ԱԿԱԴԵՄԻԱԿԱՆ ՆՈՐՕՐՅԱ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹՅՈՒՆ Նաիր ՅԱՆ Հայ ակադեմիական գրականագիտությունը մինչեւ այժմ հրատարակել է ֆունդամենտալ երեք աշխատանքՙ Մանուկ Աբեղյանի «Հայոց հին գրականության պատմություն» երկհատորյակը, «Հայ նոր գրականության պատմություն» հինգհատորյակը, որն արժանացել է պետական մրցանակի, եւ «Սովետահայ գրականության պատմությունը»: Մասնագիտական բուհերի ուսանողներն այսօր էլ առաջնորդվում են այս աշախատություններով: Դրանցում ակնհայտորեն առկա է կոմունիստական գաղափարախոսություն, որը բարքերի ու ժամանակի պահանջով ընդելուզված է գրականագիտական վերլուծություններին: Դեռ քսան տարի առաջ անհրաժեշտություն էր զգացվում հրատարակել հայ գրականության պատմության բազմահատորյակՙ մասնագիտական վերլուծությունների, մեկնաբանության նոր մոտեցումներով: ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի ծրագրային աշխատանքներում տասնհինգ տարուց ավելի եղել է նման բազամահատորյակի լույս ընծայման հեռանկարը: Երկար տարիների աշխատանքից հետո վերջապես մեկ հատորը հրատարակվել է: Այն ներկայացնում է հայ գրականության պատմության նոր շրջանըՙ Սայաթ-Նովայից մինչեւ Րաֆֆի: Հատորի վրա մեծ մասամբ աշխատել է ակադեմիկոս Սերգեյ Սարինյանը: ՀՀ ԳԱԱ Գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դեւրիկյանը «Հայ գրականության պատմություն» վեցհատորյակի երրորդ հատորի հրատարակության առիթով նշեց, որ Սերգեյ Սարինյանը հիմնվել է Լեոյի եւ Մանուկ Աբեղյանի տեսակետների վրա, ըստ որոնց հայ գրականության նորոգումը, նոր գաղափարներն ի հայտ են գալիս 17-րդ դարավերջից, եւ հայ նոր գրականությունն սկսվում է Սայաթ-Նովայով եւ ոչ թե Սայաթ-Նովայով ավարտվում է հին գրականությունը: Գրքում առանձին գլուխներով ներկայացված են հայկական կլասիցիզմը, ռոմնատիզմն ու ռեալիզմը: Վերլուծությունները երեք հիմք ունենՙ գրականությունՙ ըստ ժամանակագրական ընթացքի, ըստ հեղինակների եւ ըստ գրական ժանրերի: Գրականության պատմությունը միայն դասական մեծությունների կյանքի ու ստեղծագործության վերլուծություն չէ: Դասականները որոշակի ժամանակաշրջանի ծնունդ են, որոնց ի հայտ գալուն նպաստող, ուղեկցող այլ հեղինակներ են եղել: Այդ սկզբունքով են ներկայացված հայ գրողները, այսինքնՙ ոչ թե անջատ, այլ հենց իրենց ժամանակաշրջանի մեջ: «Հայ գրականության պատմության» երրորդ հատորում ներկայացված են Սայաթ-Նովայի, Խաչատուր Աբովյանի, Ղեւոնդ Ալիշանի, Միքայել Նալբանդյանի, Ռափայել Պատկանյանի, Գաբրիել Սունդուկյանի, Պետրոս Դուրյանի, Պերճ Պռոշյանի, Ղեւոնդ Ալիշանի, Հակոբ Պարոնյանի, Րաֆֆու գրական ժառանգությունն ու դերը հայ նոր գրականության զարգացման հոլովույթում: Բազմահատորյակի վրա աշխատում են ոչ միայն Գրականության ինստիտուտի աշխատակիցները, այլեւ մասնագիտական բուհերի դասախոսներ, պրոֆեսորներ: Առաջին երեք հատորները ներկայացնելու են հայ հին գրականությունըՙ մինչեւ 17-րդ դարի կեսերը, երրորդ եւ չորրորդ հատորներըՙ 17-րդ դարից մինչեւ 1920-ականներՙ նոր շրջանը, իսկ հինգերորդ եւ վեցերորդ հատորներըՙ նորագույն եւ անկախության շրջանների հայ գրականությունը: Ամենավիճելին, ըստ Վարդան Դեւրիկյանի, լինելու է մեր ժամանակների գրականությունը ներկայացնելը: Այդ պարտավորությունը ստանձնել է գրականագետ Սուրեն Աբրահամյանը: Կարծիքների, տեսակետների անհամաձայնություններ դեռ կլինեն. հատորյակները գրելու եւ կազմելու փուլերն առջեւում են: Հայ հին շրջանի գրականության ժամանակագրային տարակարծություններ են հայտնում հատկապես արտասահմանյան հայագետները, բայց վեցհատորյակի հրատարակման անխախտ սկզբունքը մեկն էՙ գրականագիտական խորքային վերլուծությունը: |