RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#016, 2015-05-01 > #017, 2015-05-08 > #018, 2015-05-15 > #019, 2015-05-22 > #020, 2015-05-29

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 15-05-2015



ՊԱՐԱՐՎԵՍՏ

Տեղադրվել է` 2015-05-14 23:18:35 (GMT +04:00)


Ընթերցված է` 2737, Տպվել է` 15, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՓԱՅԼԱԿ ՍԱՐԳՍՅԱՆ. «ՕՏԱՐԱԶԳԻՆԵՐԸ ՍԻՐՈՎ ԵՎ ՀԵՇՏՈՒԹՅԱՄԲ ԵՆ ՍՈՎՈՐՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ ՊԱՐԵՐԸ»

Արծվի ԲԱԽՉԻՆՅԱՆ

Միջազգային պարային ասպարեզում գործած եւ գործող հայ եւ հայազգի դեմքերի նկատմամբ իմ տարիների հետաքրքրության արդյունքում վերջերս հանդիպեցի եւս մեկ պարարվեստի նվիրյալի, որը սակայն, ի տարբերություն մյուս համանման գործիչների, բնակվում է Հայաստանում եւ պարբերաբար հրավիրվել է աշխատելու արտերկրում: Խոսքը պարադիր-պարուսույց Փայլակ Սարգսյանի մասին է, որը, ցավոք, այսօրվա հայաստանյան պարային ասպարեզում դեռեւս ներկա չէ: Համեստ նկարագրի տեր արվեստագետ է. իմաստ չի տեսել հավաքել հոլանդական մամուլում հրատարակված իր հետ հարցազրույցները եւ իր բեմադրությունների մասին հոդվածները, այսօր էլ չի բարձրաձայնում իր մասին, ուշադրություն չի գրավում: Արդյունքումՙ անցած տարվա վերջին նրան «մոռանում են» հրավիրել մեր պարարվեստի ուսումնարանի հիմնադրման 90-ամյակի համերգին, մի հաստատության, որի կենսագրության մեջ զգալի են նաեւ նրա ներդրած ջանքերը...

1950-ին Երեւանում ծնված Փայլակ Սարգսյանը 1971-ին ավարտել է պարարվեստի ուսումնարանը, որից հետո որպես մենակատար աշխատել Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի համույթում, միաժամանակ դասավանդել պարարվեստի ուսումնարանի հայ ժողովրդական պարերի բաժնում: 1978-ին մշակույթի նախարարության կողմից երեք տարով գործուղվել է Մոսկվա, Մեծ թատրոնին կից պարարվեստի ակադեմիայում ստացել դասական եւ ժողովրդական բնորոշ պարերի մասնագետի որակավորում (Ալեքսանդր Պրոկոֆեւի, Լյուդմիլա Կլենչենկոյի եւ Նինա Տոլստայայի ղեկավարությամբ): 1988-2005 թթ. եղել Երեւանի պարարվեստի ուսումնարանի հայ ժողովրդական պարերի բաժնի վարիչը (1988-ին ստեղծել է այդ բաժնի հինգ տարվա ուսուցման միակ ծրագիրը, որն իրագործվում է մինչեւ օրս): 20022005 թթ. բալետմայստերի վարպետություն է դասավանդել Երեւանի Մշակույթի համալսարանում: Մասնակցել է պարային խմբերի ստեղծմանը տարբեր երկրների հայկական համայնքներում (Ֆրանսիա, Հոլանդիա, Շվեյցարիա, Անգլիա, ԱՄՆ, Լիբանան, Սիրիա): Սակայն իմ զրույցը Փայլակ Ցոլակովիչի հետ առավելապես վերաբերում է նրա գործունեությանը միջազգային պարային ասպարեզում...


- Երբվանի՞ց սկսեցիք պարեր բեմադրել...

