RSS | FACEBOOK | NLA
ԳԼԽԱՎՈՐ | ՄՇԱԿՈՒՅԹ | ԸՆՏՐԱՆԻ | ՈՐՈՆՈՒՄ | ԱՐԽԻՎ | ԹԵՄԱ | ՀԵՂԻՆԱԿՆԵՐ
#022, 2015-06-12 > #023, 2015-06-19 > #024, 2015-06-26 > #025, 2015-07-03 > #026, 2015-07-10

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 26-06-2015



ԿԱԼԵՅԴՈՍԿՈՊ

Տեղադրվել է` 2015-06-25 21:34:08 (GMT +04:00)


Ընթերցված է` 1329, Տպվել է` 11, Ուղարկվել է էլ.փոստով` 3

ՎԱՐԴԱՆ ՄԱԽՈԽՅԱՆԻ ԵՎՍ ԵՐԵՔ ՆԿԱՐԻ ՆՎԻՐԱՏՎՈՒԹՅՈՒՆ

Մ. Բ.

Հայ գեղանկարչության մեջ Մեծ եղեռնի արձագանքների ամբողջացման, դրանք հավաքական գիրք- ալբոմի վերածելու տեւական աշխատանքի համար պարտ ենք արվեստաբան Շահեն Խաչատրյանին: 2010-ինՙ Մեծ եղեռնի 95-րդ տարում լույս տեսավ «Ցավի գույնը» ծավալուն ալբոմը, եւ այս տարիՙ 100-ամյա տարելիցին նվիրվածՙ «Հայոց եղեռնը» խորագրով հատորյակը: Ճանաչողական առումով մեծ նշանակություն ունեցավ նաեւ արվեստաբանի դասախոսությունների շարքըՙ նվիրված վերոհիշյալ թեմային, որը նա անցկացրեց թե՛ Հայաստանում (Երեւան, Գյումրի), թե՛ սփյուռքում: Նախընթաց ամիսներին Մոնրեալի, Լոս Անջելեսի, Լոնդոնի եւ վերջինըՙ մայիսի 21-ին Մարսելի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում նա մասնավորապես անդրադարձել է նորահայտ այն նկարներին, որոնք հայտնաբերել էր տարիների ուսումնասիրությունների, հավաքչական աշխատանքների ընթացքում: Հընթացս դրանց լուսապատկերների ցուցադրությամբ ներկայացրել է այդ նկարիչներին, նրանց ժամանակը, մոտեցումների առանձնահատկությունները, ինչը ունկնդիր լսարանի կողմից ունեցել է տպավորիչ արձագանք: Նրա ելույթից հետո Մարսելի բնակիչ Տիգրան Մութաֆյանը իր տուն է հրավիրել Շահեն Խաչատրյանին եւ ցույց է տվել հայտնի վարպետ, Հովհ.Այվազովսկուն բարեկամացած ծովանկարիչ Վարդան Մախոխյանի «Ձկնորսներ ծովափին», «Կղզյակ ծովում», «Ժայռոտ ծովափ» գործերը եւ դրանք սիրով նվիրաբերելով Հայաստանինՙ խնդրել է տանել եւ ներկայացնել Մայր առոռ սբ Էջմիածնի թանգարանում: Այս երեք ծովանկարներն արդեն բերվել եւ այժմ ցուցադրվում են Ռուբեն Սեակի անվան նորաստեղծ թանգարանում:

1915 թվականի Տրապիզոնի կոտորածներից փրկված եւ Ֆրանսիայի ծովափնյա Նիս քաղաքում հաստատված արվեստագետը, որ առավելապես հայտնի է իր ծովանկարներով, զբաղվել է նաեւ երաժշտությամբ. նա ջութակահար էր եւ 1920-ականներին հաճախ հանդես է եկել հատկապես իր մեկ ստեղծագործությամբ, որ կոչվում է «Ողբ Հայաստան»: Նկարչի եղբորՙ նույն տարիներին Եղեռնի մասին անգլերենով գրված հոդվածները տպագրվել են Միացյալ Նահանգներում:

Հայ տաղանդավոր այդ նկարչի եւ մասնավորապես այս վերջին նվիրատվությունների մասին Շահեն Խաչատրյանը համառոտ ավելացրեց. «Բազում ծովանկարներ ստեղծած, Ֆրանսիայի բարձրագույն պարգեւինՙ «Պատվո լեգեոն» շքանշանին արժանացած Մախոխյանի ներհուզող ժայռոտ ծովափերը հոգեկան միայնության արձագանք են: Նույն ներապրումով է նա ստեղծել «Ողբ Հայաստան» երաժշտությունը, որն ի դեպ տարբեր առիթներով կատարել, նաեւ իմ այս վերջին հանդիպման ընթացքում նվագեց Ժան Տեր-Մերկերյանը:

Մախոխյանի ողջ արվեստը եղեռնից փրկված հայի ապրումների արձագանքն էՙ այնքան համահունչ մայր ժողովրդի հոգեվիճակինՙ խավարից դեպի լույսը նրա ձգտումին, վերազարթոնքի երազին»:

Նկար 1. «Ժայռոտ ծովափ»

Նկար 2. «Ձկնորսներ ծովափին», 1920-ականներ

Նկար 3. «Կղզյակ ծովում», 1910-ականներ

 
 

ԱԶԳ ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #24, 26-06-2015

Հայկական էկեկտրոնային գրքերի և աուդիոգրքերի ամենամեծ թվային գրադարան

ԱԶԳ-Ը ԱՌԱՋԱՐԿՈՒՄ Է ԳՐԱՀՐԱՏԱՐԱԿՉԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ

ԱԶԴԱԳԻՐ