված կամերաներին չի կարելի մոտ կանգնելՙ ապահովությունից ելնելով: Չնայած ես ունեի Ռուսաստանից իմ օպերատորը, որին կանգնեցնում էի վտանգավոր հատվածներում, եւ արդյունքում ստացա լավ կադրեր: - Ռուսական ֆիլմ, բայց հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ, այսպես եք որակել ֆիլմը: Ինչո՞ւ ոչ ուղղակի հոլիվուդյան ֆիլմ: - Մենք ցանկանում էինք, որ ֆիլմը վարձույթում գումար վաստակի նաեւ Ռուսաստանում: Դրամատիկ ֆիլմերը ռուսաստանում այդքան էլ շատ գումար չեն բերում, քանի որ ռուս ազգը դրամա չի սիրում: Եթե մենք ասեինք, որ ֆիլմը հոլիվուդյան դրամա է, ապա կունենայինք քիչ հանդիսական եւ ոչ բոլոր կինոթատրոնները կգնեին: Երբ մենք ասացինք ռուսական ֆիլմ հոլիվուդյան աստղերի մասնակցությամբ, այդ ժամանակ բոլորին հետաքրքրեց: Մենք ոչ ոքի չենք խաբել, ստեղծագործական թիմը կազմկված է ռուս պրոդյուսերներից, ռեժիսորից, սա ուղղակի մարկետինգ է: Նշենք, որ Սարիկ Անդրեասյանը ցանկանում է շուտով ֆիլմ նկարահանել 1988 թվականին տեղի ունեցած Սպիտակի երկրաշարժի մասին: |