- Դեռեւս Մոսկվայում պարարվեստի ակադեմիայում ուսանելու տարիներին: Տարվա ընթացքում վարում էի հայկական պարերի դասընթացներ, սեմինարներ ակադեմիայի ժողովրդական բնորոշ պարերի դասավանդողների հետ: Ակադեմիայի ավարտական համերգին ուսանողները կատարել են իմ բեմադրած երկու հայկական համարը: Որպես բալետմայստեր աշխատել եմ Թաթուլ Ալթունյանի անվան երգի-պարի եւ «Բարեկամություն» համույթներում, բեմադրություններ իրականացրել պարարվեստի քոլեջի համերգային ծրագրերում: Այստեղի իմ բեմադրություններից նշեմ 2003-ին Սայաթ-Նովայի անվան բալետմայստերների մրցանակաբաշխությանը մրցանակի արժանացած «Յիս քու ղիմեթն չիմ գիտի» պարային համարը:

- Իսկ ոչ հայկական խմբերի հե՞տ...

- Երեւանի պարային խմբերից բացի հայկական պարային համարներ եմ բեմադրել Մոսկվայում եւ Կիեւում: 1980-ականների վերջին դրսից հաճախ էին գալիս մեր ուսումնարան, բավական հետաքրքրություն կար հայկական պարարվեստի նկատմամբ: 1989 թվականին Երեւան եկավ հոլանդական «Միջազգային պարերի թատրոնի» տնօրեն Մաուրից վան Գիլը, ներկա եղավ մեր դասերին եւ ինձ առաջարկեց համագործակցել: Այդ տարի «Միջազգային պարերի թատրոնում» բեմադրվում էր «Մետաքսի ճանապարհը» վերնագրով մի պարային ներկայացում, որտեղ ընդգրկվեցի նաեւ եսՙ չինացի եւ թուրք բալետմայստերների հետ: Միասին բեմադրում էինք պատմական Մետաքսի ճանապարհն ընդգրկող երկրների ժողովուրդների ազգային պարերըՙ չինական, պարսկական, միջինասիական: Բացի այդ ընդհանուր աշխատանքից, առանձին բեմադրեցի հայկական պարերը: Դրանից հետո ինձ հրավիրեցին հոլանդական Թիլբուրգ եւ Դենհախ քաղաքների կոնսերվատորիաներում վարպետության դասեր տալու: Ինձ համար մեծ ուրախություն էր տեսնել, որ օտարազգիները շատ են սիրում ու արագ են ընկալում հայկական պարերը: Աշխատանքս եղել է նախավարժանքից մինչեւ խմբային բեմադրությունը: Նշածս կոնսերվատորիաների տարեվերջի համերգի համար իրականացրել եմ երկու պարային բեմադրությունՙ Խաչատուր Ավետիսյանի «Ծաղկած բալենին» եւ հայ ազգային պարերի մի շարան: Եղել է, որ նաեւ ոչ հայկական պարեր բեմադրեմՙ մազուրկա, ուկրաինական..

- Տարիներ առաջ կապի մեջ էի հայկական պարեր կատարող մի հոլանդուհուՙ Թինեկե վան Գիլի հետ...

- Նա ինձ մոտ է սովորել: Թինեկեն պրոֆեսիոնալ պարուհի չէ, սակայն շատ է սիրում հայկական պարը, շրջում է ողջ աշխարհում ու տարածում հայ պարը: Մեր պարերը հասցրել է մինչեւ Ճապոնիա, Մալայզիա, Ավստրալիա... 1985-ից սկսածՙ նա հաճախ գալիս է Հայաստան, շրջում տարբեր վայրերում, գյուղերում, ծանոթանում է մեր ողջ մշակույթի հետ: Եվ բավական մեծ գործ է անումՙ աշխարհով մեկ տարածելով հայ պարարվեստի գույնը, տարբեր ազգերին ծանոթացնելով մեր պարի տեսակի հետ: Իհարկե, սովորեցնում է սիրողական տարբերակով: Ոչ բեմադրական պարեր, այլ մեր ժողովրդական շուրջպարերըՙ թամզարա, վերվերի, լորկե, ասուլիս, դնգո եւ այլն: Այդ ամենն այնպես է կառուցվում, որպեսզի սիրող պարողն ի վիճակի լինի ընկալել եւ իր հնարավորությունների սահմաններում յուրացնել դրանք: Ամենակարեւորն այն է, որ տարբեր ազգերի ներկայացուցիչները միասին ուսումնասիրում են մեկ ազգի պարը: Սա էլ է հետաքրքրական երեւույթ: Եթե առաջ այս պարասերներն իրենց հատուկ միություններն ունեին, ամեն մեկն իր բնակավայրում էր իր պարապմունքն իրականացնում, հիմա կա մեկ այլ տարբերակՙ տարածվում է, այսպես կոչված, պարային զբոսաշրջիկությունը: Արդեն 15 տարի է, ինչ Թինեկեն կազմակերպում է ուղեւորություններ Հայաստանՙ հատուկ պարարվեստի մեջ խորանալու նպատակով: Ամենատարբեր երկրների մարդկանցից հավաքվում են հատուկ խմբեր, գալիս են այստեղ, մի քանի օր ավանդական զբոսաշրջիկների պես ծանոթանում են երկրի տեսարժան վայրերին, գիշերակացով մեկնում, օրինակ, Դիլիջան, Սեւան, Արցախ, Տավուշի մարզ, հետո վերադառնում են Երեւան ու սկսում պարային դասերը: Երկիր եւ պարարվեստ ճանաչելու մի նոր ձեւ է, որը հաջողությամբ գործում է: Ի դեպ, այս մայիսին էլ նա նոր խումբ է բերում Հայաստան...

- Վերադառնանք ձեր բեմադրություններին Ամստերդամի «Միջազգային պարերի թատրոնում»...

- Իր տեսակի մեջ եզակի այդ թատրոնը հիմնվել է 1976-ին, գործում է պետական աջակցությամբ: Ամեն տարի մի նոր ներկայացում են բեմադրում, ցուցադրում ողջ տարվա ընթացքում, որին ավելանում են նորերը: 2001-ին նորից հրավիրվեցի Ամստերդամՙ մասնակցելու «Ալեքսանդր. աստծո ուղեւորությունը» պարային ներկայացմանը: Այս անգամ չորս պարադիրներ էինքՙ հայ, մակեդոնացի, ալժիրցի եւ թուրք: Բեմադրությունը Ալեքսանդր Մակեդոնացու մասին է, չնայած որ ամբողջությամբ պատմական չէ: Ներկայացումը դարձյալ հյուսված է տարբեր ժողովուրդների ազգային պարերից: Ինչն էր հետաքրքրական, որ ութ հոգուց կազմված նվագախումբը պարողների հետ միասին բեմի վրա էր լինում, եւ կատարողները մեկը մյուսի հետեւից հնչեցնում էին տվյալ ժողովրդի պարեղանակներն ու երգերըՙ պարսկական, հնդկական, հայկական... Ներկայացման բեմադրիչ Բրիգիտտա Հաուերը իր գործընկերների հետ եկել էր Երեւան, անընդհատ որոնումների մեջ էին, անվերջ նկարահանում էին, լսում ամեն տեսակի երաժշտություն, եւ ի վերջո ընտրեցին Խաչատուր Ավետիսյանի «Մախմուր աղջիկը»ՙ Արա Գեւորգյանի գործիքավորմամբ, որն էլ ընտրել են ներկայացման համար: Հետաքրքրական է, որ ներկայացման մեջ այդ գործը շատ տեղին եղավՙ հնչելով գորդյան հանգույցը խորհրդանշող պարի համար: Պարողները բոլորն էլ հայկական տարազներով աղջիկներ էին, տասներկու հոգի, որ բեմ են մտնում իրար ներհյուսված, հետո մեկիկ-մեկիկ քանդվում են ու վերջում դարձյալ դառնում մեկ ամբողջություն...

- Իսկ ո՞րն էր ձեր վերջին բեմադրությունն Ամստերդամում:

- «Կովկասը», որ 2002-ին իրականացրինք ես եւ վրացի երիտասարդ պարադիր Իլիկո Սուխիշվիլին (կրտսերը): Թատրոնն ուզեց, որ պարերի բեմադրությունն ավելի էթնիկ ոճով լինի: Ես այնքան էլ համամիտ չէի, քանի որ մեր պարերը կովկասյանի հետ կապ չունեն, բայց պետք էր հայկական ներկայություն ապահովել այդ նախագծում: Իլիկոն ներկայացրեց վրացական, դաղստանյան, օսեթական պարերը, եսՙ հայկականը, Լոռվա, Արարատյան դաշտի, Սասունի եւ այլ շրջանների պարային մշակույթը: Ինձ համար բարդ խնդիր էր. պետք էր բեմադրական այնպիսի լուծում գտնեի մեր պարերի համար, որպեսզի նրանք հյուսիս-կովկասյան պարերի հետ նույն խառնարանը չնետվեին, եւ շարքային հանդիսատեսն ընկալեր դրանց մշակութային տարբերությունը: Կարծում եմ, որ խնդիրը հաջողությամբ լուծվեց: «Կովկասում» պարերը ներկայացրինք ավելի սահմանափակ գույներով, ավելի ոճավորված:

- Դարձյա՞լ օտար նվագածուներն էին երաժշտությունը կատարում:

- «Միջազգային պարի թատրոնի» սկզբունքն է, որ իրենց երաժիշտները պիտի միշտ լինեն բեմի վրա եւ տվյալ ժողովրդի ազգային նվագարաններով կենդանի հնչողություն ապահովեն: Թատրոնի հնարավորությունները մեծ են, ամեն մի բեմադրության համար նրանք իրենց երաժիշտ կատարողներին ուղարկում են տվյալ երկրներըՙ տեղական գործիքների նվագելը սովորելու տեղացիներից: Ամեն երկրից մեծ քանակով տարբեր գործիքներ էին տանում: Այդպես իրենց փողային գործիք նվագող հոլանդացի երաժիշտը եկավ Երեւան, սկսեց մի վարպետ դուդուկահարի մոտ պարապել: Նույնը եւ մեր մյուս գործիքների դեպքումՙ զուռնա, դհոլ, քանոն, ուդ: Ես ընդհանուր փորձերն էի վարում կատարողների հետ, մատնանշում, թե ինչ նրբերանգների վրա է պետք աշխատել, ցույց էի տալիս տեմպերը: Բարձր պրոֆեսիոնալ երաժիշտներ են, որոնք հեշտությամբ մի գործիքը փոխում են մյուսով: Նույն մարդը չինական գործը նվագում-վերջացնում էր ու միանգամից անցնում, ասենք, հնդկականի կամ հունականի...

- Իսկ պարողները հե՞շտ էին սովորում հայկական կամ վրացական պարային շարժումները:

- Պատկերացրեքՙ այո: Իրենք լավ դպրոց անցած բարձրակարգ պարողներ են: Ճիշտ է, խումբը բազմազգ էՙ հոլանդացի, հունգարացի, լեհ, չեխ, ֆրանսիացի, բայց մասնագիտական պատրաստվածության շնորհիվ կարողանում են արագ յուրացնել եւ տեխնիկապես բարձր մակարդակ ապահովել: Իհարկե, կա պարը զգացմունքայնորեն կատարելու խնդիրը, ինչը ոչ հայ պարողների մոտ անխուսափելիորեն լինում է արհեստական, ձեռքբերովի:

- Դիտելով «Ալեքսանդրի» տեսագրությունըՙ ինձ հատկապես տպավորեց շարժումների համաժամանակության խիստ պահպանումը... Իսկ շարունակո՞ւմ եք համագործակցել այդ թատրոնի հետ:

- Մի քանի տարի է, ինչ «Միջազգային պարի թատրոնի» ղեկավարությունը փոխվել է, դրա հետ մեկտեղ փոխվել է նաեւ թատրոնի ոճը: Այժմ աշխատում են ավելի մոդեռն տեսակի մեջ: Դեռ փնտրտուքների մեջ են, իրենց նոր ուղղությունն են որոնում: Ուր կհասնեն եւ ինչպիսին կլինի իմ հետագա համագործակցությունն իրենց հետՙ ցույց կտա ժամանակը...

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #18, 15-05-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